Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:36

ԼՐԱՀՈՍ

Հայ եկեղեցի . հարմարվող, թե՞ պայքարող

Ճանաչու՞մ ենք մեր եկեղեցին այնքան, որ կարողանանք պատասխանել այս հարցին: 

Գուցե ընդհանրապե՞ս չունենք այդ պատասխանը:

Երևակի հյուրն է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

- Վարդապե՛տ, ի՞նչ ասել է Հայկական եկեղեցի:

-Եթե եկեղեցի ասելով պիտի հասկանանք բառի ստուգաբանությունը, ապա՝ ժողովարան, հավաքավայր, որտեղ մարդիկ հավաքվում էին և նույն վարդապետության շուրջ խորացնում էին իրենց գիտելիքները: Հայկական եկեղեցին դարձավ այն տեղը, որտեղ հայի հոգին մարգարտանում էր: Ուրեմն՝ մեզ համար հայ եկեղեցին այն կառույցն է, որը պահպանում է հայ տեսակը, հայ մարդու կերպարը քրիստոնեական-բարոյական ընկալումների մեջ: Ուրեմն՝ երբ որ մենք ասում ենք եկեղեցի, պատկերացնում ենք քրիստոնեական վարդապետության բարոյագիտության սահմանների մեջ ձևավորված հայկականը:

-Իսկ եկեղեցին այսօր պատասխանատվություն կրու՞մ է իր հոտի բարոյական նկարագրի կերտման համար:

-Այս պարագայում ավելի ճիշտ կլինի ասել հոգևոր հովիվը կամ հոգևորականը. նրանք պիտի կարողանան իրենց գործունեությամբ լինել այնպիսին, որ այն հավաքականությունը, որը իր հետևորդն է, պահեն միասնականության ծիրից ներս: Այդ բոլորը հնարավոր է իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ, ավետարանական խոսքերով ասած, վարձկան հովիվները չեն հայտնվում և չեն սկսում հոտի բանական անդամներին տարանջատել կամ պառակտել: Երբ որ հոտը սկսում է դրսի ազդեցությունից պառակտվել, այդ ժամանակ հոգևորականի կամ եկեղեցու գործունեությունը դառնում է բավականին բարդ, քանի որ նա դատական կամ ոստիկանական իրավունք չունի, այլ իր ամբողջ ուժը բարոյականության, բարոյական ազդեցության մեջ է:

-Շատ հոգևորականներ մեղադրում են հոտին, արդյո՞ք հովիվը չի պատասխանատու:

-Համաձայն եմ Ձեզ հետ: Հովիվը պահպանողն է օրենքների, պատվիրանների, ավանդույթների, սովորույթների: Կոմունիստական հասարակարգը արմատախիլ արեց հավատամքը, քրիստոնեական աշխարհընկալումը, թուլացրեց եկեղեցու դերը: Հիմա այս բոլորը մեկ անգամից վերականգնելը բավական դժվար է: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ մեր եկեղեցին պատրաստ չէր դիմակայելու աղանդավորական ցունամիին, որը երկրաշարժից անմիջապես հետո եկավ և շարունակվում է տակավին: 

-Որքանո՞վ է հոգևոր դասը ի զորու ժամանակին համապատասխան տեր կանգնել իր ժողովրդին:

-Որքանով նրան տրվում է իշխանություն: Եկեղեցու իշխանությունը բարոյականության մեջ է, որը մարդը կարող է ընկալել, ընդունել ազատորեն կամ չընդունել: Մենք այսօր խոսում ենք աղանդավորական շարժման ներկայության մասին, բայց չմոռանանք, որ ժողովրդի մեծ մասը պահում է իր ազգային հավատամքը, օրենքները և ավանդույթները, ուրեմն՝ այստեղ է, որ մենք պիտի տեսնենք եկեղեցու գործունեության արդյունքը: Մենք ոչ թե պիտի ասենք՝ եկեղեցին ոչինչ չի անում, և եկեղեցականը ոչինչ չի անում, հետևաբար դրա արդյունքում աղանդավորական շարժումները տարածվում են Հայաստանում, այլ ես պիտի ասեմ ճիշտ հակառակը՝ ոմանց համար, ովքեր հստակություն չունեն, տարբերություն չկա, թե որ Աստծո, որ հավատամքի մասին է խոսքը, կարևորը ինչ-որ բան լինի, որին կանդամակցեն: 

-Մենք խոսում ենք մեր թուլության մասին: Միգուցե մարդիկ եղեղեցուց չեն ստանում այն, ինչ ակնկալում են, և փորձում են ուրիշ տեղ փնտրել: Ի՞նչ է ակնկալում ժողովուրդը եկեղեցուց:

-Եկեղեցին ի՞նչ կարող է տալ: Եկեղեցու դերը որտե՞ղ է: Եկեղեցին քարոզությունն է հավատամքի, որպեսզի կենցաղավարությունը նաև ճշտվի՝ ինչպես ապրել, ինչպիսին պիտի լինի մարդու փոխհարաբերությունը այլոց հետ: Այդ բոլորը ձևավորվում է քրիստոնեական վարդապետության արժեհամակարգի վրա: Եվ դա կատարվում է եկեղեցում հոգևորականի հետ շփվելով: Եվ քանի որ աղանդավորները իրենք են գնում դեպի անձը, և ոչ թե մարդն է գալիս տաճար, նա պահանջում է, որ հայ հոգևորականը նույնն անի: Ուրեմն՝ որևէ պահանջ մեկ անգամից հնարավոր չէ անել, և երկրորդ` չմոռանանք, որ նրանց պարզ հավատացյալն էլ է քարոզիչ, իսկ  մեր եկեղեցում քարոզիչ է միայն հոգևորականը: Եվ 300 թվով հոգևորականներով ամբողջ Հայաստանի տարածքում դժվար է իրականացնել այն, ինչ օտարներից վերցված՝  պահանջվում է մեզանից:

- Մեր եկեղեցին ա՞զգն է կառուցել:

-Ազգային կառույց է այնքանով, որքանով եկեղեցական գաղափարախոսության ուսմունքով պահում է այն արժեքները, որոնք ծառայել են ազգին:

-Ո՞ր արժեքները:

-Օրինակի համար՝ մեր ամբողջ աղոթքները:

- Աղոթքը հոգևոր արարողակարգ է: Իսկ ազգային արժե՞ք:

-Ազգությունը մեկ հարց է, հավատամքը՝ մեկ այլ հարց: Մեր պարագայում պետականություն չունեցող ժողովուրդը իր միասնականությունը ձևավորել է կրոնական սահմանների շուրջ, որը ոչ միայն պարզ քրիստոնեություն է քարոզել, այլ քրիստոնեությունը ամբողջական իմաստով է քարոզել:

-Այսինքն եկեղեցին ազգային կառույց է այնքան, որքան կրում է հոգևոր մշակույթը իր մեջ:

- Միայն ու միայն:

- Մենք ունենք արտագաղթ, եկեղեցին ունի՞ մեղքի իր բաժինը: 

-Արտագաղթը ոչ թե բարոյահոգեբանական մթնոլորտի արդյունքն է, այլ սոցիալական անարդարության: Սոցիալական անարդարությունը բարոյահոգեբանական մթնոլորտից չի գալիս, այլ գալիս է աշխարհընկալումից, երբ ես նախընտրում եմ իմ ես-ը և մոռանում եմ դիմացինի ես-ը: Եթե եկեղեցու ուսմունքը պետական մակարդակի վրա չէ, նշանակում է այն չի կարող բոլորի համար դառնալ պարտադիր որպես վարդապետություն, որպես հավատամք, որպես դոգմա: Ուրեմն՝ այս պարագայում եկեղեցին իրավունք չունի իրականացնելու այն, ինչ միայն կարող է իրականացնել իր տարածքից ներս:

-Կարո՞ղ եք մի օրինակ ասել, որ ժողովուրդը զգում է եկեղեցու դերակատարումը այն մթնոլորտում, որ կա մեր շուրջը:

-Հիմա՝ միասեռականության դեմ խոսում է հայ եկեղեցին:

-Այո, երևի դա միակ թեման է:

-Անբարոյականության մասին խոսում է:

-Դա ընդհանուր կատեգորիա է: Իմ կարծիքով՝ եկեղեցին լռում է:

-Ինչու՞ է լռում: Այն, որ այսօր Հայաստանում ձևավորված է գողական արժեքների արժևորում, և դրա դեմ խոսում ենք մենք, սա ինքնին խոսում է այն մասին, որ պայքարում ենք:

-Ի՞նչ է անում եկեղեցին, որ խնդիրը լուծվի, բացի խոսելուց:

-Այստեղ է խնդիրը: Եկեղեցին պատժամիջոցի հնարավորություն չունի, եկեղեցին կարող է միայն բարձրաձայն ասել: Ընթացք տվողը պիտի լինի կառավարությունը, ոչ թե եկեղեցին: 

-Եկեղեցին կարող է ակտիվ ներգրավվել, միջոցառումներ կազմակերպել, հանդիպել չինովնիկների հետ և այլն: Այդ ժամանակ, հավատացեք, շատ մարդիկ կգան ու կկանգնեն եկեղեցու կողքին: Ամբողջ ժողովուրդ կգնա եկեղեցի:

-Համաձայն եմ, բայց նորից եմ ուզում կրկնել, որ եկեղեցին պետությունից առանձին լինելու պատճառով չի կարող պետական այրի գործերին խառնվել: Նա կարող է հայ քրիստոնյայի խղճին խառնվել: Մարդը կարող է ասել՝ ներողություն, ես ձեր եկեղեցու անդամը չեմ, ես այսինչ աղանդի անդամն եմ: 

-Մեր եկեղեցին պայքարի՞, թե՞ հարմարվողականության եղեղեցի է, հետևաբար մեր հոտը պայքարո՞ղ, թե՞ հարմարվող հոտ է:

-Մեր եկեղեցի ասելով մենք որտե՞ղ ենք սահմանազատումը կատարում, Հայաստանու՞մ, Սփյուռքու՞մ, որտե՞ղ: Որովհետև Հայաստանում եկեղեցին ունի այլ դեր, Ֆրանսիայում՝ այլ, Պոլսում՝ բոլորովին այլ: Ուրեմն՝ մենք չենք կարող եկեղեցու սահմանը միայն Հայաստանի մասշտաբով վերցնել, մենք պետք է ամբողջ աշխարհի հայ առաքելական եկեղեցու դերը տեսնենք, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում:

-Պայքարո՞ղ, թե՞ հարմարվող է մեր եկեղեցին:

-Պայքարող ենք այնքան ժամանակ, քանի դեռ ուզում ենք հայ մարդու մեջ ապրեցնել իր հավատամքը, իր եկեղեցական արժեքները և այդ կերպ պահել ազգային դեմքը աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Հայ եկեղեցին կանգնած է իր հողի վրա, որտեղ մարդիկ չեն կարողանում տակավին հասկանալ, թե որն է ազգային արժեքը, որն է պետական արժեքը: Մենք այսօր պայքարում ենք այդ բոլորի դեմ, բայց միայն խոսելով և այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկին գործի պահին չես կարող հականե անվանել:

-Չեք կարծո՞ւմ, որ դա բավարար չէ եկեղեցու՝ որպես պայքարող օղակի հետևից գնալու համար:  

-Ուզում եք, որ եկեղեցին ի՞նքը դառնա իշխանություն:

-Ոչ: Եկեղեցին միայն կվերցնի այն, ինչն իրենն է, կդառնա ազգային, հոգևոր, մշակութային լուրջ օղակ: Պետք չի քաղաքականությամբ զբաղվել: Դրա համար կուսակցություններ կան:

-Համաձայն եմ ես Ձեզ հետ:

-Ցանկացած հասարակությանն ուղղորդելու համար կան տեխնոլոգիաներ: Ինչո՞ւ եկեղեցին չի փորձում դրանք կիրառելով համախմբել ու առաջ տանել:

-Ամբողջ հարցն այն է, թե մենք մարդկանց մեր հետևից ո՞ւր ենք տանելու, ո՞ւր ենք հասցնելու: Այս կարևոր կետը կա: Երբ որ մենք ուզում ենք ազգային հեղինակություններին մեջտեղել և ինչ-որ տեղ տանել, նշանակում է պետական կառավարական մարմնին ասել՝ ոչ, դուք ճիշտ ճանապարհ չեք որդեգրել: Դուք առճակատում եք ո՞ւմ դեմ, կառավարությա՞ն:

-Եկեղեցին պետք է իմանա իր տեղը, իր հնարավորությունը և իր ուժը: Մեկտեղված գնացե՞լ եք Ամենայն Հայոց Կաթողիկոսին ասել եք՝ Վեհափառ, մենք Ձեր կողքին կանգնած ենք, մենք Ձեզ հետ պատրաստ ենք բոլոր բացասական երևույթների դեմ մարտնչելու:

- Մարտիրոս ասելով գուցե ճիշտ հոգևոր բառը չեմ ասում, բայց երբ  նա մարտիրոս լինի, այդ ժամանակ կարիք չկա, որ մենք գնանք, մենք մեր պարտքով Կաթողիկոսի կողքից հեռու չենք գնա: 

-Արդյո՞ք եկեղեցու դերի ընկալումը հոգևոր դասի ու ժողովրդի մեջ նույնն է:

-Այնքան ժամանակ, քանի դեռ պետություն հասկացությունը ձևավորված չէ եկեղեցական դասում, եկեղեցու պարտականությունը ամեն ինչ է իր մեջ պարունակում: 

-Եկեղեցին պայքարի՞, թե՞ կոնֆորմիզմի եկեղեցի է:

-Ուրեմն, ես կարծում եմ՝ եկեղեցին, եթե պիտի պայքարի, պիտի պայքարի հանուն իր ազգային շահերի և ոչ թե ինչ-որ խմբի դեմ պիտի պայքարի: Հետևաբար եկեղեցին շատ լավ հասկանում է մեկ բան` անձին փոխելով՝ հավաքական մտածելակերպը չենք փոխի:

Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ