Ուրբաթ, Նոյեմբեր 24, 2017

 19:14

ԼՐԱՀՈՍ

Ավելորդը

«Լավ սերմը պիտի լինի պարարտ հողում: Մենք չենք կարողանում պարարտ հող ստեղծել: Մենք տալիս ենք ամենաընտիր սերմացուն, բայց հետո ինքներս մոլախոտի պես խեղդում ենք»: Երկու տարի առաջ «Երևակին» տված հարցազրույցի ժամանակ Վարդան Պետրոսյանը չէր էլ կարող մտածել, որ փոխաբերական իմաստով արված համեմատությունը ուղիղ իմաստով սեփական ճակատագիրն էր դառնալու: Իսկ ինչո՞ւ միայն սեփական: Դա հենց մեր ճակատագիրն է՝ անընդհատ վերածվել դատարկ ու անպտուղ հողի, ուր միայն մոլախոտեր են աճում: 

Երբ ազգիդ մտավորականը մեռնում է, մնում է միայն պատվով թաղել ու դեռ երկար ապրել նրա թողած ժառանգությամբ, բայց երբ նրան կենդանի ես վերցնում ու թաղում, ուրեմն քո գերեզմանն էլ հետն ես փորում: Մենք կարծես թե բահը ձեռքներիցս չենք էլ գցում, ու չգիտեմ էլ՝ արդեն ինչքան ենք փորել, բայց մեր պետությունը նրանց բոլորին վաղուց է թաղել, այլապես կլսեր իր մտավորականության ձայնը, երբ բոլորը միասին իշխանություններից և նույնիսկ արդեն անհասցե, որովհետև արդեն տեղ չէր մնացել դիմելու, խնդրում էին մտավորական մարդուն բանտարկել գոնե երբ մեղքը կապացուցվի, որ այդ մարդը այս երկրին պետք է շատ, որ մեծ մեղք է եկող սերունդին զրկել ճշմարիտ ու արդար խոսքից, լավ, որակով արվեստից ու խղճի ձայնը լսելուց: 

Վարդան Պետրոսյանի հետ պատահարն ու այս ամբողջ պատմությունը լուրջ քննություն էին, որ ցույց տվեցին, թե իրականում ինչ արժեն մտավորականը ու նրա խոսքը ու նրա միտքը մեր պետության համար: Ու հասարակության համար էլ էր քննություն՝ գոնե այս անգամ ասելու, որ իրենը ոտքեր են ու ոչ թե կճղակներ, որոնցով կտրորի ու խոպան կդարձնի հողը: Իսկ քանի դեռ չի կարողանում, կտան այն, ինչին արժանի կհամարեն:

Կալանավայրից լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Վարդան Պետրոսյանն ասել էր, որ անպայման կվերադառնա բեմ ու ավելի իմաստնացած: Չեմ կասկածում: Բայց կասկածում եմ, որ այդ ժամանակ մենք էլ ավելի իմաստնացած կլինենք: 

Հովհաննես Թումանյանի հետ կապված մի հայտնի պատմություն կա. նա կարողանում է ինչ-որ տևական ժամանակ կանխել իրենց տարածաշրջանում բախումը հայերի ու թուրքերի միջև, կարողանում է միայն նրա համար, որ հեղինակություն ուներ, մտավորականի հեղինակություն, ու այդ հեղինակությունը, մտքի, խոսքի զորությունը անվերապահ ընդունեց թուրքն անգամ: Դե համեմատեք Թումանյանի խավար, անգրագետ ժամանակները մեր գրագետ ու քաղաքակիրթ ժամանակների հետ: Քիչ է մնում ամոթից գլուխդ կախես անգրագետ չոբանի ու այդ թուրքի առաջ: Մշակույթ չունեցող թուրքը դրա արժեքը քեզնից հազար անգամ ավելի է հասկանում, ցավոք սրտի, ու դրա համար էլ առաջին հերթին ձեռքը նրա վրա բարձրացրեց: Թերևս այստեղ իրարից քիչ ենք տարբերվում: 

Հիմա ստացվեց այնպես, որ ես մոռացած այն պատանիներին, ովքեր այս պատմության ֆիզիկական զոհերը դարձան, աստված լուսավորի նրանց հոգիները, խոսում եմ կենդանի մնացած մարդկանց մասին միայն: Անբարոյականությու՞ն է: Իսկ ես չեմ տեսնում բարոյական կողմը այդ ողբերգության շահարկման, երբ օգտագործելով նրանց հարազատների վիշտն ու բնազդային ագրեսիան՝ ինչ-որ ներկայացում են սարքում Վարդան Պետրոսյանի «հրեշավոր արարքի» մասին ու հակասական քայլերով դատը տանում անտրամաբանական ուղղությամբ: Թող ներվի ինձ նման բան ասելը, բայց սգավոր ծնողի հոգեբանությունն էլ այլ պահվածք է թելադրում, բայց փոխարենը տեսնում ես հարձակվող կամ նույնն է՝ պաշտպանվող դատական կողմի, ինչից շատ բան կարելի էր հասկանալ, անգամ եթե Վարդանը իր ցուցմունքում եղելությունը չպատմեր: Ինչևէ: Չեմ ուզում քննարկել դատական գործընթացի մանրամասները, մանավանդ ամեն ինչ այնքան ակնհայտ է հենց միայն դատարանում ստեղծված իրավիճակից, երբ կուռ տրամաբանությունը կարող է բախվել անտրամաբանությանը, պարկեշտությունը՝ անպարկեշտությանը ու հօդս ցնդել: Դատական մարմիններն իրենք էլ մեկ անգամ նայեն նիստերի տեսագրությունը, դժվար թե կարողանան հակառակն ասել: Ու դրա համար էլ խիղճը հանգիստ է ցանկացած մեկի, ով Վարդան Պետրոսյանի պաշտպանությամբ խոսում: 

Աշխարհում ամեն տեսակի բռնությունները, դաժանությունները, մարդկային նվաստացումները արվում են դեմոկրատական արժեքների ու մարդու իրավունքների լոզունգներով: Հիմա նույն տրամաբանությամբ ու լկտիությամբ արդարադատություն ենք խաղում, ու զոհասեղանին դրել ենք մարդկային բարձր արժեքներով ապրելու գիտակցությունը:

Վարդան Պետրոսյանը մեր միակ դերասանն ու միակ արվեստագետը չէ, ու նրանից չեն կախված մեր մշակութային կյանքն ու դաստիարակությունը: Կարող ենք նաև այսպես մտածել: Ոչ, չենք կարող, անգամ եթե շատ մակերեսորեն դատենք: Ի՞նչ է, մենք այդքան հարու՞ստ ենք, որ մեզ նման շռայլություն թույլ տանք: Կորցնենք նրան՝ ու հաշվենք, թե քանի ճշմարիտ արվեստագետ մնացին: Իսկ նրա տեսակի՞ մեջ: Ու հիմա դժվար է ասել` ինչքան ժամանակ կերազենք մեկ դերասանի թատրոնի մասին: Մանավանդ որ երազելու տեղեր շատ ունենք: Մենք կորցնում ենք հերթով ու ամեն մեկին՝ տարբեր ճանապարհով: 

Ու դարձյալ նույնը, հավերժական ճակատագիրը՝ խիղճը, ցավը, ուժը առած՝ կգնան-կփակվեն քարերի մեջ ու կսպասեն, թե երբ ցորենը կդառնա մասուրի չափ, գարին էլ՝ ընկույզի:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ