Շաբաթ, Նոյեմբեր 18, 2017

 03:13

ԼՐԱՀՈՍ

Ո՞ճ, թե՞ հիվանդություն. Էլ Գրեկոյի, Մոնեի ու Դեգայի արվեստի գաղտնիքը

Փիրուզյան բժշկական կենտրոնը շարունակում է “Medicine in Art” ուշագրավ շարքը, որի շրջանակներում Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ նկարիչների գործերի միջոցով մեզ հասած մեծաթիվ արժեքավոր ու հետաքրքիր փաստեր՝ կապված բժշկության հետ: 

1913 թվականին Փարիզում բժիշկների մի խումբ առաջարկեց տեսություն, ըստ որի Իսպանական Վերածննդի մեծագույն նկարիչ Էլ Գրեկոն (1541-1614 ) ուներ աստիգմատիզմ, որի պատճառով  էլ նրա կտավներում պատկերները յուրահատուկ երկարաձգված տեսք ունեն: Աստիգմատիզմն աչքերի հիվանդություն է, երբ ակնագունդը կորցնում է իր գնդաձևությունը, արդյունքում պատկերները տարբեր առանցքներում ունենում են ոչ իրական չափեր: 

Չնայած շատ ակնաբույժների, արվեստագետների և այլ մասնագետների հակառակ պնդումներին, այս վարկածը տասնյակ տարիներ թվում էր իրական: Ըստ Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ստյուարտ Անստիսի` “եթե  նույնիսկ Էլ Գրեկոն ունենար աստիգմատիզմ, նա կհարմարվեր դրան, և նրա կերպարները հիշողությամբ, թե բնօրինակից արված կունենային նորմալ համաչափություններ: Նրա ձգված ֆիգուրներն արտիստիկ դրսևորում են, այլ ոչ թե տեսողական սիմպտոմ

Ջեյմս Ռևինը` օֆթալմոլոգ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքից, որն ուսումնասիրել է շատ հայտնի նկարիչների աչքի հիվանդությունները, մասնավորապես նշում է, որ առանց կոռեկցիոն ոսպնյակների աստիգմատիկներն իրականությունը տեսնում են աղավաղված: Բացի այդ չկան փաստեր, որ 16 րդ դարում, երբ ապրել և ստեղծագործել է Էլ Գրեկոն, կային ոսպնյակներ, որ կարող էին շտկել պրոգրեսիվող աստիգմատիզմը:

Այլ հեղինակներ հիմնվելով Էլ Գրեկոյի գործերի ռենտգեն հետազոտությունների արդյունքների վրա, նշում են, որ տաղանդավոր նկարչի ֆիգուրների տակ արված նշագծումներն ունեն բնական չափսեր, առավել իրական համամասնական կոմպոզիցիաներ են: Սա խոսում է այն մասին, որ Էլ Գրեկոն գիտակցաբար է ընտրել այդ ոճը: Ճիշտ է դարերից մեզ հասած գրառումներից մեկում մեծանուն նկարիչն ասում է, որ “իրեն համար առավել կարևոր է գույնը, ոչ թե ձևը”, սակայն նրա ընտրած յուրահատուկ ոճը պատկերներին տալիս են առավել եթերային, դեպի վեր, երկինք և հավերժություն ձգտող տպավորություն:

Արվեստի գործերն ուսումնասիրող բժիշկներն ավելի ապահով հողի վրա են, երբ նրանց հետազոտություններն հիմնված են նաև մեզ հասած բժշկական փաստաթղթերի վրա: Դոկտոր Ռևինը, որը մանրակրկիտ ուսումնասիրել է Կլոդ Մոնեի ( 1840-1926 ) կատառակտի զարգացման պատմությունը, նշում է թե ինչպես է ոսպնյակների աստիճանական պղտորացումն անդրադարձել ֆրանսիացի մեծ իմպրեսիոնիստի արվեստի վրա:

Կլոդ Մոնեի կատառակտն ախտորոշվել է 1912-թվականին, երբ նա  72 տարեկան էր:  Իհարկե հիվանդությունը սկսվել էր տարիներ առաջ և նրա աստիճանական զարգացումը կարելի է տեսնել նրա ուշ շրջանի կտավներոմ: Այն առավել ակնառու է Մոնեյի “Ջրաշուշաններ”-ի շարքում, որը նա նկարել է տարիներ շարունակ: Ընդհանուր պղտորվածություն, գույների խամրածություն, նուրբ դետալների կորուստ: Գույները դառնում են առավելապես դեղնա-շագանակագույն, կաղապարված: Սա այն գույների սահմանն է, որ կատառակտով հիվանդները կարող են տեսնել: Նրանք կորցնում են մանուշակագույնը և կապույտը տեսնելու ունակությունը:

Ինքը ` Կլոդ Մոնեն, 1918թ-ին մի լրագրողի տված հարցազրույցում նշել է իր տեսողության խնդիրների մասին. “Ես այլևս չեմ կարողանում նկարել լույսը նույն ճշգրտությամբ, կարմիրը պղտոր է ինձ համար, վարդագույնը`տաղտուկ ու անկենդան, միջանկյալ և ցածր տոները փախչում են ինձանից”: Արդեն 1922թ-ին Մոնեն համարյա կույր էր, կարողանում էր ընկալել միայն լույսը, բայց ոչ պատկերների ձևն ու գույները: Կատարվեց աջ աչքի կատառակտի վիրահատություն, որից նրա տեսողությունը վերականգնվեց այն աստիճանի, որ ստիպված էր թեթև դեղին ապակիներով ակնոց կրել, քանի որ կապույտ գույները շատ վառ էր ընկալում և չէր դիմանում լույսին:

Կյանքի վերջին չորս տարիների ընթացքում Կլոդ Մոնեն ավարտեց իր “Ջրաշուշաններ” -ի շարքը, և այդ ժամանակահատվածի կտավներում, միգուցե շնորհիվ հիվանդության, կամ մասնակի վերականգնված տեսողության, ունենք յուրահատուկ գունային զուգակցումներ` մեղմ ու փափուկ մանուշակագույն, և միևնույն ժամանակ, վառ ու լուսավոր կապույտ երանգներ:

Իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի մեկ այլ տաղանդավոր նկարչի` Էդգար Դեգայի (1834 -1917), արվեստի վրա ևս անդրադարձել են նրա տեսողության հետ կապված խնդիրները: Գտնում են, որ  Դեգան  ուներ ցանցենու մակուլյար դեգեներացիա: Սա աչքերի հիվանդություն է, երբ աստիճանաբար կորցնում են տեսադաշտի կենտրոնական հատվածում տեսողությունը: Պերիֆերիկ տեսողությունը պահպանվում է, բայց կենտրոնականը դառնում է աղավաղված և պղտոր: Հիվանդությունը սկսվել էր,  երբ նկարիչը  35 տարեկան էր: 1870թ-ին ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ, երբ նկարիչը կամավորագրվոմ է Ազգային գվարդիայի շարքերը, հրաձգության վարժանքների ժամանակ հայտնաբերվոմ են նրա տեսողության խնդիրները:

Այս  խնդիրները Էդգար Դեգային անհանգստացնում են ողջ կյանքում: Հետագա  տարիների ընթացքում հիվանդությունն այն աստիճանի խորացավ, որ արդյունքում Դեգան դադարեց նկարել և զբաղվում էր միայն քանդակելով: Տեսողության բացակայությունը տաղանդավոր նկարիչը կյանքի վերջին տարիներին փոխարինեց տակտիլ զգացողության զարգացմամբ ու ստեղծեց  մեծաթիվ արժեքավոր քանդակներ: 

 

Այսպիսով դժվար է լիարժեք բացատրել յուրահատուկ ոճի զարգացումը գիտակցակա՞ն, թե՞ ենթագիտակցական պրոցես է: Ի՞նչ աստիճանի են տարբեր առողջական խնդիրներն անդրադառնում ոճի ձևավորման, հեղինակի աշխարհընկալման և արդյունքում որպես մեծանուն գործեր մատուցման վրա: Միգուցե տեսողության խնդի՞րն էր պատճառը Դեգայի խոսքերի.“Արվեստն այն չէ ինչ մենք տեսնում ենք, այլ այն է ինչ մենք ստեղծում ենք”:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ