Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:29

ԼՐԱՀՈՍ

Բնության պաշտպանությունը ազգային առաջնահերթություն

Ժամանակակից մարդը առաջին հայացքից քիչ կախվածություն ունի բնությունից: Պատսպարված է շինություններում, երթևեկում է ասֆալտով, գետերը փակում գրանիտով, բարձր կենսամակարդակ ապահովելու համար շարունակում է նոր հանքավայրեր շահագործել, ընդարձակել արոտավայրերը, հատել անտառները, լայնացնել ցանքատարածություններն ի հաշիվ «ազատ», վայրի բնության: Այնինչ մարդու անհեռատես գործունեությունը հղի է անցանկալի ու ծանր հետևանքներով: Երբ բնապահպանները մտահոգվում են Կարմիր գրքում հայտնված այս կամ այն կենդանատեսակի կամ բուսատեսակի պահպանման համար, նրանք նախևառաջ ահազանգում են մարդու առողջ զարգացմանն անհրաժեշտ կենսապայմանների աստիճանական վերացման մասին: Մենք գիտենք, որ Հայաստանն ունի ինքնատիպ բնական ժառանգություն՝ հարուստ կենսաբազմազանություն  ու տեսարժան բնապատկերներ: Հայաստանը՝ որպես Կովկասյան էկոտարածաշրջանի մի մաս, դասվում է մոլորակի 34 առավել բազմազան և վտանգված օջախների և WWF (ԲՀՀ՝ Բնության համաշխարհային հիմնադրամ) 200 խոցելի էկոտարածաշրջանների շարքին, որոնք համաշխարհային մակարդակով կենսաբազմազանության տեսանկյունից համարվում են հույժ կարևոր: Այն համաշխարհային մասշտաբով վտանգված մի շարք կենդանատեսակների բնակավայր է: Սակայն այս ազգային հարստությունը կվատնենք, եթե այսօր համապատասխան միջոցառումներ չձեռնարկենք: Այս գիտակցությամբ է հայ բնության պահպանությանը զինվորագրվել  WWF հայաստանյան գրասենյակը, որի առաքելությունն է կասեցնել երկրագնդի բնական միջավայրի դեգրադացիան և կառուցել այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ներդաշնակ կապրեն բնության հետ:  

Իր առաքելությունը կյանքի կոչելու համար WWF  հայաստանյան մասնաճյուղը ծավալում է լայնամասշտաբ գործունեություն՝ նախևառաջ ջանալով նվազեցնել Հայաստանի կենսաբազմազանությանն ուղղված սպառնալիքների բացասական ազդեցությունը, որոնք հանգեցնում են էկոլոգիական գործընթացների խաթարմանը և մեր բնաշխարհի կենսաբազմազանության հիմնային կորստին: Էական ու երկարատև արդյունքների հասնելու համար WWF հայաստանյան մասնաճյուղը չի սահմանափակվում միայն որևէ կոնկրետ տարածքի ու կենդանատեսակի պահպանության հարցերով: Մասնաճյուղն իր գործունեությունը սկսեց հիմնականում Հայաստանի հարավում կովկասյան ընձառյուծի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերով ու ծավալվեց հանրապետության գրեթե ամբողջ տարածքով: 2002 թ.-ից ԲՀՀ -ի իրականացվող ծրագրերի արդյունքում տեխնիկապես հզորացան բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ)` «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցները, ինչպես նաև ստեղծվեցին նոր ԲՀՊՏ-ներ` «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերը, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերը, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը: «Երբ մենք սկսում էինք մեր գործունեությունը, 2002 թ. ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում էին 10%: Այսօր մեր ու մի շարք մեր գործընկերների ջանքերի շնորհիվ՝ հանձին ՀՀ բնապահպանության նախարարության, ԲՀՊՏ-ների ծածկույթը կազմում է 13,1 %: Իհարկե, ըստ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի՝ ցամաքային պահպանվող տարածքները երկրներում պետք է լինեն ամենաքիչը 17%: Այնպես որ դեռ անելիքներ ունենք, թեև համեմատած ԱՊՀ տարածքի մյուս երկրների՝ մեր վիճակն ավելի բարվոք է, հատկապես Սյունիքի մարզի ընդգրկման շնորհիվ, որտեղ սակայն հանքարդյունաբերությունը վնասում է ոչ միայն կենդանիներին ու բույսերին, այլև մարդու առողջությանը: Հայաստանը փոքր է, բայց շատ զգայուն. ցանկացած մարդկային գործունեություն ազդում է ընդհանուր էկոհամակարգի վրա»,- ասում է WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը՝ ներկայացնելով ընթացքի մեջ գտնվող իրենց ծրագրերը, ծրագրեր, որոնք փոխկապակցված են, և մեկը մյուսին լրացնելով՝ Հայաստանի Հանրապետությունում երկարատև ու բարվոք կենսամթնոլորտ ապահովելու նպատակ են հետապնդում: 

«Տաթև» ազգային պարկի ստեղծումը

Մի կողմից Սյունիքի մարզն ունի կենսաբազմազանության բարձր մակարդակ, մյուս կողմից այն իր մշակութային և բնական ժառանգության, վերջերս կառուցված աշխարհի ամենաերկար ճոպանուղու շնորհիվ դարձել է Հայաստանի զբոսաշրջության առանցքային թիրախներից մեկը, որը տարեկան հյուրընկալում է 100 000-ից ավելի զբոսաշրջիկ:  Տարածաշրջանը հանքարդյունաբերության և ՀԷԿ-երի բացասական ազդեցություններից պաշտպանելու համար առաջարկվեց ստեղծել «Տաթև» ազգային պարկը: Գաղափարը տվել է Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի նախաձեռնած ծրագրերը միավորող «RVVZ»  հիմնադրամը, որի ֆինանսական աջակցությամբ էլ իրականացվում է ծրագիրը: Ազգային պարկի ստեղծումը կնպաստի ոչ միայն տեղի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությանը, այլ նաև կխթանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը և բնականաբար էլ ավելի կմեծացնի զբոսաշրջային հոսքերը: «Տաթև»  ազգային պարկի ծրագրի համակարգող Արթուր Ալավերդյանը շատ է կարևորում համայնքների հետ համագործակցությունը. «Համայնքը երկակի դերակատարություն ունի. նա  բնական ռեսուրսների և՛ հիմնական սպառողն է, և՛ պահապանը: Եվ համայնքի ներգրավման հարցում չենք կարող չանդրադառնալ նրա սոցիալ-տնտեսական խնդիրներին:  Եվ ծրագրի թիրախային կետերից մեկը շրջակա 11 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է: Տարբեր ներդրումներ են արվում գյուղերի այս կամ այն հիմնախնդրի լուծման համար: Բացի այդ էկո և ագրո տուրիզմի զարգացման համար կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ, կբարեկարգվի «Սատանի կամուրջ» հուշարձանը, կլինի ինֆորմացիոն կենտրոն, կստեղծվեն համապատասխան տուր-երթուղիներ, ինչը հնարավորություն կտա տուրիստներն այդ արահետներին տեսնել թե՛ պատմամշակութային կոթողներ, թե՛ տարբեր կենդանատեսակներ»: 

Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր

1990-ական թթ. թե անտառն էր շատ հատվում, թե որսագողությունն էր շատ: Արդյունքում Կովկասյան ազնվացեղ եղջերուն վերացավ իր հիմնական բնակության վայրերից՝ Դիլիջանի ու Տավուշի անտառներից՝ հայտնվելով ՀՀ Կարմիր գրքում: WWF հայաստանյան մասնաճյուղը փորձում է վերադարձնել բնության այդ հրաշքը, վերաբնակեցնել այդ գրեթե անհետացած տեսակը մեր անտառներում` իրականացնելով իր նախադեպը չունեցած մի ծրագիր: Ծրագրի ֆինանսական աջակիցներն են WWF-Գերմանիան, Կովկասի բնության հիմնադրամը (CNF), Orange Արմենիան և HSBC Բանկ Հայաստանը: «Դիլիջան» ազգային պարկում պետք է գործի բուծարան, որն իրենից կներկայացնի եղջերուների բազմացման և պահպանման համար 10 հա տարածք ընդգրկող ազատավանդակ: Ազատավանդակի կառուցումն արդեն ավարտման փուլում է. այն ունի 3 մետր բարձրություն, և արտաքինից պետք է պատվի էլեկտրական ցանցով, որ վայրի կենդանիներն ազատավանդակ չմտնեն և եղջերուներին չվնասեն: Բուծարանում կաշխատեն նաև պահակներ ու խնամողներ, որոնք կանցնեն համապատասխան ուսուցում: WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը շեշտում է, որ կենդանատեսակի վերականգնման նման ծավալուն ծրագիր իրականացնելը բավական բարդ է, ու այլ երկրների պրակտիկայում հաճախ են պատահել նաև անհաջող փորձեր, բայց հույս  է հայտնում, որ իրենց ծրագիրը կհաջողվի, և կովկասյան ազնվացեղ եղջերուն կվերադառնա հայկական անտառներ: Արդյունքների մասին կարելի է խոսել միայն 10 տարի անց, երբ ազատ արձակված ձագուկները կվերարտադրվեն, ու կլինի նոր պոպուլյացիա: 

Անտառային օրենսդրության կիրառման և անտառային ոլորտի կառավարման բարելավում (ENPI FLEG II)

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք Արևելյան երկրներում. անտառային օրենսդրության կիրառման և կառավարման բարելավման ծրագիրը նպատակ ունի աջակցելու մասնակից երկրներին բարելավել անտառների կառավարումը՝ իրենց անտառային քաղաքականության, օրենսդրության և ինստիտուցիոնալ կառուցվածքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պիլոտային մակարդակով անտառների կայուն կառավարման մոդելների իրականացման միջոցով: Ծրագիրը իրականացվում է 7 երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն: Ավստրիական զարգացման համագործակցությունը (ADC) տրամադրում է լրացուցիչ ֆինանսավորում՝ Հայաստանում և Վրաստանում ծրագրի գործողություններին աջակցելու նպատակով:  Ծրագրի իրականացումը ղեկավարվում է ՀԲ-ի  կողմից՝ համագործակցելով Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) WWF Հայաստանի հետ: WWF-Հայաստանի կողմից ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններից են աջակցությունը Հյուսիսային Հայաստանում մի քանի անտառային արգելավայրերի օպտիմիզացիային՝ դրանց քարտեզագրմանը, կառավարման պլանի մշակմանը, դպրոցական անտառտնտեսության զարգացման գործողություններին Սյունիքի մարզում, բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառների գաղափարի ներդրմանը Հայաստանում, անտառային արգելավայրերի կառավարման բարելավմանն ուղղված մարդկային և տեխնիկական հզորությունների ստեղծմանը։ 

Հարավային Կովկասի (Հայաստան) էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում

Արգելոցներն ու արգելավայրերը ստեղծվում են որոշակի սահմաններում, բայց սահմանափակել կենդանու տեղաշարժն այդ սահմաններում անհնար է: Ու որպեսզի այդ սահմաններից դուրս կենդանիների տեղաշարժը լինի անվտանգ, WWF Հայաստանն իրականացնում է էկոմիջանցքների ստեղծման ծրագիրը, որով կմիանան բոլոր հատուկ պահպանվող տարածքները: Ու կրկին ծրագրի լիակատար գործարկման համար հիմնադրամն աշխատում է էկոմիջանցքներում գտնվող 46 համայնքների հետ: Մեկնարկը կլինի Արարատի և Վայոց ձորի մարզերից: Ծրագրի իրականացման ընթացքում համայնքները կֆինանսավորվեն իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար՝ սկսած արոտների ջրարբիացումից, մինչև անասնապահության կամ հողագործության այս կամ այն ճյուղի զարգացում: Համայնքների հետ կկնքվեն բնապահպանական պայմանագրեր, կմշակվեն հողօգտագործման պլաններ: Իհարկե նաև կլինի մշտական հսկողություն՝ համոզվելու համար, որ համայնքը հետևում է պլանին: WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրենի հավաստմամբ՝ այս ծրագրերը հատկապես բարձրադիր սահմանամերձ գյուղերի համար «մատից փուշ հանելու» միջոց կլինեն: Ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ),  KFW Զարգացման բանկի և WWF-Գերմանիայի աջակցությամբ: Աջակցելով տեղի համայնքներին, նրանց համար ստեղծելով ապրուստի այլընտրանքային միջոցներ՝ հնարավոր կլինի նաև նվազեցնել բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործումը:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ