Շաբաթ, Հունիս 24, 2017

 19:26

ԼՐԱՀՈՍ

Հնչողությանը ` պրոֆեսիոնալ լուծում

Զորիկ Սահակյանին շատ լավ գիտեն բոլոր կարևոր մշակութային և զվարճանքի կենտրոններում, որտեղ ներկայացման կամ համերգի հաջողությունը մեծապես կապված է ձայնա-լուսային համակարգերի որակից: Սա Զորիկ Սահակյանի մասնագիտությունն է՝ տարիներ շարունակ ներդնել իր լուման թատերական ու համերգային դահլիճների ձայնաուժեղացման համակարգերի հետ կապված խնդիրների լուծման մեջ: Նա եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ձայնային ինժեները: Իրականացրել է բազմաթիվ համերգների, շոուների տեխնիկական սպասարկումը: Իսկ արդեն 14 տարի այդ ամենը կազմակերպում է իր ընկերության  միջոցով: Այսօր  «Շոու-մաստեր» ընկերությունը հայտնի է ճարտարապետական ակուստիկայի և ձայնամեկուսացման, տարածքների էլեկտրոնային ակուստիկ հաշվարկի, տարածքների արտաքին և ներքին լուսավորության, ձայնա-լուսային սարքավորումների ներկրման, տեղադրման և սպասարկման բարձրորակ ծառայություններով:
-Եթե դիտարկեմ շուկան 15-20 տարվա տարբերությամբ, ապա այն հսկայական փոփոխություն է կրել: Սկզբնական շրջանում  բավական բարդ էր աշխատելը, քանի որ միջոցառումների, զվարճանքի սրահներում ցանկացած փայլփլուն բան, որը դինամիկա էր մտցնում ինտերիերի ձևավորման մեջ, կարող էր բավարարել պատվիրատուին: Դե, այդքան էին ինֆորմացիան, պատկերացումը: Բացի այդ, ամեն ինչ կապված էր այնպիսի ծախսերի հետ, որը նրանց բյուջեում պլանավորված չէր: Ժամանակ անցավ, մինչև փոխվեց գիտակցությունը, և բիզնեսի գրագետ հաշվարկ կատարվեց: Մենք սկսեցինք շուկայում ավելի հեշտ աշխատել: Արդեն կարողացանք շատ ավելի թանկարժեք ու պրոֆեսիոնալ ձայնա-լուսային սարքավորումներ ներմուծել Հայաստան, երբ երկար ժամանակ երազանք էր այստեղ նման բարձրակարգ տեխնիկա ունենալը: Արդյունքում միջոցառումների որակը սկսեց բարձրանալ: Երբ հիշում եմ, թե Մարզահամերգային համալիրում առաջին անգամ ինչ տեխնիկայով անցկացրինք Արա Գևորգյանի մենահամերգը, զարմանում եմ, թե ոնց կարողացանք այդ տեխնիկայով այդպիսի որակ ստանալ: Հայաստանում չկար տեխնիկա, նույնիսկ ձայնակառավարման վահանակը մի քանի վահանակների միջոցով ենք հավաքել: Բայց մենք իրականացրինք մի համերգ, որի մասին այն ժամանակ երազել կարելի էր: Դա արդեն խթան հանդիսացավ բոլորիս համար, որպեսզի Հայաստան ներմուծենք լուրջ տեխնիկա, առավել ևս, դրսից եկած խմբերի հետ էինք շփվում և ամաչում մեր ունեցածից:
-Իսկ ի՞նչ ունենք այսօր:
-Հերիք է մի հայացք գցել, թե ինչ մեգաաստղեր են Հայաստանում համերգների գալիս, պարզ կլինի: Անգամ հատուկ այսինչ համերգի համար կարող ենք ներմուծել այսինչ միավորը: Տեխնիկական խնդիրներին ու պահանջներին դեռ ամիսներ առաջ ենք ծանոթանում, եթե նախկինում վախվխելով, ապա այսօր շատ ավելի վստահ:  Օրինակ՝ անցած տարի՝ սեպտեմբերի 21-ին, ֆրանսիական շոուի ժամանակ «3D maping»-ը, ձայնը մեր թիմն էր ապահովում: Ֆրանսիացիներն ունեին իրենց տեխնիկական կողմի պատասխանատուն, ինժեները: Նրանք ներկայացրել էին իրենց պահանջները, մենք՝ դրանք իրագործելու ճանապարհները: Երբ շփվում ես պրոֆեսիոնալների հետ, արդեն արժևորում ես քո  գիտելիքը, հմտությունը: Նրանք էլ էին գոհ, որ աշխատում են գրագետ թիմի հետ: Իհարկե, մենք միակը չենք, ուրախալի է, որ մեր կողքին կան այդպիսի թիմեր, որոնք բավական գրագետ աշխատանք են կատարում:
-Իսկ խորհրդային շրջանում նույն Մարզահամերգային համալիրում ինչպե՞ս էին կազմակերպվում համերգները, ի՞նչ տեխնիկայով:
-Այն ժամանակվա տեխնիկան և պահանջները միանգամայն համապատասխանում էին իրար: Հիմա ձայնի, հնչողության բոլորովին այլ չափանիշներ են գործում: Եվ ուզենք, թե չուզենք՝ այդ որակը պետք է ապահովենք: Շատ կարևոր է ժամանակի հետ գիտելիքների բազան ևս հարստացնել: Մենք աստիճանաբար սկսեցինք հասկանալ, որ լավ ձայնի հնչողության համար սարքավորումները շատ մեծ դեր ունեն, բայց բավարար չեն, և ոչ պակաս կարևոր է ակուստիկայի նշանակությունը: Եվ սկսեցի պատրաստել սեփական կադրին, քանի որ չկային: Իմ առաջին աշակերտը իմ տղան է:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում ճարտարապետական ակուստիկան, և ինչու՞մ է կայանում ճշգրիտ աշխատանքը:
Ճարտարապետական ակուստիկան շատ կարևոր է ձայնի վերարտադրման համար:  Եվ այստեղ իհարկե կարևոր են ձայնն ապահովող ինժեների գիտելիքները: Կան տեխնիկական հնարքներ, գիտական հաշվարկների մեթոդիկա, որոնցով միշտ առաջնորդվում ենք: Դրանից բացի այսօր գոյություն ունեն համակարգչային բավական լուրջ ծրագրեր, որոնք մեզ ազատում են շատ խնդիրներից: Մեզ մնում է լուծել միայն մի խնդիր՝ թերևս կարևորագույնը: Անհրաժեշտ է տարածքը, որի համար հաշվարկը պետք է կատարել, և նրա վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան հնարավորինս ճշգրիտ մուտքագրել համակարգիչ: Հաշվարկը առաջին փուլն է, երբ տարածքի բոլոր տվյալները մուտքագրվում են ծրագիր, կառուցվում է տվյալ տարածքի տարածական մոդելը: Հաշվարկը կատարելիս շատ կարևոր է ճիշտ աշխատանքը դիզայների հետ. ինչ շինարարական նյութեր են օգտագործված, ինչ հաստությամբ, ինչ խտությամբ, և այդ ամենով պայմանավորված՝ ձայնը անդրադարձման ինչ գործակից կունենա: Երբ մենք որևէ նյութ  ենք ուզում տեսնել, ապա այն տեսնում ենք իր ակուստիկ պարամետրերով հանդերձ: Մի խոսքով, մասնագիտական շատ նրբություններ կան, և ճիշտ համագործակցությունը շատ կարևոր է, որպեսզի և՛ չտուժի ճարտարապետի ու դիզայների գաղափարը, և՛ ճշգրիտ հաշվարկն ապահովվի: Եվ դրա լուծման ուղիներն ու հնարքները գտնելը հենց մեր պրոֆեսիոնալիզմի խնդիրն է:
Երկրորդ փուլը էլեկտրոնային ակուստիկայի, բարձրախոսների քանակի ու տեղադրման պարամետրերի հաշվարկն է:  Ձայնի տարածման ակուստիկ պարամետրերի միջազգային նորմեր գոյություն ունեն: Կա երեք կատեգորիա` ակուստիկ տեսակետից գերազանց, լավ և վատ որակի դահլիճներ: Հաճախ ամեն ինչ կախված է պատվիրատուի պահանջներից, թե տվյալ տարածքը ինչի համար է նախատեսված, որքանով է նա պատրաստ ֆինանսական ներդրումներ կատարել և այլն: Որպեսզի խնդիրը լուծենք, ներկայացնում ենք պատկերը և՛ մեր առաջարկածի, և՛ նրա ուզածի: Մենք կատարում ենք ճիշտ հաշվարկը, իսկ ընտրությունը թողնում պատվիրատուին: Մենք պատրաստ ենք ստանալ այն մակարդակը, որը թելադրում են միջազգային նորմերը:
-Ձեր աշխատանքում կիրառում եք նաև ձայնամեկուսացման սարքեր, որոնք նորություն են Հայաստանում:
-Դատելով շուկայի պահանջներից՝ կարող եմ ասել, որ դրանց կարիքը եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման կզգացվի: Քաղաքի կենտրոնը ամենաձգող մասն է, այստեղ են կենտրոնացված զվարճանքի ու հանգստի օբյեկտները: Որպեսզի և՛ քաղաքի կենտրոնում ապրող բնակիչը չտուժի, և՛ գործարարը իր գործը շահի, վերջինս ստիպված է գնալ հավելյալ ծախսերի և ձայնամեկուսացման աշխատանքներին ավելի լուրջ ուշադրություն դարձնել: Ձայնամեկուսիչ սարքերի ցանկը մեծ է, բայց մենք փորձում ենք առաջարկել այնպիսիք, որոնք այդ բնագավառում համարվում են վերջին ձեռքբերումը: Ես հիմա Հայաստանում ներկայացնում եմ ձայնամեկուսիչ նյութ, որը արտերկրում հատկապես երկնաքերերի կառուցման ժամանակ բավական լայն կիրառում ունի, որովհետև արդյունավետությունը ակնհայտ է բոլոր առումներով: Այդ նյութը ունիկալ նյութ է, այն ձայնային էներգիան ոչ թե կլանում է կամ անդրադարձնում, այլ վերածում է ջերմային էներգիայի:
-Հնարավո՞ր է հետևել բոլոր նորույթներին:
-Եթե ես դա չանեմ, ապա ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ ետ կընկնեմ մեր շուկայում:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ