Ուրբաթ, Հուլիս 28, 2017

 18:50

ԼՐԱՀՈՍ

Կոմիտասը մեր էությունն է. Հայկ Մխոյան

Սկզբունքները. ահա թե ինչն է դժվար պահպանել մեր անհաստատ ժամանակներում, երբ աշխարհը պնդում է, որ պետք է ճկուն լինել ու հարմարվել ցանկացած իրավիճակի ու պահանջարկի: Հավատարմությունն ինքդ քեզ ու քո ընտրած ճանապարհին հազվագյուտ կամքի ուժի նշան է:

Հենց այդպիսի սկզբունքայնությամբ է առաջին հերթին աչքի ընկնում իմ զրուցակիցը: Ազգագրական երգիչ Հայկ Մխոյանի հետ զրուցել ենք հաղթահարված վախերի, գրավված բեմերի, հարկադրաբար մերժված հրավերների և իհարկե՝ ցանկացած ժողովրդի գլխավոր հարստություններից մեկի՝ ազգագրական երգի մասին:

-Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր ժողովրդական երգի բնագավառում:

-Ես արմատներով Մուշ-Ալաշկերտից եմ, ծնունդով՝ Տաշիրից: Փոքրուց լսել եմ աշուղական երգեր՝ պապիկիս կատարմամբ, շատ հին և քիչ հայտնի երգեր էին: Հայրս նույնպես երգում էր, նաև նվագում: Երկու տարեկանում սկսել եմ խոսել ու հենց այդ օրվանից էլ երգում եմ: Շատ էի սիրում “Ալագյազ” երգը: Շատ բարդ, շատ խորը երգ է, ազգի ամբողջ պատմությունը ներառում է իր մեջ: Սկսեցի անգիր սովորել բառերը: Հինգ տարեկան էի, դեռ կարդալ չգիտեի, բայց խնդրեցի մայրիկիս, որ գրի առնի բառերը, և այդ տողերին նայելով երգում էի: Հետո խնդրեցի, որ ինձ կարդալ սովորեցնի, որ լավ սովորեմ տեքստը: Այդպես, հանուն այդ երգի գրել-կարդալ սովորեցի: Հուսով եմ՝ մի օր այդ երգը կունենամ ձայնագրված և տեսահոլովակի տեսքով:

  -Ինչպիսի՞ն էր ճանապարհը դեպի մեծ բեմ:

-Առաջին բեմելս եղավ Տաշիրում, տասը տարեկանում: Այնտեղ մի խումբ կար, ժողովրդական երգեր էին երգում, նրանց հետ էի համագործակցում: Հետո որոշեցի գալ մայրաքաղաք: Խոսեցի հայրիկիս հետ, և նա առաջին անգամ ինձ բերեց Երևան: Ընդունվեցի Ջիվանու անվան աշուղական դպրոցը, Արուս Գուլանյանի դասարանը: Չորսը տարի այնտեղ սովորեցի միջնակարգ դպրոցին զուգահեռ: Ավարտելուց հետո հստակ գիտակցում էի, որ պետք է շարունակեմ երաժշտական կրթությունս, և 2005 թ.-ին ընդունվեցի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիա, ժողովրդական երգեցողության բաժինը, Սամվել Գալստյանի կուրսը:

Տիրապետում եմ ստեղնաշարային գործիքներին , չնայած երաժշտական դպրոց չեմ գնացել: Ամիսներ շարունակ ինքս ինձ հետ աշխատելով, լսողությամբ, առանց նոտա իմանալու նվագելով, ընդունվեցի Կոնսերվատորիա: Եվ, այնտեղ սովորելու հետ զուգահեռ, շարունակում էի ինքնակրթությունս: Արդեն մասնակցում էի համերգների, սկզբում համալսարանական, ապա իմ մենահամերգային գործունեությունը սկսեցի ծավալել: Իմ առաջին համերգը տեղի ունեցավ 2009 թվականին, Կրասնոյարսկում: Մի քիչ վախեցնող էր՝ գնում ես մի տեղ, որտեղ ոչ մեկին չես ճանաչում և ոչ ոք քեզ չի ճանաչում: Քեզ չեն ճանաչում որպես անձ, որպես արվեստագետ, ոչ մի լծակ չունես ներկայանալու: Եվ բառացիորեն զրոյից, առանց որևէ աջակցության, դու կազմակերպում ես քո համերգը: Դա շատ բարդ էր, բայց հենց այդ բարդությունն ինձ ուժ էր տալիս: Ինձ մոտ առհասարակ այդպես է՝ եթե կա խնդիր, իմ ուժերը եռապատկվում-քառապատկվում են՝ այդ խնդիրը հաղթահարելու համար:

Վերադարձա Հայաստան, մասնակցեցի “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնին, ապա մեկնեցի Ուկրաինա, որտեղ ունեցա մենահամերգ Խարկով քաղաքում: Այնուհետև նորից մենահամերգ Ռուսաստանում, երկու համերգ՝ իմ հայրենի Տաշիր քաղաքում: Ընդհանուր ունեցել եմ ութ մենահամերգ, որոնցից վեցը արտասահմանում՝ երկուսը Բեյրութում, երեքը Ռուսաստանում, մեկը Ուկրաինայում:

-Նաև ունեցել ես մասնակցություն հարյուրավոր այլ համերգների: Ինչո՞ւ ավելի ակտիվ չես տեսահոլովակների առումով:

-Այդ հարցը հաճախ են ինձ տալիս: Մեր իրականության մեջ, ցավոք սրտի, կապ չունի, թե դու ինչի ես հասել, ինչ ես արել երգարվեստում և երգարվեստի համար, եթե տեսահոլովակ չունես՝ երգիչ չես: Բայց ինձ մոտ ուրիշ հարց է առաջանում՝ ինչո՞ւ երգիչները, որոնք ունեն 7-8 տեսահոլովակ, չունեն ոչ մի կենդանի համերգ:
 Ես, իհարկե, գիտակցում եմ, որ այս պահին տեսահոլովակը խիստ կարևոր է, և առաջիկայում պատրաստվում եմ զբաղվել այդ հարցով. առաջինը, կարծում եմ, կլինի Կոմիտասի որևէ ստեղծագործության հիմքով:

-Համերգներից բացի ի՞նչ ակտիվություն ունես:

-2014 թ.-ից սկսած մասնակցում եմ տարբեր մրցույթների: Առաջին հրավերը եկավ Բուլղարիայից՝ Համաշխարհային Ֆոլկլորի ընկերության մրցանակաբաշխությունն էր: Ես մեկնեցի Վառնա և հաղթանակած վերադարձա՝ իբրև միջազգային առաջին կարգի դափնեկիր: Այնուհետև երկու անգամ հրավեր ստաա Իսպանիայի Կանարյան կղզիներից, հետո Իտալիայից, Չինաստանից: Ցավոք սրտի, չկարողացա բոլոր հրավերներին արձագանքել, քանի որ միջոցներս չհերիքեցին: Շատ ցավալի է, որ այդ կարգի միջազգային մրցույթներին պետությունը ձեռքերը լվանում է, և չկա ստեղծագործողի կողքին մեկենաս, որը կարող է օգնել՝ ներկայացնել երկիրը միջազգային հարթակում: Խնդիրն իմ անձը չէ, բայց երբ դիմում ես պետական կառույցներին, տպավորություն է, որ հայկական մշակույթի համար առհասարակ երբեք գումար չկա:

2015 թ.-ին ունեցա հրավեր՝ միանգամից երկու մրցույթի մասնակցելու: Դարձյալ Բուլղարիայում էր: Համընկավ ցեղասպանության հարյուրամյակի ժամանակահատվածի հետ: Ավտոբուսով էի գնում, Թուրքիայի միջով: Եռագույնը ուսերիս, անմոռուկը կրծքիս մտա Ստամբուլ, այնտեղից Բուլղարիա:

Մրցույթին մասնակցում էր 60 պետություն, այդ թվում նաև Թուրքիան: 450 մրցակից ունեի, մրցույթը երեք օր էր տևում: Յուրաքանչյուր մասնակից ներկայանալու համար ուներ 15 րոպե, երեք երգ պետք է ներկայացնեինք: Ելույթից առաջ ամբողջ գիշեր չեմ քնել, մտածում էի, որ Հայաստանը պետք է ներկայացնեմ ոչ միայն երգով: Եվ գտա ձևը: Մի պատմություն կա Կոմիտասի կյանքից: 1906 թվականին, Փարիզում նրա համերգներից մեկի վերջում աշխարհահռչակ կմպոզիտոր և երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին ծնկի է եկել, համբուրել է Կոմիտասի ձեռքը և ասել, որ խոնարհվում է նրա երաժշտական հանճարի առաջ: Գրեցի այդ պատմությունը թղթի վրա, թարգմանեցի բուլղարերեն: Համացանցից գտա նկարներ, սլայդ-շոու հավաքեցի: Կապվեցի համերգի կազմակերպիչների հետ, համոզեցի, որ էկրան տրամադրեն, համաձայնեցին:

Եկավ ելույթիս պահը: Բարձրացա բեմ, պատմության բուլղարերեն թարգմանությունը տվեցի հաղորդավարուհուն, բացատրեցի, թե ինչ պետք է անի: Սկսեցի խոսել հայերեն, նա կարդում էր բուլղարերեն թարգմանությունը: Նշել էի նաև, թե ինչ երգեր եմ երգելու՝ “Դլե Յամանը”, “Կռունկը”, “Անտունին”, և երգերի նախապատմությունը: Երբ վերջացրի պատմությունը, հանդիսատեսն արդեն հետաքրքրված էր իրեն անծանոթ այդ երգերով: Հետո երգեցի: Ավարտեցի, գնացի զգեստափոխվելու, որ վազեմ մյուս մրցույթին: Եկան, ասացին՝ մնա: Համերգի վերջում պարգևատրեցին, հուզվեցին:

Մի կերպ հասա մյուս մրցույթին: 174 մասնակից ուներ: Այստեղ նվաճեցի իմ տարիքային խմբի ոսկե մեդալը և ընդհանուր մրցույթի գրան-պրին:

Ցավոք, դրանից հետո այլ մրցույթների չեմ գնացել՝ չստացվեց դարձյալ ֆինանսական պատճառներով:

-Չե՞ս ունեցել գայթակղություն՝ ավելի պոպուլյար ոճում հանդես գալու, թեկուզ ժամանակավոր, և ֆինանսական խնդիրն այդպիսով լուծելու:

-Երբեք: Դա ժամանակի անիմաստ ծախս եմ համարում: Ավելի լավ է ես այդ ժամանակը ծախսեմ այլ լուծումներ գտնելու վրա, քան դավաճանեմ իմ սկզբունքներին: Եթե ես դեռ փոքր ժամանակ այդ ճանապարհն եմ ընտրել, հիմա, երբ հասուն մարդ եմ, ոչ ոք ինձ չի շեղի դրանից:

-Հոգեբանորեն ի՞նչ է քեզ տալիս ազգագրական երաժշտությունը:

-Դրա մեջ կռիվ կա: Այն քո մեջ ամրապնդում է սեփականատիրոջ իրավունքն ու զգացողությունը: Օրինակ, Կոմիտասն ինձ համար եթերային է, և միաժամանակ այն տանում է երկրի խորքը, մխրճում սեփական արմատների մեջ: Ազգագրական երգը բողոք չէ, դա պայքար է: Ընկերներ ունեմ, որոնք ստեղծագործում են այդ ոճի մեջ, միշտ հիշեցնում եմ նրանց, որ ազգային ոճով տեքստեր գրելուց մեծ պատասխանատվություն են ստանձնում, որովհետև դա այն երաժշտությունն է, որը կրթում-դաստիարակում է: Պետք է գրվի ոչ թե այն մասին, թե ինչպես “եկան-ջարդեցին-սրի քաշեցին”, այլ այն մասին, թե ինչ պիտի անենք մենք: Դա հոգաբանություն է ձևավորում:

-Ի՞նչ ես զգում բեմում:

-Նախևառաջ՝ մեծ պատասխանատվություն:  Որովհետև բեմն ինձ համար առաջին հերթին տեղ է, որտեղից ես կրթում եմ: Կրթում եմ զգացողություն և ինֆորմացիա փոխանցելով: Բեմը հենց այնպես չէ գետնից բարձր: Հանդիսատեսը կարող է ինձնից 20 անգամ ավելի բարձր լինել ինտելլեկտով, բայց եթե նա այդ պահին քեզ լսում է, ուրեմն դու նրան դաստիարակում ես, ինչ-որ բան ես տալիս:

-Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը:

-Մի հոգու քննադատությունն եմ շատ ծանր տանում՝ իմ սեփականը: Ինձ հաճախ ասում են, որ ինքս էլ լավ երաժշտական քննադատ կլինեի: Գուցե այդ հակման պատճառով ինքս ինձ կարողանում եմ կողքից նայել և քննադատել: կողքից առողջ քննադառությանը իհարկե նորմալ եմ վերաբերվում: Դա այն է, ինչը ստիպում է վերանայել արածդ, իսկ դա երբեք չի խանգարի:

-Ինչի՞ պակաս կա մեր մշակույթում:

-Մի պատմություն  կա Երկրորդ համաշխարհայինի տարիներից: Չերչիլը ֆինանսների նախարարի հետ տարվա բյուջեն է բաշխում, ասում է՝ այսքան տնտեսությանը, այսքան բանակին, այսքան մշակույթին: Նախարարը զարմանում է՝ ինչու՞ մշակույթին այդքան շատ, երբ երկիրը պատերազմի մեջ է: Չերչիլն ասում է. “Եթե չլինի մշակույթը, էլ ինչի՞ համար ենք պատերազմում”:

Իրոք, ազգին միայն մշակույթը սպանելով կարող ես ոչնչացնել: Թուրքի ձեռքով մեզ չկարողացան ոչնչացնել, մեր ձեռքով են դա անում: Ու քանի որ չկա պետական մտածողություն, յուրաքանչյուրս մեր շահի մասին ենք մտածում, մեզնից լավ մեզ ոչ ոք չի վերացնի: Նախքան քրիստոնեությունը հսկայական հեթանոսական մշակույթ ենք ունեցել, ո՞վ վերացրեց դրա բոլոր հետքերը: Մենք: Մնացել է մի Գառնու տաճարը, ի՞նչ ենք անում՝ կողքը սրճարան ենք ուզում սարքել: Կանաչի ծախողի հոգեբանությամբ մինչև վերջինը ուզում ենք վաճառել:

Ես բիզնեսին վատ չեմ վերաբերվում, և արվեստն էլ ինչ-որ տեղ վաճառվող ապրանք է: Բայց նայեք, օրինակ, Անդրեա Բոչչելիին: Նրա մեկ համերգի արժեքը մեկ միլլիոն դոլլարից է սկսվում, և նա ամբողջ աշխարհին ներկայացնում է իտալական մշակույթը: Բոչչելին դառել է վաճառվող բրենդ՝ չդադարելով արվեստ լինելուց: Մենք չե՞նք կարող նույնն անել: Կարող ենք: Դրա համար մեզ առաջինը պետք է լավ գործող պետական մշակութային քաղաքականություն, երկրորդը՝ գրագետ պրոդյուսերական դպրոց:

Մեր արժեքներով սերունդներ են դաստիարակվել, և հիմա դրանք չգիտես ինչու չորրորդ պլան են մղվել: Կոմիտասին անգամ տարին մեկ-երկու անգամ ենք հիշում: Այնինչ նա ամեն օր պիտի լինի մեր կյանքում, դա մեր էության մի մասն է: Ազգային մշակութային արժեքներին անդրադարձի պակաս կա:

                                                  Հասմիկ Ղազարյան



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ