Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:10

ԼՐԱՀՈՍ

Տերը

Վազգեն Սարգսյանի մասին հարցազրույցները ես երկու իրավիճակում էի անցկացնում՝ ձայնագրիչը միացրած և անջատած: Անջատված ձայնագրիչով զրույցներն ավելի երկար էին տևում…

Մի քանի տարի առաջ Վարդանանց պատերազմի մասին մի գիրք էր տպվել ու ձեռքից ձեռք էր անցնում: 16 դար հետո մարդիկ կարդում էին այդ հաստափոր գիրքը՝ նոր լույսի տակ հասկանալու 5-րդ դարի սպարապետին ու նրա վարած պատերազմը: Բայց 5-րդ դար գնալն ու իրականը բացահայտել փորձելն ավելի հեշտ էր, քան ընդամենը 15-20 տարի ետ գնալը:

Վազգեն Սարգսյանի մասին ավելի շատ լռում են… վախենում են նրա մահից 15 տարի հետո այնպես, ինչպես կենդանության օրոք:

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ ա՛յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը…»:

Չգիտեմ՝ Վազգենը կարողացա՞վ կամ ժամանակ ունեցա՞վ իր առաջ պատասխան տալու, թե ով է ինքը: Բայց երբ կհասկանանք՝ ով էր նա, այն ժամանակ էլ կգտնենք նաև պատասխանը մեր առաջ տալու՝ ով ենք մենք, քանի որ նա մեր պայքարի ծնունդն էր: 

Նա հրամանատար էր, ում բանակը հաղթեց: Եվ այդ հրամանատարը գիտեր՝ «Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95թթ. 5000 հրաշալի զինվոր կորցրինք, այլ այսպես՝ ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե ոչ….»: Բայց հակառակ կողմում մի ուրիշ իրականություն էլ կա. գուցե մեր հաղթանակները կարող էին ավելի խոշոր ու կայու՞ն լինել: Մի կողմում Վազգենի ու մեր ճշմարտությունն է, մյուսում՝ սխալները, որ անընդհատ իրենց վճարվելիք գինն են ուզում: 

Եթե որևէ մեկը ցանկանա մտաբերել Վազգեն Սարգսյանին, ապա անպայման նրան կտեղավորի զինվորական հագուստի մեջ: Ես ուզում եմ նրան տեսնել առանց այդ  համազգեստի նաև, որպեսզի չնեղացնեմ տունը պահողի դերը: Բայց պետք է սկսել սկզբից: Կարևոր է: Վազգենի համար սկիզբը երևի ուրիշ է, մեր սկիզբը սա է. նա չուներ անգամ պարզ գիտելիքներ ռազմական գործից, բայց ինքնակրթությունը շատ արագ նրան մի ամբողջ ռազմական-պաշտպանական համակարգի ղեկավար դարձրեց: «89թ. դեկտեմբերին՝ Իջևանի գործողություններից հետո, Վանո Սիրադեղյանը, որը զինված ուժերի ընդհանուր հրամանատարն էր, կարգադրեց նույնատիպ գործողություններ իրականացնել Նախիջևանում: Հարավային թևի հրամանատարը Վազգեն Սարգսյանն էր: Երբ հանդիպեցի նրան, ինձ զարմացրեց  ռազմական գործից նրա այդքան անտեղյակ լինելը,- պատմում է Վլադիմիր Վարդանովը՝ «Հատուկ նշանակության խումբ» հետախուզական ջոկատի հիմնադիր-հրամանատարը: -Ես խնդրեցի ճանապարհ, որով ոտքով աննկատ կարելի էր մտնել Նախիջևան: Նրա ցույց տված ճանապարհով անիմաստ էր որևէ հետախուզական գործողություն սկսել: Հետո մենք հանդիպեցինք կես տարի անց, ու նորից զարմացած էի: Ամեն կես տարին մեկ նրա մակարդակը 4-5 զինվորական կոչումով ավելի էր բարձրանում: 90թ. կեսից արդեն Վազգենը ԳԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր: Չգիտեմ՝ քանիսը կարող էին ազատ մտնել նրա աշխատասենյակ, բայց շատ քիչ մարդիկ կարող էին մտնել կողքի փոքր սենյակը, որտեղ բազմոց էր և գրքի մի քանի դարակներ: Այնտեղ շարված էին միայն այն գրքերը, որոնք նա ընթերցում էր: Ես 4-5 անգամ եմ եղել, և ամեն անգամ այդ գրքերը թարմացված էին: Ռազմական ակադեմիական գրականություն էր կարդում,  թղթին գրառումներ անում…»:

«Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փառք Աստծո, վատ չկռվեցինք»։

Ու ամբողջ այդ ճանապարհը՝  «մորուքով, ջղայնացած, քրտնած….»: Ու ոչ մի զարմանալի բան չկա, Վազգեն, որ քո այդ կերպարն է տպվել-մնացել, որովհետև եկել են հենց այդ կերպարի ետևից:  Իր զենքն ու հագուստը ինքնուրույն ճարած ու պատերազմ գնացած կամավորը ոչ մեկին չէր ենթարկվում:  Նա ամենաշատը կարող էր ունենալ խմբապետ: Վազգեն Սարգսյանին հաջողվեց նրանց համախմբել, իսկ 1990թ. սեպտեմբերին  արդեն կառավարության հրամանագրով Ներքին գործերի նախարարության համակարգում համապատասխան ստորաբաժանումներ ստեղծվեցին: Հատուկ գնդի կազմում Վազգենը սկսեց հավաքել կամավորականներին: Հատուկ գունդն իր ստորաբաժանումներն ուներ բոլոր սահմանամերձ շրջաններում՝ Նոյեմբերյանից մինչև Մեղրի, մի գումարտակ էլ գնաց Շահումյան: Հաջորդ կառույցը, որ ստեղծվեց, Պաշտպանության կոմիտեն էր: Այդ ժամանակ արդեն Վազգեն Սարգսյանը կոչով դիմեց ԽՄ տարբեր երկրներում ծառայող հայ սպաներին, որ վերադառնան Հայաստան: Նրան լսելով՝ շատերը վերադարձան:

Ռազմական ու կադրային սխալները մասնագետները գուցե դեռ շատ կքննարկեն, բայց այն մեծ հեղինակությունը, որ ունեցել էր Վազգեն Սարգսյանը, անգամ ժամանակի քննադատությանը երբևէ չի ենթարկվի: Իրականում այդ հեղինակության նշաձողը հենց վրիպումներն ու սխալներն էին. մեկ ուրիշ  ֆիգուր միանգամից կտապալվեր դրանց արդյունքում: 

Թե ինչպես պետք է կռվեինք, ինչպիսի բանակ ստեղծեինք և ինչպես չանեինք, ռազմական գործիչներն այսօր տեսականորեն շատ տարբերակներ կարող են ունենալ՝ մեկ-մեկ սեղանին դնելով այն սխալները, որոնք թույլ տրվեցին ժամանակին: Դրանք այսօր որքան էլ ճշմարիտ թվան, այնուամենայնիվ դժվար են դիմանում այն օրերի ճշմարտությանը: Եթե այսօր բոլորին հավատանք, բոլորը այնտեղ էին ու բոլորը կռվում էին: Բայց չգիտես ինչու՝ կռվողի պակաս ունենինք ու  սպաների պակաս ունեինք: Վազգենին զինվոր էր պետք՝ ազնիվ, անազնիվ, պարկեշտ, թալանչի, գաղափարական, անգաղափար… Միայն թե կարողանային կռիվ տալ ու շահել: Ովքեր կարողանում էին, իր շուրջն էր հավաքում: Ժամանակ չկար ո՛չ ընտրելու, ո՛չ մտածելու: Եվ երկար մտածելու ժամանակ չկար, երբ կանոնավոր բանակ էր ստեղծվում՝ կադրային սպաների կազմով: Այդ ժամանակը հետո եկավ: 

«Նա շատ ծանր էր տանում բանակում եղած թերացումները,- Գևորգ Բաղդասարյանն (1990-98թթ. ԳԽ պատգամավոր, 96թ-ից ՊՆ վերստուգիչ հանձնաժողովի անդամ) է պատմում: -Մի բանի համար մի քանի պատիժ էր սահմանում. վնասը պետք է նյութապես փոխհատուցեին, դրա եռապատիկ գինն էլ մուտք անեին գանձարան, հետո էլ ծեծում էր, պագոնները պոկում ու դուրս շպրտում: Նա սկսել էր մաքրել բանակը, շատերին ուղարկում էր աքսոր՝ հեռավոր շրջաններում ծառայելու, այդպես էր պատժում նրանց, ավելին չէր ուզում, որովհետև իր մարտական ընկերներն էին, պատերազմը այդ մարդիկ էին հաղթել: Նրանց լրիվ չէր հեռացնում, վախենում էր,  թե հանկարծ պատերազմը վերսկսվի»:  

Նրա մահից հետո այդ «աքսորից» շատերը վերադարձան՝ քանդելով այն զսպող արգելքը, որը նրանց համար ստեղծել էր Վազգեն Սարգսյանը, ու չխնայեցին ո՛չ նրա անունը, ո՛չ հաղթանակի: 

Ու հիմա նրանց պատասխանատվության բեռը Վազգենին է մնացել: 

Շատ չէ՞: Առանց այն էլ մեղքի զգացողության ծանր բեռը նա շատ լավ գիտեր՝ ինչ է, երկար է կռիվ տվել դրա հետ, միգուցե ավելի երկար, քան պատերազմում շարունակում էին տանուլ տալ: Արցախյան պատերազմի պատմությունը ուսումնասիրողները շատ լավ գիտեն, թե երբ էր ամենածանր ու ամենամեծ կորուստների շրջանը: Պաշտպանության նախարարը չի կարողանում պաշտպանել իր երկիրը… այս մտքից ծանրացած մեղքը, ավելի ծանր, քան պատերազմի բեռն էր, սրտին նստած՝ մի բանի էր մղում: Վազգենից կարող էիր սպասել երևի թե ամեն ինչ, նա ընդունակ էր ամեն ինչի, եթե խոսքը երկրի անվտանգության մասին էր: Ու այդ ժամանակ էլ պատահել է մի բան, որի մասին երբեք բարձրաձայն ոչ ոք չի խոսել, միայն՝ իրար մեջ… Ասում են, որ Վազգենին իր աշխատասենյակում տեսան ատրճանակը սեփական քունքին պահած: Նրան ետ են պահել, համոզել, որ թողնի պաշտպանության նախարարի պաշտոնը: Ասոում են, չգիտեմ: Բայց փաստ է, որ Վազգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում միառժամանակ փոխարինեց Վազգեն Մանուկյանը: Իսկ նա դարձավ պետական նախարար՝ համակարգելով բոլոր ՝ պաշտպանության, անվտանգության և ներքին զորքերի ուժերը: Ու երբ պատերազմում սկսվեցին հաղթանակներ, Վազգեն Մանուկյանն ազատվեց իր այդ պաշտոնից: «Մեծերի ամբիցիաները հասկանալը նույնքան դժվար է, որքան խոսքը»,- մի առիթով ասել էր Վազգեն Սարգսյանը:

Իսկ պատերազմից հետո Վազգենի համար ուրիշ պատերազմ էր սկսվել՝ մի քանի փուլերով ու մի քանի ճակատներով:  

Պատմությունը այս փաստերն է շարում. «Բավականին ակտիվ քաղաքական պայքարի մթնոլորտում անցան 1999թ. մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունները։ Նախընտրական շրջանում ձևավորվեց «Միասնություն» դաշինքը, որի մեջ մտան Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) և Երկրապահների միությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները չկարողացան միավորվել և լուրջ ուժ ստեղծել։ Ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կ. Դեմիրճյանը, իսկ վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանը»։

Սա պատմությունը, բայց երևի ոչ մեկ այդպես էլ չհասկանա, թե ինքնաքննադատության ինչ ճանապարհով է անցել Վազգեն Սարգսյանը Կարեն Դեմիրճյանին դիմելուց առաջ, չէ՞ որ մեկ տարի առաջ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը, որի թիկունքում, պարզ է, ինքն էր, Կարեն Դեմիրճյանի դեմ էր պայքարում: 

«Երբ Վազգենը Դեմիրճյանին առաջարկում էր «Միասնություն» դաշինքը ստեղծել, ես առաջինն էի դեմ դրան,- Կարեն Դեմիրճյանի կինն է պատմում,- բայց հիմա հասկանում եմ, որ սխալ էի: Նրա նամակը շատ անկեղծ, հայրենիքի պրոբլեմներով տառապող մարդու նամակ էր, և Կարեն Սերոբիչը չէր կարող չարձագանքել»: Իսկ իր ժողովրդի ամբողջ պատմությունը ցույց էր տվել, որ պետությունը տանուլ ես տվել, երբ ապավինել ես միայն ուժին կամ միայն մտքին: Շատ վաղուց ճանապարհը ճիշտ չէր գնացել: «Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»: Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…»,- սա արդեն երկրի վարչապետի խոսքերն են: Այս կռիվն ավելի դժվար էր:

«Երբ դու գնացիր ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար, այս ավերակների վրա ես ու՞մ թագավորեմ... »,- պատմում է լեգենդը: Ու Արտաշես արքան անիծեց որդուն…. Վազգեն Սարգսյանը Արտաշես արքա չէր և ոչ էլ մենակ գծեց Հայաստանի սահմանները և ոչ էլ սերունդներ տվեց, որոնք 200 տարի կպահեին ու կմեծացնեին իր գծած սահմանները: Բայց պատմությունը մի կետում կրկնվում է: Նրանից հետո էլ թագավորեցին ավերակների վրա, տիրոջ բացակայությունից ստեղծված ավերակների: Ու չկար Վազգենի պատնեշը… արդեն կգար խուժանն ու կտիրեր նրա անունից: 

«Եթե ուզեի,- ի՞նչ պետք է ուզեր Վազգենը մեզնից… -Կուզենայի ավելի շատ հետևորդներ կամ կողմնակիցներ: Բայց ուզում եմ ունենալ կողմնակիցներ, որոնք նվիրված լինեն ոչ թե ինձ, այլ այն գործին, որը ես անում եմ: Ես իմ գործին շատ եմ հավատում»:

Եթե ես ուզեի… Ուզում եմ, որ Վազգենն ունենար ավելի շատ հետևորդներ, որովհետև կողմնակիցները շուտ համակերպվեցին նրա մահվան հետ կամ չհավատացին նրա գործին: Այնպես որ, Վազգեն, մենք հետևորդների կարիք ունեինք... բայց որ ստիպված չլինեին անցնել նույն մեղքի միջով: 

Ինչի՞ մասին ստացվեց պատմությունը: Նվիրումի՞: Այդ դեպքում ուրիշ անուններ կարող եմ տալ, ում մասին գուցե ավելի շատ բան ունենամ ասելու: Ես ուզում էի պատմել տիրոջ մասին՝ որպես կորցրած մի գաղափարի արդեն 15 տարի: 

 

Հ.Գ. Շատ բան չասացի, բայց մեկը ուզում եմ ասել. Վազգենենց տնից Մասիսը շատ մոտ է երևում:

 

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ