Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 16:26

ԼՐԱՀՈՍ

Աջակցություն հաշմանդամություն ունեցող ազատամարտիկին

Արցախյան ազատամարտում հայրենիքի սահմանները պաշտպանելով՝ ընկերները՝ Հունան Հունանյանը, Կարեն Ավետիսյանը, Արշակ Հովհաննիսյանը, Գագիկ Դանիելյանը, տուն եկան հաշմանդամություն ձեռք բերած: Պատերազմից հետո ֆիզիկական լուրջ խնդիրներով վերադարձած ընկերները այս անգամ համախմբվեցին մեկ այլ գաղափարի շուրջ: Նրանց հերթական միասնությունը հիմք դարձավ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության ստեղծման համար, որը 2012 թվականին արդեն իրականություն էր: «Սատար»-ի հիմնադիրներն իրենց առջև խնդիր դրեցին աջակցել բոլոր նրանց, ովքեր պատերազմից՝ հայրենիքի սահմանները պաշտպանելուց վերադարձել են հաշմանդամություն ձեռք բերած: Սակայն հետագայում կազմակերպությունն իրենց շարքերում ընդգրկեց նաեւ քաղաքացիական հաշմանդամություն ունեցող անձանց` չառանձնացնելով սահմանափակ կարողություններով որևէ մեկին, ով ունի օգնության և աջակցման կարիք: Հունան Հունանյանը պատմում է` կազմակերպության ստեղծման պատճառ դարձավ այն դեպքը, երբ իրեն մերժեցին վարորդական իրավունք տրամադրել: Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը դարձավ կազմակերպության գլխավոր նպատակներից մեկը: Հետագայում հասկանալով, որ նրանց խնդիրները միայն իրավունքի ոտնահարմամբ չեն սահմանափակվում, կազմակերպությունն ընդլայնեց գործունեության շրջանակը: Նույնքան կարևոր են սոցիալական խնդիրներն ու զբաղվածության հարցը: Այդ գործում լուրջ ձեռքբերում է հենց կազմակերպության շենքում գործող օրթոպեդիկ կոշիկների արտադրամասը, որտեղ կոշիկներից բացի արտադրվում են նաև հենաշարժողական պարագաներ: Իսկ արտադրամասում իհարկե աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք: Սատարը հովանավորների օգնությամբ կարողացավ արտերկրից Հայաստան անվասայլակներ բերել, այդ թվում՝ սպորտային և էլեկտրական: Անվասայլակները տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր դիմում են կազմակերպությանը և ովքեր իսկապես ունեն դրանց կարիքը, բայց չունեն հնարավորություն ձեռք բերելու: Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ բոլոր մարզերում և Արցախում: Ոչ միայն պետք է հաղթահարել խնդիրները, այլև առաջ անցնել՝ կոտրելով հոգեբանական ու ֆիզիկական բարդույթները: Կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ հաշմանդամային սպորտի զարգացմանը: ՀԿ-ի անդամները հաճախ են մասնակցում սպորտային իրադարձություններին` գրանցելով դրական արդյունքներ: Կազմակերպությունը,  համագործակցելով ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, պարբերաբար իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ: Անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի ցուցադրական խաղ ՀՀ ՊՆ վարչական տարածքում, «Լեռնային Հայաստան» առողջարանում մրցել են շուրջ 50 մարզիկներ 6 մարզաձևերում, և մրցանակային տեղեր գրաված մարզիկները դրամական պարգևներ են ստացել ՀՀ ՊՆ նախարարի կողմից, կազմակերպության միջնորդությամբ գերատեսչական մեդալներով և պատվոգրերով պարգևատրվել են բազմաթիվ հաշմանդամություն ունեցող ազատամարտի մասնակիցներ: Սահմանամերձ զորամասերում, Արցախում անց են կացվել սպորտային, մշակութային, հասարակական միջոցառումներ: Սակայն կազմակերպության ամենամեծ ձեռքբերումը «Սատար» ՀԿ-ի նախագահը համարում է մարդկանց վստահությունը: Նա հպարտ է` կազմակերպություն են դիմում ֆիզիկական խնդիրներով մարդիկ` վստահ լինելով, որ կստանան անհրաժեշտ աջակցություն: Իսկ այս ամենից վեր՝ Սատարն ամեն ինչ անում է հաշմանդամների նկատմամբ հասարակության մեջ ձեւավորված կարծրատիպերը կոտրելու համար:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ