Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:31

ԼՐԱՀՈՍ

Արևներ. Պահանջված երգեր մանուկների համար

1981 թ. ստեղծվեց մի ինքնատիպ մանկական անսամբլ, որը կոչվեց նախ «Առվակ», հետո` «Արևիկ», հիմա` «Արևներ»: Սա պարզապես անսամբլ չէ, այլ առանձին աշխարհ, որն արարել են Արմեն Դիվանյանը և Արփինե Հովհաննիսյանը: Անսամբլի ստեղծումից 20 տարի անց զգալով մանկական նոր երգերի մեծ պահանջարկը՝ նրանք նաև նախաձեռնել են մի մրցույթ-փառատոն, որի շնորհիվ ամեն տարի մանկական երգաշխարհը համալրվում է նոր ու գեղեցիկ երգերով: Այս գունեղ աշխարհի գլխավոր հեղինակը՝ Արմեն Դիվանյանը, ցավոք, իր սաների կողքին չէ: Բայց նրա անբացակա ներկայությունը, բարու, գեղեցիկի, լավի դասերը, խորհուրդներն ու ժպիտը  նրանք  հիշում են յուրաքանչյուր բեմելուց առաջ, չեն մոռանում, որ իսկական երգը պետք է պարգևի լույս ու բարություն, այնպես, ինչպես իրենց մեծ արևն ու ուսուցիչը: Արփինե Հովհաննիսյանը Արմեն Դիվանյանի հետ է եղել անսամբլի կազմավորման հենց սկզբից: Դժվար է խոսում իրենց անդառնալի կորստի մասին, դժվարանում է մենակ, բայց չի հուսահատվում. պիտի շարունակեն «Արևների» լուսավոր հեքիաթը: 

«Արևները» ողջույն են հղում  մանկության աշխարհից

Երեխան պետք է երգի մանկական երգ ու մնա մանկության աշխարհում: Չենք ընդունում, որ երեխան ոչ մանկական երգ է երգում, չենք ընդունում, որ երեխային շպարում են բեմելուց առաջ: Փառք աստծո, հիմա քչացել են Սայաթ-Նովա երգող մանուկները, որի և՛ իմաստն է նրանց խորթ, և՛ բառերն են բարդ ու անհասկանալի: «Արևներում» այդ մանկականությունն է պահպանվում, ավելի գունավորվում: Մեր հաջողությունը հենց այդ գույների ու բնականության մեջ է:

Արևները անընդհատ աշխատում ու կատարելագործվում են

«Արևների» հաջողությունը նաև անընդհատ աշխատանքի, կատարյալի ձգտման մեջ է: Երեխաների հետ երկար զրուցում ենք երգի ճիշտ մատուցման, ներդաշնակ հագուստի ու բեմական ճիշտ կեցվածքի մասին: Կարևոր տեղ է տրվում ոչ միայն երաժշտությանը, այլ նաև երգի տեքստին, բովանդակությանը: Երգի ուսուցումը սկսվում է տեքստի վերլուծությունից, այն ճիշտ ու հայեցի առոգանությամբ ու շեշտադրությամբ սովորելուց, հետո միայն անցնում ենք երաժշտական մասին: Մեր երեխաները ռիթմիկա, հետագայում պար են սովորում, որովհետև  «Արևների» երգերի մեծ մասը ուղեկցվում է պարերով: Սաները նաև ուսանում են սոլֆեջիո, երաժշտության պատմություն, որի ընթացքում ծանոթանում են երաժշտական տարբեր ուղղությունների ստեղծման պատմությանը և հայտնի երաժիշտների ու երգիչների կյանքին ու ստեղծագործություններին: Մենք շեշտը դնում ենք հենց գեղագիտական դաստիարակության վրա, ու համոզված եմ՝ նրանք ապագայում լինելու են հրաշալի ունկնդիրներ ու քննադատներ, որոնց պահանջով շատ բան կփոխվի մեր երաժշտական աշխարհում, նոր որակ կստեղծվի: Պարզ է, որ «Արևներ» հաճախող ոչ բոլոր երեխաները կդառնան երգիչներ: Թեև մեր սաներից շատերն են ընտրում երգչի կամ երգչուհու մասնագիտությունը:   Բացի տաղանդավոր երեխաներից մենք ընդունում ենք նաև երեխաների, ովքեր ունեն ավելի միջակ տվյալներ: Երբեմն այս երեխաների հետ աշխատելով հետաքրքիր արդյունքներ ենք ունենում: Եթե երեխայի մեջ այդ շնորհը չի բացահայտվում, զրուցում ենք ծնողի հետ, առաջարկում երեխային այլ ուղղությամբ զարգացնել: 

«Արևները» շարունակելու են նոր երգեր նվիրել

Կրկնակի բարդ էր առանց Արմեն Դիվանյանի ստեղծագործական 12-րդ մրցույթ-փառատոնի կազմակերպումը: Ինչպես գիտեք, այս մրցույթում ներկայացվում են նոր մանկական երգեր, ուժ գտա կազմակերպելու նաև այս բարդ ծրագիրը, ու կայացրինք փառատոնը: Հյուրերից մեկը փառատոնի վերջում ասաց, որ Արմենի բացակայությունը փառատոնի կազմակերպման որևէ մասում չզգացին: Գիտեք՝ ինչու չզգացին, որովհետև իրականում նա չի բացակայել: Այս փառատոնը մենք շատ ենք կարևորում: Նրա շնորհիվ ամեն տարի մի քանի նոր, գեղեցիկ մանկական երգ է մտնում կյանք: Յուրաքանչյուր փառատոնի ընթացքում երկու տասնյակից ավելի նոր երգ է ներկայացվում, որոնցից ժյուրին ընտրում է երեք լավագույնները:  Ժյուրիի կազմում հրավիրում ենք ճանաչված մտավորականների, արվեստագետների:  Չմոռանանք, որ դժվար է երեխաների համար գրելը, նրանց տարիքին ու հոգեբանությանը համապատասխան ստեղծագործելը: Փառատոնի երգացանկում ընդգրկվելու համար 100-ավոր երգեր ենք ստանում, բայց ընտրում ենք մանկական երգի անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող շուրջ երկու տասնյակ երգեր: Քվեարկությունը  փակ է, ժյուրին չգիտի՝ ում երգն է գնահատում, հայտնի կոմպոզիտորի՞, թե՞ երգահանի:

Սա ոչ թե փոքրիկ կատարողների, այլ երգի մրցույթ է: Մեզ մոտ գրեթե չկան մշտական սոլիստներ, բոլորն անհատ են, իսկ բոլորը միասին՝ երգչախումբ: Առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակները տրվում են երգերի հեղինակներին, որոնք նաև դրամական պարգև են ստանում. այն տրամադրում է Մշակույթի նախարարությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք:  Ցավալի է, որ նոր, երիտասարդ մանկագիրներ չունենք, մեր երգերի մեծ մասը Սուրեն Մուրադյան, Յուրի Սահակյանի բանաստեղծություների հիման վրա են ստեղծվել, և երգահանները իրենք են գրում իրենց տեքստերը: Այսօր երգի տեքստի սով կա: Այս մրցույթով ցանկանում ենք խթանել մանկական նոր երգերի ստեղծման ու տարածման գործը, շահագրգռենք ստեղծագործողներին, որ արարեն նաև մանուկների համար: 

Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ