Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:14

ԼՐԱՀՈՍ

Հաշմանդամ մարդիկ. մեր հասարակության գիտակցության մակարդակը. Արմեն Ալավերդյան

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն

Քանի որ Հայաստանում 183 000 գրանցված հաշմանդամ ունենք, իսկ իրականում նրանց թիվը, կարելի է ենթադրել, որ ավելի շատ է, հետևաբար ընդհանուր խնդրի մասին խոսելը սխալ կլինի, որովհետև տարբեր մարդիկ են` տարբեր մտածելակերպով, կրթությամբ, հաշմանդամության տեսակների խնդիրներով: Այնուամենայնիվ, խոսենք այն խնդիրների մասին, որոնք քիչ թե շատ ընդհանուր են կամ հուզում են գոնե մեծամասնությանը: 

Կարծես որոշակի փոփոխություն է տեղի ունեցել հաշմանդամների մտածելակերպի և ցանկությունների մեջ: Եթե մի քանի տարի առաջ նրանց հիմնական խնդրանքը կամ դիմումները վերաբերում էին նյութական, ֆինանսական, վերականգնողական պարագաների օգնությանը, ապա այսօր կտրուկ աճել է այն մարդկանց թիվը, ովքեր ուզում են աշխատել: Չմոռանանք, որ աշխատունակ են ոչ բոլոր հաշմանդամները, սակայն նրանցից շատերը միանշանակ ունեն աշխատանքային ներուժ, այդ իսկ պատճառով նրանց զբաղվածության հարցը կարևորում ենք որպես առաջնային, գլոբալ խնդիր:

Առկա են նաև հոգեբանական խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են հաշմանդամության առաջին փուլին: Երբ մարդն ունի ձեռքբերովի հաշմանդամություն, բնականաբար, սկզբնական փուլը սթրեսային է նրա համար. մտածում է` կյանքն այլևս ավարտվել է: Այդ փուլում հաշմանդամ դարձած մարդիկ և նրանց ընտանիքներն ունեն հոգեբանական աջակցության կարիք, ինչը մեզ մոտ թույլ է կազմակերպված: Բայց պետք է նշել, որ հոգեբանական խնդիրները վերաբերում են ոչ այնքան հաշմանդամներին, որքան նրանց խնամողներին` հարազատներին, ընտանիքներին, ովքեր ուզում են անընդհատ գերուշադրություն դարձնել հաշմանդամին` դրանով իսկ նրան դարձնելով ինքնամփոփ, ոչ ակտիվ, կախված: Այս առումով փորձում ենք ծնողներին կրթել, դրդել նրան, որ հաշմանդամին թույլ տան դրսևորել ինքնուրույնություն, զարգացնել այն ներուժը, որն առկա է: Նաև դպրոցում, մանկապարտեզում կա նման երեխաներին ընդունելու խնդիր: Դեռ հայ ծնողների մեջ խոսում են կարծրատիպերը, և առայժմ նրանք պատրաստ չեն ընդունել, որ իրենց երեխաները սովորում են հաշմանդամ երեխաների հետ: 

Խնդիր է միջավայրի մատչելիությունը հենաշարժողական ապարատի խանգարումներ ունեցողների և ոչ միայն նրանց համար: Հիմա ամբողջ աշխարհում մատչելիություն տերմինն այդքան հաճախ չի օգտագործվում, որքան ունիվերսալ դիզայնը: Դա նշանակում է, որ միջավայրը պետք է մատչելի լինի անխտիր բոլորին` հղի կանանց, ծերերին, մանկական սայլակով ծնողին, առավել ևս` հաշմանդամին: Իսկ մեզ մոտ հարմարեցված չեն տրանսպորտը, ինստիտուտները, դպրոցների մի մասը, հատկապես այն հաստատությունները, որոնք համարվում են ներառական: Բայց չէ՞ որ երեխային ուսումնական պրոցեսի ժամանակ անհրաժեշտ է օգտվել ամբողջ ենթակառուցվածքներից: Համալիր լուծում է պետք: Ես միայն հենաշարժողական ապարատի խանգարումներով մարդկանց մասին չեմ ասում: Մյուսներն էլ ուսումնական հաստատություններում չունեն բավականաչափ գրականություն, չկան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր տիրապետում են նման խնդիրներ ունեցողների հետ աշխատելու հմտություններին: Իրականում հաշմանդամների ներառման գաղափարը, հատկապես կրթության մեջ, սկզբնական վիճակում է գտնվում: Իհարկե լուծումը ժամանակատար ու ծախսատար է, սակայն կարելի է սկսել որոշակի թվով դպրոցներից` դարձնելով դրանք միանշանակ մատչելի: Լսողության խանգարումների դեպքում էլ խնդիրն այլ է: Թեև պետությունը որոշակի պարբերականությամբ անվճար տրամադրում է վերականգնողական պարագաներ, բայց այստեղ որակի խնդիր կա: Չնայած, կարծես թե շարժ կա, որովհետև հավաստագրեր են տրամադրելու ծնողներին, և նրանք են որոշելու ինչ որակի սարք գնել: Հուսով եմ՝ հաջողությամբ կփորձարկվի այդ համակարգը:

Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ապա այս հարցում մեր մոտեցումն այսպիսին է. ով կարող է աշխատել, նրան անպայման պետք է տրվի հնարավորություն, իսկ անաշխատունակության դեպքում` արժանապատիվ կենսաթոշակ: Հիմա պետական ծրագրերով նախատեսված է անցնել եվրոպական մոդելին, որը կորոշի մարդու աշխատունակության աստիճանը, և ըստ այդմ կտրվի հաշմանդամության կարգ: Թվում է` հիմնարար մոտեցում է: Բայց մեր պայմաններում, որոնք դեռ ստեղծված չեն եվրոպական չափանիշներին համապատասխան, կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի և շատերի դժգոհության պատճառ հանդիսանալ: Այդ մոդելի ընդունման դեպքում իրական աշխատունակները հնարավոր է դառնան «անաշխատունակ», իսկ նրանք, ովքեր տեսանելի խնդիրներ չունեն, միջավայրը գնահատելուց հետո բավականին բարձր աշխատունակության տոկոս կստանան ու կհամարվեն լիովին աշխատունակ: Այսօր այդ մոդելը դեռ ռիսկային է, և պատրաստ չենք ընդունել: Ոչ մի լուծում չի դառնա իրական, եթե չլինի համալիր քաղաքականություն և եթե կրի ձևական բնույթ: Քանի որ Հայաստանը 2010թ. վավերացրել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիան, այժմ պարտավորվել է նոր օրենսդրություն մշակել: Օրենքի մշակման գործում ակտիվ դերակատարություն ունեն հասարակական կազմակերպությունները: Հաշմանդամների զբաղվածության հարցում պայքարում էինք աշխատանքային քվոտաները մտցնելու համար, այսինքն` գործատուները պարտավորվեն որոշակի թվով հաշմանդամներ ներգրավել իրենց աշխատակազմում: Կառավարությունը հավանություն է տվել այդ առաջարկին, և հուսով ենք` ԱԺ-ում հաստատելու ժամանակ օրինագծի այդ կարևոր դրույթը չի հանվի, և դա մեխանիկորեն չի բերի ամբողջ իրավիճակի փոփոխման: 

Մատչելիությունն ինչո՞ւ չի աշխատում, չէ՞ որ «Քաղաքաշինության մասին» օրենքում գրված է, որ շինությունները պետք է դարձնեն հարմարեցված բոլորի համար: Մշակույթի ասպարեզում էլ ունենք խնդիրներ: Մշակութային օջախները նույնպես հիմնականում մատչելի և հարմարեցված չեն դժվարաշարժ մարդկանց մուտքի համար: Պարզապես պետք է վարել մարդն իրավունք ունի մշակութային կյանքով ապրելու քաղաքականություն: 

Նախ և առաջ պետք է հարգել օրենքները, բացի այդ, հասարակական ճնշման տակ պետությունն էլ պետք է շահագրգռված լինի և հետևողական իր իսկ ընդունած օրենքները, կարգերը պահպանելու հարցում: 

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ