Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:23

ԼՐԱՀՈՍ

Հաշմանդամ մարդիկ. մեր հասարակության գիտակցության մակարդակը. Սուսաննա Թադևոսյան

«Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ

Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներն առկա են յուրաքանչյուր ոլորտում: Սակայն կարևորներից մեկն ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխայի ծնունդն է: Ընտանիքն այդ մասին իմանալուն պես սթրես է ապրում, և նրանց կարիքներին իրականում արագ արձագանք չի լինում՝ բացառությամբ, որ այդ երեխայի նման վիճակի մասին տեղեկացնում է բժիշկը: Հատկապես մարզերում, առավել ևս գյուղական համայնքներում բժշկական-վերականգնողական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժահոգեբանական ծառայություններն անհասանելի են: Դրանք հիմնականում կենտրոնացված են քաղաքներում, թեև պետք է առնվազն մոտ լինեն մարդկանց բնակավայրերին: Օրինակ՝ այն, որ նման ծառայությունից օգտվելու համար մարդը գյուղից լավագույն դեպքում հասնելու է մարզկենտրոն, արդեն խնդիր է: 

Մեր երկրում լուրջ խնդիր է նաև նախադպրոցական կրթությունը: Մանկապարտեզները հիմնականում հավասար հնարավորություններ չեն ստեղծում նախադպրոցական կրթության գործընթացներին հաշմանդամություն ունեցող երեխայի լիարժեք մասնակցության համար: Երևանում մի քանի ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզներ կան, որոնք, սակայն, չունենալով լրացուցիչ, օժանդակող թիմ, խուսափում են ընդունել նման երեխաների: Դա ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Ներառական կրթության համակարգի անընդհատ զարգացումը, դպրոցների քանակի ավելացումը մեր երկրի կարևոր ձեռքբերումներից են: Չնայած դրան` դպրոցները չունեն մասնագիտացված, պրոֆեսիոնալ մանկավարժահոգեբանական աջակցություն, և հաճախ կրթօջախն ունենում է խորհրդատվության կարիք: Այսինքն` մեթոդների կիրառման բազմազանությամբ երեխայի ուժեղ կողմերը ճանաչելու, դրանք զարգացնելու հարցերում, եթե դպրոցն ունենա աջակցության հնարավորություն, ապա յուրաքանչյուր հաստատություն խորհրդատվություն կստանա հոգեբանամանկավարժական նման ծառայություններում: Այս ոլորտում մյուս խնդիրն էլ ներառական դպրոցների՝ հիմնականում Երևանում կենտրոնացված լինելն է: Դրանք քիչ են մյուս քաղաքներում, իսկ գյուղերը զրկված են նման դպրոցներից: Նորից առաջ է քաշվում հասանելիության հարցը, սակայն արդեն օրենքով ամրագրված է, որպեսզի Հայաստանն անցնի ընդհանուր ներառական կրթության համակարգի: Ըստ դրա՝ հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները կունենան ներառական կրթության կազմակերպման կարողություններ, հմտություններ և ռեսուրսներ: Ակնհայտ են խնդիրները նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության ոլորտներում, որտեղ առկա են համընդհանուր միջավայրային, ֆիզիկական արգելքները: Անմատչելիությունը, սկսած շենք մուտք գործելուց մինչև անմատչելի տրանսպորտ, լուրջ խնդիր է, և ընձեռված չեն հավասար հնարավորություններ կրթության մյուս մակարդակներում: Մասնագիտական կրթությունից հետո, բնականաբար, մտնում ենք զբաղվածության ոլորտ: Նշեմ, որ մասնագիտական հմտություններով հաշմանդամություն ունեցող մարդիկ իրականում քիչ են: Խոչընդոտների պատճառով կամ ընդհանրապես, կամ էլ բավարար կրթություն չեն ստացել աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: Այսօր հանրապետության հաշմանդամների մեծ մասը մրցունակ չեն աշխատաշուկայում: Մյուս կողմից էլ աշխատատեղերը հարմարեցված չեն նրանց, ու գործատուները երբեք էլ չեն սպասում հաշմանդամություն ունեցող մարդու: Առաջնորդվելով կարծրատիպերով՝ համոզված են, որ հաշմանդամություն ունեցողն իրենց համար ավելի շատ հոգս է, քան լավ աշխատող: Այս ամենը պատճառ է վերաբերմունքի: Ինչ վերաբերմունք մարդն ունի, դրանով թելադրվում են նրա գործողությունները: 

Անչափ կարևորում եմ իրազեկության բարձրացման քարոզարշավները: Հաշմանդամություն ունեցող անձի իրավունքի շարժումը առաջնորդվում է այդ մարդկանցով, երեխաների ծնողներով, որ իրենք տեր դառնան և պահանջեն իրենց իրավունքները: Քանի դեռ պասիվ են ու սպասում են, որ ոչ հաշմանդամ հասարակությունն օգնի իրենց իրավունքների իրագործման գործընթացում, դրանք կընթանան դանդաղ: 

Խորհրդային տարիներից հաշմանդամության խնդրի մոտեցումը կառուցված է եղել բժշկական մոդելի վրա. հաշմանդամին միշտ դիտարկել որպես հիվանդ և նրան անընդհատ բուժել` մոռանալով, որ նա բնավ էլ հիվանդ չէ: Եթե անմատչելի է միջավայրը, կրթությունը, զբաղվածության ոլորտը, ապա մարդուն ուղղված միջոցներն ու ջանքերն ապարդյուն են, մինչև չփոխվեն վերաբերմունքը և մոտեցումը բժշկականից դեպի սոցիալական մոդել, որի կարևորագույն առանցքն իրավունքն է: Իսկ իրավունքի իրականացման համար պետությունը պարտավոր է վերացնել բոլոր խոչընդոտները: Դրանք միջավայրային, վերաբերմունքային արգելքներն են. խնդիրներ, որոնք պետք է պետությունը վերացնի` համագործակցելով հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց ու նրանց ընտանիքների հետ: Նման մոտեցումը հնարավոր է, ուղղակի պետք է լավ վերաբերմունք ու քաղաքական կամք:

Նաև խոչընդոտ է դեռևս ոչ լիարժեք օրենսդրական դաշտը: Մշակվել է օրենքի նախագիծ, ըստ որի տարբեր կառույցներում հաշմանդամների զբաղվածության ներգրավվածությունը պետք է լինի հինգ տոկոս: Երկիրը պետք է քվոտավորման պատրաստվի մասնագիտական կրթության ոլորտում, մասնագիտական վերապատրաստումների, կողմնորոշման ծրագրերի հարցերում, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը բոլորի նման յուրաքանչյուր աշախատատեղի համար մրցունակ լինի: Այլապես մենք վաղը գործատուին մեկ անգամ իր ճշմարտությունը կհաստատենք, իսկ հաշմանդամություն ունեցողներն աշխատելու ներուժ ունեն, պարզապես հարկավոր է հնարավորություն տալ: Կարծում եմ` լավ նախագիծ է, բայց առնվազն մի քանի տարի կպահանջվի, որպեսզի երկրի բոլոր օղակները պատրաստ լինեն դրան: 

Պետք է հստակ ուշադրություն դարձնել նախադպրոցական կրթությանը, միջավայրային արգելքների վերացմանը, անմատչելիության վերանայմանն ինչպես հասարակական վայրերում, այնպես էլ կրթական ծրագրերում, վերաբերմունքի մեջ, օրենքներում: Բնականաբար, ոչինչ միանգամից լինել չի կարող, սակայն հուսադրողն ու ոգևորողն այն է, որ գործընթացը սկսված է և այն կունենա շարունակություն: Շատ անելիքներ ունեն թե’ պետությունը, թե’ հասարակական ու միջազգային կազմակերպությունները, թե յուրաքանչյուր քաղաքացի: Իրականում հաշմանդամություն ունեցող մարդիկ այս վիճակում են ոչ թե իրենց առողջական խնդիրներով պայմանավորված, այլ մեր սխալ, վատ վերաբերմունքի, կարծրատիպերի ու անմատչելի միջավայրի պատճառով: Իսկ կարծրատիպերը կոտրելու առումով մեծ դեր ունեն ԶԼՄ-ները: Լրատվամիջոցները պետք է հաշմանդամությունն այլ տեսանկյունից լուսաբանեն` բարձրացնելով հաշմանդամություն ունեցողի իմիջը՝ որպես լիարժեք մարդու: 

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ