Շաբաթ, Մայիս 27, 2017

 21:25

ԼՐԱՀՈՍ

Հաշմանդամ մարդիկ. մեր հասարակության գիտակցության մակարդակը. Հակոբ Աբրահամյան

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության նախագահ

1993 թվականին ընդունած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում ներառված էր հաշմանդամների խնդիրներին վերաբերող բոլոր կետերը: Ըստ դրա` նրանք պետք է անվճար կրթություն ստանային, միջավայրը հարմարեցված լիներ և այլն: Սակայն այդ օրենքը դեկլարատիվ բնույթ էր կրում ու տարիների ընթացքում ենթարկվեց բազմաթիվ փոփոխությունների և ճշտումների: Օրենքը կար, դրա կիրառման մեխանիզմները չկային: Բացի այդ ելնելով 2010 թվականին Ազգային ժողովի կողմից հաստատած հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային կոնվենցիայից՝ մեր օրենսդրական դաշտն ամբողջությամբ կոնվենցիային համապատասխանեցնելու անհրաժեշտություն առաջացավ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նոր օրենք է մշակվել, որը կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը: Օրենքի մշակման գործընթացում նաև ակտիվ մասնակցություն են ունեցել այս ոլորտի հասարակական կազմակերպությունները: 

Հաշմանդամների խնդիրներն իսկապես շատ են մեր երկրում, սակայն դրանցից մեկը ոչ մատչելի միջավայրն է, որը լրջորեն խոչընդոտում է հաշմանդամների հասարակության ինտեգրմանը: Տարբեր ՀԿ-ների օգնությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձում է լուծել այս խնդիրները: Նշեմ, որ այս ոլորտում միակ նախարարությունն է, որ հկ-ների հետ ակտիվորեն համագործակցում է, և դրա արդյունքներն ակնառու են: Հաշմանդամության հիմնախնդիրները նաև նախագահի ուշադրության կենտրոնում են: Արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարական էր տրվել, որ 35 հաշմանդամի ընդունեն աշխատանքի: Այդ նպատակով ստեղծվեց աշխատանքային խումբ. քննարկումների արդյունքում մշակվեց հայտի ձև, որ հաշմանդամներն առցանց դիմումը գրեն և ներկայացնեն նախարարություն: Խոսքը վերաբերում է արագ արձագանքման ծառայությունում աշխատելուն: Այն բավականին թեթև աշխատանք է, ու համանդամները կարող են դրսևորել իրենց: Գովելի է և հուսով ենք, որ մյուս նախարարություններին նույնպես նման հանձնարարականներ կտրվեն: Նշեմ, որ մոտ տասը հկ-ներով էլ ստեղծել ենք «Անկախ կյանքի հայկական ցանց»: Դա ենթադրում է, որ հաշմանդամության ոլորտում կայացած հկ-ները կհամախմբեն իրենց ուժերը և միասին լուծումներ կտան բազմաթիվ խնդիրների: Այսինք` մի բռունցք են դառնում և կառույցի ձայնը լսելի դարձնում: «Անկախ կյանքի հայկական ցանց»-ի ձևը վերցրել ենք միջազգային մոդելից և կյանքը ցույց է տվել, որ միասին աշխատելով` ավելի լուրջ արդյունքների կարելի է հասնել: 

Կարևորագույն հարցերից է զբաղվածության խնդիրը հաշմանդամության ոլորտում: Կառավարությունը մի քանի տարի առաջ օրենք է ընդունել հաշմանդամների աշխատանքի տեղավորման, գործատուների փոխհատուցման ծրագրի վերաբերյալ. երբ հաշմանդամին ընդունում են աշխատանքի, պետությունը գործատուին նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցում է: Լավ օրենք է, սակայն շատ գործատուներ պարզապես տեղեկացված չեն սրա մասին: Այդ օրենքի հետ կապված պետք է անընդհատ խոսեն և ակտիվություն դրսևորեն լրատվամիջոցները: Նոր օրենքում ամրագրված է նաև քվոտաների համակարգը, այսինքն` պետությունը պետք է պարտադրի գործատուներին, որպեսզի նրանք հինգ տոկոսի չափով հաշմանդամներ ընդգրկեն իրենց կառույցներում, և եթե տարբեր պատճառներով հնարավոր չլինի դա իրականացնել, համապատասխան տարեկան տուրք կվճարեն հատուկ ֆոնդին, որպեսզի այդ գումարն օգտագործվի հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ: Զբաղվածությունն անչափ կարևորում ենք, սակայն այստեղ հարցն այն է, որ ամբողջ երկրում զբաղվածության խնդիրը կա, իսկ հաշմանդամի համար` առավել ևս: 

Հայաստանում չկան հաշմանդամների հետ աշխատող պրոֆեսիոնալ մասնագետներ: Մեր երկիրը մի քանի տարի է խոսում է ներառական կրթության մասին, սակայն մասնագետները դեռ ինֆորմացիայի, հաշմանդամին ճիշտ մոտենալու հմտություններին տիրապետելու կարիք ունեն: Չնայած դրան` կան մարդիկ, ովքեր կողմ են բոլոր երեխաների միջնակարգ դպրոցում սովորելուն, որի հետ համաձայն չեմ: Այս պարագայում տուժում են և’ հաշմանդամները, և’ դասարանի մյուս երեխաները: Ներառական դպրոցում մտավոր խնդիր ունեցող երեխայի համար դասերը հասանելի չեն, և չի կարող հասցնել: Նման երեխայի հետ պետք է աշխատեն հատուկ մասնագետներ հատուկ կառույցում, որպեսզի նրա ինտելեկտուալ մակարդակը բարձրացնեն: Կարծում եմ` ներառական կրթությունը հարուստ երկրներին է հատուկ: Թեև մեր երկիրը հարուստ չէ, բայց լավ է, որ պետությունը քայլ արեց դեպի ներառական կրթություն: Եվ, որպեսզի կրթության համակարգն ամբողջությամբ ներառվի, լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջվում: Առհասարակ, ամբողջ աշխարհում ընդունված չէ կառուցել շինություն առանց ունիվերսալ դիզայնի: Ունիվերսալ դիզայն նշանակում է նախագծել այնպիսի միջավայր, որից կարողանան օգտվել անխտիր բոլոր քաղաքացիները: Դեռ վերոնշյալ միջավայրը ստեղծված չէ և, բնականաբար, տրանսպորտն էլ մատչելի չէ հաշմանդամների համար: Միայն մի քանի տարի առաջ իրականացրած քարոզչական աշխատանքի շնորհիվ քաղաքապետարանը երկու մատչելի տրոլեյբուս ներկրեց: 

Ավելի քան լուրջ է կույրերի խնդիրը: Դժվար է այդ մարդկանց առանց ուղեկցողի փողոց դուրս գալը. չկան համապատասխան շներ, փողոցներն անցնելու լուսացույցների վրա նախատեսված ձայնային ազդանշաններ: Բացի այս խնդիրներից` կույրերն էլ ունեն զբաղվածության հարց: Սովետական տարիներին կային բավականին մեծ արտադրական հզորություններ` գործարաններ, արտադրամասեր, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո այդ ամենը փակվեց, օտարվեց: Մինչև հիմա նրանք սպասում են պետության հարստացմանը և նախկին ձեռնարկությունների բացմանը: Բայց չեմ կարծում, որ այն ժամանակները հետ կգան: Ավելի ճիշտ է մասնագետի օգնությամբ կույրերի ամբողջ արտադրական հնարավորությունների հիման վրա ստեղծել ներդրումային առաջարկ, պետությունից խնդրել արտոնություններ և գտնել ինվեստորներ: Այսինքն` պետք է ստեղծել բիզնես կառույց, որից և’ ներդրողը շահի, և’ կույրերը: 

Հիմա շատ են խոսում հաշմանդամների մասին: «Փյունիկ»-ն արդեն 23 տարի է գործում է, և եթե համեմատում եմ վերաբերմունքը ներկայիս և սովետական ժամանակաշրջանի հաշմանդամների հետ, ապա ահռելի տարբերություն եմ տեսնում: Եվ, որպեսզի գնալով նրանց վիճակը դառնա ավելի բարվոք, նախ և առաջ պետք է որոշում կայացնող մարմիններում ներգրավեն հաշմանդամություն ունեցող մարդկանց: Պետք է քվոտային համակարգը գործի, որ զբաղվածության հարցը լուծվի, ինչը նաև ինտեգրացման լուրջ բաղադրիչ է: Պետք է հատուկ քաղաքականություն վարել, որ միմյանց շաղկապված բոլոր խնդիրները լուծում ստանան:

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ