Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 19:03

ԼՐԱՀՈՍ

Հայ պարարվեստի ներկան

Երբ գործի նվիրյալ մի քանի հոգի հավաքվում են մի նպատակի շուրջ և ձևավորում թիմ, երբ սիրած զբաղմունքը դառնում է հիմնական աշխատանք ու կենսակերպ, ծնվում է արվեստը, ստեղծագործ մոտեցումը աշխատանքին, մեծանում են պահանջները և կատարելության ձգտումը: «Միլեն շոու-բալետ»  պարի դպրոց ստուդիան պարի նվիրյալներից կազմված թիմ է, որը պարզապես սիրում է պարը և այդ սերը արդեն 15 տարի փոխանցում է իր սաներին: Հայկական պարարվեստի ներկայի, ստուդիայի ձեռքբերումների, ընդհանրապես «պար» կոչվող հրաշք երևույթի մասին է «Միլեն շոու պրոդաքշն»-ի և «Միլեն շոու-բալետ» ժամանակակից հայկական պարի դպրոց-ստուդիայի Երևանի «Սեբաստիա» մշակութային  կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանի խոսքը:

Պարը քո զարկերակն է, սրտիդ աշխատանքը, քո շնչառությունը: Այն կյանքիդ ռիթմն է, շարժումը ժամանակի ու տարածության մեջ, ուրախության ու տխրության մեջ: 

«Միլեն շոու բալետը» ինձ համար պարզապես անվանում չէ: Այն խտացնում է ավելին: «Միլեն շոու բալետը» կյանքի ճանապարհ է, երազանք ու երազանքի իրականացում: Սկզբում այն համույթ էր, մի քանի պրոֆեսիոնալ պարողների թիմ, որի նպատակն էր Հայաստանում ստեղծել հայկական ժամանակակից պար: Այն կազմավորվել է 2000 թ. «Սեբաստիա»  մշակութային կենտրոնում Ամալյա Ասատրյանի տնօրինությամբ: Սկզբում համույթն ուներ 14 պարող և 3 երեխա ուսուցողական խմբում: Փաստորեն առաջին օրվանից ունեինք սաներ, բայց դեռ նպատակ չունեինք պարի դպրոց հիմնելու: «Միլեն շոու բալետը» եղել և մնում է երազելու վայր, որտեղ կարելի է   երաժշտությունը հետաքրքիր լսել, վերարտադրել հոգու շարժումով: Արդեն 15 տարի  այդպես է: Այս 15 տարիների ընթացքում կոլեկտիվը  մասնակցել է բազմաթիվ միջազգային  պարային  փառատոնների թե Հայաստանում, թե արտերկրում: Գրեթե միշտ  վերադարձել ենք մրցանակներով: Դրանք շատ են ու բոլորը՝ առաջին կամ երկրորդ  տեղ, դեռ երրորդ տեղ չենք զբաղեցրել: Պարգևատրվել  ենք  «Հովհաննես Այվազովսկու»  հուշամեդալով, որը միայն մենք  ունենք  Հայաստանի Հանրապետությունում: Գործունեության ընթացքում համոզվեցինք, որ պետք է զարգացնենք նաև ուսուցողական  ոլորտը, շատ երեխաներ էին ցանկություն հայտնում ընդգրկվել մեր շարքերում ու այսօր արդեն մենք «Միլեն շոու բալետ» ժամանակակից հայկական պարի-դպրոց ստուդիա ենք, որն  ունի իր մարզային մասնաճյուղերը և մոտ 1000 սան: Այ, հենց դա եմ համարում մեր գլխավոր ձեռքբերումը, որ այդքան երեխա սիրում ու հավատում է մեզ: 

Պարը աշխարհի բոլոր լեզուների մայրն է: 

Մենք գործում ենք նաև որպես «Միլեն շոու պրոդաքշն», որի շրջանակներում միջազգային շոուներ են կազմակերպվում,  հայկական պարային տարբեր կոլեկտիվների համերգային շրջագայություն ենք կազմակերպում արտերկիր: Դրանով ցանկանում ենք նպաստել հայկական պարի ներկայացմանն ու ճանաչմանը հնարավորինս շատ երկրներում: «Միլեն շոու- բալետը» նաև Վրաստանի պարարվեստի  միության պատվավոր անդամ է, և նրանց հետ համատեղ Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, կազմակերպեցինք  աննախադեպ  Պարի միջազգային փառատոն Հայաստանում: Տարբեր երկրների պարային կոլեկտիվներ  են  հյուրընկալվում Հայաստանում:

 Հայկական պարարվեստը, նրա բազմադարյա պատմությունն ու խորհուրդը  աշխարհին ներկայացնելու անհրաժեշտություն կա  այսօր: Ցավում եմ, որ մեր Պարարվեստի  և պարագետների միությունը, Պարարվեստի գործիչների միությունը, պարային պետական և ինքնագործ կոլեկտիվները  չեն կարողանում մեկ կլոր սեղանի շուրջ հավաքվել ու հայկական պարը դարձնել Հայաստանն աշխարհին ներկայացնելու գեղեցիկ միջոց: Այդ միախմբվածությունը կա Վրաստանում: Այնտեղ վրացական պարարվեստով ներկայացնում են «Ջորջիա» հասկացությունը: Այնինչ, այստեղ ամեն մեկն իր կողմն է ձգում հայտնի հեթիաքի պես: Իրավիճակը միգուցե  փոխվեր, եթե մենք էլ ունենայինք  հայկական պարարվեստի օր: 

Պարել նշանակում է հաստատել

Ի սկզբանե «Միլեն շոու-բալետը» գեղեցիկն արտահայտելու  նպատակ է ունեցել: Գեղեցիկ, որը  ոչ միայն զարմացնում է իր արտասովորությամբ ու փայլով, այլ իրենից ներկայացնում է պարի բարձրագույն տեխնիկա և որպես օրինակ փոխանցվում է սերունդներին:  Ունենք սաներ, որոնք աշխատում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի թատրոններում, ստեղծել են իրենց պարային համույթները, համաշխարհային բեմեր են դուրս գալիս: Սա էլ երազանք էր, որ իրականացավ: Ու երազանքը շարունակվում է:  Յուրաքանչյուր հաջորդ համերգային ծրագիրն է երազանք. ինչպես բեմադրել, ինչպես  ձևավորել բեմահարթակը և այլն: Այդ երազանքն ինձ հետ կիսում են թիմակիցներս: Ու այս կամ այն հարցի շուրջ երբեմն վիճում ենք, տարբեր կարծիքներ հայտնում: Հազվադեպ է լինում, որ մի երազանքը տարբեր մարդիկ կիսեն: «Միլեն շոու-բալետը» այդ հազվադեպներից մեկն է, ու այս ամենն այսքան հաջող ու գեղեցիկ չէր լինի, եթե մենք միասին չլինեինք: Լաստանավ պատրաստելը հեշտ է, այն ջրի վրա պահելն է դժվար, նավարկության  ընթացքում  հանդիպող փոթորիկներն ու ստորջրյա խութերը հաղթահարելն է դժվար: Փա՛ռք աստծո, ունենք հետաքրքիր մարդկանց թիմ, պարային կոլեկտիվ, ում շնորհիվ է նաև, որ մեր նավը ջրի վրա է մնում: 

Պարում կատարյալ տեխնիկան բավական չէ: Առանց հոգու այն արժեք չունի: 

Չեմ հասկանում հաշվարկով պարողներին: Պարը պիտի երաժշտությունով գնա, պարը պիտի հոգի ու բնավորություն ունենա, դրանք հաշվարկով չես ստանա: Միայն այդ դեպքում շնորհակալական խոսքեր կլսես: Ունենք կարգախոս, որը համույթի կազմավորման  առաջին օրն է հնչել, ու դեռ դրանով էլ առաջնորդվում ենք. «Երգը մարդու վեհությունն է, երաժշտությունը՝ կյանքի մի մասնիկը, պարը՝ մարդու էությունը»: Չեմ հավատում, երբ ասում են՝ պարել չգիտեմ: Դա այնքան բնական, մարդուն բնորոշ երևույթ է:  Եթե կարողանում ես խոսել, կարողանում ես շարժվել, կարողանում ես երաժշտույթուն լսել, կկարողանաս նաև պարել: Չպարող մարդ չկա: Մարդիկ պետք է պարել իմանան, պարը գեղեցկությունից բացի նաև բարություն է: Ավելի շատ մարդիկ  պետք է պարեն, նոր պարողներ դուրս գան բեմ, նոր տաղանդներ հայտնաբերվեն: Այս տարի որոշել ենք, որ «Միլեն շոու բալետի» «մեծերը»  պետք է իրենց վերջին պարը պարեն, բեմը զիջեն իրենց տաղանդավոր սաներին, նրանցով նոր կոլեկտիվ ձևավորենք: Եվ ինչքան ուրախ եմ, որ արդեն մեր շարքերում տեսնում եմ վաղը մեր փոխարեն բեմ բարձրացողներին: Հետաքրքիր երեխաներ կան,  տիրապետում են բարձր տեխնիկային ու տարբեր ոճերին: Ընդհանրապես կարծում եմ, որ հայկական ազգային պարերին զուգահեռ երեխաներին պետք է մատուցվեն բոլոր պարային  ու երաժշտական ոճերը: Գերադասելի  է  իմանալը: Ողջունում եմ հին կատարումների նորովի մատուցումը:  

Ինչ էլ սովորեն, ինչ էլ լսեն ու պարեն՝ մոդայիկ ու ժամանակակից, քեֆի թունդ պահին հայկական երգն ու պարը, քոչարի ու վեր-վերի պիտի  բռնեն: Միևնույնն է, հոգու ճիչը պիտի հայերեն դուրս գա:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ