Հինգշաբթի, Հոկտեմբեր 19, 2017

 16:27

ԼՐԱՀՈՍ

Հաբիթաթ. Լուծումներ Հայաստանի բազմաբնակարանային շենքերի բարելավման համար

ՙՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա՚ հիմնադրամը բարձրաձայնում է խնդրի մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկում իր կողմից իրականացվող մի քանի ծրագրերի շրջանակներում` ուղղված բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև համատիրությունների կարողությունների զարգացմանը:  Ավելին` բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման, սպասարկման և շահագործման ավելի արդյունավետ մեխանիզմ ստեղծելու համար  Հաբիթաթ Արմենիան մշակել է օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել է ոլորտի շահագրգիռ կողմերին ազգային համաժողովի ընթացքում 2015թ. փետրվար ամսին: 

Մեր երկրում գերակշռում են Խորհրդային Միության տարիներին կառուցված շենքերը, որտեղ բնակիչներն իրենց ամսական սպասարկման վճարներից բացի այլ ներդրումներ չեն ունենում իրենց շենքերի վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման նպատակով: Եվ շատ հաճախ բնակիչները կանոնավոր չեն կատարում սպասարկման վճարները, որն էլ համատիրությունների համար դժվարեցնում է վճարների հավաքագրումը, որի հետևանքով հնարավոր չի լինում իրականացնելշենքի որակյալ սպասարկումը: Արդյունքում ոչ միայն վատթարանում է շենքի տեխնիկական վիճակը, այլև նվազում է դրա էներգաարդյունավետությունը: Անբարեկարգ շքամուտքերի ու աստիճանավանդակների ցածր ջերմաստիճանը մի քանի անգամ իջեցնում է նաև բնակարանների ջերմաստիճանը: Դա իհարկե չի կարելի անտեսել գազի և էլեկտրաէներգիայի անընդհատ աճող սակագների պայմաններում: Այն ինչ,եթե բազմաբնակարանային շենքերում կատարվեն վերանորոգման և ջերմամեկուսացման անհրաժեշտ աշխատանքներ, բնակիչները կօգտագործեն ավելի քիչ էներգիա և ավելի քիչ կոմունալ վճարումներ կկատարվեն: 

ՙՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան՚ իր 2014-2018 թթ. ռազմավարական պլանում գերակա ճյուղ է համարել բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների բարելավումը, էներգաարդյունավետության բարձրացումը, համատիրությունների կարողությունների զարգացումը: Այդ իսկ պատճառով ՙՀաբիթաթ Արմենիան՚ ունի երեք ակտիվ ծրագիր այդ ոլորտում: Ծրագրերի իրականացման համար աշխատում է ֆինանսական գործընկեր ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի և քաղաքապետարանների հետ` ստորագրված Փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում: Համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքված ՓՀ-ի` մինչև 40% սուբսիդիա է տրամադրվում այն համատիրություններին, որոնք ցանկանում են մասնակցել ՀՖՀ Արմենիայի կողմից իրականացվող ծրագրերին և  բարելավել  շենքերի պայմանները և էներգաարդյունավետությունը, իսկ ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ն համատիրություններին տրամադրում է վարկային միջոցներ:

ՙԲազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման՚ ծրագրի շրջանակներում Երևանի մի քանի շենքերում առ այսօր իրականացված ջերմամեկուսացման աշխատանքների արդյունքում բնակիչները մոտ10%-ով կրճատել են գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները: 

Սակայն սա միայն սկիզբն է: ՙՀաբիթիաթ Արմենիան՚ բազմաբնակարան շենքերի կառավարման ավելի արդյունավետ մեխանիզմ ստեղծելու համար« ՙՀամատիրությունների կառավարման ամրապնդումը քաղաքացիական ներգրավմամբ Հայաստանում՚  ծրագրի շրջանականերում մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ`վիշեգրադյան ֆոնդի երկրների` Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, նաև Ուկրաինայի հաջող փորձի ուսումնասիրության հիման վրա: Նախատեսվող օրենսդրական փոփոխություններն ավելի արդյունավետ կդարձնեն շենքերի կառավարումը, շահագործումը և պահպանումը:

Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքում անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության հանդեպ իրավունքներն ու պարտականությունները, գույքագրել, հաշվառել և ամրագրել այս սեփականությունը: Անհրաժեշտ է կանոնակարգել բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման, սպասարկման, պարտադիր նորմերի պահպանման և վերանորոգման վճարների հավաքագրման կարգը, վերանայել համապատասխան դրույքաչափերի սահմանման սկզբունքները, ինչպես նաև պահուստային ֆոնդի ձևավորման կարգը: Միաժամանակ, անհրաժեշտություն կա մի շարք բարեփոխումների, որոնք հնարավորություն կտան այս ոլորտում ներգրավել մասնագիտացված կառավարչական ծառայություններ, ինչպես նաև կապահովեն այս ոլորտում անհրաժեշտ մասնավոր ներդրումների հոսքը` հստակեցնելով պետության մասնակցության մեխանիզմները:

Բացի օրենսդրական փոփոխություններից, անհրաժեշտ է նաև համատիրությունների և բնակիչների համարժեք մասնակցության ապահովումը շենքերի կառավարման և պահպանման հարցերում: 

Երևանում գործող բոլոր համատիրությունները, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց շենքերի էներգաարդյունավետությունը (մուտքերի պատուհանների և դռների տեղադրում, տանիքի վերանորոգում և ջերմամեկուսացում, պատերի մասնակի ջերմամեկուսացում և այլն), ինչպես նաև բարելավել շենքի ընդհանուր օգտագործման տարածքները, կարող են դիմել ՀՖՀ Արմենիայի գրասենյակ: 

Բնակարանային ֆոնդի բարելավման ծրագրերին զուգահեռ« ՙՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա՚ հիմնադրամը նաև շարունակում է երկրում բնակարանային աղքատության վերացմանն ուղղված իր առաքելությունը, օգնում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին բարելավել իրենց բնակարանային պայմանները: Նրանց շնորհիվ ավելի քան 3800 հայ ընտանիքներ այսօր ապրում են պատշաճ բնակարանային պայմաններում:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ