Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:22

ԼՐԱՀՈՍ

Կամավորություն ՝ քաղաքացիական գիտակցությամբ

20-րդ դարի 2-րդ կեսից քաղաքացիական հասարակության մասին սկսեցին դատել նաև տվյալ երկրում կամավորության զարգացման աստիճանով: Կամավորությունը ուժեղ, հաջողակ և ազատ մարդկանցով կազմված դեմոկրատական ակտիվ հասարակության խորհրդանիշ է ժամանակակից աշխարհում: Հայաստանում կամավորական շարժումը զարգացման թափ ստացավ 1990-ական թթ., և նրա ակունքներում էր Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբը (HUJ), որն առայսօր հաջողությամբ իր կամավորական գործունեությունն է ծավալում Հայաստանում և արտասահմանում: 

Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայությունը հիմնադրվել է 1965թ. որպես Կոմերիտմիության Կենտկոմին կից բաժին: Խորհրդային Միության օրոք մոտ 10 000 հայ կամավորներից կազմված ուսանողական ջոկատները ամեն տարի աշխատել են ԽՄ և Հայաստանի խոշոր շինհրապարակներում, կարևոր հաստատություններում և հիմնարկներում: 

1988թ. երկրաշարժից հետո Շտաբի փրկարարական ջոկատների ուժերով 1000-ից ավելի մարդիկ փրկվեցին փլատակների տակից: Մինչև 1993թ. ամեն տարի աղետի գոտի են մեկնել 14-15 հազարանոց ուսանողական ջոկատներ, որոնք մասնակցել են երկրաշարժից տուժած 7 քաղաքների և 149 գյուղերի վերականգնման աշխատանքներին: 

Տարբեր եվրոպական երկրների հետ կամավորների միջազգային փոխանակություններ HUJ-ը սկսել է իրականացնել 1992 թ.` հանդիսանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային կամավորական ծառայության համակարգող կոմիտեի և Եվրոպայի կամավորական կազմակերպությունների Ալիանսի անդամ: Շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը հիշում է. «Երբ նոր էինք սկսել մեր գործունեությունը, քչերն էին հավատում մեր հաջողությանը, չէին հավատում, որ հայ երիտասարդները կարող են արտերկրում կամ Հայաստանում անվճար աշխատել»: Բայց հաջողություն ունեցան, և հենց առաջին տարվանից դրվեց մասնակիցներին մրցութային կարգով ընտրելու համակարգը: Արդյունքում` 22 տարիների ընթացքում HUJ ծրագրերին մասնակցել են 15 000 երիտասարդներ: 


Հայ կամավորներն արտերկրում, սեմինարներ, երկարաժամկետ կամավորություն

Ամեն տարի 250 հայ կամավորներ մասնակցում են միջազգային աշխատանքային ճամբարներին արտասահմանում` էկոլոգիական, շինարարական, վերականգնողական, մշակութային, հնագիտական, գեղագիտական, սոցիալական ծրագրերով: Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբը կազմակերպում է կամավորների փոխանակում ավելի քան 40 արտերկրյա կազմակերպությունների հետ: Այսօրվա դրությամբ շտաբում գրանցված է 3000 կամավոր: Ֆիլիպ Մելիքյանը HUJ ծրագրերի կոորդինատոր է, զբաղվում է հայ կամավորներին արտասահմանյան ճամբարներ ուղարկելով և Հայաստանում ու արտերկրում կազմակերպվող սեմինարների ու թրեյնինգների մասնակիցների ընտրությամբ: Նա վստահեցնում է, որ կամավորական ճամբարներում մասնակցությունը երիտասարդներին դարձնում է առավել գթասիրտ, ինքնուրույն և պատասխանատու: Հանրօգուտ աշխատանքի արդյունքում նպաստելով հյուրընկալող կողմի սոցիալ-տնտեսական այս կամ այն խնդրի լուծմանը` կամավորը նաև անձնական օգուտներ է քաղում. անգլերեն լեզվի արդյունավետ պրակտիկա է անցնում, ձեռք է բերում նոր փորձ ու գիտելիքներ, բացահայտում կազմակերպչական ունակություններ, հաստատում կապեր, ծանոթանում տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների հետ, լինում նրանց տեսարժան վայրերում, նաև իր կողմից ներկայացնում Հայաստանը: Այս ամենին գումարվում են նաև կամավորության կարևոր հմայքները. կոլեկտիվ հանգստի, աշխատանքի ու ժամանցի ռոմանտիկ ու հիշարժան բազմաթիվ պահերը: 

Շտաբի կողմից Հայաստանում կազմակերպվող սեմինարներն ու թրեյնինգները ևս նպաստում են միջմշակութային երկխոսության կայացմանը: Վերջին տարվա ընթացքում 5 ծրագիր է իրականացվել  Եվրահանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ("Youth in action") ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրերը բարձրացնում են ակտիվ և ոչ անտարբեր երիտասարդների ինքնագիտակցությունը, վստահություն ներշնչում, որ իրենք կարող են բարելավել ոչ միայն սեփական, այլև շրջապատի կյանքը: 

HUJ-ը կազմակերպում է նաև հայ կամավորների մասնակցությունը եվրոպական կամավորական ծառայության երկարաժամկետ ծրագրերին (EVS) արտասահմանում, նաև Հայաստանի 7 ընդունող կազմակերպություններում կոորդինացնում է եվրոպական երկարաժամկետ EVS և Weltwarts գերմանական ծրագրերով կամավորների մասնակցությունը: HUJ-ի երկարաժամկետ ծրագրերի կոորդինատոր Լիլիթ Մկրտչյանը նշում է, որ մինչև 12 ամիս տևող այս ծրագրերը հայ երիտասարդներին օգնում են իրենց մեջ զարգացնել փոխըմբռնման զգացում, ձեռք բերել անձնական և մասնագիտական փորձ, զարգացնել մտահորիզոնը, տեսնելով սեփական աշխատանքի արդյունքները՝ հասնել այն գիտակցության, որ հաճախ հոգևոր արժեքներն ավելի կարևոր են, քան նյութականը: Երկարատև կամավորության ընթացքում երիտասարդը կարողանում է ավելի լիարժեք ինքնադրսևորվել, զգալ իր աշխատանքի կարևորությունը, վերաիմաստավորել իր արժեքային համակարգը: 


Օտարերկրացի կամավորները Հայաստանում 

Ամեն տարի Հայաստանում բացվում են 6-8 կամավորական ճամբարներ, որտեղ հայ և արտասահմանից ժամանող կամավորները կատարում են վերականգնման, երեխաների հետ էսթետիկական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ, կազմակերպում երեխաների հետ համատեղ հանդեսներ, համերգներ, բեմադրություններ, խաղեր: Ամեն տարի կամավորներին սպասում են Մանկական վերականգնողական կենտրոնում, «Զատիկ» ցերեկային խնամքի կենտրոնում, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, «ՍՕՍ» մանկական գյուղում: Նրանց բարեկարգման աշխատանքների կարիքն է զգացվում Զվարթնոց տաճարի տարածքում, Բուսաբանական այգում: Ի դեպ, հեշտ չէ օտարերկրացի ուսանողների համար HUJ-ի ճամբարներում ներգրավվելը. մեկ տեղի համար հայտ են ներկայացնում 5 և ավելի հոգի և հաճախ ստիպված են լինում մեկ-երկու տարի սպասել: Հայաստանի հանդեպ այս մեծ հետաքրքրության պատճառները շատ են. կացարանային նորմալ պայմաններ, ազգային կերակրատեսակներով համեղ ու բազմազան սնունդ, բազմապրոֆիլ աշխատանքներ և հագեցած էքսկուրսիոն-մշակութային ծրագրեր, որոնց ընթացքում օտարերկրացի ուսանողներին ազգային պար և հայերեն են սովորեցնում: Ամեն տարի մոտ 150 կամավորներ են այցելում Հայաստան, նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր այցելում են արդեն երկրորդ, երրորդ անգամ: HUJ-ի պատասխանատու քարտուղար Երեմ Ստեփանյանը նշում է, որ օտարերկրացի կամավորներին իրենց բուն կամավորական գործունեությունից բացի դեպի Հայաստան են գրավում մեր երկրի ջերմությունը ու հինավուրց պատմությունը, և նրանց համար սահմանված երկշաբաթյա ժամկետը շատ արագ ու հագեցած է անցնում: Համատեղ ճամբարներում օտարերկրացիների հետ նաև հայեր են մասնակցում: Իհարկե HUJ-ում կամավոր գրվելու համար ներկայացվում են կրթության և օտար լեզվի գիտության պահանջներ, սակայն դա էլ բավարար չէ իսկական կամավոր դառնալու համար: Կամավորը պարտադիր չէ, որ ունենա տաղանդ, այլ օգնելու ցանկություն: Նա պետք է պատրաստ լինի իր կյանքի ժամանակը կիսել ուրիշի հետ և փորձի այդ ուրիշի կյանքը իր գթասրտութամբ դարձնել մի քիչ ավելի լավ:  

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ