Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:10

ԼՐԱՀՈՍ

Հաբիթաթ․ տանիքի հնարավորություն անօթևաններին

1990-ականներին Ադրբեջանից շուրջ 350 հազար հայեր բռնագաղթեցին Հայաստան, որոնք այդ ժամանակաշրջանի մեր երկրի բնակչության 12%-ը կազմեցին: Փախստականների հոսքը համընկավ երկրաշարժի և պատերազմի արհավիրքների հաղթահարման ու նոր քաղաքատնտեսական համակարգի կայացման գործընթացներին: Դրանք խթանեցին նաև բնակարանային աղքատության ծավալմանը, որն առայսօր մնացել է լիովին չլուծված հիմնախնդիրների շարքում: Երկրի բնակչության 5%-ը դեռևս ապրում է ժամանակավոր կացարաններում` մետաղյա շարժական տնակներում, վթարային կամ կիսավեր շենքերում, ինչպես նաև հասարակական նշանակության շենքերում, ինչպիսիք են նախկին թանգարանները, հանրակրթական հաստատությունները կամ հանրակացարանները։ Չափանիշներին չհամապատասխանող ժամանակավոր այդ կացարանները հիմնականում չունեն առաջնային կարևորության հարմարություններ` սանհանգույց և խոհանոց: Ներկայումս երկրի բնակարանային ֆոնդի 96%-ը մասնավորեցված է, իսկ մնացյալ 4%-ը պետական սեփականության ներքո է և օգտագործվում է սոցիալական խնդիրների լուծման համար։ Մատչելի բնակարանների ձեռքբերման համար պետական աջակցության համակարգ գոյություն չունի։ Անցյալ երկու տասնամյակներում կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների բնակարանային ծրագրերի հիմնական շեշտը դրվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու վրա, ու չնայած դրան, «աղետի գոտին» իր խորացած խնդիրներով շարունակում է մնալ երկրի հիմնախնդիրներից մեկը: Բացի այդ կան աղետի գոտուց դուրս բնակվող հազարավոր ընտանիքներ, ովքեր ապրում են չափանիշներին չհամապատասխանող, անավարտ, երբեմն կյանքի համար վտանգավոր շինություններում:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը առաջարկում է խնդրի լուծման սեփական մեխանիզմները՝ միավորելով տարբեր մարդկանց Տուն կառուցելու և Հույս սերմանելու առաքելության շուրջ: Հիմնադրամը նման ընտանիքների համար իրականացնում է բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: ՀՖՀ Արմենիան հանդիսանում է ՀՖՀ Ինթերնեյշնլի ազգային գրասենյակը Հայաստանում և գործում է 2000թ. սկսած: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի» տեսլականն է` ստեղծել այնպիսի աշխարհ, ուր յուրաքանչյուրն ունի ապրելու պատշաճ վայր: Հետևաբար, լինելով Հաբիթաթ ընտանիքի անդամ, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի» առաքելությունն է վերացնել բնակարանային աղքատությունը Հայաստանում: Եվ իր գերնպատակը կյանքի կոչելու համար կամավորների աշխատանքի և գործընկեր ընտանիքների ուժերով իրականացնում է տների և բնակարանների վերակառուցման ու վերանորոգման ծրագրեր ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար, տրամադրում բնակարանաշինության և տների վերանորոգման մատչելի վարկեր՝ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանքներ կատարում երկրում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Գործընկեր ընտանիքների ամսական վճարումների գումարները հավաքվում են Շրջանառու ֆոնդում և կրկին օգտագործվում «Հաբիթաթի» կողմից նոր բնակարանային ծրագրերի իրականացման համար: Միայն 2013թ. ընթացքում «Հաբիթաթ Արմենիան» օժանդակել է 1413 ցածր եկամուտ ունեցող հայ ընտանիքների՝ նրանց պարգևելով նոր հույս՝ ապահով, պատշաճ և մատչելի բնակարանների տեսքով: Այս ցուցանիշը 46%-ով գերազանցում է ծրագրված նիշը, որն էլ թույլ է տալիս բարձրաձայնել, որ «Հաբիթաթի» վերջին ֆինանսական տարում յուրանքանչյուր 6 ժամվա ընթացքում բարելավվել են մեկ հայ ընտանիքի բնակարանային պայմաններ: Բնակարանների վերակառուցման և վերանորոգման աշխատանքներում «Հաբիթաթ Արմենիան» համախմբում է անհատ նվիրատուներին, ֆինանսական կազմակերպություններին, կամավորներին, համայնքներին՝ սատարելու պատշաճ կացարանի կարիք ունեցող մարդկանց: Գործընկեր ընտանիքներին «Հաբիթաթը» մենակ չի թողնում նաև կառուցման ու վերանորոգման գործում, նրանց կողքին են օտարերկրացի կամավորները, ովքեր գործնականում միմյանց օգնության ձեռք մեկնելու և մյուսի խնդիրների հանդեպ անտարբեր չմնալու պարզ մարդկային օրինակ են ցույց տալիս՝ ընտանիքի հետ մասնակցելով վերանորոգման աշխատանքներին: Ուրախալի է, որ նրանց միանում են տեղացի կամավորները, ինչպես օրինակ՝ «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության աշխատակիցները: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր համայնքում, իր կողքին բնակարանային ոչ պատշաճ պայմաններում ապրող յուրաքանչյուր ընտանիքի խնդիրը նաև նրա հարևանների և ընդհանրապես տվյալ համայնքի ու պետության խնդիրն է, որը նաև վերաբերում է վաղն առողջ ու իր ուժերին վստահ, հավատով լի սերունդ ունենալուն: Այդ է պատճառը, որ «Հաբիթաթ Արմենիան» ակտիվորեն համագործակցում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Այդ համագործակցությունն ավելի է ակտիվացել վերջին շրջանում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման և բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման ծրագրերի շրջանակներում: Հայաստանում բնակարանային հնակառույց շենքերի մի մասի վիճակն աղետալի է և շարունակում է վատթարանալ թերի պահպանության և սպասարկման  պատճառով։ «Հաբիթաթ Արմենիա» հիմնադրամը այդպիսի բազմաբնակարան շենքերի անբավարար բնակարանային պայմանների խնդիրը լուծում է ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ուղղված ծրագրով: 

Ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար բնակարանային պատշաճ պայմաններ ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքները «Հաբիթաթ Արմենիայում» բավական լայնածավալ են: Դրանք սկսվում են բնակարանային քառակուսի մետրերից, ընդարձակվում մինչև բազմաբնակարան շենքի շքամուտք, համայնք և հանրապետության ամբողջ տարածք:

Այո՛, տունը չի կարող ապահով լինել, եթե կա գլոբալ աղետի վտանգ և չկան դրանց ծանր հետևանքները կանխարգելող ցուցումներ և միջոցառումներ: Հայտնի է, որ Հայաստանը Եվրոպայի ամենաակտիվ սեյսմիկ երկրներից է, դրան միանում են նաև այլ բնական աղետներ՝ սողանքներ, գետային վարարումներ, կարկտահարություն, որը, թեև ուղղակիորեն չի ազդում բնակարանների վրա, սակայն վնաս հասցնելով գյուղատնտեսությանը՝ կարող է բացասաբար անդրադառնալ տեղի տնտեսության, հետևաբար և տեղական բնակարանային չափանիշների վրա, ինչպես նաև դրանք խոցելի դարձնել այլ աղետների համար: ՀՖՀ Արմենիան մշակել է Աղետների արձագանքման ծրագիր, որի շրջանակներում գործընկեր ընտանիքները անհրաժեշտ ցուցումներ են ստանում ճիշտ տեխնոլոգիաների ներդրմամբ հավանական աղետի դեպքում ռիսկերը նվազեցնելու վերաբերյալ, ձեռք բերում համապատասխան շինարարական աշխատանքների տեխնիկական օժանդակության ուղեցույցներ, որտեղ բացի շինարարության վերաբերյալ խորհուրդներից շեշտված են նաև երկրաշարժի դեպքում պաշտպանվելու ցուցումները: Իսկ լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների դեպքում «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան» կներգրավվի համատեղ գործողություններում՝ օգնելու Հայաստանի կառավարությանը կյանքեր փրկելու և կորուստները նվազեցնելու նպատակով: Ինչպես տեսնում ենք, բնակարանային աղքատությանն ուղղված «Հաբիթաթ Արմենիայի» քայլերը բավական խորքային են ու լայնամասշտաբ: Դրանց արդյունքում արդեն ավելի քան 2700 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ ձեռք են բերել ապահով, կայուն ու պատշաճ կացարան, որը կոչվում է տուն:

ՀՖՀ Արմենիան անչափ շնորհակալ է նվիրատուներին, գործընկերներին, կամավորներին և աջակիցներին ներդրումների համար, որոնց շարունակական աջակցության շնորհիվ «Հաբիթաթը» կարողանում է կառուցել տներ և հույս սերմանել մարդկանց սրտերում: Մենք կոչ ենք անում տեղի մեծահարուստներին, մասնավոր կազմակերպություններին, մեր հայրենակիցներին համագործակցել «Հաբիթաթ Արմենիայի» հետ Հայաստանում աղքատ բնակարանային պայմանների վերացման առաքելության գործընթացում:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ