Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:38

ԼՐԱՀՈՍ

Մշակույթը որպես աշխատող բիզնես. Միքայել Պողոսյան

Կա երկու կետ` արվեստագետի չափանիշը և հանդիսատեսի չափանիշը: Ինձ համար ներկայացումը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում ես ինքդ քեզ կրկնօրինակել: Երբ վերջանում է այն թարմությունը, որով դու դուրս ես գալիս բեմ,  հանկարծ տեսնում ես, որ ներկայացումն արդեն քեզ համար  ինչ-որ  հնամաշ է դարձել: Ես այդ ժամանակ արդեն դադարում եմ այդ ներկայացումը խաղալ: Նույնիսկ «Խաթաբալադան»՝ իր լեփ-լեցուն դահլիճներով, իր  պիկ շրջանում, դադարեցվեց: Այսինքն՝ արվեստագետի չափանիշները, արվեստ ստեղծողի չափանիշները մեկ են, հանդիսատեսինը` այլ: Եթե ի սկզբանե խնդիր ես դնում, որ այս դերասանին հրավիրելով կամ այս թեման մտածելով՝ ներկայացումը կաշխատի,  եթե այդ չափանիշներով ստեղծում ես ֆիլմ և կարողանում ես լավ գովազդել  ու լավ էլ վաճառում ես, այն դառնում է կոմերցիոն պրոյեկտ, որը ժամանակավոր, արվեստի հետ կապ չունեցող պրոյեկտ է, խուտուտչիների բանակով ստեղծված պրոյեկտ, որը  առկա է  մեր հեռուստատեսություններում: Ես խուտուտ եմ անվանում այն ամենն, ինչի մեջ արվեստ չկա: Բայց ամենաահավորն այն է, որ  այդ վարակը այնքան է ակտիվացել, որ ներս է խուժում թատերական բեմեր, ֆիլմեր են նկարում,  և հանդիսատեսը լեփ-լեցուն դահլիճներով նպաստում է, որպեսզի  դա շարունակելի դառնա: Սա էլ ուրիշ  մի ճանապարհ է, որը դարձյալ կոչվում է  կոմերցիոն:
Շատ բան գալիս է հանդիսատեսից: Օրինակ՝ Մոսկվայում այդ խնդիրը չկա: Կա կիրթ հանդիսատես, որն ունի արվեստի իր չափանիշները:  Այսինքն՝ ստեղծված է մի  մթնոլորտ, մի դաշտ, որտեղ բարձր արվեստը  ընդունվում է հանդիսատեսի կողմից : Այնտեղ կա և՛ այս, և՛ այս, և՛ այս: Մեզ մոտ բարձրաճաշակ հանդիսատեսը քիչ է: 20-30%-ը կգան, կնայեն, բարոյական հաղթանակ կունենաս ինչպես միշտ: Իսկ 100% տոկոսանոց հաջողությունը  այդպիսի ֆիլմերի, ներկայացումների հաճախ էկրաններին հայտնվող երևույթների արդյունքն են: Ամեն ինչ գալիս է որակից և անձից: Եթե լավ է՝ լավ է: Եվ հետո անպայման չէ, որ  բարձրորակ արվեստը մասսայական լինի. ո՞նց կարող է այդպես լինել: Ժողովրդից ամեն ինչ պիտի սովորես՝ բացի ճաշակից:  Եթե շատերը  Փարաջանովին չեն ընդունում, չի նշանակում, որ դա Փարաջանովի պրոբլեմն է, դա չհասկացողի պրոբլեմն է:
Գիտե՞ք՝ «Եթե բոլորը» ֆիլմի հաջողությունը որն էր: Այն ընդունվել է և՛ Փարիզում, և՛ Մոսկվայում,  և՛ Կորեայում (ես նկատի ունեմ, ոչ թե ժյուրիի մրցանակաբաշխությունը, այլ հանդիսատեսին). նույն էմոցիաներն էին, երբ ես ֆիլմը ցույց եմ տվել Ալավերդիում և Փարիզում: Մարդու հետ պետք է խոսել մարդկային լեզվով՝ արվեստի չափանիշները պահպանելով: Շատ հարաբերական է հաջողությունը կոմերցիայի հետ  զուգորդելը: Կոմերցիան խոսում է կոմերցիոն հաջողության մասին, բայց չի խոսում արվեստի չափանիշների մասին: Ֆիլմը երկու հանդիսատեսով կարող է ավելի բարձր չափանիշներ ունենալ: Մանավանդ, այս ֆիլմը ես նկարել եմ ռուս կինոմատոգրաֆիստների հետ: Ես հրավիրեցի ռուս ռեժիսորի, օպերատորի և կարողացա իմ գաղափարն այս անգամ ավելի լուրջ, պրոֆեսիոնալ իրականացնել: Այս ֆիլմին աջակցել են ՀՀ նախագահը, ԼՂՀ նախագահը, Պաշտպանության նախարարությունը, Մշակությի նախարարությունը,  Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ իրականացրինք այս նախագիծը: Այսինքն՝ ֆիլմի հետևում կանգնած են լուրջ մարդիկ: Եթե ուզում ես  որակյալ գործ ստեղծել, պիտի լուրջ գումարներ ներդնես: Ես խոսում էի ադրբեջանցու հետ. այնտեղ  տարին 3-4 պրոյեկտ են իրականացնում և մի ֆիլմի համար  700 հազար եվրո են ներդնում: 700 հազար եվրոյով մենք այստեղ կկարողանանք երեք ֆիլմ նկարել, այն,  ինչ անում ենք լավագույն դեպքում: Իսկ վատագույն դեպքում  ոչ թե փորձում ենք ստեղծել արվեստի գործ, այլ փորձում ենք,  ռուսի ասած, տակից դուրս գալ՝ այս ու այն ծանոթին խնդրելով, այն, ինչ-որ ես եմ արել: Եթե չլինեին իմ շրջապատը, իմ ծանոթությունները, ապա այս ամենն ավելի շատ գումար կպահանջեին, և ես չէի կարողանա հաղթահարել: Կային մի քանի պրոդյուսերներ, ովքեր ցանկացան ֆիլմի հետևից գնալ, բայց հետո փոշմանեցին, որովհետև այդ ժամանակ ներդրումներ էր պետք անել: Նրանք այդքան մեծ պլոճիկ չունեցան, որ ժամանակին զգային, որ այս ֆիլմը կարող է Օսկարի ներկայանալ և առաջին փուլը անցնել:
Ինձ համար  արվեստագետի  չափանիշը նրա խաղացած դերերի մեջ չէ, այլ թե ինքը մարդկային տեսակով ով է, ինչ է քարոզում:  Կան մարդիկ, ովքեր դրսում հաջողությունների են հասել, բայց թքած ունեն, թե այստեղ ինչ է կատարվում: Հատուկենտ մարդիկ կան Լևոն Հայրապետյանի, Ռուբեն Վարդանյանի պես, ովքեր էնքան թասիբով ու գիտակից են, որ հասկանում են՝  հայրենիքն է առաջնայինը: Էնքան հայեր կային, որ կարող էին իրենց շնորհքը, վաստակը ներդնել հայրենիքի  մշակույթի մեջ: Նման մտայնություն չկա:  Ու շատ դժվար է այսօր: Ո՞ր մի հայն է, ապրելով Հայաստանում,դարձել համաշխարհային երևույթ՝ բացի սպորտսմեններից և գիտաշխատողներից:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ