Հինգշաբթի, Մայիս 25, 2017

 07:05

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ ակնկալել, ո՞ր կողմից և ինչո՞ւ. Երվանդ Բոզոյան

քաղաքագետ

Հայաստանում կան խորը կարծրատիպեր Ռուսաստանի վերաբերյալ: Ընդ որում, այդ կարծրատիպերը բազմաշերտ են: Հասարակության մի մասը համարում է, որ Ռուսաստանն իր հայրն է, ապրում է այն գաղափարով, որ Ռուսաստանը միշտ կանգնած է Հայաստանի թիկունքին: Մի մասն էլ կարծում է, որ Ռուսաստանը մեր բոլոր չարիքների պատճառն է, ու պետք է ձգտել դեպի Եվրոպա: Այսինքն՝ Հայաստանի տեղը Եվրոպայում է, բայց պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանը չի թողնում մեզ գնալ այնտեղ: Մի երրորդ շերտ էլ կա, որը Ռուսաստանին համարում է սոսկ տակտիկական դաշնակից, որին այս պահի դրությամբ պետք է օգտագործել, իսկ հետո՝ կերևա: Ամբողջ խնդիրն այն է, որ հայ ժողովուրդը դարերով չի ունեցել պետականություն, ծանր պատմություն է ունեցել և բարդույթավորվել է, իր մտածողությամբ դարձել է մեծամիտ: Ցավոք, հայ մարդը չի զգում իր խոսքի արժեքը, պատասխանատվությունը: Ցեղասպանություն, հողերի կորուստ… թվում է, թե հայ ժողովուրդը պետք է հետևություններ աներ, բայց չի արել բացարձակապես: Հայ ժողովրդի միակ հետևությունն այն է, որ ինքը թունավոր ատելությամբ է լցված թուրքի հանդեպ, և դա ունի միայն մի պատճառ. մենք լավն էինք, թուրքերը սրիկա էին, եկան ու կոտորեցին մեզ: Որպես ածանցյալ դավաճաններ էլ նշվում են Արևմուտքն ու Ռուսաստանը: Բայց չի կարելի այդպես: Այն մարդիկ, ովքեր ձևավորում են այդ միֆը ժողովրդի մեջ, ամենամեծ սրիկաներն են, քանի որ ժողովուրդն այդ միֆով սկսում է ապրել, ու դրա վրա է ձևավորվում ազգային գիտակցությունը:

Ռուսաստանը միշտ վարել է ՀՀ-ի հանդեպ հետևյալ քաղաքականությունը. նա ասում է՝ ես ուզում եմ և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի հետ վարել հավասարաչափ քաղաքականություն: Վրաստանի հետ, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, այդ հարաբերությունները չեն ստացվել, Ադրբեջանի հետ կան որոշակի հարաբերություններ, և ավելի լավ հարաբերություն ունի Հայաստանի հետ: Ինչո՞ւ. որովհետև Ադրբեջանը ձգտում է դուրս գալ ՌԴ-ի ազդեցության գոտուց: Նա նավթային պաշարներ ունի, համարվում է տարանցիկ երկիր, և Արևմուտքը լուրջ շանսեր ունի Ադրբեջանին դիտելու որպես ապագա պլացդարմ Իրանի հետ կապված: Դրա համար էլ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ թույլ չտա Ադրբեջանին դուրս գալ իր ազդեցությունից, և դա անում է Հայաստանի միջոցով: Այլ կերպ ասած` մեր միջոցով թուլացնում է Ադրբեջանի արևմտյան նկրտումները: Մեր և ՌԴ-ի շահերը համընկել են այդ հարցում, և դրա արդյունքում է, որ մենք կարողացել ենք ազատագրել Ղարաբաղը, դրա արդյունքում է, որ մենք հիմա գոյատևում ենք: Եթե չլիներ Ռուսաստանը, ըստ իս, Հայաստանը օբյեկտիվորեն չէր կարողանա դիմակայել 70 միլիոնանոց Թուրքիային ու 10 միլիոնանոց Ադրբեջանին: Բայց դե հայ ժողովրդի գիտակցությունն ապրում է հին պատկերացումներով, թե ռուսները պարտավոր են պահել իրեն: 

Ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եկավ Հայաստան, ՀՀ նախագահը նրան Մովսես Խորենացու մեդալ տվեց. դա արդեն անհեթեթություն էր, որովհետև Ռուսաստանում Սահակաշվիլին համարվում էր 100-ից ավելի ռուս զինվորներին սպանողը, նույնիսկ քննարկում էին՝ ինչպես դատել նրան: Պարզվեց, որ միջազգային հանրության կողմից մարդասպան ընկալվող նախագահին Հայաստանում տալիս են բարձրագույն մեդալ: Սա թուք էր Ռուսաստանի երեսին: Այդ փաստից հետո ՀՀ նախագահի ու Պուտինի հարաբերությունները փչացան: Ռազմավարական դաշնակցության մեջ գտնվող երկրների համար դա աննախադեպ անհեթեթություն է: Ռուսները սկսեցին ավելի սառը վերաբերմունք ցույց տալ մեր հանդեպ: Ահա թե ինչու զենք-զինամթերքի մատակարարման տեմպերն ու ծավալները 2008-ից հետո կտրուկ թուլացան:

Ինչպես գիտենք, ՀՀ-ն արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվորեն համագործակցում էր Եվրամիության հետ դեռ 2004 թվականից: Այդ գործընթացն սկսեց նյարդայնացնել ՌԴ-ին: Բայց ՀՀ նախկին իշխանություններն անընդհատ նշում էին, որ դա ընդամենը պրոցես է, ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ: Արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները չէին փչանում, ՀՀ-ն կարողանում էր բալանսը պահպանել: Հայտնի է, որ եվրոպացիների, ամերիկացիների ու ռուսների շահերը որոշակի տեղերում բախվում են: Հետևաբար, եթե խորացնում ես հարաբերությունները ՌԴ-ի հետ, ապա օբյեկտիվորեն պիտի հեռանաս եվրոպացիներից ու ամերիկացիներից և՝ ճիշտ հակառակը: Բայց այս իշխանություններն արեցին անբնական քայլ. փորձեցին խորացնել հարաբերությունները և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի, և՛ Ռուսաստանի հետ: Ռուսներին դուր չեկավ այդչափ խորացումը բոլոր ճակատներում: Նա ասաց՝ եթե դու խորացնում ես հարաբերությունները թե՛ Արևմուտքի, թե՛ ինձ հետ, ուրեմն՝ կամ մեզ ես ուզում խաբել, կամ նրանց: Սկզբում Սերժ Սարգսյանը փորձում էր այդ կասկածի ու խանդի մեջ երկուսից էլ  ռեսուրսներ պոկել: Դա ինչ-որ կերպ հաջողվեց, կարողացան վարկեր, գրանտներ վերցնել: Բայց երբ ռուսները տեսան, որ երկուսից էլ վերցնում է, բայց ընտրություն չի կատարում, մտածեցին, որ ուզում է խաբել: Սկսեցին աշխատեցնել սանկցիաների մեթոդը: Եվրոպացիներն ասում էին՝ եթե չգաս մեզ հետ, մենք քեզ դատի կտանք, իսկ եթե գաս, քեզ կտանք 1,5 մլրդ դրամաշնորհ: Ռուսներն ասում էին՝ եթե գնաս Եվրոպա, իմացիր, որ Ղարաբաղը կկորցնես, բայց որ մեզ հետ լինես, կունենանք լավ հարաբերություններ: Իրադրությունը խճճվել էր: Ըստ իս` Ռուսաստանի վրդովմունքը արդարացի է: Նա ասում է՝ հարգելի՛ Հայաստան, ես քո անվտանգությունը պահում եմ, քո ժողովրդի կեսը փախել է քո երկրից և եկել ինձ մոտ է աշխատում, քո էներգետիկ ոլորտը ես եմ պահում, այսինքն՝ դե ֆակտո Հայաստանը ես եմ պահում, ու դու այդքանից հետո գնացել Եվրոպայի հետ սիլի-բիլի ե՞ս անում: Ես լինեի Ռուսաստանի տեղը՝ խստորեն կպատժեի Հայաստանին: Հայաստանը Եվրոպա չի, Իսրայելն էլ: Բայց հիշեցնեմ, որ նույն Իսրայելը շատ լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, բայց Իսրայելը չի դարձել Ասոցիացման պայմանագրի անդամ, չի դարձել Եվրամիության անդամ և չի էլ ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Ես պնդում եմ, որ հայ ազգը ինքնասպան ազգ է: Հայ ժողովուրդը ինքնացեղասպան է, մազոխիստ է: Մեր մեջ դրած է ինքնաոչնչացման հատկությունը: Մեր ազգի մեջ չկա ապրելու պատասխանատվություն: Ուզում ենք, որ մեկը գա, թաթը դնի ու մեզ ապրեցնի: Իրոք, մենք կանգնած ենք ինքնաոչնչացման ճանապարհին և նոր ցեղասպանության առաջ:  Մենք ունենք խոպանչու հոգեբանություն և դուքյանչու արժեհամակարգ: Այդպես ենք ապրում:  Ռուսները նկատել են դա, եթե ավելի լուրջ նկատեն, կասեն` սրանց հանձնենք թուրքերին, որովհետև թուրքերն անընդհատ ասել են, թե որն է Հայաստանի գինը, ասեք՝ տանք ու այդ հարցը լուծենք: Այս իրավիճակը եթե շարունակվի, մի տարի հետո ադրբեջանական բանակը ջարդելու է Ղարաբաղը, թուրքական բանակը կանգնելու է Երևանի մոտ, հայերը վազելու են ռուսներից օգնություն խնդրելու: Ազերիները Ղարաբաղը վերցնելու են և հասնելու են Զանգեզուր, բայց վերջում ռուսները կպահեն Զանգեզուրը: Արևմտյան անվտանգության համակարգի ապահովում ՀՀ-ի համար գոյություն չունի: Այս իրավիճակում ու այս աշխարհագրական դիրքում Արևմուտքը չի կարող մեր անվտանգությունն ապահովել, դա խաբկանք է, և նրանց էլիտան արդեն 100 տարի խաբում է մեր ժողովրդին: Մեր վատն այն է, որ մենք չունենք անվտանգության երաշխիք: Դե որ չունենք, ինչո՞ւ ենք խոսում ռուսի վատ կամ լավ լինելու մասին: Ստեղծիր քոնը, վերջում նոր ռուսին ցտեսություն ասա: 

Հիմա Ռուսաստանի վերնախավում լուրջ քննարկում է ծավալվում այն մասին, որ իրենք սխալվել են Հայաստանին միակողմանի աջակցություն ցույց տալու հարցում, փոխարենը կարելի էր Ադրբեջանին օգնել: Կրեմլում մեզ դավաճան ազգ են համարում, ասում են` Սերբիային պահեցինք, մեզ ծախեց, հիմա էլ Հայաստանն է նույն բանն անելու, ինչո՞ւ ենք նրան պահում:

Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը պարտադրված էր, որովհետև Ռուսաստանը, տեսնելով, որ Հայաստանը չափից շատ է մանկական խաղեր տալիս Եվրոպայի հետ, ուղղակի պարտադրեց, որ ՀՀ-ն նման հայտարարությամբ հանդես գա: Դա միանշանակ քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն էր: Իսկ զուտ տնտեսական իմաստով ես ունեմ լուրջ հարցադրումներ: Չեմ պատկերացնում, թե ՀՀ-ն ինչպես կարող է միանալ ՄՄ-ին, երբ չունի ընդհանուր սահման ՄՄ-ի մեջ գտնվող երկրների հետ, չունի ելք դեպի ծով: Քանի որ ՄՄ-ի հետ մենք չունենք ընդհանուր սահման, օբյեկտիվորեն չենք կարող լիարժեք ինտեգրվել այդ համակարգին: Այսինքն՝ մենք ունենք լուրջ խնդիր տնտեսական առումով: Նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում փաստում, որ ռուսական իշխանությունները ըմբռնումով են մոտենում այդ հարցին: Դա նշանակում էր, որ Ռուսաստանից մեզ ոչ ոք չէր պարտադրում միանալ ՄՄ-ին: Բայց ինչո՞ւ նրանք պարտադրեցին. ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ ռուսները պարտադրեն այդ քայլը:

Այն, ինչ կատարվում էր Հայաստանի կողմից Եվրոպայի ուղղությամբ, քաղաքական միամտություն էր, որովհետև ՀՀ-ն փորձում էր միանալ եվրոպական տնտեսական միասնական համակարգին, երբ իր անվտանգության համակարգը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտնի խոսքը, որ մենք ուզում ենք տնտեսական մեկ միասնական համակարգի մեջ լինել Եվրոպայի հետ և միաժամանակ մեր անվտանգությունն ապահովվի Ռուսաստանի կողմից, անհեթեթություն է, այդպիսի բան աշխարհում չկա: Մեր ժողովուրդը ունի պետություն, բայց, ցավոք,  չունի պետական գիտակցություն:

Հայաստանին փաստորեն պատժեցին: Հետևանքը եղավ այն, որ այսօր Ռուսաստանում չեն վստահում Հայաստանին, իսկ Եվրոպայում էլ ընկալում են որպես անլուրջ պետություն, այնքան անլուրջ, որի հետ չի կարելի նույնիսկ որևէ գործընթացի մեջ մտնել: Մենք կորցրել ենք մեր պետականության վարկը: Չեմ կարծում, թե Եվրոպայից ինչ-որ լուրջ սանկցիաներ կկիրառվեն ՀՀ-ի դեմ, ուղղակի նրանք իրենց օրակարգից կհանեն Հայաստանի հետ կապված խնդիրները: Ահա այս իրավիճակին ու մակարդակին հասցրեցին այսօրվա իշխանությունները իրենց վարած քաղաքականությամբ: 

Մեր վարկը ընկել է նաև Ռուսաստանում: Միանշանակ պետք է բացասական սպասումներ ունենալ: Չեմ ակնկալում, որ ՄՄ-ի պարագայում մենք ինչ-որ նախապատվություններ կստանանք Ռուսաստանից: Այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ռուսի աչքին դառնանք ոչ կայուն գործընկեր: Այդ տիպի պետությանը երբեք չեն հարգում:  Ռուսաստանը փորձել է խափանել ՀՀ-ի ուղղությունը դեպի Եվրոպա և իր այդ խնդիրը լուծել է: 

Նշեմ նաև, որ Ռուսաստանը փոխանակ աշխատեր հայ հասարակության հետ, դրամաշնորհներ բաժաներ հասարակական շրջանակներին, լրատվություններին, թույլ է տալիս, որ դա Արևմուտքն անի: ՌԴ-ն փոխանակ այլընտրանք սարքեր, կիսադեբիլ երկիր դուրս եկավ. աշխատեց միայն իշխանությունների հետ, մինչև հիմա էլ շարունակում է, հետո էլ նեղանում է  իշխանություններից, իսկ հետևանքն էլ ժողովուրդն է իր մաշկի վրա զգում: Մեծ երկիրը պարտավոր է հասարակության հետ աշխատել, բայց Ռուսաստանը նույնիսկ քաղաքական ուժերի միջոցով չի աշխատում, որովհետև դեռ չկայացած երկիր է, միսիոներական երկիր չի, ինչպես ԱՄՆ-ն, եվրոպական երկրները: Ռուսաստանը ապագաղափարական երկիր է:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ