Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:08

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը հասարակության մեջ. Թամարա Երիցյան

Տիբեթ մերսման և գեղեցկության սրահի տնօրեն

Կինը միշտ, անկախ նրանից, թե կյանքի ինչ փուլում է գտնվում, պետք է ունենա իր ծրագրերը: Դրանք նախևառաջ պետք է վերաբերեն ինքնազարգացմանն ու ինքնակրթությանը: Այդտեղից էլ ծնվում են ստեղծարարությունը և կնոջ պարագայում այնքան կարևոր ձեռքի շնորհը: Կարծում եմ` պետք չէ ընտանիքի, երեխաների համար նախատեսված ժամանակի հաշվին զբաղվել բիզնեսով, աչքաթող անել առաջնայինը` կարիերա ստեղծելով: Սեփական գործ ունենալու համար նախ պետք է ներքին ռեսուրս, փորձ ու ժամանակ: Ես միշտ աշխատել եմ` միաժամանակ փորձելով այնպես անել, որ երեխաներն էլ անհրաժեշտ ուշադրության ու հսկողության ներքո լինեն: Շուրջ 13 տարի տարբեր գեղեցկության սրահներում տնօրեն եմ եղել: «Տիբեթը» չորս տարի է, որ գործում է: Սկսել եմ մեծ վախերով ու կասկածներով, բայց, փառք աստծո, դրանք չարդարացան: Հիմա մի քիչ դժվարացել է բիզնեսը կառավարելը: Աշխատում եմ, փնտրում բիզնեսը զարգացնելու նոր լծակներ: Դժվարությունները չեն խանգարում, որ ընդգրկվեմ նաև բարեգործական ծրագրերում: Համագործակցում եմ ՀՕՄ-ի հետ. զոհված ազատամարտիկների կանայք ու աղջիկները համապատասխան ծրագրի շրջանակներում անվճար են օգտվում մեր սրահի ծառայություններից: 

Սրահում կարողացել եմ ձևավորել միասնական, համախմբված, սիրալիր կոլեկտիվ: Մեր ներքին դրական հարաբերություններն ու տրամադրվածությունը բարենպաստ մթնոլորտ են ստեղծում, որը զգում են նաև հաճախորդները: Նրանք իրենք են խոստովանում, որ սրահ այցելելուց հետո ավելի բարձր տրամադրությամբ են հեռանում: Կյանքում ամեն ինչ փոխադարձ է: Աստված մեզանից յուրաքանչյուրի մեջ սեր է դրել, չպետք է մոռանալ այդ մասին, պետք է կարողանալ ընդունել ու սիրել մարդկանց` անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ֆիզիկական տվյալներից, մտածելակերպից: Տեսնում եմ յուրաքանչյուրի անհատականությունը, փորձում հասկանալ յուրաքանչյուրին, չեմ կարող անտարբեր լինել ուրիշի խնդիրների հանդեպ: Դա վերաբերում է թե՛ աշխատակիցներիս, թե՛ հաճախորդներին: Ու դրանից գործս չի տուժում: Ճիշտ է` շատ պահանջկոտ եմ, հատկապես մաքրության, կարգուկանոնի հանդեպ: Առաջինը հորդոր-պահանջս աշակերտներին միշտ այդ է լինում. մաքուր ու կոկիկ պահեք ձեր շուրջը: Այդ պահանջից ելնելով` նրանք շատ բան են վերանայում իրենց վարքում, փոխվում է նրանց ճաշակն այնպես, որ հաճախ ծնողները գալիս շնորհակալություն են հայտնում: Սրահը բացում եմ առավոտյան ժամը 9.00-ին, աշխատում ենք մինչև 23.00-ն: Բայց թույլ չեմ տալիս, որ աշխատանքային հոգնածությունն ինչ-որ արտահայտություն գտնի: Մեր աշխատանքը առանձնահատուկ է նրանով, որ մեզ դիմում են հիմնականում լիցքաթափվելու, հանգստանալու, գեղեցկանալու համար: Եվ մարդկանց չես կարող լիարժեք սպասարկել հոգնած ու դժգոհ աչքերով: Սրահից նա հաստատ կհեռանա ավելի վատ տրամադրությամբ: Մեր սրահ տարբեր կանայք են գալիս, այդ թվում՝ և՛ գործարար ու ղեկավար կանայք, և՛ տնային տնտեսուհիներ: Յուրաքանչյուրն ունի իր հոգսը, ծանրաբեռնվածության իր աստիճանը, երբեմն իր ցավը: Այստեղ պրոցեդուրաներից ու համապատասխան վերաբերմունքից հետո, նրանց հոգեվիճակը փոխվում է, դուրս են գալիս թեթև ու պայծառ: Հարցնում են` հոգեբան եք: Չէ, հոգեբան չեմ, բայց կարողանում եմ զգալ ու հասկանալ մարդուն, լավատես լինել ու լավատեսություն հաղորդել: Հավատացեք` այդ լավատեսությունը շատ է պետք: Կյանքը շատ է դժվարացել: Հենց դա է ստիպում կնոջը դառնալ ավելի նախաձեռնող, ավելի շատ հոգս ու ծանրաբեռնվածություն ստանձնել, դառնալ «business woman»: Կինն ավելի արագ է հաղթահարում հիասթափությունն ու ընկճվածությունը, ճիշտն ասած հիասթափվելու և ընկճվելու իրավունք էլ չունես, երբ երեխայիդ սպասող հայացքն է քեզ ուղղված: Միշտ պրպտումների մեջ եմ եղել, երբեմն փակուղում հայտնվել: Անցած ուղին կարծրացնում է կնոջը, դարձնում կայուն, ուժեղ, առաջացնում նաև ներքին երջանիկ մի վիճակ, որ անցար, որ հաղթեցիր, որ ստեղծեցիր: Սովորում ես ապրել այս օրով, ոչ երեկվա, ոչ վաղվա, այլ այս օրով, գնահատել այն, ինչ ունես ու ամենակարևորը առավոտյան վաղ արթնանալ: 

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ