Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:05

ԼՐԱՀՈՍ

Հին ու նոր ավանդույթներ՝ հետաքրքիր մատուցմամբ

Հանդիսավոր արարողությունների կազմակերպման ինստիտուտը մեր իրականությունում նոր է ձևավորվում: Այդ է պատճառը, որ խառնվում են հինն ու նորը, չի գիտակցվում արարողակարգերի իմաստը, պահպանվում է դրանց միայն ձևական կողմը, գերակշռում է շքեղ ու գորշ շաբլոնը: Բայց շուկայում սկսել են գործել ընկերություններ, որոնք վերաիմաստավորում են հին սովորույթները, առաջարկում մեր իրականությանը հարիր նորը, շաբլոնը փոխարինում անհատական մոտեցմամբ: Այդօրինակ ծառայություններ մատուցող ընկերություն է «Բեմելը»: Հարսանեկան հանդեսի կազմակերպման, ընտանեկան արխիվի հարստացման և թամադա-հանդիսավար տարբերության մասին է «Բեմել» ընկերության տնօրեն, մասսայական հանդիսությունների ռեժիսոր, դերասան և հանդիսավար Տիգրան Գյուլումյանի խոսքը:

Շաբլոն հարսանիք

Հին ու նոր  ավանդույթներ՝ հետաքրքիր մատուցմամբ Տարբեր ազգեր ստեղծել են հարսանեկան տարբեր արարողակարգեր, որոնք հատուկ իմաստ ու բովանդակություն են ունեցել, եղել կնոջ ու տղամարդու միության, համատեղ բարեկեցիկ ու համերաշխ կյանքի ավետիս և խորհրդանիշ: Ժամանակի հետ արարողակարգերի մի մասը մոռացվել է, մի մասն էլ պահպանվել է իներցիայով, ու արդեն չի գիտակցվում նախկին իմաստը: Բացի այդ հարսանեկան արարողություններում ժամանակի հետ ներմուծվել են օտարածին, այլազգի տարրեր, որոնք մեզ գեղեցիկ ու գրավիչ են թվացել: Ու մեկս մյուսին հետևելով՝ սկսել ենք կրկնել, ու դրանք այսօր արդեն հայկական հարսանիքների շաբլոնի մեջ են ներառվել: Այդ շաբլոնը պահպանվում է, որովհետև հանդիսությունների կազմակերպման ինստիտուտը բավականաչափ ձևավորված չէ, մարդիկ հազվադեպ են դիմում պրոֆեսիոնալներին հարսանեկան արարողությունը կազմակերպելու համար: Գործը հիմնականում վստահում են քիչ թե շատ կազմակերպչական ջիղ ունեցող հարազատ-բարեկամներին, ովքեր բնականաբար կրկնում են իրենց հարևանի կամ բարեկամի հարսանիքներում տեսած «սիրուն-սիրուն բաները»: Արդյունքում ունենում են նույն շաբլոնը, բոլոր մյուս հարսանիքներին նման մի հարսանիք՝ առանց հատուկ տպավորությունների, որի մասին հուշն էլ անհետանում է պահարանում մի քանի տարի պահած տարոսիկը նետելուց հետո: 

Սցենարով հարսանիք

«Ի՞նչ մասնագիտություն ունեք», «Ի՞նչ նախասիրություններ ունեք», «Ի՞նչ ընկերներ…», «Ի՞նչ բնավորություն…»… Երևի հարցնեք` ի՞նչ կապ ունեն այս հարցերը հարսանիքի և նրա կազմակերպման հետ: Պարզվում է՝ շատ անմիջական, երբ գործի են անցնում պրոֆեսիոնալները: Իսկ նրանք համոզված են` հաջողված արարողության գլխավոր նախապայմանը հաջող սցենարն է: Յուրաքանչյուր արարողություն պետք է ունենա սցենար` սկիզբ, զարգացում և ավարտ: Այն կօգնի նույն գումարի սահմաններում, նույն վայրում ու նույն հյուրերի հետ կազմակերպել շատ ավելի հետաքրքիր արարողություն, որը կտարածի զույգի միության երջանիկ զգացողությունը, հարուստ կլինի տպավորիչ պահերով: Այսպիսի հարսանիքներ կազմակերպելու փորձ «Բեմելն» ունի: Յուրաքանչյուր սովորույթ, որ պարտադիր տեղ ունի հարսանիքում, մեզ մոտ ենթարկվում է մեկ հարցադրման` ինչու՞. «Ինչու՞ են պետք տարոսիկները», «Ինչու՞ են կոտրում ափսեները»... այս ինչուների շարքը երկար է: Բայց դրանց բացատրությունը մենք չենք զլանում տալ մեր հաճախորդին: Ամեն ինչ պիտի լինի պատճառաբանված ու գիտակցված: Ու երբ հարսանիքի կազմակերպումը սկզբից մինչև վերջ` դիզայնից ու նկարահանումից մինչև ֆիլմի պատրաստում, ղեկավարվում է մեկ թիմի կողմից ստեղծված սցենարով, ոչ միայն տրվում են այդ ինչուների պատասխանները, այլև արդյունքում ունենում ենք սպասվածից շատ  ավելի լավ արդյունք: Նախագծվում է մի հարսանիք, որը հետաքրքիր է հյուրերի համար, հագեցած այնպիսի նուրբ պահերով, որոնք տպավորվում են, հիշվում ու արարողությունը վերածում տոնի: Հիշվում է ոչ թե այն, թե ինչ ծախս էին արել հարսանքատերերը, այլ թե ինչ լավ հարսանիք էին կազմակերպել: Ի դեպ, ոչ մի կերպ իրեն զգացնել չի տալիս նախապատրաստական երկար ու բարդ աշխատանքը: Ու հենց սա է լավ մշակված սցենարի առավելությունը: Մեր ստեղծագործական ստուդիան ստեղծել է անիմացիոն հոլովակներ, որոնք ներկայացնում են հարսանիքի կարևոր դրվագներն ու կարևոր կերպարներին: Այս անիմացիաները հարսանյաց ֆիլմին հետաքրքրություն հաղորդելուց զատ ունեն ինֆորմացիոն շատ կարևոր հենք, որը ապագա սերնդին գիտելիքներ կհաղորդի հայկական ամուսնական ծեսերի ու ավանդույթների մասին: 

Թամադայությունը մասնագիտություն չէ

Մեր սկզբունքն է՝ ցանկացած միջոցառում պետք է ունենա գույն, ձև, ուղղություն: Ու միջոցառման գույնը, ձևը և ուղղությունը հյուրերի համար պետք է բացահայտի հանդիսավարը, որը չի եղել ու չի կարող լինել թամադա: Թամադան հայ իրականությունում հարգանք ու սեր վայելող անձ է եղել, որի խոսքին սպասել են, որի խոսքից ակնածել են, նա հատուկ դեր ու կշիռ է ունեցել համայնքում: Ու թամադա չի կարող լինել մեկը, ով հոնորար է վերցնում, ով պատվիրատուի թելադրանքով է առաջարկում այս կամ այն մարդու կենացը: Սակայն սա չի նշանակում, թե հանդիսավարը պակաս դեր ու կշիռ ունի: Պարզապես դրանք երկու տարբեր հասկացություններ են, որոնք չպետք է շփոթել: Ընդհակառակը՝ լավ հանդիսավարը պետք է ունենա կազմակերպչական ջիղ, տիրապետի բեմական խոսքի նրբություններին, խոսքաշեն լինի:  Հանդիսավարություն չի նշանակում խոսքն անգիր ասել: Հանդիսավարը ճկուն միտք պիտի ունենա, ճիշտ գնահատի իրավիճակը, խոսքը տեղ հասցնի: Սկսած խոհարարից, մատուցողից մինչև երաժիշտ ու մենեջեր, բոլորի հետ պիտի կապի մեջ լինի, թելադրող ու կազմակերպող թելը լինի: 

Սիրո խոստովանություններ եվ դիմանկարային ֆիլմեր

Մեր  ծառայությունները միայն հարսանեկան, ծննդյան կամ կնունքի օրերի կազմակերպմամբ չեն սահմանափակվում: Ցանկացած միջոցառում, որը մասսայական բնույթ ունի` դպրոցական և ուսանողական ցերեկույթներ, հանդեսներ, կորպորատիվ հանդիսավոր հավաքույթներ, «Բեմելը» ստանձնում է դրա կազմակերպումը՝ դահլիճի կամ սրահի դիզայնից  մինչև ֆիլմի պատրաստում: Մեր ծառայությունների շարքում առանձնանում է ամուսնության և սիրո առաջարկությունների կազմակերպումը: Բազմաթիվ զույգեր են դիմել «Բեմելին» սիրո օրիգինալ առաջարկություն կատարելու հարցով, ու բոլոր դեպքերին տրվել է անհատական ու չկրկնվող լուծում: 

«Բեմելը» պատրաստում է նաև դիմանկարային ֆիլմեր, որոնք կարող են լինել ինչպես նորապսակների, այնպես էլ ընտանիքի մեծերի մասին: Անձնական ֆոտո և վիդեո արխիվների, ընտանիքի անդամների, հին ընկերների, ուսուցիչների հարցազրույցներով պատրաստվում է ֆիլմ հասարակ մարդկանց մասին, ում անունները միգուցե չեն մնացել մամուլում ու եթերում, բայց ովքեր  ապրում կամ ապրել են իրենց կյանքը` մնալով հարազատների սրտերում:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ