Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 10:57

ԼՐԱՀՈՍ

Կոմֆորմիզմից մինչև քաղաքացիականություն. Պետրոս Ղազարյան

-Իրականում որքանո՞վ է դրական և որքանո՞վ է բացասական իմաստ պարունակում կոնֆորմիզմ տերմինը հայկական իրականության մեջ:

-Կոնֆորմիզմը ենթադրում է, որ միշտ լռում ես, ձայն չես հանում` փափուկ կյանքից ելնելով: Մեր հասարակությունը, մասնավորապես հասարակ քաղաքացիները լռում են ու շատ հաճախ չեն պայքարում ոչ թե նրա համար, որ իրենց կյանքը փափուկ է, այլ սեփական իրավունքները չգիտակցելուց, ինքնագնահատականը ցածր լինելուց, կյանքի նկատմամբ շատ քիչ պահանջներ ունենալուց: Դա դաստիարակության, մշակույթի հարց է, նաև պայմանավորված է խեղճ լինելով և վախենալով: Իմ ընկալմամբ՝ կոնֆորմիզմ նշանակում է լավ կյանքից ելնելով չընդվզել, որն այսօր բնորոշ է միայն առանձին խավին:

-Վերջին տարիներին չհարմարվողներ, ընդվզողներ, այնուամենայնիվ, լինում են, ովքեր փորձում են ինչ-որ բան փոխել այդ կերպ: 

-Կա օբյեկտիվ պրոցես: Մարդկանց զգալի մասը փողոց է դուրս գալիս այն ժամանակ, երբ իր անձնական շահը հակադրվում է կամ համընկնում է հանրային շահին: Երբ որ կոնկրետ մարդկանց գրպանից փող ես տանում, կամ երբ կոնկրետ մարդկանց տրանսպորտի գինն ես թանկացնում, դա շատ կոնկրետ է, չէ՞, որովհետև ինքը գիտե, որ հենց վաղը դա զգալու է, բայց, օրինակ, երբ որ գազի գինն ես թանկացնում, դա կոնկրետ չէ: Իրականում շատ ավելի լուրջ է խնդիրը, ավելի գլոբալ, բայց քանի որ կոնկրետ, առարկայական և շոշափելի չէ հենց այդ օրը, այլ մի քանի ամիս հետո, ձմռանը, մարդիկ դա այդպես չեն ընկալում: Իրականում գազի գնի թանկացման խայտառակ պայմանագիրը շատ ավելի լուրջ էր, քան տրանսպորտինը և նույնիսկ հենց այս կենսաթոշակայինը, որովհետև այս ցուրտ ձմռանը տաքանալու համար մարդիկ շատ ավելի շատ են վճարել, քան իրենց աշխատավարձի 5%-ը: Եվ այդ էֆեկտը մենք տեսանք, երբ որ տրանսպորտի դեմ էինք պայքարում, այդ էֆեկտը մենք տեսանք կենսաթոշակայինի պարագայում: Բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ այսպես է եղել, և սա է ուղին: Իշխանությունն իր վատ կառավարման շնորհիվ արդեն խփում է կոնկրետ մարդկանց գրպաններին, որովհետև ցամաքում է երկիրը, դատարկվում է, բիզնեսը կրճատվում է` փող որտեղի՞ց ավելացնի պետությունը: Այդպես է ստեղծվում հեղափոխական իրավիճակը. այսինքն` իշխանությունը չի կարող փող չվերցնել, ժողովուրդն էլ չի ուզում փող տալ: Վարչապետն ինչո՞ւ հրաժարական տվեց: Որպեսզի քաղաքական իրավիճակը լիցքաթափվի, իշխանությունը ժամանակ շահի, որովհետև իշխանությունը չի կարողանում փող չվերցնել ժողովրդից, ժողովուրդն էլ արդեն հասկանում է: Մի բան է, որ բյուջեից ես տանում, մի բան է, որ բիզնեսներում ես «փայ մտնում», բայց այլ բան է, երբ կոնկրետ քո 120.000 դրամ աշխատավարձից 10.000-ը տանում են: Մեր ինքնագիտակցությունը պետք է կամաց-կամաց զարգանա: Ցավոք սրտի, այդ քաղաքացիական կուլտուրան բոլորս չունենք դեռ: Մենք գնում ենք առաջ, բայց այն մարտահրավերները, որոնք գալիս են և այն, որ մենք գնում ենք, իրար հետ ադեկվատ չեն: Հետո՝ եթե մի 100 տարի էլ այսպես գնա, մենք քաղաքացիական լուրջ հասարակություն կունենանք, բայց 100 տարի հետո կարող է արդեն պետություն չունենանք: Իսկ ամենամեծ խթանը, գործիքներն ինչ-որ բան փոխելու իշխանության ձեռքում են:

-Շանթ Հարությունյանի դեպքը հիշենք. մարդը դուրս էր եկել պայքարելու, արդյունքում բանտարկվեց: Լավ, իսկ հետո՞:

-Երբ որ իշխանությունը կառավարում է հասարակությունից կտրված և անարդար և գողանում է, մարդկանց մեջ բնական պահանջ է առաջանում ընդվզելու: Եվ բացի արդարության պահանջից նաև ֆինանսապես ես տուժում, քո ընտանիքը չես կարողանում պահել: Եվ մարդիկ տարբեր ձևերով են պայքարում. ա) մեծ մասամբ, ցավոք սրտի, թողնում երկրից գնում են, դա նույնպես պայքարի ձև է, բ) մտնում են կուսակցություններ, գ) դառնում են լրագրողներ: Չգիտեմ: Շանթ Հարությունյանը նույնպես մի ակցիա էր: Դա քաղաքացիական ընդվզում էր: Պարզ է, որ նա չէր գնալու գրավեր Բաղրամյան 26-ը: Մարդը գիտակցված ձևով իր անձը դրեց, գիտեր, որ պետք է ձերբակալվի. մահացածին ինչպես են տոկ տալիս, այ, ինքն այդ ֆունկցիան դրեց իր առջև: Դա քաղաքական ակցիա էր: Բայց, ցավոք սրտի, երբ որ նմանատիպ ակցիաներ են լինում, դու հասկանում ես, որ մեր ընթացքը նորմալ չէ, որովհետև նորմալ լինելու դեպքում այդ մարդը կմտներ ինչ-որ կուսակցություն, նա այնտեղ կիրացվեր. մի խոսքով՝ չկան այն մեխանիզմները, որոնցով այդ մարդը գնար առաջ: Այսինքն՝ երբ որ քո բողոքի բոլոր ձևերը արհամարհվում են, երբ որ դու քեզ համարում ես սպառված… Շանթն էլ էր այդ վիճակի մեջ, մեծ մասն է այդ վիճակի մեջ: Մեկը գլուխը կախ ապրում է, մեկը թողնում-փախչում է, մեկը միտինգների է պատրաստվում… Իշխանությունն էլ մինչև այս վերջերս նստած հեգնում էր: Երկու նախադասություն էին անգիր արել` մենք շարունակում ենք բարեփոխումների ընթացքը, այո, ամեն ինչ չէ, որ դեռևս լավ է: Երկու ոչինչ չասող նախադասությունով և ուժն իրենց ձեռքում պահելով՝ իրենց թվում էր, թե երկիրը կարող են պահել: Դե, 21-րդ դարն է, չէ՞: Այդպես կարող էին 20-րդ դարի կեսերին անել, նույնիսկ 20-րդ դարի վերջին իշխանությունն այդ ձևով պահելը դժվար էր: Բոլոր իշխանություններն ունեն նույն պրոբլեմը. նրանց թվում է՝ դա մի օր չի վերջանալու: Երիտասարդ տղաներ կան, չէ՞, այնտեղ, որ դուրս եկան նախարարի պաշտոններից, վաղը ոչ ոք բարև չի տալու նրանց: Չգիտեմ, կարող է ես էլ լինեմ իշխանության մեջ, ե՞ս էլ այդպես լինեմ: Փսիխոզի ազդեցություն է: 

-Իսկ հեռուստատեսությունները, մտավորականները, ՀԿ-ները, որքանո՞վ են լծված այդ գործընթացին:

-Ընդհանրապես հեռուստատեսության գործառույթներից մեկը հանրային հարթակ դառնալն է: Ցավոք, մեր երկրի քաղաքական պրոցեսները փակ են: Մի օրինակ բերեմ.վարչապետ էր ընտրվում, չէ՞: Ոչ ոք չգիտեր՝ ով է թեկնածուն, ինչի՞ շուրջ են բանակցում: Իսկ կառավարությունն ինչպե՞ս է ժողովրդի վստահությունը վայելելու, եթե ինքն արդեն փակ ու գաղտնի է ձևավորվում: Փակ ու գաղտնի ձևավորված կառավարությունն աշխատելու է փակ ու գաղտնի: Բաց և թափանցիկ ձևավորված կառավարությունը երաշխիք է. դա քաղաքագիտական աքսիոմա է: Շարմազանովը դուրս է գալիս խրոխտ հայացքով, ասում է` որոշվեց, էսպես… Դուք հո պալիտբյուրո չե՞ք: Մենք ինքներս ենք ձեզ ընտրել, որոշվելը ո՞րն է: Ո՞վ է քեզ այնտեղ ընտրել, որ դու բան որոշես. ես` որպես քաղաքացի, բա չիմանա՞մ՝ ինչու այդպիսի բան որոշվեց: Իրենք ասում են` նախագահի մենաշնորհն է: Ո՞վ ասաց: Այդ թիմն իր ստրկամտությամբ և՛ նախագահին, և՛ իրենց, և՛ երկիրը, ցավոք սրտի, դնում է փակուղու առաջ, և այսօր իրենք քաղում են իրենց արածի պտուղները: Հիմա, հեռուստատեսությունն ինչպե՞ս լուսաբանի այդ պրոցեսը, եթե ոչ մի բան չգիտի: Ես չգիտեմ, եթե ես իմանայի, կկանչեի, կքննարկեի, և բոլորը կիմանային, և մթնոլորտ կձևավորվեր: Էհ, մենք էլ ո՞վ ենք այս երկրում… Ասել են` սպասեք, կորոշենք, ձեզ կասենք: Դե կներեք, ձեր որոշումների որակը մենք արդեն տեսել ենք վաղուց:

-Մաշտոցի պուրակի, տրանսպորտի թանկացման դեպքերի ժամանակ շատ հայտնի դեմքեր, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ միացան ժողովրդին: Ոմանք ասում էին` նրանք ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ, ոմանք էլ հակառակն էին պնդում: Իրականում ի՞նչ էր դա:

-Կարող է ինչ-որ մեկը եկել էր փիար անելու, ինչ-որ մեկն անկեղծ վրդովված էր, ինչ-որ մեկին կարող է ասել էին, հուշել էին, բայց դա կարևոր չէ: Էականն այն էր, որ այդ պրոցեսը ճիշտ գնաց: Մենք պետք է մի պարզ բան հասկանանք. եթե տարրական վստահություն չլինի ցանկացած մարդկային հարաբերությունում (իսկ քաղաքական հարաբերությունը մարդկային հարաբերությունների ուրիշ տեսակ է), եթե բոլորը մտածեն խաբել, «քցել», ապա այդպես չես կարող զարգանալ: Ինձ էլ էին գալիս ասում` էսինչին էսինչն է ասել: Ինձ ի՞նչ: Կարող է ինձ էլ է ինչ-որ մեկն ասել, դու ի՞նչ գիտես: Նույնիսկ եթե այդպես է, թող որսա այդ պղտոր ջրում ձուկը, բայց արդյունքը լինի լավը:

Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ