Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:30

ԼՐԱՀՈՍ

Ադամ Ռապա․ Երևանյան համերգից հետո

Երևանում կայացավ աշխարհահռչակ շեփորահար Ադամ Ռապայի համերգը: Հայ հանդիսատեսի առջև նա ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ:  Ռապայի կատարողական արվեստը և ստեղծագործությունները մի քանի բառով բնութագրելիս «կամք», «արև», «հույս» բառերն են միտքդ գալիս: 

Ռապան նաև ճանաչված մանկավարժ է. նրա դասերը այստեղ կարող են քաղել սկավառակների միջոցով, որոնք երաժիշտը թողեց   Հայաստանի ուսումնական հաստատություններում: 

Ի՞նչ տվեց Ադամ Ռապան Երևանին ու ի՞նչ վերցրեց նրանից:

- Երևանում ի՞նչը հավանեցիք:

- Երևանն ինձ շատ դուր եկավ: Բացօթյա առևտուրը հաճելի էր, հատկապես նկարների բացօթյա ցուցահանդես-վաճառքը: Շատ քիչ քաղաքներ ունեն նման բան: Ինձ դուր եկավ, որ քաղաքը շուտ չի քնում: Բազմաթիվ ռեստորաններ բաց էին բավական ուշ ժամին, ինչը լավ է ինձ նման «բուի» համար: Ես նաև մեծ հաճույք ստացա ջրի մոտ՝ հրաշալի ռեստորանում ճաշելիս, որտեղ վայելեցի խորովածի հայկական հրաշալի ավանդույթը գեղեցիկ միջավայրում:

- Երբևէ դուդուկ նվագե՞լ եք:

- Թեև դուդուկի բազմաթիվ ձայնագրություններ եմ լսել, երբեք չեմ փորձել նվագել այն: Սակայն, Հայաստան իմ ուղևորության ժամանակ մի դուդուկ եմ ձեռք բերել, այնպես որ, միանշանակ է` պետք է փորձեմ:

- Երջանկությունը՝ Ձեր պատկերացմամբ:

- Լավ հարց է: Կփորձեմ կարճ պատասխանել: Երջանկությունն ինձ համար կյանքը սիրով ապրելն է: Ամենակարևորը սիրած էակ և լավ ընկերներ ունենալն է: Ու նաև իմ երաժշտական բեղմնավոր փորձը, ճանապարհորդելը և այլ հնարավորություններն ինձ օգնում են երջանկացնել մարդկանց, ինչն էլ երջանկացնում է ինձ:

- Տղամարդու մեջ ո՞ր որակներն եք արժևորում:

- Որևէ մեկի հետ շփվելիս կամ աշխատելիս ամեն ինչից վեր արժևորում եմ ազնվությունն ու բարեսրտությունը: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը բարի չէ, բայց անկեղծ է, նորմալ է: Ես շատ եմ ցանկանում՝ մարդիկ հստակ ասեն ինձ, թե ինչ են ուզում: Սա հեշտացնում է համագործակցությունը: Թաքուն օրակարգերն ու չասված ակնկալիքներն ամեն ինչ շատ ավելի բարդ են դարձնում և ավելի քիչ օգտակար: Ես հստակություն եմ սիրում, որպեսզի հասկանամ, թե ինչ կարող եմ անել լավագույնս ցանկացած իրավիճակում: Սա վերաբերում է նաև վստահությանն ու հուսալիությանը: 

Իսկ բարեսրտություն նշանակում է այլոց հետ վարվել այնպես, ինչպես կցանկանայինք՝ մեզ հետ վարվեն, եթե նույնիսկ նրանք մեզնից տարբեր ապրելակերպ կամ արժեքներ ունեն: Սա գլխավոր սկզբունքն է հարգելու բոլորին` չդատել, խտրականություն չդնել և, իհարկե, չբռնանալ:

- Ի՞նչն եք ատում:

- Իրականում ոչինչ չեմ ատում: Ուզում եմ, որ աշխարհում բռնություն չլինի, ագահությունից և մարդկային այլ սարսափելի հատկանիշներից աշխարհն ազատ լինի, սակայն չէի ասի, թե ատում եմ այդ ամենը: Դրանք գոյատևման բնազդներ են, որոնք հավասարակշռությունից դուրս են եկել: Այնուամենայնիվ, որոշ բաներ ահավոր ամոթալի եմ համարում մարդկային ցեղի համար` Ամերիկայի քաղաքական համակարգը, շարիաթի օրենքները, ռասիզմը, մարդկության անհեռատեսությունը բնապահպանական քաղաքականության մեջ, ինչպես նաև այն, որ գլոբալիզացիան բնաջնջում է բնիկ մշակույթներն ամբողջ աշխարհում, որպեսզի ճանապարհ բացի ավելի շատ McDonalds-ի ու The Gap-ի համար…

- Ինչի՞ համար եք զղջում:

-Ոչ մի բանի: Եթե անցյալի իրավիճակները և հնարավորությունները նույն ձևով կրկնվեին հիմա, ես նույն ընտրությունը չէի անի: Սակայն ես գոհ եմ, թե ուր եմ հասել և ինչ եմ անում, այնպես որ՝ ափսոսանք չունեմ: Իմ կյանքում ավելի վաղ եմ ափսոսանքի զգացողություն ունեցել, բայց մայրս ջնջեց այն իր մահից առաջ: Նա շատ նրբանկատորեն սովորեցրեց ինձ ամբողջովին ընդունել, թե ով եմ ես, ինչպիսին եմ եղել, ու նաև ընդունել այն ամենն, ինչ տեղի է ունեցել իր կյանքում: Այդ ներողամտությունն ու ըմբռնումը օգնեցին ինձ շատ բաներ ընդունել ու բաց թողնել այս կյանքում:

- Ո՞րն է Ձեր նշանաբանը:

- Կարգախոսներ չունեմ, մի քանի չափանիշներ կնշեմ, որոնց հետևում եմ կյանքում: Ոսկե կանոնը` «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանաս քեզ հետ վարվեն»: Ռեյկիի ավանդույթում, որի ապաքինման համակարգը ես գործնականում կիրառում և սովորեցնում եմ, կա 5 սկզբունքների մի ցանկ ամեն օր կարդալու համար:

Հենց այսօր ես չեմ զայրանա:

Հենց այսօր ես չեմ անհանգստանա:

Հենց այսօր ես կանեմ իմ աշխատանքն ազնվորեն:

Հենց այսօր ես կպատվեմ իմ ընտանիքը:

Հենց այսօր ես շնորհակալ կլինեմ իմ շատ օրհնությունների համար:

Ոչ ոք կատարյալ չէ, և ոչ ոք չի կարող իրականացնել բոլոր հինգ սկզբունքներն էլ ամեն օր, հատկապես առաջինը և երկրորդը, սակայն դրանք հիանալի նպատակներ են մտքում ամեն օր ունենալու համար:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ