Երեքշաբթի, Օգոստոս 22, 2017

 22:47

ԼՐԱՀՈՍ

Մշակույթը որպես աշխատող բիզնես. Վարդան Սարդարյան


կոմպոզիտոր, երաժիշտ
Այդպիսի երկիր չկա, որտեղ պետությունը դոտացիաներ չտրամադրի մշակույթին: Բարձր տեսակի երաժշտության թիկունքում պիտի պետությունը կանգնած լինի, այն երբեք ինքնաբավ չի եղել, ոչ մի անգամ, որովհետև այդ տեսակ երաժշտություն կամ նկարչություն ընկալողների տոկոսը քիչ է: Դու ուզում ես, որ բոլորը զարգացած լինեն, բայց չես կարող ամբողջ ազգին կրթել, ոչ մի երկրում դա հնարավոր չէ: Պարզապես ուզում ենք, որ Հայաստանում մի քիչ ավելի շատ լինեն, որովհետև այսօր կորուստները շատ են, ուզում ենք գալ նախկին վիճակին, հետո մի քայլ էլ ավելացնել:
Որտե՞ղ ներդրում չլինի, որ արդյունք չլինի: Իսկ մշակույթի մեջ ներդրում չի արվում: Կադրային քաղաքականությունը պիտի ճիշտ տանել: Ես նման միջակություն չեմ պատկերացնում հենց մշակութային օջախներում: Այսօրվա պրոֆեսորները 20 տարի առաջվա միջակություններն են, որոնք 3-4-րդ պլանում էին երևում: Այն ժամանակ, երբ որակի վրա էր շեշտադրումը, Երևանի կոնսերվատորիան Լենինգրադի կոնսերվատորիայից հետո լավագույնն էր համարվում, այն փայլուն կադրեր էր տալիս: Հիմա կոնսերվատորիայում դասավանդում են բավական միջակ մարդիկ, նրանք էլ պատրաստում են իրենց նման մասնագետների: Պատկերացնո՞ւմ եք՝ հաջորդ սերունդին ինչ է սպասվում: Օրինակ՝ հարյուրավոր պարային խմբեր կան. պարում են ճիշտ թե սխալ, կարևոր չէ, դրանք փող աշխատելու ցիկլ են: Պետությունը պետք է զտի, թույլ չտա, որ այդքան պարային խմբեր լինեն, պետք է հատընտիր մարդիկ լինեն հատընտիր խմբերում:
Ես իմ փորձից մի դիտարկում անեմ. ես հավաքել եմ մարդկանց նեղ շրջանակ, և իմ գործերը կատարող մարդկանց քանակն է քիչ, ես ընտրում եմ նրանց, ովքեր դա կարողանում են: Դրա համար էլ ես տեղի երգիչների համար չեմ գրում որովհետև այստեղ հասկացող չկա: Եթե ես գրեմ մի բարձրարժեք երաժշտություն, հինգ հոգուց հինգը չեն հավանի, իսկ երբ գրում եմ միջակ, կոնցեպցիայից զուրկ երաժշտություն, հինգն էլ հավանում են: Եվ հետաքրքիր, որ շատ խանդով են վերաբերվում նրան, ով այդ գործը կարողանում է կատարել շատ զգացմունքային, և չեն մտածում, որ նմանատիպ գործ ես իրենց արդեն առաջարկել եմ: Գիտեք՝ Հայաստանում մարդը երաժշտություն է լսում, փոխանակ ասի՝ շատ լավն է, նայում է կողքինին, հարցնում՝ ո՞նց է: Սա ամեն ինչի մասին պատմում է. նա ինքնուրույն չի մտածում, անընդհատ դրսի ազդեցության զոհն է. և խոսել բարձր երաժշտությունից՝ աբսուրդ է… Մշակութային մտածողությունն է խնդիրը, ոչ թե մշակույթը:
Պետությունը ամբողջովին ձեռք է քաշել մշակույթից: Հարցը այն չէ, որ մշակույթի նախարարությունը պետք է պարբերաբար ինչ-որ միջոցառումներ կազմակերպի. դա պետք է մեծ՝ ռազմավարական պլանի մեջ մտնի:
Մինչև հայրենիքը շատ չսիրեն, չեն կարող բարձրարժեք մշակույթին տեր կանգնել:
Ոչ մի քննարկում իրավիճակը չի փոխի: Վիճակը կարող է փոխել նախագահը: Նա պիտի կիրթ լինի, շատ լավ տեսակի մարդ լինի, հայրենասեր լինի: Բայց մեր նախագահներից ով եկավ, ասաց՝ ես այս երկրի հերն եմ անիծել. ոչ ոք չասաց՝ այս երկիրը իմ մորից թանկ է:
Բոլոր մեր մշակութային պրոյեկտները գնում հասնում են մինչև նախագահ կամ պաշտպանության նախարար: Այդ միտումը սկսվել է առաջին նախագահից և շարունակվում է մինչև հիմա: Բոլորը «մտնում են երակ» և ՊՆ-ում հոլովակ նկարում: Պաշտպանության նախարարությունը զբաղված է շոու բիզնեսով. պարզ է՝ ոչ նախարարը, խոսքը ներքևի օղակների մասին է: Հարցը մինչև նախագահ է հասնում՝ այս մարդը ելույթ ունենա՞, թե՞ չէ: Հայաստանում չես կարողանում անկեղծ աշխատել, ինչ-որ մեկի համար գրում ես, գումարը վերցնում, և վերջ: Իսկ դրսում երգ չես գրում վաճառելու համար, դու անկեղծ գրում ես, և այդ երգը սկսում է ապրել ու հոնորարներ բերել. նորմալ մեխանիզմ է: Այստեղ փորձում ես ինչ-որ մեկի ֆորմատով երգ գրել, որովհետև ապրելու խնդիր ունես, ու անընդհատ հարմարվում ես սրան-նրան: Այնտեղ հարմարվելու խնդիր չունես, և քո գրածը երգում է այն մարդը, ով կարող է:
Ով բան ունի տալու, չի ուզում Հայաստանում մնալ:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ