Հինգշաբթի, Ապրիլ 27, 2017

 23:27

ԼՐԱՀՈՍ

Երբ բեմն ունի ասելիք

Երևանում պարային ստուդիաները շատ են, սակայն քիչ են պարը պրոֆեսիոնալ բարձր մակարդակով ուսուցանող, պարարվեստը` իր բազմաշերտությամբ և հուզական հարստությամբ մատուցողները: Իսկ այդ հարստությունը բեմում լիարժեք ներկայացնելու համար միայն լավ պարը` լավ երաժշտության ուղեկցությամբ, բավական չէ: Այն պահանջում է նաև թատերականացված տարրեր` դերասանական որոշ շեշտադրումներով: A-ERA պարային ստուդիան ազգային և դասական  պարի միահյուսված ուսուցմանը զուգահեռ իր սաներին ներկայացնում է բեմական արվեստի նրբություններն ու գաղտնիքները` ստեղծելով արվեստի տարբեր ճյուղերի համակցված ուրույն աշխարհ: Նոր մոտեցում պարարվեստի ուսուցման մեջ. ներկայացնում են  A-ERA ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ծովինար Ջիլավյանը և տնօրեն Ժիրայր Դուրգարյանը: 

-Մի՞թե լավ պարային տեխնիկան բավական չէ հաջող ելույթի համար: 

Ծովինար Ջիլավյան- Իհարկե պարային բարձր տեխնիկան առաջին տեղում է: Սակայն լավ պարային տեխնիկան Պարի վերածելու համար անհրաժեշտ է շարժումներում սեր ու հոգի դնելուց բացի ունենալ նաև բեմի զգացողություն, ապրումներն ու հույզերը հանդիսատեսին փոխանցելու հմտություն: Պարողը չպետք է մտածի մեկ ուրիշից ավելի  լավ պարելու մասին, նա պետք է պարի ինքն իրենից լավ: Գեղեցիկ պարային շարժումների շարքը, թեկուզ բարձր կատարողականությամբ, հաճախ ձանձրացնում է: Բեմադրությունը պետք է ունենա միտք, սյուժե, ասելիք: Օրինակ` մեր գործունեության 5ամյակին նվիրված համերգի ընթացքում մի պար բեմականացվեց, որը հուզեց բոլորին` մեծից փոքր, արցունքներ քամեց բոլորի աչքերից, որովհետև կարողացավ պարի լեզվով ներկայացնել մի ամբողջ կյանք:

Ժիրայր Դուրգարյան- Թույլ տվեք այդ բեմադրության մասին ավելի մանրամասն խոսել: Այն բեմադրել էի ես, պարում էին մեր սաներից 8-ամյա Ռուզաննա Մելքումյանը, Ծովինարը և   «Օրիոն» պարային համույթի ղեկավար Արկադի Աթասունցովը:  3 րոպեում պարի լեզվով մատուցվեց դրամատիկ մի պատմությունը մոր կորստի և երեխայի ապրումների մասին: Եվ չնայած շատ էինք աշխատել այդ համարի բեմադրության համար, հանդիսատեսի կողմից նման բուռն արձագանք չէինք սպասում. իրոք հուզվել էին բոլորը: Հենց այդ համընդհանուր հուզումն էլ լավագույն վարձատրությունն էր մեր աշխատանքի դիմաց: 

-Այսինքն Ձեր ստուդիայում ոչ միայն պարողներ, այլև դերասաններ են դաստիարակվում: 

Ժիրայր Դուրգարյան- Այո, գործում է A-ERA թատերախումբը,  որտեղ դասավանդում է Նորայր Եղյանը: Արդեն անցկացվում են բրեկ-դանսի դասընթացներ, որը դասավանդում է տաղանդավոր երիտասարդ պարուսույց Վանուշ Շահինյանը, ինչպես և սպորտային պարաձևեր, որոնք դասավանդում է Ուկրաինայից մեր կողմից հրավիրված Յուլյա Վերյովկան: Ու երբ հանդիսատեսի աչքով ենք նայում, հաճելի է տեսնել, որ մեր սաները ոչ թե անդիմագիծ պարողների խումբ են, այլ անհատականություններ, որոնք ընդհանուր պարի մեջ դնում են իրենց հոգին ու ձեռագիրը: 

- Հետաքրքիր է` ինչպե՞ս են երեխաները հաղթահարում դասական պարի դժվարությունները, չե՞ն ընկրկում, հիասթափվում: 

Ծովինար Ջիլավյան- Մեր պարապմունքների առաջին 40 րոպեն պարտադիր դասական է՝ գիտակցելով, որ առանց հիմքի անհնար է պարող դառնալ: Ես իմ սաներին փորձում են փոխանցել այն, ինչ տվել է ինձ իմ պարուսույցը` Աշոտ Մարտիրոսյանը, պարի պետականի ստուդիայի տնօրենը: Ես իմ սաներին սովորեցնում եմ շատ աշխատել, որովհետև եթե փորձադահլիճում ինչ-որ բան թերի լինի, բեմում դա ավելի ակնհայտ կլինի: Լավագույնը պետք է լինել թե՛ դահլիճում, թե՛ բեմում: 

- A-ERA համույթի պարգևների անկյունում բազմաթիվ գավաթներ ու պատվոգրեր կան: Ո՞րն եք առավել կարևորում:

Ծովինար Ջիլավյան-Մեր հաջողությունները քիչ չեն. հաղթանակներ տարբեր փառատոններում, ինչպես այստեղ, այնպես էլ արտերկրում: Կարևորում եմ բոլորը: Կարևորում եմ ընդհանրապես խմբի յուրաքանչյուր ելույթը՝ լինի բեմում, որևէ երգչի համերգային ծրագրում կամ տեսահոլովակում: Ի դեպ, A-ERA-ն  2014 թ. Luxury ամսագրի կազմակերպած «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխությանը ճանաչվեց լավագույն պարային համույթ: 2015թ. Վրաստանում կայացած միջազգային փառատոնին ստացավ Գրան պրի մրցանակ, որտեղ ներկայացրել էինք ցեղասպանության թեմայով բեմադրություն: Պարողները պետք է անընդհատ ռիթմի մեջ լինեն, կատարելագործվեն: Շոու բիզնեսում մասնակցությունը օգնում է դրան ու չի խանգարում, որ շարունակենք մեր ընթացքը դասական ու ազգային պարի սերտ միահյուսմամբ: Ես սովորում եմ  Խ.  Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարի բաժնում, ինչի շնորհիվ ազգային պարի նոր ու հետաքրքիր շերտեր հայտնաբերեցի, իսկ դա անպայման կներկայացնենք մեր ելույթներում: Որքան էլ նոր ու ժամանակակից, չպետք է մոռանանք ազգային արմատների մասին: 

Ժիրայր Դուրգարյան- Բայց ունենք մի հաղթանակ, որի համար, ճիշտ է, գավաթ չենք ստացել, բայց կարծում եմ մեր ամենամեծ ձեռքբերումն է: Մենք ունենք  A-ERA family: Ստեղծել ենք ոչ թե պարզապես համույթ, այլ ընտանիքի պես ջերմ մի միջավայր,  որտեղ ժամանակ կա՝ խիստ ենք, ժամանակ կա` բարի, ժամանակ կա` ընկերներ:  Օգնում ենք մեր սաներին ոչ միայն պարում, այլև կյանքում նրանց առաջ եղած տարբեր հարցերի լուծման մեջ: 

-Իսկ մեծ չէ՞ մրցակցությունը. այնքան շատ են պարային համույթները: 

Ծովինար Ջիլավյան-  Անձամբ ես դրական եմ գնահատում շատ պարային համույթների առկայությունը: Միայն թե  ցանկալի է, որ դասավանդողները լինեն պրոֆեսիոնալ, դասավանդեն ճիշտ, հիմքը դասական պարով դնեն, պահեն պարային ավանդույթները: Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա պարաշխարհում մենք մրցակիցներ չունենք, մենք ունենք լավ գործընկերներ, որոնց հետ համագործակցում ենք մենահամերգների ժամանակ, տարբեր ծրագրերի շրջանակներում:  

Ժիրայր Դուրգարյան- Անգամ երբ ընդունելության են գալիս այս կամ այն պարատեսակում խորացած երեխաներ, եթե պարային այդ ոճը մեզ մոտ չի դասավանդվում, մենք ուղղորդում ենք համապատասխան համույթ, որովհետև այնտեղ այդ երեխան իր աշխարհում կլինի ու ավելի լավ կզարգանա: Պարարվեստում պետք է առողջ համագործակցության մթնոլորտ իշխի: Դա նաև կօգնի, որ Հայաստանը միջազգային բեմերում փայլի: Կարծում եմ` պետք է ստեղծել Հայաստանի լավագույն պարողների մի այնպիսի անսամբլ, ինչպիսին կա Ռուսաստանում( Տոդես), Իռլանդիայում և այլն: Այդ խումբը հայկական պարով հաստատ կթնդացներ շատ հայտնի բեմեր, ու  այնպիսի հզոր քոչարի կպարեր, որ Թուրքիայում մեր Արարատ սարը կդղրդար: Աստծուց խնդրենք, որ շուտ գա այդ հրաշք օրը: 

ՀԳ . Համագործակցություն A-ERA art school-ի հետ

Ջոնի Հովհաննիսյան, A-ERA Drums studio-ի գեղարվեստական ղեկավար -Համագործակցության առաջարկ վաղուց եղել էր, միակ խանգարող հանգամանքը ժամանակն էր: Բայց, ինչպես ասում են, ուշ լինի՝ նուշ լինի: Աշխատում ենք գերդրական մթնոլորտում: Երեխաների դեմքին ժպիտ կա, մեր մեջ՝ եռանդ, որ ցանկանում ենք փոխանցել նրանց: Ժիրայրի և Ծովինարի հետ մենք շատ լավ ընկերներ ենք: Բայց միևնույն ժամանակ քաջ գիտակցում ենք, որ աշխատանքի մեջ ընկերություն ը պետք է անտեսել, եթե ուզում ես իսկապես առաջ գնալ: Աշխատանքից հետո դարձյալ մի գավաթ սուրճի շուրջ քննարկում ենք հետագա անելիքները:  Սպասեք ավելին: Սա A-ERA-ն է:

Նորայր Եղյան, A-ERA թատերախմբի գեղարվեստական ղեկավար - Մինչ համագործակցելը ինձ համար կարևոր է հասկանալ նրանց մարդկային տեսակը: Այս դեպքում այդ խնդիրը չկար, քանի որ նրանք իմ շատ լավ ընկերներն են, և

միանգամից անցանք աշխատանքի, այն է՝ կրթել երեխաներին և փորձել բավարարել նրանց սպասելիքները, չիմանալով, թե դրանք ինչպիսին կարող են լինել: Վստահ կարող եմ ասել, որ այս համագործակցության պտուղների մասին դեռ շատ եք լսելու ... սա դեռ սկիզբն է: Մենք ստանդարտներից դուրս ենք եկել՝ փորձելով նորարարական սիստեմով աշխատել: 

Վանուշ Շահինյան, A-ERA բրեկ-դանսի գեղարվեստական ղեկավար - Եվ մթնոլորտն է հրաշալի, ջերմ, որովհետև աշխատում ես պրոֆեսիոնալ մարդկանց հետ, և երեխաների հետ աշխատելն է հաճույք: Շատ կարճ ժամանակ է, որ միասին ենք, բայց ինձ զգում եմ այս ընտանիքի լիարժեք անդամը:

Յուլյա Վերյովկա, բազմակի մրցանակակիր, Ուկրաինայի  չեմպիոն սպորտային պարերի մրցույթում, միջազգային մրցույթի հաղթող - Ես լատինաամերիկյան պարեր դասավանդելու առաջարկ ստացա և սիրով համաձայնվեցի ու հիմա շատ ուրախ եմ դրա համար: Չէի էլ կարող պատկերացնել, որ այսքան ջերմ, տաք ու հաճելի մթնոլորտ կարող է լինել: Վստահ եմ, որ նմանատիպ կոլեկտիվ գտնելը շատ դժվար է: Ուստի պատրաստ եմ երկար ժամանակ աշխատել նրանց հետ: Եվ A-ERA family ասվածը շատ դիպուկ է նրանց բնորոշում, քանի որ այստեղ իսկապես ընտանեկան մթնոլորտ է տիրում:

Մարիանա Մուրադյան, սիրողական խմբի պարուսույց - Մեր առաջին համագործակցությունը եղել է Սոֆի Մխեյանի միջնորդությամբ, Էրեբունի- Երևան տոնակատարության ժամանակ պարում էինք նրա «Ճանաչիր»  երգի տակ: Անցել է 4-5 տարի: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու, և դեռ շատ անելիքներ կունենանք: A-ERA ընտանիքում շատ տաղանդավոր մարդիկ են՝ հետաքրքիր մտքերով, աշխատասեր, ընկերասեր:


«Երևակ» ամսագիր





ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ