Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:05

ԼՐԱՀՈՍ

Խոստովանանք կամ Փարաջանովի գաղտնիքը

.. Երբ ես ինչ-որ պատմություն եմ պատմում, ասենք`  դպրոցականին կամ ընկերներիցս մեկին, վերջում հարցնում եմ. ՙԴու ի՞նչ ես կարծում, դա իրո՞ք տեղի է ունեցել, թե՞ ես եմ հորինել՚: Ամենից հաճախ պատասխանում են, որ դա հորինված պատմություն է, իմ հիվանդ երևակայությունն է... ֆանտազիա: Հետո ես ապացուցում եմ, որ դա կյանքն է: Բայց այդ կյանքին ավելանում են արվեստագետի աչքերն ու սիրտը, և դրանից այն զարմանալի է դառնում... զարմանալի... 

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերն անվերջ մեկնաբանվող կինեմատոգրաֆիա են,- ասում է կինոքննադատը: Հոգեբանը մարդու նրա տեսակը Homo Ludens-ի` ՙխաղացող մարդու՚ շարքն է դասում, ով իր կյանքն ամեն պահին դիմակահանդեսի է վերածում…. Կինոգետները, հոգեբանները, արվեստագետները տասնյակ գրքեր գրեցին, բազմաթիվ հոդվածներ, հուշեր, նրա կյանքից նոր դրվագներ գտնելու փորձեր են արվում մահից հետո արդեն քսան տարի շարունակ: Իսկ Փարաջանովն այդ ամբողջը մի բառի մեջ էր դրել. ՙԴարդ: Ահա իմ կենսագրությունը, նրա հավերժական կերպը: Հիմա` երրորդ բանտարկությունից հետո, ես վերջապես կարող եմ ի մի բերել անցածը: Շրջվում եմ` ծերություն եմ տեսնում: Ես դա իմ 63 տարիների մեջ եմ զգում: Մայրս Սիրան Բեջանովան է, հայրս` Իոսիֆ Սերգեյեվիչ Փարաջանովը: Իմ ծննդյան օրը նրանք փաստացի բաժանվեցին: Բաժանումը նրանց պետք էր, որ փրկեն ֆրանսիական մշկամկան մորթու մուշտակը և տունը` Սուրբ Դավիթ լեռան վրա: Մորս մահից հետո ես ու քույրս չկարողացանք կիսել մուշտակը, ու ես մկրատով մաս-մաս արեցի այն: Տունը դեռ կա` Կոտե Մեսխի փողոցում: Հորս բանտարկեցին: Մայրս, խուզարկությունից վախենալով, ինձ ամեն օր ստիպում էր կուլ տալ ադամանդները: Հետո ետևիցս ման էր գալիս` գիշերանոթը ձեռքին: 

Չափահաս դառնալով` ես երկար ժամանակ թափառում էի լավ վարձատրվող աշխատանքի ետևից` մինչև ընդունվեցի Կինոյի համամիութենական պետական ինստիտուտ: Եվ… քաղցում եմ մինչև հիմա: Թե ինչպես ընդունվեցի, մի ամբողջ պոեմ կարելի է գրել: Պատերազմից հետո եկա Մոսկվա և միաժամանակ երեք ինստիտուտ ընդունվեցի: Չգիտեի` որը գնալ: Բոլորն ինձ օժտված էին համարում: Նույնիսկ Վրաստանի մշակույթի նախարարությունն ինձ նվիրեց պրիմուս, վալինկաներ և պահակային քուրք: Այդ հանդերձանքով ես եկա Մոսկվա և հանդիպեցի նշանավոր վարպետ Սավչենկոյին: Նա հարցրեց ինձ. ՙԻնչու՞ եք եկել կինո՚: Ասացի, որ սովորում եմ կոնսերվատորիայում, բայց ուզում եմ երաժշտական ֆիլմեր նկարել և օպերաներ էկրանավորել: Ասաց. ՙՀետաքրքիր է, եկեք ինձ հետ՚: Եվ ինձ ստիպեցին ինչ-որ բան նկարել, երգել, պարել... Այդ տարիներին մենք օրական 400 գրամ հաց էինք կտրոնով վերցնում և հերթի կանգնած` շատ հաճախ սովից գիտակցությունը կորցնում: Հետո մենք տարիներով որպես ասիստենտ քարշ եկանք երրորդ կարգի ռեժիսորների ետևից, որպեսզի սովից չմեռնենք….՚:

 Երբ Փարաջանովի արվեստը, կերպարը ընկալելու համար նյութեր էի հավաքում և դիմում այդ հարցին գիտակ մարդկանց, նրանք ուսերն էին թոթվում, թե` այնքան է գրվել, ի՞նչ պիտի ավելացնես: Փարաջանովը մի տարի Կարպատներում, քաղաքակրթությունից կտրված լեռներում  նկարեց ՙՄոռացված նախնիների ստվերները՚, Ուկրաինայի տարածքի ժողովուրդներին վերադարձրեց իրենց առասպելները, ծեսերը, իրենց հոգևոր-մշակութային հասցեն: Եվ հիմա որևէ ուկրաինացի արվեստագետ կարո՞ղ է ասել, որ հաջորդ սերունդը կարիք չունի գրելու և մտածելու Փարաջանովի մասին, որովհետև իրենք ժամանակին ճանաչել են նրան ու կարծես ամեն ինչ արդեն գրել, կամ վրացին, ում Փարաջանովը ՙՍուրամի ամրոցի լեգենդ՚ է տվել: Չգիտեմ` այդպես կարո՞ղ է լինել: 

Սերգեյ Փարաջանովի մասին զրուցեց կինոգետ Դավիթ Մուրադյանը.

ՙՓարաջանովի շնորհիվ կինոն հայտնաբերեց իր մինչ այդ անհայտ լեզուն: ՙՆռան գույնը՚ ֆիլմում նա տեսախցիկը հակառակ ուղղությամբ շրջեց: Այն սովորաբար մարդուց դեպի արտաքին աշխարհ է ուղղված, իսկ ֆիլմում դեպի մարդու ներսն է ուղղված: Այնտեղ արտաքին աշխարհ չկա: Նա նկարեց այն, ինչը տեսանելի չէ` ենթագիտակցությունը, ստեղծագործության ձևավորումն ու ծնունդը արվեստագետի ներսում: Դա հոգու կյանքն է, հոգին տեսանելի է դարձել: Դա էր, որ նա բերեց կինո: Բոլորս էլ երազ տեսնում ենք, իսկ Փարաջանովը կարողացավ վերարտադրել երազը: Գաղտնիքն այն է, որ եթե նա չաներ, մենք չէինք տեսնի: Նրան կրկնելն անիմաստ է, ծիծաղելի, որովհետև նա բացառիկ է: Փարաջանովը կինեմատոգրաֆիան սկսեց այնտեղից, որտեղ վերջանում էին իր ժամանակվա բոլոր հնարավորությունները: 

-Այսօր, երբ չկան խորհրդային կարգերը, նրա համար ավելի հե՞շտ կլիներ ստեղծագործել ու ապրել:

 -Նա ճիշտ ժամանակին էր ծնվել, որովհետև այլընտրանք էր ստեղծում, բայց դրա համար շատ թանկ վճարեց: Մեր ժամանակներում նա էլի դժվարություններ կունենար: Նրան պարզապես չէին ֆինանսավորի ՙՆռան գույնի՚ համար: 

-Այսօր Փարաջանովի արվեստը մատուցելու խնդիր ունե՞նք:

-Ունենք, որովհետև զգալիորեն պակասել է արվեստ հասկացողների թիվը: Փարաջանովը պետք էլ չի, որ լինի բոլորի ռեժիսորը: Իսկական արվեստը արիստոկրատիկ է լինում: 

-Ասում են` մահվանից հետո միայն այսքան ճանաչված դարձավ: -Ոչ այդպես չէ, նա այն ժամանակ էլ էր կինոաշխարհում ճանաչված, հանճարեղ լինելուց բացի` սկանդալային կերպար էր: Պարզապես մեծ մարդու մահը իր վերջին ստեղծագործական ակցիան է՚: 

Փարաջանովի կենսագիրները նրա կյանքի յուրաքանչյուր տարին առանձնացնում են որևէ կարևոր իրադարձությամբ: Իսկ ռեժիսորի համար այն ամփոփվում է իր երեք բանտարկություններով: Արվամոլության մեղադրանքով Փարաջանովին առաջին անգամ դատապարտում են 1947թ. և յոթ ամիս պահում Օրթաճալայի բանտում: 

1968թ. Նռան գույնը ֆիլմից հետո կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի նկատմամբ: Խորհրդային միության պայմաններում նա ազատ մտածող մարդու խորհրդանիշ էր դարձել, հակադրվում էր սովետական չափանիշներին, թեև նրա ֆիլմերը քաղաքական չէին: 1971թ. դեկտեմբերի 1-ին ՊԱԿ-ի նախագահ Յ. Անդրոպովը կոմկուսի կենտկոմին է հանձնում Փարաջանովի` Մինսկում երիտասարդ գիտնականների և ստեղծագործողների առաջ ունեցած ելույթի ձայնագրությունը: Փարաջանովն այդ ժամանակ այնտեղ էր տարել ՙՆռան գույնը՚ ֆիլմը: Այդ ելույթն են համարում նրա ձերբակալության հիմնական պատճառը: 1974թ. Փարաջանովին դատապարտում են հինգ տարի ազատազրկման: Չորս տարի հետո ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ ազատ է արձակվում: Բայց Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միությունը, քննելով նրա անձնական գործը, դուրս է մղում միության շարքերից:

Երկար տարիներ Փարաջանովին արգելում են ֆիլմ նկարել: Այդ տարիներին նա մոտ 800 կոլաժ է ստեղծում: ՙԿոլաժը խտացված ֆիլմ է՚,- ասում էր: 1980թ. ֆրանսիացի կինոռեժիսորների ասոցիացիան Սերգեյ Փարաջանովին Կաննի միջազգային կինոփառատոնին մասնակցելու հրավեր է ուղարկում, որը ռեժիսորին չի հասնում: Իսկ նրա հարցումներին ԽՍՀՄ և Վրաստանի ԽՍՀ պետկինոն չի պատասխանում:

1981թ. Տագանկայի մոսկովյան թատրոնում Յուրի Լյուբիմովի ՙՎլադիմիր Վիսոցկի՚ ներկայացման քննարկման ժամանակ Փարաջանովը սկսում է խոսել անգործ ռեժիսորի ճակատագրի մասին: Մոսկվայից Վրաստանի ՊԱԿ է ուղարկվում ելույթի տեքստը և գաղտնի հրահանգ` անհապաղ միջոցներ ձեռք առնելու և Սերգեյ Փարաջանովին ցանկացած պատրվակով ձերբակալելու մասին: Նրան ձերբակալեցին Թբիլիսիի բնակարանում, ինն ամիս պահեցին քննչական մեկուսարանում, հետո` Օրթաճալայի բանտում: ՙՎրաց-ֆիլմի՚ ջանքերով Փարաջանովին ԽՍՀՄ պետկինոն 1984թ. թույլ տվեց նկարահանել ՙՍուրամի ամրոցի լեգենդը՚, 1987-ին` ՙԱշուղ Ղարիբը՚: 

ՙԵս վերակառուցման ցուցանմուշ եմ 

Ես երկար ժամանակ բանտում էի, երեք հնգամյակ ֆիլմ չեմ նկարահանել, բայց կառավարությանը վերակառուցման ակնառու ցուցադրանմուշներ պետք եկան, և վեց տարվա ընթացքում այն ինձ չորս կապիտալիստական երկիր պարգևեց` Հոլանդիա, Մյունխեն, Փարիզ և հիմա ես Նյու Յորքում եմ: Կարճ ասած` արքունիքն ինձ շոյում է: Ինձ մի ամբողջ 22 դոլար են հատկացրել: Ի±նչ պիտի անեմ: Ամերիկայում ինձ ձրի են կերակրում... Երբ ես Ռոտերդամում էի, ինձ հարցրին, թե կարող եմ, արդյոք, ժամանակակից ֆիլմեր նկարահանել: 

-Իհարկե կարող եմ:

-Իսկ ՙՀամլե՞տ՚-ը: 

-Կուզենայի բեմադրել: 

-Հնաբանություն` գոչեցին դահլիճից: 

Այդժամ ասացի. 

-Համլետը Գորբաչովն է, Կրեմլը` Էլսինորը: 

Դադար: Հետո բոլորը գոչեցին. 

-Մոդեռն: Ավանգարդ: 

-Երբ Գորբաչովը դուրս կթռչի Կրեմլից ճչալով` կառք` ինձ, կառք, ես նրան կառաջարկեմ այդ դերը: Ես նրան կսպասեմ ԳՈւՄ-ի շենքի մոտ: Ձեռքը կբռնեմ և կտանեմ նկարահանվելու իմ ՙՀամլետ՚-ում: 

-Գորբաչովը` Համլետ, Ռաիսան` Օֆելյա՞,- հարցրին տեղից: 

-Ոչ,- պատասխանեցի ես,- Ռաիսա Մաքսիմովնան այլ պիեսից է: Նա հրավիրված դերասանուհի է և տետրակը շփոթել է: Ընթանում է ՙՀամլետը՚, իսկ նա եռանդուն կարդում է ՙԱրքա Լիր՚-ից՚: 

Հայաստանի հետ ավելի շատ կապվում են Փարաջանովի կյանքի վերջին տարիները: Ասել է, որ իրեն Հայաստանում առաջին հերթին նրա ասկետիկ գեղեցկությունն է զարմացրել: ՙԳեղեցկությունն իմ հիվանդությունն է,- գրում է Փարաջանովը: -Ինձ անընդհատ մեղադրում են, որ ես գեղեցկություն եմ ստեղծում: Որ իմ յուրաքանչյուր կադրը կարելի է դնել շրջանակի մեջ, որ այդպես կինո չեն նկարում՚:

Հայաստանում պատրաստվում էր նկարել ՙԱրա Գեղեցիկ՚ ֆիլմը, որն այդպես էլ չիրականացավ: Դրա հետ մեկտեղ` շատ այլ ծրագրեր: ՙՀայաստանի առաջ ես պարտական եմ: Պետք է նկարեմ ՙԽոստովանանք՚ ֆիլմը: Դա իմ Աստվածաշունչն է: Դա իմ հայրն է, մայրը, իմ մանկությունը, բանտարկությունները, երազները: Այն ողբերգությունն է, որ քաղաքի գերեզմանոցը քանդեցին, ու տեղը Կիրովի անվան այգի սարքեցին: Ու հոգիները գնալու տեղ չունեին: Նրանք եկան ինձ մոտ, ես նրանց ժառանգն էի: Բայց ես չէի կարող նրանց ընդունել, որովհետև ստիպված կլինեի ոստիկանությանը հայտնել, որ նրանք ինձ մոտ են գիշերում՚: ՙԽոստովանանք՚ ֆիլմը ևս կիսատ մնաց:

Փարաջանովը բոլոր այն գործերը, որ ստեղծել էր, ցանկանում էր տեղափոխել Հայաստան: Այդ մասին պատմում է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը. ՙ1986թ-ին, երբ ես Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենն էի, Փարաջանովն ասաց, որ իր գործերը ուզում է բերել Հայաստան: Ասացի, որ դրա լավագույն ձևը ցուցահանդես կազմակերպելն է: Մինչ այդ ես թանգարանի համար գործեր էի գնել նրանից: Ցուցահանդեսը բացվեց 1988թ. հունվարի 15-ին: Երեք ամսվա ընթացքում հազարավոր մարդիկ այցելեցին: Դրանից հետո ես դիմեցի Կարեն Դեմիրճյանի կնոջը, որպեսզի Դեմիրճյանին ասի, որ Փարաջանովն ուզում է իր գործերը թողնել Երևանում: Մի քանի օրից որոշում կայացվեց, որ Փարաջանովի համար տուն-թանգարան կառուցվի կենդանության օրոք: Այդպիսի բան հազվադեպ է լինում: Բացի այդ Կառավարությունը 40 հազար ռուբլի տրամադրեց նրա աշխատանքները գնելու համար: Այն, որ վրացիներն ասում են, թե մենք իրենցից այդ գործերը  տարանք, այդպես չէ, դրանց մեծ մասը մեր սեփականությունն էր դեռ Փարաջանովի կենդանության օրոք: Բայց 88-ի երկրաշարժից հետո տուն-թանգարանի շինարարությունը մեկ տարի դադարեց: Այդ ընթացքում պարզվեց, որ Փարաջանովը քաղցկեղով հիվանդ է: Նա տունը տեսավ, շրջեց, բայց բացմանն արդեն չկար: Նրանից հետո թանգարանը համալրեցինք մի քանի հարյուր գործերով՚:

Մենք սովորական թվերով ու փաստերով ենք ավարտում Փարաջանովի կենսագրությունը` շատ տարբեր իր սեփական ավարտից.

ՙ….Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, ում ուսերի վրա ասես երկու թև է, մեկին` փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսի վրա` ստրուկի, գերու, զեկի նվաստացում: Ես չունեմ ոչ պաշտոնական կոչումներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին: 

    ԱՄԵՆ՚:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ