Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 10:50

ԼՐԱՀՈՍ

Հաբիթաթ Արմենիա. Էներգախնայողություն շքամուտքերում, ջերմություն՝ բնակարաններում

 

Ցուրտ ձմռանն ընդառաջ ամենքս առաջին հերթին մտածում ենք ջերմությունը տուն բերելու մասին, բայց, երբ ցուրտը ներս է խուժում ոչ բարեկարգ շքամուտքից, հայտնվում ենք անելանելի դրության մեջ: Ու պատահական չէ, որ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործունեության հիմնական կետերից մեկը հենց էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների, վերանորոգման, պահպանման իրականացումն է բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում: Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ  մարզերի բազմաբնակարան շենքերի մեծ մասի շքամուտքերն անբարեկարգ վիճակում են, երբեմն առանց բարեկարգ տանիքների, քամու առաջ լայն բացված պատուհաններովԻնչի պատճառով բնակիչները ստիպված են լինում ավելի շատ միջոցներ վատնել բնակարանների ջեռուցման համար:

Հաբիթաթ Արմենիայի մշակած ֆինանսական մեխանիզմը տվեց իր դրական արդյունքը: Համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Ինեկոբանկ ՓԲԸ-ի հետ՝ այսուհետ հնարավոր է կարգի բերել բազմաբնակարանների մուտքերը: Քաղաքապետարանի՝ համատիրություններին տրամադրած 40% սուբսիդիայով և Ինեկոբանկ ՓԲԸ-ի տրամադրած վարկային միջոցներով երևանյան տասնյակ շենքեր ունեն ավելի տաք շքամուտքեր, բարեկարգ տանիքներ, ինչը զգալիորեն նպաստում է էներգախնայողությանը: Վարկը մարվում է բնակիչների ամսական վարձավճարներով, սակայն պետք է նշել, վերջինները բացի ամենամսյա բնակվարձից լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չեն կրում:Այս ծրագիրը իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Այս անգամ հերթը Աջափնյակ համայնքի Հալաբյան 9/1 շենքինն էր: Հաբիթաթ Արմենիայի ուշադրության կենտրոնում այս բնակելին էր, որն իր քառասուներորդ հոբելյանական տարեդարձին, իսկ քառասուն տարիներն իրենց դաժան հետքն իհարկե թողել էին շենքի վրա, թարմ ու ներկայանալի տեսք ստացավ: Շքամուտքի նոր դուռ, հարկաբաժիններում՝ մետաղապլաստե նոր պատուհաններ, շուրջ 200 քմ ծավալով ջերմամեկուսացվել է շենքի բարձակային մասը, նորոգվել է վերելակի մալուխային համակարգը, կողային հատվածները, հարկերում տեղադրվել են սենսորային լույսեր:

 

 

Աջափնյակ 1 համատիրության նախագահ Համլետ Բաբլոյանը, կարևորելով էներգախնայողության բարձրացման ծրագիրը, հույս է հայտնում, որ Աջափնյակ համայնքում այս արդյունավետ ծրագիրը եզակի չի լինի և այլ շենքերում ևս հնարավորություն կլինի իրականացնելու այն:

Շենքի աշխատանքների ավարտին հասցնելու և հանձնման արարողությանը ներկա էին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, Ինեկոբանկի և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներ և իհարկե բնակիչներ՝ շնորհակալ հայացքներով ու արվածը բարեխղճորեն պահպանելու պատրաստակամությամբ:

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ