Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:23

ԼՐԱՀՈՍ

Վերադարձող արիականություն

Վահագն Կակոսյանը ղեկավարում է  անվտանգության լայնամասշտաբ ծառայություններ իրականացնող «Արմոբիլ» ՓԲԸ-ն, որն ապահովում է հարյուրավոր ընկերությունների, միջազգային կառույցների, անհատների անվտանգությունը:  Սակայն մեր իրականությունում հաճախ վտանգվում են շատ ավելի էական արժեքներ, որոնց պաշտպանության գործում պետք է ոչ թե պահնորդների մասնակցությունը, այլ հայի ազգային գիտակցությունը, որով նա տեր ու պահապան պիտի լինի իր հարստությանը: Բայց զգու՞մ է արդյոք այսօրվա հայը իր ազգային արմատները, գիտակցու՞մ է Հայ լինելու առավելությունն ու  պահպանու՞մ, տեր կանգնու՞մ է արդյոք իր հոգևոր հարստությանը: Նժդեհյան ցեղակրոնությունից բխող մտքերն ու գաղափարները ոգևորում են շատերին, բայց հաշված քչերն են ապրում դրանց համապատասխան: Այդ քչերից մեկն է եղել Սլակ Կակոսյանը` հայկական ազգային արմատների պահպանման, հայի արիական ոգու արթնացման հոգևոր առաջամարտիկներից մեկը: Նրա փոխանցած հոգևոր ժառանգության և ազգային արժեքների պահպանությանն ուղղված մարտահրավերների մասին է Վահագն Կակոսյանի խոսքը: Անվտանգության ապահովման արդիական բոլոր մեխանիզմներին տիրապետող «Արմոբիլ» ՓԲԸ տնօրենը համոզված է՝ ազգային հարստության պահպանումը հնարավոր է միայն ազգային ինքնագիտակցության արթնացմամբ: 

Որքան հայ, այնքան արորդի

Հայրս` Սլակ Կակոսյանը (անձնագրով Էդվարդ Կակոսյանը, Սլակը մեր Սլկունիների տոհմի կրճատ տարբերակն է) ուսանողական տարիներին ստեղծում է «Մաշտոցյան ուսանողական միությունը», որի նպատակն էր անաղարտ պահել հայոց լեզուն և բարձրացնել նրա դերն ու նշանակությունը մեր իսկ երկրում: 1963 թ. ձերբակալվում են յոթ այլախոհներ, որոնց տվեցին «հակասովետականներ» պիտակը... Նրանց աքսորեցին Սիբիր տարբեր պատժաժամկետներով: Այդ գործը հայտնի է «յոթի գործը» անունով: Մասամբ նրանց ենք պարտական, որ ազգը զարթոնք ապրեց, և Մոսկվան ստիպված արտոնեց 1965 թ.-ի խաղաղ ցույցը Երևանում՝ նվիրված 1915 թ. Մեծ եղեռնի 50 ամյակին: Հետագայում թույլատրվեց նաև կառուցել Ծիծեռնակաբերդը: 1979թ. նա վտարվել է երկրից, մեկնել ԱՄՆ, որտեղ հանդիպել է Նժդեհի  ցեղակրոն գաղափարախոսակիր երեք ուխտավորների, ովքեր Կակոսյանին սկզբից կնքել են արորդի, այնուհետև օծել քրմապետ: 1989թ. վերջին վերադարձել է Հայաստան, 1990թ. հիմնել է Արորդիների ուխտը: ԽՄ փլուզումից հետո Սլակ Կակոսյանը առաջինն էր, որ փորձեց ու մասամբ վերականգնեց մեր ազգային հին հեթանոսական տոներն ու ավանդույթները, որոնք այսօր տոնվում են Գառնի տաճարում, Էրեբունի թանգարանի հատվածում, Զվարթնոցում և այլուր: Նրա գործը շարունակում են Արորդիների ուխտի 4 քուրմեր:  Հայրս (նաև ինքս) առաջնորդվում էր նժդեհյան ցեղակրոնության գաղափարներով: Հայերը ի սկզբանե եղել են արիացի, իսկ լինել արիացի, նշանակում է լինել նախաստեղծ ու տիրապետել մտքի և ոգու հատուկ ուժի: Ես ու երեխաներս հպարտ ենք, որ հայ ենք, այսինքն` արիացի: Սա ընտրություն չէ, ինչպես կրոնը, սա հայի էությունն է:  Երբ հայրիկին հարցնում էին` քանի արորդի կա Հայաստանում, պատասխանում էր` իսկ քանի՞ հայ կա Հայաստանում, 3 միլիո՞ն, ուրեմն` երեք միլիոն էլ արորդի: Պարզապես նրանք էլ չգիտակցված արորդիներ են: Հայը, քրիստոնեության ընդունումից հետո արմատներից կտրվելով, հեռացել է իր էությունից ու արդեն 2700 տարուց ավելի է՝ շարունակում է մնալ այդ նույն թմբիրի մեջ:  Խաթարվել է ազգային անվտանգության պաշտպանության պարիսպը: Մեր հզոր Հայաստանը քարտեզի վրա դարձել է փոքր կետ, ենթարկվել ու ենթարկվում է կարմիր ու սպիտակ եղեռնների: 

Անտեսանելի եղեռն

Ազգի պահպանության կռվաններն են լեզուն, հավատը: Հայերենը խորհուրդ է, հնդեվրոպական լեզուների հիմքը, հային հայ պահողը: Հայ չէ նա, ով հայերեն չի մտածում, անգամ եթե արմատներով հայ է: Հայը կտրվել է իր արմատից, դա է պատճառը, որ սիրում է օտարը, նախընտրում օտարը, ու սկսում է ուծացումը` սպիտակ եղեռնը: Չնայած` այն սկսվել է շատ ավելի վաղ, երբ մենք սկսել ենք մոռանալ մեր իսկական հավատքը, Արարչին ու նրա խորհուրդները: Հավատն ու արիականությունը մի շփոթեք կրոնի հետ:  Մարդը կարող է լինել քրիստոնյա, մուսուլման, զրադաշտական և այլն, դա նշանակություն չունի, կարևորը ծագումն է, ազգային որակը, երակներում հոսող արյունը, այն չես ընտրում, իսկ կրոնը մեկի գաղափարախոսությունն է, որին հետևում ես կամ ոչ: Ու ամենամեծ եղեռնը եղավ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը մտավ Հայաստան, երբ կործանվեց մեհենական մշակույթը, և հայը սկսեց հավատալ ոչ թե Ար-ին, Արարչին, այլ Եհովային` օտար աստծուն և օտարանուն սրբերին, մոռացավ իրենը, իր ստեղծածն ու իր էությունը: Միայն այդ ամենը վերհիշելով ու վերականգնելով, միայն ազգային ինքնագիտակցության արթնացմամբ կարող ենք հասնել հաջողության: Հաջողության` նաև ցեղասպանության համաշխարհային ընդունման հարցում: Որովհետև միայն հիշելը, տառապելն ու զայրանալը սխալ է, ու անգամ եթե ընդունեն ու ինչ-որ ներողություններ ու սանկցիաներ լինեն, ոչ մի նշանակություն չի ունենա, եթե չլինի ազգային ինքնաճանաչում, եթե  դպրոցներում հայոց պատմությունը շարունակվի մատուցվել պարտությունների ու ցեղասպանության շղթայում, Խորհրդային Միության շրջանում գրված դասագրքերի կրկնությամբ, եթե մեր երեխային չպիտի ոգևորի մեր էպոսը, ու նա չպիտի հպարտ լինի, որ Հայ է: Չնայած հիմա երիտասարդությունն ազատ է, ինֆորմացիայի աղբյուրները շատ են, ու նա ավելի համարձակ է տալիս «ինչու՞» հարցը: Ու միգուցե այս սերունդը գիտական մակարդակում լրացնի այն բացը, որը հապաղում են անել մեր այսօրվա պատմաբանները, որոնք մշակում են հայոց պատմության քրիստոնեական շրջանը. ասես եղել է մի մեռած ժողովուրդ մինչև 301 թ. և մի այլ ժողովուրդ նրանից հետո:  

Ազգային արժեքի պահպանություն

ՀՀ տարածքում 2000թ-ից սկսած «Արմոբիլ» ՓԲԸ-ն իրականացնում է լայնամասշտաբ անվտանգության ծառայություններ: Մենք ապահովում ենք բազմաթիվ շինարարական տարածքների և շինությունների, արտադրական տարածքների, բնակավայրերի ու առաձնատների, հյուրանոցների,  առողջապահական, ֆինանսական հաստատությունների, դեսպանատների պահպանություն: Բայց առավելապես կարևորում եմ Գառնու տաճարի պահպանությունը: Մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանության կոմիտի հետ «Արմոբիլը» փոխըմբռնման հուշագիր է կնքել, որով պարտավորվել ենք իրականացնել «Գառնի» արգելոցի տարածքի բարեկարգման, վերականգնման, անվտանգության պահպանության աշխատանքները: Գառնու տաճարը առանձնահատուկ է մեզ համար. այն պարզապես պատմական հուշարձան չէ, այլ նախևառաջ գործող սրբավայր, որտեղ անթույլատրելի էր սրճարանի կառուցումը, անգամ եթե այդ սրճարանի հասույթը պիտի ուղղվեր տաճարի վերականգնման ու բարեկարգման գործին: Հուշագրով այդ գործընթացը կասեցվեց: Արդեն բավականաչափ աշխատանքներ տաճարի տարածքում կատարվել են. դա կվկայեն տաճարի այցելուները: Արդյունքում վերջերս արժանացանք «Անվտանգության ծառայության առաջատար» հանրային վարկանիշ մրցանակին: 

Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ