Շաբաթ, Սեպտեմբեր 23, 2017

 11:22

ԼՐԱՀՈՍ

Մշակույթը որպես աշխատող բիզնես. Դավիթ Հակոբյան

Մեր երկրում պահանջարկ ձևավորեցին այն կազմակերպությունները, որոնք մոնիտորինգ անցկացրին՝ տեսնելու, թե որ տեսակի հաղորդումների ռեյտինգն է ավելի բարձր: Դրա արդյունքում վերջին 5-6 տարիներին ունենք այն, ինչ ունենք: Այդ մասին խոսում են բոլորը, դրա վտանգավոր կողմերը տեսնում են բոլորը թե՛ հասարակական, թե՛ պետական, թե՛ մտավորական շրջանակներում, բայց որևէ առարկայական քայլ որևէ կողմից չի եղել:
Հեռուստաընկերությունը բիզնես է, որտեղ գումարներ են ներդրվել, որոնք պետք է վերադարձնել: Եվ հեռուստատեսությունն իր ամբողջ գործունեությունը կազմակերպում է այդ գումարները ճիշտ օգտագործելու և վերադարձնելու համար: Այսինքն՝ այն, ինչը հանդիսանում է պահանջարկ, այն էլ պետք է արտադրել: Տարբեր երկրներում այս խնդրի դեմ տարբեր կերպ են պայքարում. Հայաստանում միակ ճանապարհը պետության կողմից ֆինանսական միջոցների հայթայթումն է՝ փոքր դրամաշնորհների կամ այլ մուտքերի ձևով, այնուհետև հայտարարել, որ ցանկացած հեռուստաընկերություն, որը պետպատվերով կպատրաստի այս կամ այն հաղորդումը, կստանա դրամաշնորհը: Այսպես թե այնպես բավական շատ միջոցներ են տարբեր ուղղություններով ծախսվում: Սա՝ մի տարբերակ: Մյուս տարբերակը բռնատիրական ձևն է. ուղղակի արգելել: Մեր հասարակությունն անհանդուրժող է, չարությունը, բամբասանքը հատուկ են մեզ: Հեռուստաարտադրանքը անուղղակի կերպով ազդում է մարդու ենթագիտակցության վրա: Անընդհատ բացասական լիցքերով կամ անբովանդակ հումորներով հասարակությունը դեֆորմացվում է, մարդիկ դառնում են անտարբեր, անտարբեր իրենց կողքինի ցավի նկատմամբ, Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների, նույնիսկ իրենց սպառնացող վտանգի նկատմամբ:
Սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է, բայց նայած, թե որ շերտերից է հարցում կատարվել, ինչ չափանիշներով են ընտրվել հարցվողները, ինչ գիտակցության կրող են: Արդյունքում առաջանում է իրականությանը հավասար մի պատկեր, որը երբեք չի կարող համապատասխանել իրականությանը: Երբ քննարկում է լինում, ասում են, օրինակ՝ այս ժամին չեն դիտել այդ հաղորդումը, ասում եմ՝ հարցված 120 հոգուց գուցե ոչ մեկը չի դիտել այդ հաղորդումը, բայց վստահ եմ՝ այն շատ ավելի մեծ լսարան է ունեցել, քան ներկայացված է ձեր ցուցանիշներում: Բայց, ցավոք, բիզնեսը ստիպված կողմնորոշվում է այդ ցուցանիշներով, ֆինանսական մուտքերը գնում են հենց այդ բովանդակության համար, և արտադրության մեջ գերակշռում են այն հաղորդումները, որոնք, բոլորս ասում ենք, սպառնում են մեր ազգային անվտանգությանը, ազդում մեր գիտակցության, մեր բնավորության վրա:
Ավելի ճշգրիտ ցուցանիշներ ստանալ կարող ենք, բայց դրա համար գումարներ են պետք, որպեսզի նորից շուկան փորձարկումների ենթարկվի: Հետո՝ այս ամենի մեջ մի ամբողջ սերունդ է ներգրավված՝ համերգներով, հումորային հաղորդումներով: Պահանջարկ ձևավորելու համար նախևառաջ կամք և ցանկություն են պետք: Առաջին մասը ինչ-որ կերպ կգտնեն, բայց չունեն ցանկություն: Այն հասարակությունը, որը գիտակցում է բարձր ու ցածր արժեքները, նրան դժվար է ղեկավարելը: Գուցե այստեղ է պատճառը, որ ավելի ձեռնտու է ցածրաճաշակ, էժանագին հաղորդումը:


Փոքր երկրներում ճիշտ ու սխալ մենեջմենթ չկա, որովհետև մեզ մոտ գործում են քավոր-սանիկական հարաբերությունները: Մեր հեռուստաընկերությունն ունի հայեցակարգ. եթե ես այդ հայեցակարգից դուրս գամ, կստացվի՝ ճիշտ մենեջմենթ եմ վարում, իսկ եթե ուզում եմ այդ հայեցակարգի մեջ մնալ, ապա ոչ մի չափանիշների մեջ չեմ տեղավորվում: Օրինակ՝ եթե ամենատարբեր ֆորմատներով անդրադառնում եմ պատմական, սոցիալական, մշակութային, ազգային  դեպքերին, դեմքերին, այդ հաղորդումները դիտարկվում են որպես ռեյտինգ չունեցող: Իսկ մեկ ուրիշ հեռուստաընկերություն փորձում է տաղանդ հայտնաբերել, և ամբողջ լսարանը գնում է այդ արտադրանքի ետևից: Դա նորմալ է, ամբողջ աշխարհում էլ այդպես է:
Հիմա մենք նախագծեր ունենք՝ կապված բանակի հետ, մշակույթի հետ, բայց չենք կարողանալու ֆինանսավորում գտնել, որովհետև ցանկացած գովազդատու կազմակերպություն չի ուզում ռիսկի դիմել, նա իր փողերը կդնի այն հաղորդումների վրա, որոնք, հաստատ գիտի, աշխատելու են: Այն հաղորդումները, որոնք ես եմ նախատեսում, դժվար ճանապարհ ունեն. դեռ պետք է լսարան ձևավորեն, պետք է բովանդակություն պարտադրեն, և դրանց անհրաժեշտ է ֆինանսավորում: Ես դիմել եմ բոլոր կազմակերպություններին, համապատասխան նախարարություններին, բայց նրանց 90%-ը մերժել է: Մի կողմից, եթե դիտենք, որ երկիրը աղքատ է, բազմաթիվ այլ հարցեր կան լուծելու, ուրեմն՝ արդարացված է, բայց մյուս կողմից մենք քնած պատերազմի պայմաններում ենք ապրում, և այստեղ է, որ պետք է գալու գիտակից հայը, հայրենասեր հայը, ով կկարողանա իր հայրենիքին տիրություն անել: Մենք 8 տարի եթերում ենք, արդեն անգիր գիտենք բոլոր կազմակերպություններին. բացի այդ, կարևոր է, թե տվյալ հիմնարկի ղեկավարը ինչ գիտակցության տեր է, ինչ արժեքների կրող է:
Այժմ հանրային հեռուստաընկերությունում նոր օրինագիծ են մտցրել՝ նրան գովազդի հնարավորությունից զրկելու: Բայց այդպես բովանդակության վրա չեն ազդի. նրա համար ի՞նչ տարբերություն՝ գովազդ ունի՞, թե՞ չունի: Եվ հետո՝ մի հեռուստաընկերությունով հարց չի լուծվի: Պետությունը ամեն տարի որոշակի գումար դոտացիա է տալիս հանրային հեռուստաընկերությանը. թող դրա 20%-ը՝ որպես դրամաշնորհ, տրամադրի մյուս հեռուստաընկերություններին և ասի՝ 15 հաղորդում պետք է լինի մշակութային, 15՝ սոցիալական, բանակին նվիրված... Համոզված եմ, որ բոլորն էլ կմասնակցեն դրան: Պետությունը իր ֆինանսավորմամբ այդ հարցը կարող է լուծել, և նա կունենա հանրային հեռուստատեսության 16 տարբեր մոդելներ:

Երևակ ամսագիր


 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ