Հինգշաբթի, Ապրիլ 27, 2017

 23:34

ԼՐԱՀՈՍ

Հայը

Մի նկար ունի Մոնթեն. պատերազմի ժամանակ դիրքերում փայտից աթոռը ինչ-որ պատին հենած, վրան կծկված-քնած է: Այդ տեսքով Օքսֆորդի համալսարանում իրենց գիտնականին երևի կդժվարանային ճանաչել, այնտեղ ուրիշ կենսագրություն է. Բըրքլիի համալսարանի ուսանող, արտակարգ ունակությունների տեր, ով 4 տարվա կուրսն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ և հնագիտության, և ասիական երկրների պատմության մասնագետի աստիճանով, 22 տարեկանում արդեն վարժ խոսում և գրում է 8 լեզուներով, ճապոներենն էլ հետը: Իր ուղեղներին Ամերիկան նկատել գիտե, և աշխարհին տիրապետող երկիրը Մոնթեին տվեց կանաչ ճանապարհ, ու մտքով էլ չանցավ, որ այդ կանաչ ճանապարհը կարող է դառնալ լեռների ու ձորերի մեջ օրերով տևած կռիվներից հետո չոր աթոռին մի քիչ քնելը: Ինչու՞: Այս հարցն արդեն Ամերիկայում կամ Օքսֆորդում չէ, որ պիտի տան: Դա մեր տալիք հարցն է: Բայց մենք նման հարցեր մեզ երբեք չենք տալիս: Ամեն ինչ ընդունում ենք օրինաչափ ու անցնում առաջ, ու այդպես էլ չենք հասկանում, թե մեր տեսակի համար իրականում ո՞րն է օրինաչափ, Մոնթե՞ն, թե՞ ճիշտ հակառակ ծայրից սկսած ու արդեն պատերազմը որպես հնարավորություն օգտագործած մեկը: Ու չենք հասկանա այնքան ժամանակ, քանի դեռ կտեսնենք նրանց նույն հարթության մեջ: Իսկ ինչու հենց Մոնթե՞ն: Որպեսզի սովորես քո ընտիրը քեզ չափանիշ դարձնել:     

   Դպրոցում Մոնթեին հարցրել են՝ ի՞նչ ազգություն ունես, ասել է՝ ամերիկացի եմ: Բացատրել էին, որ ուղղակի ամերիկացի չի լինում: Ու այդպես պարզել էր, որ ինքը հայ է: Հետո պարզապես  հարց էր տվել ինքն իրեն՝ ո՞վ է այդ հայը, ու եկել էր պատասխանի ետևից, թե՞ պատասխանը մեզ բերելու... Ամերիկայի համար սովորական այս հարցը գուցե սեփական երկրում է՞լ պետք է տալ  ու երևի ավելի հաճախ: Միայն ափսոս, որ մենք չունենք հաջորդ հարցի գիտակցությունն ու պատասխանը՝ իսկ ո՞վ է հայը: Եվ չենք հասկանա, որ Ամերիկայի տված հնարավորություններն ու բնության տված տաղանդը Մոնթեին կարող էին ընդամենը երջանիկ ու միջակ ամերիկացի սարքել, եթե չլիներ 12 տարեկանում արթնացած ազգային գիտակցությունը: Տեսակը պահելու հոտառությամբ երկրե-երկիր էր անցել ու դրա համար կռվել՝ որտեղ որ պետք էր եղել: Նա սփյուռքից եկավ առանց հանգանակած գումար բերելու, արևմտահայերենով հայրենասիրական լոզունգներ էլ չլսեցինք և ոչ էլ հետո նույն հայերենով հայհոյանք հայրենիքի հասցեին: Նա եկավ տիրող, տիրապետող, նվաճող, տանտիրոջ պես թևերը քշտած, ամբողջ ճանապարհն ասես այդ օրվա համար անցած:  Եկավ շատ տարբերվող:

Պատմության դասերին իհարկե Մոնթեի մասին կսովորեցնենք, որ պատերազմի ժամանակ Արցախի Մարտունու պաշտպանական շրջանը, որն ամենախոցելին ու անպաշտպանն էր, նրա հրամանատարության օրոք ամենաամուրն ու անառիկը դարձավ, որ ամենաանհավանական գործողությունները նրա ուղեղի ու ձեռքի գործն էին… Բայց դա կսովորեցնենք որպես առանձին մարդու կենսագրություն, ու ոչ ոք այդպես էլ ոչ մի ընդհանուր բան չի տեսնի իր ու Մոնթեի միջև: Ու էլի ստիպված կլինենք երկար սպասել, թե երբ ինքնիրեն, գենետիկ կոդերի միջով այս տեսակը կզարգանա ուրիշ մեկի մեջ: Չենք սովորեցնի, որ քեզ տարբերվող այդ տեսակի մեջ հենց տես: Քանի-քանի՞ Մոնթե կա աշխարհոոմ, որ ինքն էլ այդ մասին չգիտե: Ո՞վ պետք է նրանց տեղյակ պահի:

    «Երևակ» ամսագիր

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ