Երեքշաբթի, Ապրիլ 25, 2017

 14:32

ԼՐԱՀՈՍ

Հեյֆեր․ երկխոսություն մշակույթների միջև

«Հեյֆեր Հայաստանը» Եվրոպական միության աջակցությամբ Երևանում անցկացրեց Տարածաշրջանի երիտասարդական բանավեճի մրցույթ: Մրցույթը կազմակերպված էր «Երիտասարդները՝ հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագրի շրջանակներում: 2013թ. մայիսին մեկնարկած ծրագիրը կշարունակվի 12 ամիս: Ծրագիրն ուղղված է երիտասարդներին, և սա պատահական չէ: «Հեյֆեր»-ում մշտապես մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդների կրթությանը և առաջընթացին` դիտելով նրանց որպես ապագայի զարգացած և կիրթ քաղաքացու: Երիտասարդը պետք է կարողանա ինքն իրեն դիտարկել որպես ռեսուրս: «Աշխատանքային տարածքի, ֆինանսական միջոցների և շատ այլ օժանդակ նյութերի հետ կապված հարցեր կարող են լուծվել, բայց խնդիրը կմնա չլուծված, եթե մարդն ինքն իրեն չընկալի որպես ռեսուրս: Ամեն տեղ կարևորը հենց մարդկային ռեսուրսն է՝ նրա մտավոր կարողությունները, գիտելիքները, և ամենամեծ ներդրումը հենց մարդն է: Կարևոր է, որ երիտասարդները սա գիտակցեն»,- ասաց «Հեյֆեր Հայաստան»-ի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:

Մեկամյա այս ծրագիրը կազմված է հիմնական երեք բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին քայլեր և իր առջև դրված հստակ նպատակներ: Բանավեճի մրցույթն այս ծրագրի երկրորդ բաղադրիչում ներառված միջոցառումներից մեկն էր, որին, սակայն, նախորդում և հաջորդում են ոչ պակաս կարևոր մի քանի միջոցառումներ: Մասնակիցները երիտասարդներ են Սևծովյան ավազանի չորս երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Բուլղարիայից և Թուրքիայից: Ծրագրի առաջին բաղադրիչը նվիրված էր ‹‹Համընդհանուր արժեքներ››-ին: Անցկացվեցին ուսուցումներ չորս երկրները ներկայացնող ուսուցանողների համար՝ ԵՄ և գործընկեր երկրների հիմնական արժեքների վերաբերյալ: Դրանից հետո ուսուցանողները իրենց գիտելիքները և ստացած հմտությունները փոխանցեցին ծրագրում ներգրավված իրենց երկրի երիտասարդներին: Առաջին բաղադրիչի շրջանակներում այս սեմինարներին հաջորդեց տարածաշրջանային երիտասարդական ֆորումը՝ ուղղված Սևծովյան ավազանի հարուստ մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Նշված նպատակին հասնելու համար կային նախանշված երկու սկզբունքային քայլեր, որոնք պարտադիր էին ցանկալի արդյունքը ստանալու համար. ‹‹ճանաչիր ինքդ քեզ›› և ‹‹ճանաչիր քո հարևանին››: Գլխավորն այստեղ սեփական մշակույթն ու արժեքները հստակ իմանալն էր, քանի որ միայն շնորհիվ դրա հնարավոր կլիներ այն ներկայացնել նաև ‹‹հարևանին››: ‹‹Ես շատ կարևորում եմ ‹‹ճանաչիր քո հարևանին›› փուլը, որն իսկապես շատ հետաքրքիր եղավ հատկապես Հայաստանից և Թուրքիայից մասնակցող երիտասարդների համար: Ըստ վիճակահանության՝ հայերն իրենց ազգային արժեքները պետք է ներկայացնեին թուրք երիտասարդներին, այնուհետև նրանց սովորեցնեին և ինֆորմացիա տրամադրեին այդ արժեքների՝ երգերի, պարերի, ճաշատեսակների և այլնի մասին այնպես, որ Թուրքիան ներկայացնող մասնակիցները նույնպես կարողանան ներկայացնել իրենց հարևանին, այսինքն՝ Հայաստանին: Նույն խնդիրը դրված էր նաև հայերի առաջ՝ ճանաչել թուրքական մշակույթն ու այն ներկայացնել մյուսներին ըստ արժանվույն: Կարծում եմ՝ լավագույն տարբերակը հենց դա էր, որ հայերն ու թուրքերը ներկայացնեին մեկը մյուսին՝ դրսևորելով հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք և վստահություն››,- ասաց Անահիտ Ղազանչյանը:

Բանավեճի տարածաշրջանային մրցույթին նախորդել են բանավիճելու և փաստարկման վերաբերյալ ուսուցումները, որոնք ներառում էին այնպիսի հմտությունների ձեռքբերում, ինչպիսիք են ոչ բռնի հաղորդակցության միջոցները, կառուցողական փաստարկների կիրառումը և այլն: Սա երիտասարդներին հնարավորություն կտա արդյունավետ քննարկումներում ներգրավվել այլ մշակութային պատկանելության երիտասարդների հետ՝ առանց կոնֆլիկտների և առանց մյուսների մշակութային արժեքների ոտնահարման: Բացի այդ այն հնարավորոություն էր գիտելիքներ ձեռք բերելու, որոնք կարևոր են և պետք է հիմք ծառայեն հետագա շփման ու համագործակցության համար: ‹‹Սա մեր երկրորդ այցն է Հայաստան, և երկուսն էլ շատ հետաքրքիր էին: Սա իսկապես հիանալի հնարավորություն է երիտասարդների համար լսել, իմանալ հայկական մշակույթի մասին, ինչպես և ծանոթանալ Վրաստանի և Բուլղարայի արժեքային համակարգերին: Երբ մենք տեսնում ենք նման արդյունքներ, մտածում ենք արդեն հաջորդ ծրագրի մասին: Ես սիրեցի ձեր մշակույթը››,- ասաց Թուրքիայից ժամանած ուսուցանող Սերդար Սերհաթ Սալանթուրը: Կարծիքներն այս հարցի շուրջ իրարամերժ չէին: Վրաստանից ժամանած մասնակիցներից Մերի Քադագիձեն խիստ կարևորեց այս ծրագիրը՝ ընդգծելով հատկապես սեփական երկիրը ներկայացնելու կարևորությունը. ‹‹Ես մասնակցեցի այս ծրագրին, որովհետև ցանկանում էի ներկայացնել ինքս ինձ և իմ երկիրը այն երկրներին, որոնք հետաքրքրված են նրանով: Իրականում շատ հետաքրքիր է ծանոթանալ այլ երկրների մշակույթներին, հասկանալ՝ ինչ նմանություններ ու տարբերություններ մենք ունենք: Օրինակ՝ ես պարզեցի, որ հայերի հետ մենք ունենք բնավորության նման գծեր, բուլղարացիներից շատ տարբեր ենք, բայց երբեմն ունենք միանման հետաքրքրություններ: Սա իսկապես շատ հետաքրքիր է››: 

‹‹Երիտասարդները հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության›› ծրագրի վերջին՝ երրորդ փուլը, Սևծովյան ավազանի տարածաշրջանի երիտասարդական ակումբների կամ կենտրոնների ընդլայնված ցանցի ստեղծումն է հետագա համագործակցության նպատակով: ‹‹Նմանատիպ ցանցի նախատիպ մենք արդեն ունենք՝ Այո ակումբների ցանցը Հայաստանում: Հիմք ունենալով այս ցանցի հաջողությունը՝ կարող ենք ակնկալել, որ այս գաղափարը ևս կունենա լուրջ հաջողություններ և կդառնա տարածաշրջանում մշակութային զանազանության նկատմամբ հարգանք սերմանելու և դրա շուրջ համագործակցելու ուղիները քննարկելու լավագույն հարթակը››,- սա Հեյֆերի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանի ակնկալիքն է այս ծրագրի երրորդ փուլից:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ