Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:19

ԼՐԱՀՈՍ

Ինքնատիպ ոճ ազգային պարում

Պարային ստուդիաները Հայաստանում շատ են, բայց քիչ են պարի բարձր էթիկա և արվեստ պրոպագանդող կենտրոնները, քիչ են պարը ազգային և գեղագիտական միահյուսված սկզբունքներով ուսուցանողները: Այդ քչերի շարքը համալրեց «Հովիկ-ստուդիո» ազգային պարի ակադեմիան: Այն իր գործունեությունը սկսել է 9 տարի առաջ Մոսկվայում. այսօր Ռուսաստանում ունի 8 մասնաճյուղ: Երևանյան մասնաճյուղը բացվել է 2013 թ. հունիսին ու այս կարճ ընթացքում դարձել է հայկական պարաշխարհում ինքնատիպ ոճ ու գաղափարախոսություն  ունեցող կենտրոն: Հայկական պարի խնդիրների ու դասական պարի կարևորության մասին է  «Հովիկ-ստուդիո» ազգային պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի խոսքը: 


-«Հովիկ-ստուդիո» ազգային պարի ակադեմիայի մեթոդիկան հիմնվում է դասական պարի վրա, ինչի համար նաև քննադատության է արժանանում: Այն այսօր պարտադիր են համարում ոչ բոլոր պարային ստուդիաները, ինչու՞ եք դուք դասական պարը համարում պարտադիր: 

-Այո՛, կան ստուդիաներ, որոնք կարծում են, թե հայկական պարին դասական հիմք պետք չէ: Բայց մեզ համար դասականը պարային ցանկացած ուղղության լավագույն հիմքն է. մինչև երեխայի մեջ չձևավորվի դասական կեցվածք, ճկվածություն, չենք սկսի հայկական պարով զբաղվել: Բացի այդ` դասական հիմք ունեցող պարողը միշտ առանձնանում է մյուս պարողներից շարժումների սահունությամբ ու ճկունությամբ: Դասականը օգնում է զգալ շարժման ու երաժշտության ներդաշնակությունը, զարգացնում է շարժումների կոորդինացիան, ամրացնում հենաշարժական ապարատը: Ճիշտ է` դասական պարի պարապմունքները երկար, դժվար ու համբերություն պահանջող բարդ պրոցես են: Այստեղ արդեն շատ կարևոր դեր է խաղում պարողի ներքին կուլտուրան, թե որքան է  զարգացած գեղեցիկի զգացումը և աշխատանքի հանդեպ պատրաստակամությունը: Ինչպես դասական երաժշտությունը սիրելու համար է պետք նախ զարգացնել լսողությունը, նույնպես էլ դասական պարի տեխնիկային տիրապետելու համար քրտնաջան աշխատանք է պետք: Դասական պարը անընդհատ ուղի է դեպի կատարելություն: 

-Բայց հայկական պարի ուսուցման ձեր մեթոդներում ևս  քննադատության եք արժանանում, այդպես չէ՞: 

-Մենք ուսուցանում ենք հայկական ավանդական պարային շարժումները դասականի հիմքով ու  որոշ նորամուծություններով: Պարզապես այստեղ երբեմն շփոթվում են  ազգագրական պար և  ընդհանուր հայկական պար հասկացությունները: Մեր ստուդիայի հայկական պարերում համադրվում են բարձր թռիչքներ ու պտույտներ, որոնք դասականից են վերցված: Իսկ ինչու՞  չհամադրել: Սա պարի հանդեպ սերն ու հետաքրքրությունը մասսայականացնելու միջոց է: Եթե խոսում ենք պարի հաջող էվոլյուցիայի մասին, նման համադրություններն անխուսափելի են:  

-Ասացիք, որ պարը անընդհատ ուղի է դեպի կատարելություն: Իսկ այդ կատարելությանը հասնելու համար ի՞նչ պահանջներ եք դնում ինքներդ ձեր առաջ որպես ղեկավար և ի՞նչ պահանջներ եք դնում պարողների առաջ: 

-«Հովիկ-ստուդիո» ազգային պարի ակադեմիան մշակել է գաղափարական կետեր, որոնց հետևում եմ ինքս ու պահանջում, որ հետևեն այստեղ պարողները` թե՛ պարուսույց, թե՛ սան: Առաջին, գլխավոր պահանջը պարն ապրելակերպ դարձնելն է: Պարողը պետք է ունենա իր գործի բարձր գիտակցություն, ապրի պարով` պարին սիրահարված ու նվիրված, լինի արտիստ ոչ միայն  բեմում, այլև կյանքում, կենցաղում, իր առօրյա շփումներում: Պարողը պետք է հարյուրի միջից առանձնանա իր կեցվածքով, բարեկրթությամբ ու ներքին բարձր կուլտուրայով: Այդ ներքին աշխատանքը պիտի անընդհատ լինի: Սա է առաջին պահանջս թե՛ սանից, թե՛ պարուսույցից, ու այդ պահանջին չհամապատասխանողները դուրս են մնում մեր թիմից: Իհարկե երբեմն հանդիպում եմ քննադատությունների, թե  ֆորմալ մոտեցում է, հնարավոր չէ արհեստականորեն այդքան պահել այդ գեղագիտական խիստ դրվածքը: Բայց սա է մեր ընտրությունը, սա է գեղեցիկը, ու վերջապես սա է պարը: Յուրաքանչյուր ոք, ով մտնում է պարի  աշխարհ, պիտի գիտակցի, որ ինչ-որ տեղ նաև մտնում է հորինված, հեքիաթային աշխարհ. դա բեմն է: Այնտեղ մենք պարային բարձր տեխնիկայի միջոցով ներկայացնում ենք մարդու կատարյալ ֆիզիկական ու հոգեկան վիճակներ: Բեմում, եթե խորը գիտակցենք,  մենք ձգտում ենք ներկայացնել մեր երազածը, իսկ ինչու՞ երազածը կյանքի չկոչենք նաև կյանքում: Արտիստը գեղեցիկի կրողը պիտի լինի անընդհատ ու բեմից մի քանի քայլ հեռու չպետք է վերածվի էժան, կենցաղային խոսակցություն ու պահվածք ունեցող մեկի, ով չտարբերվելու համար իր խոսքն ու պահվածքը համապատասխանեցնում է ընդհանուր մակարդակին: Պարողը պետք է կարողանա ընդդիմանալ որոշ կարծրատիպերի: 

-Կարելի՞ է ասել, որ «Հովիկ ստուդիոյի» գործունեությամբ մեր պարային դաշտում նոր միջավայր է ձևավորվում:  

-«Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիան Ռուսաստանում կայացած կենտրոն է` 8 մասնաճյուղով, դինամիկ աճող կազմով: Ու Հայաստանում էլ մենք ոչ ոքի հետ մրցակցելու խնդիր չունենք: Կարելի է ասել` մենք եկել ենք պարային դաշտում մի շարք կարծրատիպեր վերացնելու համար: Ինչքանով դա մեզ կհաջողվի` 0,1 թե 10 տոկոսով, հարցի երկրորդ կողմն է: Մենք ուզում ենք լինել լոկոմոտիվ, որը առաջ է տանում պարային բարձր մտածելակերպը, որը իր արմատներում վերացնում է այս էժան հեղինակությունը պարողի: Կոտրում ենք պարողի, սոված արվեստագետի կարծրատիպը: «Հովիկ ստուդիոն» իր թիմի ու  համախոհների միջոցով պարող հասարակությանը փորձում է ցույց տալ, որ կարելի է սոցիալական դաշտում նույնպես ամրանալ, եթե ձևավորի արվեստի մարդու բարձր կարգավիճակ, եթե պարողը հիմնական տեղ հատկացնի իր մասնագիտությանը ու հետևողական լինի: Գումար վաստակելու համար պարը չի կարելի համատեղել այլ ասպարեզների հետ: Հասկանում եմ, որ դա սոցիալական շարժառիթներով պայմանավորված երևույթ է: Ու այստեղ պետական ավելի լայնամասշտաբ մոտեցում է պետք: Ցավալի է լսել, որ արտիստն, ունենալով Ազգային օպերայի և բալետի թատրոնի պարողի կարգավիճակ, աշխատում է նաև թիկնապահ, պահակ կամ կորպորատիվ շոուներում է վաստակում: 

-Դա իհարկե ոլորտի ամենացավոտ խնդիրներից մեկն է: Իսկ դրական տեղաշարժեր ոլորտում նկատու՞մ եք: 

-Առաջին դրական միտումը, որը պարզ ու հստակ տեսնում եմ, վերջին 4-5 տարվա ընթացքում պարի հանդեպ հանրության ավելի լուրջ ու դրական տրամադրվածությունն է: Դրան միգուցե նպաստեցին հեռուստատեսային նախագծերը, առաջին հերթին բարձրակարգ պարային ստուդիաները, որոնք կան ու բարձր պարային որակ ու տեխնիկա են ներկայացնում, ապահովում լավ պայմաններ պարողի համար: Պայմանը միայն ֆինանսը չէ: Պայման ասելով նկատի ունեմ բարձր հեղինակություն, որը փոխում է կարծրատիպերը՝ ցույց տալով, որ, փաստորեն, պարողը կարող է լինել նաև հաջողակ, հեղինակավոր, ճանաչված, ապահովված: Այդ հեղինակությունն է պատճառը, որ ավելի ու ավելի շատ ծնողներ են իրենց փոքրիկներին հանձնում պարային դաստիարակության: Օրինակ` տասը տարի առաջ արարողությունների ու միջոցառումների ժամանակ ցավով նկատում էի, որ մեր աղջիկները հայկական երաժշտության տակ պարում էին ամեն ինչ՝ բացի հայկականից: Այն ժամանակ մենք պարող ազգ չէինք, այսօր մենք դառնում ենք պարող ազգ: Այսօր ավելի շատ ծնողներ են հետևողականորեն իրենց երեխաներին տանում ժողովրդական պարի, դա շատ կարևոր է, քանի որ հայկական պարի յուրացմամբ պարողը նաև դառնում է իր պատմության ու ավանդույթների կրողը: Հայկական պարը պետք է դոմինանտ լինի երեխաների դաստիարակությունում: Այս առումով օրինակելի է Իսպանիան, որտեղ վաղ տարիքից երեխան մեծանում է պարի աշխարհում, անգամ իսպանացի ծերերը այնպիսի պարային շքեղ շարժում կարող են անել, որ ապշեցնում են: Կցանկանայի նույնը մեզ մոտ տեսնել: 

-Եվ վերջապես ո՞րն է «Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի առաքելությունը:

-Մեր գործունեության հիմքում եղել ու մնում է հայկական պարի ու ընդհանրապես պարի բարձր կուլտուրայի կրող ու տարածող սերունդ կրթելը:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ