Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:46

ԼՐԱՀՈՍ

Պրոֆեսիոնալ դիրքերից

«Նանե»-ն ինքնուրույն ոճ ու որակ ունեցող պարային համույթ է, որին կից գործում է «Փոքրիկ Նանեներ» պարային անսամբլը:  «Նանե»-ն և «Փոքրիկ Նանեներ»- ը հանդես են գալիս Հայաստանի և արտերկրի պրոֆեսիոնալ բեմերում, հանրապետական և միջազգային մրցույթներում, որտեղից մշտապես վերադառնում են առաջին և «Գրան Պրի» մրցանակներով: 2006 թ. Ն.Տոպոլյանի բեմադրած «Կաքավիկ» պարը (երաժշտությունը' Կոմիտասի )«Պարային Կլոնդայկ» նախագծի շրջանակներում ընդունվել է որպես «Վերջին հինգ տարիների լավագույն բեմադրություն»: 2005 և 2008 թվականներին   պարարվեստի զարգացման և երեխաների և պատանիների դաստիարակման գործում ունեցած մեծ ավանդի համար պարային համույթի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը պարգևատրվել են ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Իսկ 2010 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Նարինե Տոպոլյանն  արժանացել է Մովսես Խորենացի շքանշանին:  Շուրջ 20 տարվա բեմելների, նվաճումների մասին ՝ համույթի հիմնադիր Նարինե Տոպոլյանի հետ:

Պարը արվեստի միակ տեսակն է, որի «գործիքը» մարդն է: Ի՞նչ է պետք այդ «գործիքը» ճիշտ բանեցնելու համար:

-Նախևառաջ, մարդը պետք է բնությունից օժտված լինի այն բոլոր հատկանիշներով, որոնք հարկավոր են պարող դառնալու համար: Լինում են դեպքեր, երբ մարդն ունի  ճկունություն, ունի սլացիկ մարմին, բայց բեմի վրա զրկված է պարային պլաստիկայից, որն իմաստավորում է բոլոր շարժումները: Այդ ժամանակ պարողը վերածվում է  մարզիկի…  Ֆիզիկական տվյալներից զատ կարևոր է  մարդու խառնվածքը. նա պետք է լինի աշխատասեր, նպատակասլաց, կարողանա աշխատել կոլեկտիվում: Պարողը պետք է ունենա խարիզմա, լինի վառ անհատականություն, որպեսզի  բեմից  գրավի հանդիսատեսին և  կարողանա պարի միջոցով արտահայտել բեմադրողի հիմնական ասելիքը: Պարողի մեջ կարևորում եմ և՛ տեխնիկան, և՛ պարի մաքրությունը, և՛ զգացմունքայնությունը, և՛ գրագիտությունը: Բեմի վրա մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել:

Ի՞նչն եք պարային բեմադրություններում համարում գլխավորը:

-Որքան էլ որ բեմադրությունը լինի լավը, պետք է նաև  սովորեցնողը լինի հմուտ մասնագետ: Նա  պետք է կարողանա շատ գեղեցիկ պարել, քանզի  ինչպես սովորեցնում է պարուսույցը, այնպես էլ պարում են սաները: Եթե դասատուն չունի թռիչք, ուրեմն  չի կարող իր սաներից  պահանջել թռչել: Կան պարուսույցներ, որոնք տգեղ են պարում՝ չնայած նրան, որ լավ մանկավարժներ են: Հաճախ մասնակցելով համերգների, լինելով ժյուրիի անդամ՝ տեսնում ես,  թե ինչպես է երեխան  մենապարելու փոխարեն 3.5 րոպե նախավարժանք անում բեմում: Զայրացնող է նաև այն փաստը, որ երեխաներին զգեստավորում են կարճ շորտերով, կաշվե կոստյումներով, այսինքն՝  ոչ երեխայական   հագուստով, դրան զուգահեռ ներկայացնում են խայտառակ բեմադրություն.  ելույթի  վերջում երեխան վերցնում է հրացանն ու ինքնասպան լինում: Այդժամ ցանկություն է առաջանում անձամբ <<սպանելու>>   համույթի գեղարվեստան ղեկավարին, բեմադրողին:

Պարը որպես մասնագիտություն այսօր պահանջված է դարձել: Շատերին թվում է, որ պարային ստուդիա հիմնելը  եկամտաբեր բիզնես է: Ֆինանսը ևս կարևոր է, բայց եթե նրանք միայն բիզնեսի աչքերով պետք է նայեն արվեստին, խորհուրդ կտամ, երեխաների հաշվին չզբաղվել պարով:

Պատմեք խնդրեմ «Փոքրիկ Նանե» պարային համույթի զարգացման ուղու և Ձեր սաների մասին:

- 1995 թվականին ստեղծեցինք <<Նանե>> պարային եռյակը: Խումբն  անվանակոչեցինք  <<Նանե>>(ռազմի աստվածուհու անունով) մեր ուսանողական ընկերոջ՝ Վազգեն Խաչիկյանի  խորհրդով:  Մի քանի տարի Երգի պետական թատրոնում օր ու գիշեր աշխատելով՝  որոշեցինք  մեր գիտելիքները փոխանցել երեխաներին: Նախ Երգի պետական թատրոնի կազմում ստեղծեցինք ստուդիա, իսկ 2000 թվականից  առանձնացանք և սկսեցինք գործել ինքնուրույն:

Ինչպիսի՞ն է պարացանկը:

- Մենք աշխատում ենք պարարվեստի ուսումնարաների ծրագրերով: Անցնում ենք դասական, հայկական ժողովրդական, աշխարհի ժողովուրդների պարեր, ստեպ, ժամանակակից պարեր, մոդեռն: Որպես առարկա բոլոր երեխաների համար պարտադիր է նաև մարմնամարզությունը: Համույթ  ընդունվում են հիմնականում 4-10 տարեկան երեխաներ: Լինում են դեպքեր, երբ այլ պարային խմբերից դիմում են սաներ, որոնք երբեք չեն լսել <<դասական պար>> բառը: Չեմ կարող մեղադրել, որովհետև կան համույթներ,  որոնք ընդամենը զբաղեցնում են երեխային, իսկ ծնողն ինքն է որոշում ուր տանել փոքրիկին: <<Նանե>> պարային համույթում ուսուցումը  նույնպես սիրողական է (պրոֆեսիոնալ կրթությունը միայն պարարվեստի ուսումնարաններում է), սակայն մենք բոլոր սաներին կրթում ենք հիմնարար գիտելիքներով:  Այստեղ պարապելով՝  սաները հեշտությամբ ընդունվում են թե՛ Մանկավարժական համալսարանի  <<Պարարվեստի մանկավարժություն>> , թե՛ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի <<Պարարվեստի ռեժիսուրա>> բաժինը: Եթե նույնիսկ նրանք չեն դառնում պրոֆեսիոնալ պարողներ, ապա գոնե դառնում են լավ մարդ և պրոֆեսիոնալ իրենց ընտրած ոլորտներում:

Երեխաների հետ դժվա՞ր չէ աշխատել վաղ տարիքից: Ի՞նչ սզբունքներով եք առաջնորդվում  նրանց հետ աշխատանքներում:

Երեխաների մեջ վաղ տարիքից պետք է սերմանել աշխատասիրություն, համառություն, որպեսզի նրանք պարին չվերաբերվեն որպես խաղ,  այլ ձգտեն շատ պարապել և հասնել հաջողությունների: Կա չգրված օրենք, որը մեր պարուսույցները  պահանջում են երեխաներից՝ ասելով. <<Ինչ մասնագիտություն էլ ընտրեք,  ձեր  ոլորտում պետք է լինեք  լավագույնը>>:  Մեր թիմը շատ երիտասարդ է: Դասավանդողներից շատերը մեր նախկին սաներն են՝ Սաթենիկ Մնացականյան, Մերի Հակոբյան, Սոնա Անտոնյան, Քրիստինա Հայրապետյան, Էլեն Ազարյան: Ունենք գիմնաստիկայի 2 մարզիչներ՝ Էլեն Կարապետյան և Աստղիկ  Գյուլնազարյան… խմբի փորջավարն է՝ Ասյա Անտոնյանը, որի հետ մեզ կապում է 20 տարվա աշխատանքն ու մտերմությունը: Իրենց գործին նվիրյալ, փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անհատական մոտեցումը, նպաստում են երեխաների տեխնիկական հմտությունների զարգացմանը՝ փոխանցելով  բեմական արվեստի նրբություններն ու գաղտնիքները:

 «Նանե»-ն և «Փոքրիկ Նանեներ»-ը հանդես են գալիս Հայաստանի և արտերկրի  պրոֆեսիոնալ բեմերում: Ներկայացրեք խնդրեմ տարիների գործունեության համառոտ նկարագիրը

-Մեր առաջին հաղթական մուտքը եղավ 2004 թվականին, երբ  մասնակցեցինք Լենինգրադում անցկացվող "Open Dance" միջազգային մրցույթին, որտեղ արժանացանք  <<Գրան Պրիի>>: Ամերիկայի, Ռուսաստանի, Ճապոնիայի և այլ երկրների բազմաթիվ ներկայացուցիչներն ուղղակի զարմացած և նախանձախնդիր էին, որ ընդամենը 4 հայ եկան, պարեցին և հաղթեցին:  2005 և 2006 թվականներին ռուսաստանյան «Պարային կլոնդայկ» նախագծի շրջանակներում «Նանե»-ն արժանացավ «Լավագույն պարային կոլեկտիվ» մրցանակի: Այսօր մեր  հաղթողներից մեկը՝  տաղանդավոր Քրիստինա  Հայրապետյանն աշխատում է մեր ստուդիայում՝ դասավանդելով դասական պար և իր գիտելիքները փոխանցելով նոր սերնդին:

Անդրադառնալով մրցույթին, Լենինգրադն ու Մոսկվան մեզ <<հրեցին>> մեծ բեմ, և այսօր  <<Նանեն>> ելույթ է ունենում պրոֆեսիոնալ բեմահարթակներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հոնգկոնգում, Լիբանանում, Հնդկաստանում, Գերմանիայում, Աբխազիայում, Թուրքիայում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրություներում:

 Կնշեմ նաև  2015 թվականին Աբղազիայում  անցկացված <<Հոգու երկիր>>, <<Երբ մենք միասին ենք>> մրցույթների մասին, որտեղ մրցակցությունը շատ ուժեղ էր: Ժյուրիի կազմում ընդգրկված էին  Մոսկվայի բարձրակարգ ինստիտուտների դասախոսներ, պրոֆեսորներ, ամենահայտնի խմբերի ղեկավարներ:

Չնայած մասնակիցները շատ հմուտ պարային խմբեր էին,  տարբեր նոմինացիաներում մենք զբաղեցրինք առաջին հորիզոնականները, ինչպես նաև ստացանք երկու Գրան Պրի: Մի խոսքով,  դժվար տրվող մրցանակներ, որին հասնելու համար   շատ ճիգ էինք գործադրել:

«Նանե» պարային համույթը հանդես է գալիս նաև բարեգործական նախաձեռնություններով

-Բարեգործական համերգներով հանդես գալու միտքը ծագեց   7 տարի առաջ, երբ թերթերից մեկում կարդացինք հայտարարություն հաշմանդամություն ունեցող երեխային օգնելու  վերաբերյալ:  Մենք որոշակի գումար փոխանցեցինք նշված հաշվեհամարին, հետո ցանկություն հայտնեցինք  անձամբ նախաձեռնել և կազմակերպել բարեգործական ակցիա: Դիմեցինք Ազգային ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավարին, ով տեղեկացրեց, որ հիվանդասենյակներն ունեն  կահավորման խնդիր: Կազմակերպեցինք  համերգներ <<Նանե>>  և <<Փոքրիկ Նանեներ>>  պարային անսամբլների մասնակցությամբ: Տոմսերի վաճառքից ու բարեգործական հանգանակություններից առաջացած ողջ հասույթը ուղղվեց  Ազգային ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքի 6 հիվանդասենյակների և խաղասենյակի կահավորմանը:  Ծրագիրը կարևոր էր նաև  մեր սաների համար: Բոլորը տարբեր դաստիարակության և ընտանիքի զավակներ են, նրանք հասկացան, որ լավություն  անելու ժամանակ մարդն իրեն ավելի երջանիկ է  զգում:  Առաջիկայում նույնպես  նախատեսում ենք բարեգործական ծրագրեր, ցանկանում ենք մեր արվեստով աջակցել օգնության կարիք ունեցող մարդկանց:

Որո՞նք են առաջիկա ծրագրերը, որոնք կձևավորեն համույթի վաղվա օրը:

-Առաջարկ ունենք մասնակցելու  Սոչիում նախատեսված «Ռուսաստանի տաղանդների միություն» մրցույթին: <<Փոքրիկ Նանեներն>> այդ մրցույթին մասնակցել են  6 տարի առաջ և արժանացել <<Գրան Պրի>>, ինչպես նաև  <<Հանդիսատեսի համակրանքը>> մրցանակներին:

Փոփոխություններ ենք նախատեսում նաև մեր համույթի կազմում, նպատակ ունենք ստեղծել հոգեբանի հաստիք, որը հոգեբանակն աջակցություն կցուցաբերի յուրաքանչյուր երեխայի խնդրին, մասնագիտական մեթոդներով և հնարքներով կօգնի հաղթահարել վախերը, անհանգստությունը, ընկճվածությունը, ագրեսիան, միջանձնային խնդիրները, ինչպես նաև պատրաստել բեմ դուրս գալուն. չէ որ պարը սերտորեն կապված է հոգեբանության հետ:

Հ.Գ Ահա և մասնագետների կարծիքն ու վերաբերմունքը §Նանե» պարային համույթի վերաբերյալ

«Երբ մենք միասին ենք» միջազգային  մրցույթում հանդես գալով որպես ժյուրի` ինձ բախտ վիճակվեց  տեսնելու այն, ինչով կարելի է հպարտանալ: Ես տեսա գեղեցիկ աղջիկների` կրակոտ աչքերով, նրանք հիասքանչ են   իրենց միությամբ և նույնքան հիանալի առանձին կատարմամբ: Այդ Զգացմունքային պարում ես տեսա ոչ միայն  պատմություն, այլև  երկրի պատմություն. երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոներությունը, աշխարհասփյուռ դարձած, գաղթած ժողովրդի պատմություն, ֆիզիկական ցրվածություն,  այդ ամենով հանդերձ նաև հոգևոր կապ` անկախ  հեռավորությունից: Եվ այս ամենը`  մարդկային  հոգու մարմնավորված  կերպարին  միացած  մարմինների   ֆիզիկայի ու   պլաստիկայի շնորհիվ: Դա հիանալի էր, դա իսկական էր: Շնորհակալություն:

Օլեգ Պչելա, ռեժիսոր, Театр на Малой Бронной

 

«Նանե» անսամբլի փոքրիկ սաների հետ ծանոթացել եմ մի քանի տարի առաջ Բեռլինում, մանկական պարի «Տանց Օլիմպ» մրցույթի ժամանակ, որի ժյուրիի նախագահն եմ երկար տարիներ: Ծանոթացել եմ ու զարմացել, թե ինչպիսի արդյունքի կարելի է հասնել համբերության ու նվիրական աշխատանքի, նվիրվածության, և, իհարկե, տաղանդի շնորհիվ: Բանը միայն այն չէ, որ սաներն արժանացել են մրցույթի բարձրագույն մրցանակներին  և դարձել այդ ստուգատեսի ամենասիրված արտիստուհիները՝ փառաբանելով իրենց անսամբլն ու հայրենիքը: Կարևոր է, թե ինչպես էին փայլում այդ փոքրիկների աչքերը, որքան  երջանիկ էին նրանք, որ պարում են: Մենք՝ մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներս,  կոլեգա ուսուցիչներն ու հանդիսատեսը  չէինք կարող չնկատել դա: Ես շատ էի ուզում իմանալ, թե ում մոտ են պարապում այդ աղջիկները: Ինձ ծանոթացրին զարմանալի նուրբ, անչափ համեստ, բայց և խիստ լուսավոր կնոջ՝ Նարինե Տոպոլյանի հետ: Նայելով նրան  մտածում էի, որ եթե մեր մասնագիտության մեջ շատ լինեին այդպիսի ուսուցիչներ, քանի-քանի սքանչելի արտիստներ կստանային իրենց «ուղեգիրը» դեպի բարձր բեմեր:

 

Վլադիմիր Վասիլև, ԽՍՀՄ և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ