Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:10

ԼՐԱՀՈՍ

Անծրագիր. անդիմագիծ. Վահան Արծրունի

երաժիշտ, երգահան

Ազգային գաղափարախոսությունը պետական հիմնական ֆունկցիան է: Պետությունն առանց ազգային գաղափարախոսության առանց այն վեկտորի, որով պիտի զարգանա ազգը, դառնում է ինչ-որ մի նոմինալ, ենթադրենք՝ մի տնտեսական նոմինալ՝ առանց որևէ նկարագրության, առանց որևէ ապագայի: Մենք ապրում ենք հենց այդ իրականության մեջ: Մենք չունենք պետական ստրատեգիա՝ որպես պետական փաստաթուղթ ազգային զարգացման, մենք ունենք պարզապես ֆրազաների հավաքածու, որը չի կարող լինել ռեալ զարգացման ստրատեգիա: Դրա մասին բոլորը խոսում են, բայց որևէ քայլ այդ զավեշտալի իրավիճակը շտկելու չի արվել: Սրանով էլ պայմանավորված է հսկայական արտահոսքը: Իմ խորին համոզմամբ՝ խնդիրն այն է, որ բացակայում է ազգային գաղափարախոսության փաստաթուղթը: Եթե կա նման փաստաթուղթ կամ ծրագիր, մենք կարող ենք խոսել իշխանության, կառավարության գործողությունների անհամապատասխանության կամ անհամաչափությունների մասին, բայց եթե այդպիսի փաստաթուղթ չկա, ապա նույնիսկ խոսակցությունն է դառնում քարոզչություն: Սա ես ցավով եմ փաստում, որովհետև ցավով եմ ընկալում և հասկանում, որ սա մեր իրականության նկարագիրն է: 

Աշխարհում մի քանի մոդելներ կան: 21-րդ դարում ազգային պետության մասին խոսելն արդեն արխայիզմ է, որովհետև մատների վրա կարելի է հաշվել և ասել, որ դրանք այն օրինակներն են, որոնք առաջադիմական են և օրինակելի: Կան նաև այսօր գործող մոդելներ Սկանդինավյան երկրներում: Փաստաթուղթը, որը նկարագրում է պետության զարգացման ստրատեգիան, շատ հետաքրքիր ձևակերպում ունի՝ ո՞ւր են նրանք տանում իրենց երկիրը, իրենց քաղաքացուն: Ըստ այդ փաստաթղթերի՝ նրանք ձևակերպում են սոցիալական երջանկության հասարակություն: Դանիայում այդ փաստաթղթի երկու երրորդը կազմում է նկարագրությունը, թե ինչ է իրենից ներկայացնում սոցիալական երջանկությունը: Եվ ընդամենը մեկ երրորդը օրենսդրական ակտեր են, օրինաստեղծ հիմքեր, որոնք ապահովում են երկու երրորդի գոյությունը: Սա փաստ է. կան պետություններ, որոնք ապրում են այդ ռեժիմի մեջ, ունեն ֆանտաստիկ առաջընթաց և ունեն բնակչություն, որն իրապես երջանիկ է, որ ապրում է հենց այդ երկրում: Հիմա մենք խնդիր ունենք` հե՞տ ենք նայում, թե առաջ: Պիտի հասկանանք, որ մեր ազգի համար ընդունած որոշումները պետք է համաչափ լինեն դաժան իրականության հետ: Այսինքն՝ մենք շրջապատված ենք թշնամի պետություններով, և մեզ համար Դանիայի օրինակով բերված ճանապարհով շարժվելը շատ դժվար կլինի, մանավանդ, որ մեր բնակչությունը պատրաստ չէ դրան: Եվրոպական զարգացած երկրներում տասնամյակների ընթացքում պատրաստել են բնակչությանը: Եվ բնակչությունը հանգիստ է, որ իրենց երկրում կա օրենքի գերակայություն, երկրորդ` ունեն օրենքը հարգելու, օրենքին ենթարկվելու ունակություն, որովհետև այդ նույն օրենքը երաշխիքն է իրենց բարգավաճման: Հիմա նման կատեգորիաներից խոսելը Հայաստանի պարագայում անհեթեթ է: Մենք ունենք բնակչություն, որը չի հավատում օրենքի ուժին, չի հավատում կառավարությանը, որն ընդհանրապես իրեն՝ որպես քաղաքացի, պետության մեջ չի տեսնում, և որը բարոյալքված է անհուսալի չափով: Այսինքն՝ այն բոլոր հասկացությունները, որոնք պահում են քաղաքացուն երկրի ներսում, տալիս են քաղաքացի լինելու պատասխանատվությունը, այն հասկացությունները, որոնք մարդուն հնարավորություն են տալիս ազատ շնչել ոչ միայն սոցիալական, այլ նաև մշակութային առումով, այն է՝ ճիշտ ընկալել սեփական մշակույթը, ճիշտ վերաբերվել համաշխարհային մշակույթին, տեսնել իր մշակույթը համաշխարհային մշակույթի մեջ, 20 տարվա ընթացքում չքվեցին մեր կյանքից: Նայեք՝ ինչ լայն լանդշաֆտ է բացվում նեղ անձնական դաշտից սկսած մինչև գլոբալ պետական դրսևորումներ: Եվ մենք պետք է այսօր փաստենք, որ մեր կյանքի որևէ սեգմենտում՝ առարկայական կատեգորիաներից մինչև հոգևոր, մենք չունենք հարմոնիա, մենք չունենք այնպիսի իրավիճակ, որ կարողանանք ասել՝ լավ, տեսանելի դաշտը քանդված է, բայց գոնե այստեղ կա հենակետ: Սա իմ կարծիքով ծրագրավորված է, որովհետև, իմ դիտարկումով, 20 տարվա մեջ՝ երեք իշխանությունների օրոք էլ այս անտիվեկտորը պաշտպանվել է, որը վերջիվերջո բերելու է խայտառակ մասշտաբներով միգրացիայի, ավելի շուտ` ոչ թե միգրացիա, այլ տեղահանում երկրից, որովհետև մարդիկ իրենց կամքով չեն հեռանում, այլ ուղղորդվում են այստեղից: Սա աղետալի իրավիճակ է առաջին հերթին ազգային գաղափարախոսության կոնտեքստում, այսինքն՝ ազգային գաղափարախոսության ֆիասկոյի նկարագրությունն է: 

Ո՞րն է մեր ծրագիրը: Չունենք: Մենք առանց ծրագրի չենք եկել, գնացել ենք: Մեծ տարբերություն կա: Մենք հասել ենք նրան, որ սա ո՛չ մասնագիտական, ո՛չ խավային, ո՛չ կուսակցական, ո՛չ հանրային քննարկումների խնդիր չի այլևս: Սա պետական ֆունկցիա է: Կան բաներ, որոնք պետությունը պիտի անի որպես օրգանիզմ, որպես սուբյեկտ, իսկ մենք՝ որպես այդ պետության օբյեկտներ, մեր խնդիրները պիտի լուծենք: 100-150 տարի առաջ, երբ չկար պետականություն, և հայկական համայնքը ստիպված էր գործել այլ երկրներում, պատկերացրեք՝ այդ իրավիճակում ազգային գաղափարախոսությունը ավելի ճիշտ դրսևորումներ ուներ, քան հիմա, քանի որ ստիպված էր իր ձևակերպումը ստանալ: Եվ դրան համապատասխան նաև արդյունքն էր: Հենց նույն գաղափարախոսության թեզերի ձևակերպումից հետո ի հայտ եկավ ազգային դպրոց հասկացությունը: Այն ծխական դպրոցից դարձավ հասարակական երևույթ, ի հայտ եկավ հայկական մամուլ հասկացությունը, ի հայտ եկավ հայկական գրականությունը որպես այդպիսին: Բայց տարբերությունը ո՞րն է: Համայնքային մակարդակով այն իր ֆունկցիան լիովին կատարեց, նման տեսակետը կամ ուղենիշը աշխատեց: Պետության պարագայում համայնքային մտածողությունը սխալ է, որովհետև մենք սկսում ենք մտածել ավելի մեծ հասկացության շրջանակներում, որն ունի համապատասխան ֆունկցիա: Հատուկ չեմ օգտագործում իշխանություն կամ կառավարություն հասկացությունները, քանի որ սա պետական ֆունկցիա է: Կառավարությունը կամ ուժը փոխվում են, իսկ ազգային գաղափարախոսությունը մնում է նույնը, պիտի մնա նույնը: Սա հիմքերի հիմքն է, ինչպես և լեզվի մասին, պետական սահմանների մասին օրենքը, այլ օրենքներ ևս, որոնք պետական ֆունկցիաներն են արտահայտում: 

Մենք չունենք այլևս ազգային դպրոց: Մենք ունենք լղոզված, անհասկանալի, իրականում սահմաններ չունեցող նկարագիր: Եթե հնարավոր է ազգային պետության ներսում ունենալ այլալեզու համակարգ, այդ դեպքում ո՞րն է ազգային դպրոցը: Այսինքն՝ գործածությունից հանում ենք այդ բառը, ազգային գաղափարախոսության ևս մի ատրիբուտ դուրս է գալիս: Մենք ունե՞նք ազգային դիվանագիտություն: Մենք չունենք դիվանագիտություն: Մենք ունե՞նք պետանվտանգության կառույց, որը կպաշտպաներ ազգային գաղափարախոսությունը: Էլի չունենք: Մենք մեր պետության կենսական պայմաններին առնչվող հարցերի մասին իմանում ենք միջազգային մամուլից: Որովհետև չկա ազգային գաղափարախոսություն, որը կաշխատեցնի այդ բոլոր ինստիտուցիաները: Եվ սա մեր իրականությունն է: Մենք երբ փորձում ենք տրամաբանել նորագույն պատմության մեջ, չենք կարողանում. բանականության սիստեմից դուրս է: 

Եթե ինձ մնար, ապա կփակեմ երկիրը այնպես, ինչպես Չիլիի դեպքում արվեց, որ ներքին խնդիրները լուծեն: Ընդամենը մի քանի տարում նա ազատվեց իր երկրի տականքից, օլիգարխիայից: Հիմա Չիլին ամենաառաջադեմ և զարգացած լատինաամերիկյան երկիրն է: Միգուցե հիմա ես դեմոկրատիայի հասկացություններից դուրս եմ խոսում, բայց մենք հասցրել ենք նրան, որ վիրահատական միջոցների պիտի դիմենք: 

Ազգային գաղափարախոսության մասին խոսելիս գալիս ենք մի եզրահանգման. ինչպե՞ս անել, որ քաղաքացին հպարտ զգա, որ ապրում է իր երկրում, ինչպե՞ս անել, որ ծեր քաղաքացին ապահովված զգա, ինչպե՞ս անել, որ մատաղ սերունդը առողջ լինի և կրթված, ինչպե՞ս անել, որ պարզ քաղաքացին անբաժանելի մասնիկ զգա իրեն անցյալի և ապագայի: Ազգային գաղափարախոսությունը յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր պետության գլոբալ խնդիրների պատասխանը, նկարագիրը պիտի կարողանա տալ: Իմ ասած փաստաթուղթը տալիս է այդ խնդիրների հստակ նկարագիրը և տալիս է հստակ ճանապարհը, այսինքն` օրենքները, որոնք պետք է երաշխավորեն: Ունե՞նք մենք նման փաստաթուղթ: Ոչ: Ունե՞նք մենք նման օրենքներ: Ոչ: Ունե՞նք մենք իրականություն, որը մեզ հպարտանալու ցանկություն կտա: Ոչ: Ի՞նչ ունենք մենք: Պարզվում է՝ մենք ունենք սահմաններ, որոնք պարզապես մատնանշում են այն հողատարածքը, որը մենք ունենք: Եվ մենք ունենք մեծ վտանգ, որ այդ սահմանների ներսում մոտ ապագայում ոչ ոք չի բնակվելու: 

20 տարի առաջ հավատացել էի անխախությանը, ազատ ու արդար երկրի գաղափարին: Եվ ես ծառայել եմ այդ գաղափարին: Եվ ի վերջո ես կառուցում էի իմ երկիրը, որովհետև ունեմ իմ պատկերացումը ազգային գաղափարախոսության մասին, ես ունեմ իմ պատկերացումը ավետյաց երկրի մասին: 

Այս բոլոր գաղափարները կոպեկի արժեք չունեն, եթե հանրորեն գիտակցված չեն: Ինչքան լավ օրենք ուզում եք գրեք, պետք է մարդը հասկանա ու գիտակցի: 

Իսկ թե մարդը այսօր Հայաստանում ինչի է ձգտում, Էլի խեղաթյուրված է պատկերը: Նա ընդամենը ձգտում է, որ իր ընտանիքի սահմաններում պահպանի ապահովություն, բարեկեցություն: Ազգային գաղափարախոսությունը ամբողջ կյանքը ներկայացնող, նկարագրող հասկացություն է: Բոլորը լուծում են լոկալ խնդիրներ: 

Եթե այսօր վերցնեք որևէ պերսոնաժ, որը «ռուլիտ է անում» մեր կյանքը, մենք ստիպված ենք խոսել կենսաբանական տերմինաբանությամբ, այլ ոչ թե հոգևոր, մշակութային, ազգային-գաղափարական գիտակցությամբ առաջնորդվելով: Հանրությունը ի զորու չէ դրսևորել իրեն որպես հանրություն: Հանրությունը կորցրել է հանրային ռեֆլեքսներ ունենալու ձգտումը: Այլևս մենք հանրություն չունենք: Մենք չունենք խնդիրներ, որոնք կծառայեն հանրությանը: Խնդիր բարձրացնողը չկա: Սա ինքնաբերաբար ստեղծված իրավիճակ չի, այլ հստակ քաղաքականության հետևանք: Սա լուրջ խնդիր է: Ի՞նչ երկրի քաղաքացի եմ, արդյոք դա այն երկիրն է, որի մասին երազել եմ, որի մասին պատկերացումները հղկվել են իմ պապերի կողմից, և արդյո՞ք այն երկիրն է, որտեղ կուզեմ ապրեն իմ ժառանգները: Մեծ լճացման պոտենցիալ ունի այս իրավիճակը: Ճահիճը կարող է հազարամյակներով նեխել: Հոսանք չկա, որ քանդվի, որ լանդշաֆտի մեջ փոփոխություն լինի: Մենք տեսնում ենք լանդշաֆտ, որտեղ ճահիճի ներսում ինչ-որ գործողություններ են տեղի ունենում, բայց լանդշաֆտը միշտ հարթ է: Ցավով եմ նշում, բայց ես էլ չէի մտածի, որ մի օր այսպես կխոսեմ իմ երկրի մասին: 

<Երևակ> ամսագիր

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ