Ուրբաթ, Նոյեմբեր 24, 2017

 19:11

ԼՐԱՀՈՍ

Մշակույթը որպես աշխատող բիզնես. Սարգիս Ալավերդյան


«Ակունք» ազգագրական համույթի ղեկավար
Մեր մշակույթի նախարարությանը բացարձակ չի հետաքրքրում, թե մենք դրսում ինչն ենք դարձնում բիզնեսի աղբյուր:  Ունենք ազգային արժեքներ, որոնք դրսում գնահատվում են: Որպեսզի ազգային մշակույթը  իսկապես դառնա բիզնեսի աղբյուր, այդ հոգսը միայն խմբի վրա թողնելը ճիշտ չէ: Եթե մշակույթի նախարարության հոգածությունը չլինի, խումբը երբեք ազգային մշակույթով չի կարող հանդես գալ: Եթե ազգապահպանության և  գաղափարական արժեքների պահպանման խնդիր ենք դնում, պիտի նաև հետամուտ լինենք: Ես կարծում եմ, որ կարող ենք որոշակի գումար  հատկացնել ազգագրական որևէ խմբին, լինի Ակունքը, թե մեկ ուրիշ խումբ, հատուկ մասնագետներ, ռեժիսորներ աշխատեն՝ այդ խմբին կոմերցիոն տեսանկյունից ներկայանալի, գրավիչ դարձնել: Բայց մերոնք գնում են մի քիչ հեշտ ճանապարհով. ընտրում են անհատ կատարողներ, պարզ բեմական դեկորներ, տեխնիկայի նվազագույն ծախսեր, և շոուն ապահհոված է: Բայց ո՞ր շոուն: Ես չեմ վախենում ասել գաղափարազուրկ, ազգային գաղափարներից հեռու կանգնած. և դա շահավետ է  թե՛ Մշակույթի նախարարության, թե՛ տվյալ անհատի համար:  
Սա Մշակույթի նախարարության քաղաքականությունն է: Բայց ինչո՞ւ միայն Մշակույթի   նախարարության, երկրի  նախագահի վարած քաղաքականությունն է. այստեղից երևում է, թե երկրի նախագահը ինչքանով է ազգային արժեքների գիտակը կամ սիրահարը, կամ ինչքան է այն իր ցավը դարձնում:
Մենք 300-ից ավելի չձայնագրված նյութեր ունենք, որոնք վաղվա համար կարող են լուրջ արժեք դառնալ: Բայց ոչ մեկը չի մոտենում: Ահավոր ցավալի է, որ ոչ մի պրոդյուսեր չի հետաքրքրվում ազգային արժեքներով: Հիմնականում պետք է  ուշադրություն դարձնել ազգային խմբերին, գոնե  նրանց, որոնք ունեն 40 տարվա պատմութուն, որոնց կարելի է վստահել նոր սերունդ:  Օրինակ՝ պետությունը գումար տա և ասի՝ այս գումարը վճարում եմ,  դուք էլ բարի եղեք խումբ հավաքագրեք, պարապեք: Միջոցներ շատ կան, լուծման ճանապարհներ կան: Բազմաթիվ նամակներ ենք գրել  Առաջին տիկնոջը, վարչապետին, Արմեն Ամիրյանին, որ մեր խումբը վերականգնվի Հանրային ռադիոյի կազմում: Դա ինքնանպատակ չէ. մենք Հանրային ռադիոյի կազմում ամսական երկու պարտադիր ելույթ ռադիոյով ունեինք, երկու ելույթ՝ հեռուստատեսությամբ: Արդեն 5 տարի է՝ անհրաժեշտ գումարը չի տրամադրվում, որ խումբը պետականացվի: Ուղղակի վիզներս ծռած՝ նայում ենք, թե երբ «Ակունքին» ինչ-որ միջոցառման կհրավիրեն, որ գոնե ներկայանանք: Ամեն երգի համար կռիվ ենք տալիս, որ որակ ստանանք: Չենք զրկում իր կոլորիտից, այսօրվա համար լսելի ենք դարձնում: Հաստատ պահանջարկ կունենան այդ երգերը: Խնդրում ենք, թե՝ եկեք ձայնագրեք, այդ ձայներիզը թողարկեք, «Ակունքին» գումար քիչ տվեք կամ մի տվեք:  
Հրաշալի  ազգագրական նյութեր ունենք, հետաքրքիր ծեսեր: Այդ ձայնագրությունները առաջին ձեռքից են, գնում էինք գյուղերից հավաքում, Մարո Մուրադյանը մշակում էր, հղկում էր: Բոլորը գոհարներ են, որոնք այդ մարդիկ պիտի տանեին հետները, բայց այսօր կան դրանք, պահպանվել են: Բայց դա ամենևին էլ խնդիր չէ նախարարության համար:
Անհրաժեշտ քաղաքականություն է պետք, որ  ազգային երաժշտությունը դառնա բիզնես՝ լավ իմաստով: Եթե չունենանք, դառնում ենք ապազգային, մեր ժողովրդին արմատներից ենք կտրում: Մենք ներսից ենք կործանում մեր ազգային մշակույթը:  
Ափսոս, որ այդքան ավանդույթներ ունենալուց հետո նորից պիտի վերածնունդ ապրենք.  քանի՞ անգամ: Դա նշանակում է  անընդհատ տեղում ենք դոփում: Քանի՞ անգամ կարելի է նահանջել, երբ այսպիսի մշակույթի տեր ես:

Երևակ ամսագիր
 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ