Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:21

ԼՐԱՀՈՍ

Պատմամշակութային հուշարձանները հոգածության առարկա

-Ո՞ր հուշարձանների պահպանությունն է այսօր հրատապ խնդիր: 

- «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր 140 պահապանների  միջոցով իրականացնում է պետության սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա շուրջ 19.000 հուշարձանների պահպանությունը: Սակայն, սա չի նշանակում, որ մնացած հուշարձանները, որոնք դուրս են այս 19.000-ից կարիք չունեն պահպանության կամ անտեսվում են: Պարզապես, ըստ կարգի, պետությունից բացի հուշարձանի սեփականատեր կարող են լինել տեղական ինքնակառավարման մարմինները, եկեղեցին, իրավաբանական և ֆիզիկական անձինք։ Այս առումով հուշարձանների պետական ցուցակները պարբերաբար լրամշակվում են, համալրվում նորահայտ հուշարձաններով։ Ինչ վերաբերում է  պահպանությանն առհասարակ, ապա մտահոգիչ է երբեմն  հանդիպող  անմարդկային վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ։ Հուշարձանի տարածքն աղտոտում են, կոթողների վրա «գրառումներ»  կատարում և այլ անհարգի, ապօրինի արարքներ թույլ տալիս մեր իսկ որոշ հայրենակիցներ։ Ցավալի է, որ հաճախ սեփական մշակույթին ինքներս  թշնամաբար ենք վերաբերվում, կամ դա անգիտակցաբար է այդպես: Հուշարձանների թիվն, ինչպես նկատեցիք, բավականին շատ է, և բնականաբար պահապանների համար որոշակի դժվարություններ են առաջանում մանավանդ այն դեպքերում, երբ դրանք միմյանցից զգալի հեռու վայրերում են գտնվում: Սակայն պահպանությունն իրականացվում է սահմանված կարգի համաձայն, կազմակերպության կողմից հաստատված շրջայցերի ժամանակացույցով: Հուշարձանի յուրաքանչյուր պահապան պարբերաբար այցելում է պահպանական գոտի, պահպանվածության վիճակի ուսումնասիրություն է կատարում, լուսանկարում, նշումներ անում գրանցամատյանում, որով և առաջնահերթ հաշվետու է իրեն վստահված արժեքների պահպանության պարտականությունների կատարման համար: Եթե նկատում ենք ինչ-որ փոփոխություններ, անօրինական գործողություններ կամ վնասված հուշարձաններ, շատ արագ արձագանքում ենք այդ ամենին: Վստահեցնում եմ Ձեզ, որևէ  հուշարձան մեր ուշադրությունից դուրս չի մնում: Դա կարող է վտանգավոր լինել հուշարձանի համար, այլ հարց է, որ ունենք հուշարձաններ, որոնք առաջնահերթ ամրակայման, վերանորոգման կարիք ունեն և դրա համար հատուկ ցուցակներ ենք կազմում, որպեսզի առաջնահերթ միջոցներն ուղղվեն դրանց պահպանության վիճակի բարելավմանը: 

-Անօրինականությունների  հանդիպելիս ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: 

-Կան նախաքննության փուլում գտնվող քրեական գործեր: Օրինախախտումները տարաբնույթ են: Լինում են դեպքեր, երբ, ասենք, որևէ բարերար որոշում է վերականգնել եկեղեցին, լիազոր մարմնից  ստանում է այդ թույլտվությունը, իսկ հետո պարզվում է, օրինակ, որ նա սալիկապատել է եկեղեցին: Իհարկե, ակնհայտ է, որ սա լուրջ վնաս է եկեղեցուն` որպես մշակութային արժեքի, և նման դեպքերում մենք անպայման արձագանքում ենք, և կախված վնասի չափից` մեղավորները միանշանակ պատժվում են: Ես գտնում եմ, որ ցանկացած դեպքում, եթե սեփականատերը պետությունը չէ, ապա անպայման պետք է պահպանական պարտավորագիր տրամադրվի, որտեղ հստակ նշված կլինեն սեփականատիրոջ պարտավորություններն ու լիազորությունները, և թե ինչ աշխատանք է  նախատեսվում իրականացնել: Սա լուրջ փաստաթուղթ է, որի հիման վրա օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կարող է դիմել իրավապահներին: 

-Որո՞նք են ամենալուրջ ու անհանգստացնող խոչընդոտներն աշխատանքի  ընթացքում:

-Երբեմն լուրջ խոչընդոտների ենք հանդիպում հատկապես համայնքների ղեկավարների հետ աշխատելիս: Շատ են դեպքերը, երբ նրանք պարզապես ճիշտ չեն պատկերացնում իրենց լիազորությունները: Հաճախ չունենալով պահպանական գոտիների նախագծեր հուշարձաններին հարող պատմական միջավայրից՝ կատարում են սեփականաշնորհումներ, ինչը նաև տեղեկացվածության պակասի արդյունք է: Ուստի նախաձեռնեցինք և իրականացնում ենք այսպիսի մի ծրագիր. խտասկավառակների վրա հավաքում  ենք հուշարձաններին վերաբերող ողջ օրենսդրական նյութերի փաթեթը և տրամադրում համայնքների ղեկավարներին: Մեր մասնագետների՝ տեղում  կատարած ուսումնասիրությունից հետո միայն համայնքի ղեկավարը կարող է որևէ հուշարձան, դրան հարող կամ առնչվող տարածք տրամադրել վարձակալության կամ սեփականության իրավունքով օտարել:

-Ձեր գործունեության ընթացքում հասարակական տարբեր խմբերի կարծիքը հաշվի առնվու՞մ է:

- Օրենքով նման պահանջ մեր առջև դրված չէ: Կարող ենք իրականացնել ծրագրեր` երբեմն չքննարկելով դրանք անգամ համայնքների ղեկավարների հետ, եթե օրենքով կամ այլ փաստաթղթերով այլ բան չի սահմանվում: Սակայն վերջին տարիներին կազմակերպությունն ակտիվ իրազեկման քաղաքականություն է որդեգրել. մեր պաշտոնական կայքէջի,  սոցիալական ցանցերի միջոցով օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվում: Ակտիվ համագործակցություն կա ԶԼՄ-ների, հասարակական, գիտական, կրթական, համայնքային կառույցների հետ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ունի հեռախոսային թեժ գիծ` 54-55-70, որով նաև հուշարձանների պահպանության գործում ստանում է մի շարք քաղաքացիների աջակցությունը, նրանց առաջարկներն ու արձագանքները: Բոլոր ողջամիտ քննարկումները և կարծիքները օգնում են մեզ համատեղ լուծել հայրենի հուշարձանների պահպանման և նպատակային օգտագործման հիմնախնդիրները, և ուրախ եմ, որ այսօր հուշարձանների պահպանության հանդեպ համատարած անտարբերություն չունենք:  

-Ձեր կազմակերպության նախաձեռնություններից մեկը առաջ բերեց հասարակության մի ստվար խմբի դժգոհությունը: Ինչո՞վ է պայմանավորված այս բողոքը:

-  Գիտեք, «ստվար» ասվածի հետ այդքան էլ համաձայն չեմ, սակայն եթե խոսք վերաբերում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սեզոնային շարժական սրճարանի կազմակերպմանը, պետք է նշել, որ ստեղծված աղմկահարույց իրավիճակը մեզ համար շատ ցավալի իրողություններ պարզեց՝ պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրների հանդեպ առկա իրարամերժ, հետադեմ և մարտնչող որոշ հանրային դիրքորոշումների առումով: Պարզվեց, որ մեր հասարակության համար դեռ խորթ է «բացօթյա թանգարան» ասվածը՝ իր բոլոր արդի գործառույթներով, ավելին՝ տարբեր ընկալումներ կային այս պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ. մեկի համար դա հնավայր է, մյուսի համար՝ տաճար, մի ուրիշի համար՝ համայնքային պատմամշակութային հող: Նույնիսկ «սրճարան» ասվածի վերաբերյալ ծայրահեղ տարբեր ընկալումներ կան, և նման պայմաններում գտնվեցին մարդիկ, ովքեր այս տարըմբռնումները ծառայեցրին իրենց սեփական վարկանիշի բարձրացմանը: Իհարկե, մենք ուրախ կլինեինք, եթե նման հետաքրքրություն լիներ նույն արգելոց-թանգարանների ձեռքբերումների նկատմամբ. օրինակ՝ 2011 թ. նաև Գառնին, Հայաստանից առաջին անգամ արժանացավ ՅՈւՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակին` լանդշաֆտի լավագույն կառավարման համար: Սակայն, ցավոք, մեզանում նման ավանդույթ դեռ չկա: Ավելին, մենք հենց վերջերս հուշարձանների միջազգային օրվա առթիվ արգելոց-թանգարանի տարածքում հայտարարեցինք բարեկարգման միջոցառումներ և կոչ արեցինք միանալ բոլոր շահագրգիռ անձանց: Պարզվեց, որ խնդրով «մտահոգ» ակտիվիստներից, այդ թվում նաև լրագրողներից որևէ մեկը ժամանակ չուներ հուշարձանների համար որևէ մի օգտակար գործով զբաղվելու համար:  

-Կա՞ն այլ հուշարձաններ, որոնց պահպանությունը հիմա առաջնային է, և առկա են խնդիրներ:

- Իհարկե կան, և դրանք մշտապես պահանջում են արագ արձագանք, լուծումներ, լուրջ ներդրումներ: Օրինակներից են ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի «Պոլիգոն» (մ.թ.ա. 5-րդ հազ.), Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Լազարավան քաղաքատեղի» (մ.թ.ա. 2 հազ, մ. թ. 5-17 դդ), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Սբ. Կարապետ եկեղեցի  (1831 թ.) հուշարձանների հետ կապված խնդիրները: Անգեղակոթի հուշարձանի տարածքում քարամշակման արտադրամաս էր գործում: Երկու անգամ փորձագետների և հնագետների հետ եղել ենք այնտեղ, ներկայացրել ենք դիտողություններ: Աշխատանքները, որ դադարեցվել էին մեր միջամտությամբ, այս պահին վերսկսվել են, բայց վնասի չափերը դեռ պետք է ճշտվեն, սա իրականում լուրջ խնդիր է: Գառնու խճանկարի պահպանության հարցը ևս խիստ արդիական է, քանի որ դրա կորուստը կարող է լրջորեն անդրադառնալ բուն հուշարձանի վրա: Սակայն խնդիրները միայն անշարժ համարվող հուշարձաններին չեն առնչվում: Ինչպես տեսանք, մեր կազմակերպության մասնագիտական առանցքում են նաև զգալի շարժական մշակութային արժեքների պահպանությունը, ուսումնասիրությունը, հանրահռչակումը: Այսպես՝ մեր կազմակերպության արխիվներում տարիներով հավաքվել են թանգարանային, արխիվային փաստաթղթեր, որոնք դուրս են մնացել լայն գիտական հանրության ուշադրությունից, և դրանց հրատարակության խնդիր կա, օրինակ` Թորոս Թորամանյանի ձեռագրերը: Այս տարի լրանում է նրա ծննդյան 150-րդ տարեդարձը, և ՊՈԱԿ-ը հանդիսանում է նաև Թորամանյանին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպիչներից: Կոչ եմ անում հասարակությանն առավել սրտացավ վերաբերմունք դրսեւորել  մեր մշակույթի պահպանության նկատմամբ: Մենք իրավունք չունենք կրավորական կեցվածք ընդունելու: Պատմությունը չի ների, եթե այսօր փչացնենք, ոչնչացնենք կամ վնասենք մեր հուշարձանները: Հոգատարություն ու սրտացավություն. բոլորիս պարտքն է ու  բարձր գիտակցումը:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ