Ուրբաթ, Նոյեմբեր 24, 2017

 19:03

ԼՐԱՀՈՍ

Կոմֆորմիզմից մինչև քաղաքացիականություն. Արմեն Մարտիրոսյան

-Հայաստանում ե՞րբ են մարդիկ սկսում գիտակցել քաղաքացի լինելու անհրաժեշտությունը:

-Երբ դանակը հասնում է ոսկորին: Ուղղակի ոսկորներ կան, որոնց վրայի յուղը շատ է, դժվար է ոսկորը զգում դանակը, ոսկորներ էլ կան, որ ավելի դյուրագրգիռ են: Իսկ եթե ավելի ստույգ, կախված է մարդու գիտակցությունից, թե պետականության գենը որքանով է ազդեցիկ օրգանիզմում, որքանով են ճշմարտությունը, ազնվությունը կատեգորիա մարդու համար, քանի որ, ի վերջո, ոչ հարմարվողականությունը պայքար է, պայքար է անազնվության դեմ, պայքար է տգիտության, բիրտ ուժի, հետադիմության դեմ: Օրինակ` պայքարես, որ ընտրակեղծիք չլինի: Մի կողմից ասում են` ընտրություն ա, էլի, մեկ ա լավը չկա և այլն: Բայց մյուս կողմից էլ` չէ՞ որ Աստված օժտեց մարդուն կամքով` ի տարբերություն այլ կենդանիների: Հիմա, երբ Աստծո տված կամքը 5000 դրամով գնում են, երբ Աստծո տված կամքը վախեցնելով տանում են, երբ զինվորին ստիպում են, որ իր ձայնը տա իրենց ուզած մարդուն, դա Աստծո դեմ քայլ է: Կարծում եմ` չէր կարելի աստվածայինին դիպչել: Դիպան: Ու բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե ձայն են բարձրացնում, իրենց լակմուսի թուղթն են` մարդ ես, թե մարդ չես, քաղաքացի ես, թե քաղաքացի չես: Եվ սա յուրաքանչուր ընտանիքի խնդիրն է: Ինչքան մարդիկ կային, որ չէին պայքարում, իսկ հիմա սկսել են պայքարել, ինչքան մարդիկ կային, որ ասում էին` ես գործ չունեմ, իսկ հիմա սկսել են գործ ունենալ, ինչքան մարդիկ կային, որ ասում էին` ես քաղաքացիական պայքարով կզբաղվեմ, բայց քաղաքականության մեջ չեմ մտնի` հիմա սկսել են մտնել, քանի որ հասկացան՝ այդ երկու բառերը ռեալ բնույթով նույն արմատն ունեն, և քանի որ մեր խնդիրները քաղաքական են, ուստի միայն քաղաքական ճանապարհով կարող են լուծվել դրանք, որովհետև սուվերենության խնդիրը քաղաքացիական խնդիր չէ, սուվերենության խնդիրը քաղաքական խնդիր է, ու սուվերենությունն այսօր տարել է երկու ուժ` արտաքին ուժ և ներքին ուժ, իսկ սուվերենը մեր ժողովուրդն է: Իսկ որպեսզի արտաքին ուժերը մեզ հետ հաշվի նստեն, մենք պետք է կարողանանք ներքին սուվերենությունը հետ բերենք, հետո նոր գնանք արտաքինի հետևից: 

-Քաղաքացիական հասարակություն ձևավորելը պետության մենաշնորհը չէ՞:

-«Հայերենում» մի հրաշք բառ կա` «շուստրի»: Այ, դա է` շուստրի չլինել: Հերթ խախտողը կամ սխալ տեղում «աբգոն» անողը այն մարդիկ են, ովքեր կարծում են, թե իրենք ավելի շուստրի են, քան մյուսները: Ու քանի որ նրանց գլխին չեն բամփում, նրանք ամրապնդվում են այդ գիտակցության մեջ, ու դա իրենց համար առավելություն է: Իսկ ինչո՞ւ չեն բամփում. քանի որ բամփողներն էլ են նույն կերպ մտածում, կամ՝ ինչո՞ւ բամփենք, եթե կարող ենք փողը վերցնել, բաց թողնել: Երբ Ոսկան Երևանցին պետք է Աստվածաշունչ տպեր ու գնացել էր Վենետիկ, Հռոմի պապը հետաքրքրվում է, թե ո՞վքեր են այդ հայերը, ի՞նչ դավանանք ունեն, Պապին պատասխանում են, թե իրենք իրենց քրիստոնյա են ասում, բայց ոնց որ թե նրանց աստվածը փողն է: Իսկ ինչո՞ւ են այսօր գործարարները մրցում իրար հետ մեքենաների քանակով, փողի չափով, այլ ոչ թե բարեգործության չափով: Միացյալ Նահանգներում գործարարները մրցում են բարեգործության չափով, և դրա ամենավառ ներկայացուցիչը աշխարհի ամենահարուստ մարդը` Բիլ Գեյթսն է: Ի վերջո այս ամենը գալիս է ժամանակի հերոսի մասին ընկալումից: Ո՞վ է քո ժամանակի հերոսը, Բիլ Գե՞յթսը, ուրեմն բարեգործությունը կմեծանա, հիվանդությունները կպակասեն… Այնտեղ Բիլ Գեյթսն է, այստեղ` խաբեբան է, ֆռռացնողն է, շուստրին է… Բայց տեսեք՝ քանի մարդ ոտքի ելավ կենսաթոշակի, տրանսպորտի խնդրով… Ցավոք, սրանք այն դեպքերն են, երբ հարցը հենց քեզ է վերաբերում, այլ ոչ թե կողքինիդ: Այ, երբ մենք կարողանանք պաշտպանել նաև կողքինին, մենք իսկապես այլ կդառնանք: Մենք մեզ ենք պաշտպանում, այսինքն՝ գոնե հասել ենք նրան, որ մենք մեզ ենք պաշտպանում, բայց մեծամասնությունը պատրաստ չէ իրեն պաշտպանելու, և այդ չպաշտպանելը ճողոպրելն է Հայաստանից: Այս ամեն ինչի հիմքում ընկած է հավատը. դու հավատո՞ւմ ես, որ քո պետությունը դառնալու է պետություն: Ի վերջո, եթե մենք այդ կոնֆորմիզմը և նոնկոնֆորմիզմը փորձենք վերլուծել մեր դաշտում, դա կլինի տարբերությունը բնակչի և քաղաքացու: Ովքեր որ այսօր օգտագործում են բնակիչ տերմինը, իսկ դա հիմնականում անում է ոստիկանությունը` դիմում ենք ազգաբնակչությանը, դիմում ենք բնակիչներին… Քաղաքացու հետ ինչպե՞ս ես խոսում: Դա նշանակում է, որ հասցեն ավելի կարևոր է, քան ես-ը: Այսինքն՝ այդ մարդիկ մնացել են Սովետում: 

Վերջին իրադարձությունները Հայաստանում, ցավոք, քաղաքական չեն, ու մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ գործ չունենք քաղաքականության հետ, լինելու ենք քաղաքականության զոհը: Հենց որ հասկանաս, որ պետության մեջ պետության համար, պետականության համար պայքարը լինում է քաղաքական, ու միայն այդ ճանապարհով կարող ես հարց լուծել, ապա այդ ժամանակ հստակ ճանապարհը կտեսնես, լույսը կտեսնես թունելի վերջում: Հիմա ես լույսը տեսնում եմ: Այն, որ լույսը մթին հաղթելու է, ու առավոտը բացվելու է, դրանում կասկած չունեմ, այլ հարց է, թե՝ երբ: 

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ