Շաբաթ, Նոյեմբեր 18, 2017

 03:07

ԼՐԱՀՈՍ

Կամայական արդարադատություն. Գագիկ Մայիլյան

«Կլեմենտիա» փաստաբանական գրասենյակի տնօրեն

Դատաիրավական համակարգի մասին խոսելիս կցանկանայի նշել շատ կարևոր բացթողումներ: Դրանք այն գործերն են, որոնք բացասական ազդեցություն են ունենում մեզ` փաստաբաններիս վրա. նույնատիպ գործեր, որոնք դատական ատյաններում քննելիս տարբեր եզրահանգումներ են ունենում: Հիմնականում ինձ մտահոգում են այն գործերը, որոնց վերաբերյալ վճռաբեկ դատարանը իր դիրքորոշումն է հայտնում՝ մինչև դրանք կհասնեն վերադաս դատական ատյաններ: 

Օրինակները բազմազան են. ասենք՝ դատական ծանուցման բացակայության դեպքում կողմը զրկված է լինում դատական քննության արդյունավետ պաշտպանական միջոցներ իրականացնելուց, հետևաբար դատական պրոցեսը պետք է սկսվի նորից: Եթե անձն իր իրավունքների մասին իմանում է մի քանի ամիս հետո և նույն հիմքով դիմում է դատարան, դատարանը մի դեպքում բավարարում է հայցը, մյուս դեպքում չի բավարարում. կոպիտ սխալն ակնհայտ է: 

Կամ օրենքն ասում է` եթե անձը չի ստացել պատշաճ ծանուցում, ապա դատական ակտը ենթակա է բեկանման: Սա մի դեպքում կիրառվում է, մյուս դեպքում` ոչ: Կարող ենք վերցնել այլ օրինակ. ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների դեպքում օրենքը կրկին խարխուլ վիճակում է: 

Ես կցանկանայի, որ ռազմավարական բարեփոխումներն ուղղված լինեին դատարանների կամայականությունների դեմ: Մեր դատավարական պրակտիկան ցույց է տվել, որ, անկախ փաստաբանի մասնագիտական ունակություններից ու փորձից, դատարանները հաճախ դիրքորոշում են ընդունում իրենց հայեցողությամբ, որոնք պահպանվում են մինչև գործը վճռաբեկ դատարան հասնելը: Վճռաբեկ դատարանը ինքն իրեն հակասող որոշում է կայացնում, այն հակասում է նախկինում ընդունված որոշումներին: Ցավալի է, որ այդ որոշումները մինչև վերադաս դատական ատյանում բողոքարկելը մնում են նույնը` հակասական այն նախադեպերին, որոնք ընդունվել են վճռաբեկ դատարանի կողմից: Իսկ դրա դեմ պայքարելու ի՞նչ ռազմավարություն ենք ընտրել մենք` փաստաբաններս: Մենք ամեն ինչ անում ենք, որ կարողանանք այդ հարցին օբյեկտիվ լուծում տալ: Մենք կարողանում են պայքարել միայն դատական պաշտպանության սահմաններում: Այլ պայքարի միջոցներ չունենք: Մինչդեռ հարկավոր է պետական մարմինների միջամտությունը, նրանց, ովքեր պիտի ավելի հետամուտ լինեն: 

Մենք ունեինք վարչական վարույթին վերաբերող գործեր, որոնք կապված էին փախստականների խնդիրների հետ. դրանք քաղաքացիական, նույնիսկ քրեական ոլորտին են առնչվում: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը 2012-2013թթ. որոշում է կայացնում նրանց փախստական չճանաչելու մասին: Չգիտես ինչու՝ նոր են հայտնաբերում, որ այն անձիք, ովքեր ժամանակին եկել են, փախստականներ չեն, և նրանց փախստական չճանաչելու մասին որոշում է կայացվում` խախտելով վարչարարության մասին օրենքները: Երբ պահանջ ենք ներկայացնում, դատարանում ընդունում են, սակայն վերջնական որոշումը կայացնում են` մերժել: Իրավական պատճառաբանությունները մի քանի տողով են ներկայացվում: Դատարանում ասում ենք, որ վարչարարության ժամկետները խախտել եք, ասում են` ճիշտ եք, բայց մեր պահանջը մերժվում է: Իսկ երբ խոսքը վերաբերում է հեղինակավոր և ունևոր մարդկանց գործերին, պարտվում ես: Պարտվում ես ոչ թե նրա համար, որ մասնագիտական թերություններ ունես կամ սխալ ես թույլ տվել, այլ ուրիշ հանգամանքների պատճառով: Այստեղ իրավաբանության մասին խոսք չկա:

Դատարաններում ակնհայտ անօրինականությունները շատ են, ինքս զարմանում ու մտածում եմ, թե ինչ իրավաբանության մասին է խոսքը: Ասում ենք` արդարություն կամ արդարադատություն: Մեր հարգարժան դասախոսներից մեկի խոսքերով` «արդարադատությունը հարաբերական հավասարության մեջ ճշմարտության հասնելն է»: Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, ապա արդարադատություն արդարադատությունում մենք չենք տեսնի: Այն դառնում է ուտոպիա: Մի բառ էլ կա, որը կոչվում է «համագործակցություն»: Ես համագործակցում եմ շատ փաստաբանների հետ, բայց չեմ ցանկանա, որ ստվերային համագործակցություն լինի դատական իշխանության հետ: Չգիտեմ, թե ինչքան, բայց այդ երևույթը կա. եթե չլիներ, այդքան անարդարություններ չէին լինի: Եթե այդ չակերտավոր համագործակցությունը կանխվի, կարծում եմ, որ կնվազեն անարդարությունները մեր քաղաքացիների հանդեպ: 

Օրենսդրական ամբողջ համակարգում չկա մի ոլորտ, որտեղ հակասություններ չլինեն: Մենք մասնակցել ենք քաղաքացիական դատավարության ամբողջ օրինագծի փոփոխմանը, և ես կողմ եմ դրան, որովհետև կան կարևոր հանգամանքներ. օրինակ՝ դատարանում՝ քաղաքացիական դատավարության ընթացքում, փաստաբանը զրկված է որոշակի գործողություններ կատարելուց, հավասարության պայմաններում գործը քննելուց: Օրինագծի փոփոխման շնորհիվ, կարծում եմ, կբարելավվի փաստաբաններիս գործունեությունը, և այդ պայմաններում անձը ավելի մեծ հնարավորություններ կունենա դատարաններում իր իրավունքները պաշտպանելու համար: 

Ներկայիս դատավարական համակարգը որոշակի չափով բավարարում է, բայց հասարակության զարգացման, նրա կենսագործունեության փուլում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում հարկավոր է նոր օրենքներ ընդունել: Մենք հիմա էլ առնչվում ենք այն խնդրին, որ կան հարաբերություններ, որոնք կարգավորված չեն օրենքով: 

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ