Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 15:54

ԼՐԱՀՈՍ

Իրական ու ասֆալտի ֆիդայիներ. Ժիրայր Սեֆիլյան

«Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար

Ճշմարիտ ազատամարտիկն, ով պատրաստ էր ընդհանուրի համար գնալ մեծագույն զոհողության, երբեք դա չի արել` մտածելով հետագայում իր իրավունքների պահպանման կամ չպահպանման մասին: Գլխավոր նպատակը եղել է ձևավորել մի պետություն, որտեղ մեր ժողովրդի իղձերը կարող են կյանքի կոչվել: Ազատամարտիկի երազանքը հնարավորինս արդար երկրի կառուցման մասին էր, այնպիսի երկրի, ուր կնախընտրեր ապրել աշխարհասփյուռ հայությունը: Մեր հետին մտքում 1990-ականներին միայն սա է եղել: Երբևէ մենք խնդիր չենք ունեցել, այսօր էլ չունենք, ինչ-որ հատվածական շահեր բարձրացնելու: Իսկ թե ինչ էինք երազում, և ինչ եղավ, անշուշտ խայտառակություն է: Մենք մեզ շատ վատ ենք զգում, հասկանում ենք, որ մեր առաքելությունը տակավին չենք ավարտել: Եթե նախկինում պայքարը միայն արտաքին թշնամու դեմ էր, այժմ ներքին թշնամու ոտնձգությունը կանխելն ավելի կարևոր է: Այդ է պատճառը, որ ես և ինձ նմանները, որ ավելի շատ ռազմական գործիչներ ենք եղել, թաթախվել ենք հասարակական-քաղաքական գործունեության մեջ: Մենք չէինք կարող պարզապես ձեռքներս ծալած նստել: 

Երբ ասում ենք` գոյություն ունի նոր գաղութատիրական իշխող համակարգ, պատահական չենք ասում, դրա մեջ է մտնում նաև ազատամարտիկի հանդեպ վերաբերմունքը: Եթե այսօրվա կառավարման համակարգը չի արժևորում այդ մարդկանց, ուրեմն՝ այս համակարգում ինչ-որ բան այն չէ, ուրեմն՝ սա հայկական պետություն չէ, ուրեմն՝ այս համակարգը ընդհանուրի շահերը սպասարկող համակարգ չէ, սա նոր գաղութատիրական համակարգ է: Երբ բոլորս հասկանանք, որ սա պետություն չէ, խաբկանք է, շատ ավելի արագ կլինի լուծումը: 

Բնականաբար, այն ժամանակ էլ երևում էին ասֆալտի ֆիդայիները: Հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ մարդիկ` պատերազմի մասնակիցներ, պատասխանատու մասնակիցներ, ովքեր պատերազմի ընթացքում իրենց լավ էին պահել, խաղաղ պայմանների նյութապաշտական գայթակղությանը չդիմացան: Սակայն դա չի նշանակում, որ նրանք լուրջ ներդրում չեն ունեցել կամ անհայրենք մարդիկ են եղել, այդպես չէ: Եթե հետպատերազմյան շրջանում մեր երկիրն այլ կառավարման համակարգ ունենար, ռազմի դաշտով անցածների մի մասն այսօր մեր ժողովրդի կեղեքիչը չէր դառանա: Հետպատերազմյան շրջանում նրանք շատ ժամանակ ունեցան, և սկսվեց նվիրյալների նկատմամբ հալածանքը: Ի սկզբանե էլ մի բան չէր, սակայն նվիրյալների կամավոր ներկայությունն Արցախում խոչընդոտեց նրանց: Այդ օրերին մեր երկրի ներքին կյանքը շատ ավելի արդար էր, քան այսօր: 

Պատերազմում կային անհատներ, ովքեր մինչ այդ հանցավոր անցյալ էին ունեցել, բայց այդ մարդիկ չէին դադարել հայրենասեր լինելուց: Այդ տեսակը ազատամարտին շատ օգուտ է տվել: Նմանների դրսևորումը այնքան հերոսական է եղել, որ եթե մեկը լսեր նրա հանցավոր անցյալի մասին, կզարմանար: Սակայն նաև կային միայն շահադիտական նպատակներով մարտի դաշտում հայտնվածներ: Կային մարդիկ, որ իսկի Արցախ չէին էլ հասնում, այլ Հրազդանի ձորում էին համազգեստով ու զենքերով նկարվում ու տարածում, թե ազատամարտին են մասնակցել: Նրանցից շատերն այսօր տնտեսական ոլորտների տեր ու տիրակալներ են: Բայց թաց ու չորը մեր ժողովուրդը շատ լավ զանազանում է, գիտե` ով է գաղափարական եղել, ով` ոչ: Մեր` գաղափարականներիս մեղքը սա է` այսքան անտեր չպետք է թողնեինք, չպիտի թողնեինք, որ քաղաքական ղեկավարությունն իր սանձարձակությունն աներ: Մեր համբերությունը շատ մեծ է եղել այս հարցում, և դա վնաս է տվել մեր ժողովրդին: Բայց այսօր 25 տարի առաջվա գաղափարական մարտիկները միացել են, մեզ է միացել նաև նոր երիտասարդությունը, որ մեզանից էլ հայրենասեր է: Մեր միասնական պայքարը կբերի վերջնական հաղթանակի: 

Ես Դաշնակցության միասնական ջոկատների հրամանատարն էի: Քաղաքական հարթության վրա կուսակցական հակասություն եղել է, սակայն կռվի դաշտում դա չէր զգացվում: Բոլորս էլ գիտակցում էինք` ի՞նչ կապ ունի՝ իմ աջ թևը Դաշնակցական է, թե՞ ՀՀՇ, թե՞ այլ ջոկատի ներկայացուցիչ: Գոնե Արցախում այդ տարիներին քաղաքական հողի վրա պառակտումներ կամ հալածանքներ չեն եղել, չնայած որ 1990-ականներին Արցախի խորհրդարանի մեծամասնությունը դաշնակցականներ էին: Սա վատ էր, որովհետև Երևանում ձևավորվել էր մի իշխանություն, որը Դաշնակցության հետ չուներ: Պատերազմից հետո սկսվեց հատվածական պայքարը, և այդ մթնոլորտի արդյունքում մեզ չհաջողվեց պետություն ստեղծել: Հատվածական շահերի պաշտպանությունն անգամ մարդասպանության բերեց:  Իմ համոզմամբ՝ մարդասպանությամբ պետություն չի կառուցվում: Այդ նույն սխալը չպետք է կրկնել, որովհետև այդ ծայրահեղ միտքն այսօր էլ է պտտվում շատերի գլխում: Եթե մենք պետություն ենք ուզում, պիտի այլ ձև գտնենք, քան սպանությունն է: 

Ես պետք եղածից շատ ավելի գնահատված եմ զգում ինձ, հրապարակայնությունը մեր տեսակի գործիչների համար չէ: Մենք ստիպված ենք վերջին 10 տարում հրապարակային գործիչ դարձել: Ես անգամ գերբավարարվածություն ունեմ, որովհետև այս համակարգի հալածանքն իմ նկատմամբ ինձ դարձրեց ավելի հայտնի: Այսօր շատերն են ինձ ճանաչում, շատերն են բարևում, անգամ տաքսի եմ նստում, վարորդը չի ուզում փողը վերցնել: Ես մեր ժողովրդի իմաստությանը երբեք չեմ կասկածել ու չեմ կասկածում: Նորից եմ ասում` մենք ինչ-որ արել ենք, մեզ գնահատելու կամ չգնահատելու համար չենք արել, այլ արդյունքի համար, գետնի վրա հողը պահելու համար ենք արել: Նվազագույնն արել ենք, սակայն ներքին իմաստով դատարկություն է, մենք պետք է ամեն ինչ անենք այդ բովանդակությունը լցնելու համար:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ