Երեքշաբթի, Մայիս 30, 2017

 07:33

ԼՐԱՀՈՍ

Արևմտահայերը նոր ճակատ են բացում

Արևմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանի`  2014 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում կայացած ԱԱՀ 4-րդ համագումարին ընդառաջ համաժողովի ելույթը:

 

Գերաշնորհ Տեր

մեծարգո պարոն նախարար և փոխնախարարներ

Հայաստանի Հանրապետության մեծարգո պատգամավորներ և պետական այրեր

հարգելի բարեկամներ և սիրելի գործընկերներ

 2014թ. հոկտեմբերի 12-ին Երևանում կայացավ Արևմտահայերի ազգային համագումար միջազգային կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին մեր կազմակերպության՝ տարբեր երկրների ներկայացուցիչները: Այս կարևորագույն ժողովը քննարկեց Մեծ Եղեռնի հետևանքով արևմտահայերի կրած բարոյական, մարդկային, նյութական, տարածքային վնասների հատուցման ու պահանջատիրության հետ կապված գործունեության ռազմավարական և մարտավարական ներկա խնդիրները:

Ժողովում նկատի առնվեցին համաշխարհային և տարածաշրջանային վերջին զարգացումները և ողջ հայությանը սպառնացող մարտահրավերները, միևնույն ժամանակ՝ հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման գործողությունները, համշենահայության, դերսիմահայության, ծպտյալ հայերի և մահմեդականություն ընդունած հայերի էթնիկ գիտակցության զարթոնքի ընթացքը:

Ժողովը քննարկեց նաև Միջին Արևելքում քրդական խնդրի վերջին զարգացումները և, վերջապես հիմնվելով անցած ամիսների մեր գործունեությունից բխող տեղեկությունների և հետազոտությունների արդյունքների վրա, որոշեց մինչև 2015թ. ապրիլ ամիսը հրավիրել արևմտահայերի 4-րդ համագումար:

Ինչպես գիտեք, Արևմտահայերի ազգային առաջին և երկրորդ համագումարները տեղի են ունեցել  1917 և 1919թթ. Երևանում՝ նպատակ ունենալով լուծել արևմտահայ գաղթականների խնդիրները և կազմակերպել նրանց վերադարձը Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մնացած տարածքներ, որտեղից նրանք տեղահանվել էին ցեղասպանության ժամանակ: Եվ ահա 2011թ. դեկտեմբերին  Սևր քաղաքում տեղի ունեցավ արևմտահայերի ազգային 3-րդ համագումարը, որը ստեղծեց Արևմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպությունը, այսինքն՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների լիազոր  ներկայացուցչական մարմինը:

 

 Դրա ստեղծումից երեք տարի հետո նայելով անցած ճանապարհին՝ կտեսնենք, որ կարճ ժամանակում այն շատ խնդիրներ է լուծել և շատ հաջողություններ արձանագրել, բայց ամենակարևորը՝ մեր ջանքերի շնորհիվ Թուրքիայում, Հայաստանում և Սփյուռքում այսօր ամենից ավելի գերակշռում է արևմտահայության պահանջատիրության ձայնը, նույնիսկ ցեղասպանության համար տարվող աշխատանքներից ավելի:

Եվ իսկապես, սիրելի ներկաներ, ի՞նչ արժեք ունեն տասնյակ պետությունների կողմից ընդունած ցեղասպանության ճանաչման օրինագծերը, եթե այդ պետությունները անտարբեր են 7 մլն արևմտահայերի իրավունքների՝ արդեն 100 տարի շարունակվող ամոթալի, անընդունելի ոտնահարման հանդեպ:

Մենք այլևս նպատակը միջոցի հետ չպիտի շփոթենք:

Մենք՝ արևմտահայերս, այսուհետ ստիպված ենք հասկանալ, գիտակցել, որ ունենք իրավական առումով անքննարկելի, անշրջելի, անժամանցելի իրավունքներ, որոնց հետ հաշվի պիտի նստեն Թուրքիան և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա դաշնակից պետությունները: Մեր իրավուքնների հետ պիտի հաշվի նստեն նաև պատերազմում հաղթած պետությունները, որոնք ճակատագրական պահին մոռացան և անտեսեցին այդ հաղթանակի համար հայության կրած անգնահատելի զոհողությունները: Մի անգամ ևս կրկնեմ շեշտելու համար: Մեր իրավունքները իրավական առումով հստակ են և անշրջանցելի: Մեր իրավունքները անժամանցելի են, ԱՆԿՈՐՉԵԼԻ ԵՆ, այսինքն՝ ուժի մեջ են այնքան ժամանակ, որքան կա պահանջող կողմ, այնքան ժամանակ, որքան կա հայցվոր կողմ: Իսկ այդ կողմը կա: Այդ կողմը արևմտահայությունն է, մենք ենք՝ աշխարհացրիվ, բայց ավելի զորավոր, ավելի բազմաթիվ, ավելի կայացած և կարող, քան 19-20-րդ դարերում: Մնում է միայն համախմբվենք, մնում է միայն մեկ բռունցք դառնանք, մնում է,  որ Թուրքիային և ամբողջ աշխարհին ներկայացնենք մեր իրատեսական, պատասխանատու իրավունքի տեսակետից հիմնավոր պահանջները: Հենց այս նպատակով է, որ 2011թ. մենք հրավիրեցինք արևմտահայերի ազգային 3-րդ համագումարը: Այս նպատակով է նաև, որ ստեղծեցինք այս կազմակերպությունը, որպեսզի արևմտահայկական կազմակերպությունները, կուսակցություններն ու հաստատություններն ունենան հարթակ, որտեղ կկարողանան մեկտեղել և համադրել իրենց պահանջները մեկ ձայնով, մեկ ընդհանուր և ամբողջական կամքով:

 Գալիք արևմտահայերի 4-րդ համագումարի ժամանակ պետք է քվեարկվի Արևմտահայերի ազգային համագումարի իրավաքաղաքական պահանջագիրը Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար: 4-րդ համագումարը նաև կոչ պետք է ուղղի թուրքաբնակ բոլոր ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը, որպեսզի նրանք հստակ և տեսանելի նախաձեռնություններ ունենան արևմտահայերի ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Եվ վերջապես իր սկզբունքները պետք է ճշտի Թուրքիայի քաղաքացիական հասարակության և պետական շրջանակների հետ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ:

Սիրելի ներկաներ

Արևմտահայերի ազգային համագումար միջազգային հասարական կազմակերպության նորընտիր Ազգային խորհուրդը ընդամենը 8 օր առաջ դիմել է արևմտահայերի բոլոր կառույցներին և հայրենակցական միություններին, որպեսզի կազմակերպենք գաղութային և համայնքային ժողովներ արևմտահայերի 4-րդ համագումարին ընդառաջ: Այսօր արդեն Երևանում մեր առաջին ժողովն է՝ այսպիսի ներկայացուցչական և պատկառելի տեսքով: Այս երևույթը մեզ հույս է ներշնչում, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, և որ մեր նախորդ սերունդների դիմագրաված բոլոր տառապանքներն ու փորձությունները անիմաստ չէին: Այսօրվա մեր մեր հավաքույթը հույս է ներշնչում, որ պիտի կարողանանք մեր ճակատից մաքրել պատմության այդ մեծ ամոթը՝ հայրենազրկման ամոթը:

Թույլ տվեք ելույթս ավարտել կոչով:

Արևմտահայերի 3-րդ համագումարի և Արևմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության անունից կոչ եմ անում բոլորին, բոլոր արևմտահայերին, Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգներին մեկտեղվել այս բեմի շուրջ, օգտվել այս պատմական առիթից, մասնակցել արևմտահայերի 4-րդ համագումարին: Կոչ եմ հղում հատկապես սփյուռքյան երեք ավանդական կուսակցություններին, արևմտահայկական մշակութային, բարեգործական և զանազան հաստատություններին ու նրանց անդամներին՝ մասնակցեք Արևմտահայերի 4-րդ համագումարին, այն ձեր բոլորի համագումարն է, օգտվեք ամբողջ աշխարհի հետ մեկ ձայնով խոսելու այս պատմական և աննախադեպ առիթից:

Սա է պատմական պահի պահանջը:

Խնդիրը պարզ է, սիրելի ներկաներ, մեր բոլորի պարտականությունն է պատրաստվել, համախմբվել, զորանալ արևմտահայերի 4-րդ համագումարին ընդառաջ:

Հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին:

Շնորհակալություն:

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ