Շաբաթ, Նոյեմբեր 18, 2017

 03:10

ԼՐԱՀՈՍ

Իրական ու ասֆալտի ֆիդայիներ. Արկադի Տեր-Թադևոսյան

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս 

Բոլորը չէ, որ գաղափարի ու հայրենիքի համար էին պատերազմի դաշտում: Անգամ միևնույն ջոկատում կռվող տղաները նույն գաղափարի կրողները չէին: Բնականաբար, միատեսակ չէին բոլոր ջոկատները: Կային ոգևորված կռվողներ, որ կռվում ու պայքարում էին գաղափարի համար, կային նաև հատուկ թալանի համար եկածներ: Ամեն պատերազմում է այդպես: Ով իրականում կռվել է, կռվի մասին շատ չի խոսում: Շատ չի խոսում, որովհետև ցավ կա այդտեղ, կորուստ կա, հարազատ ընկերոջ կորուստ: Հիմա շատերն են նստում, մեծ-մեծ խոսում հերոսություններից: Երբեմն ուզում ես ասել` իրական հերոսությունը զոհված տղաներն էին կատարում: 3000-ից ավելի հայ տղաներ իրենց կյանքը տվեցին արցախյան պատերազմին: Ավելին` երբեմն զոհվածների քաջությունները ողջերն իրենց են վերագրում` մտածելով, որ նրանք էլ չկան, ո՞վ կհիշի: Բայց ականատեսները կան դեռ: Չնայած,  նման երևույթներ ու նման խոսակցություններ բոլոր ժամանակների ու բոլոր ազգերի պատմության մեջ էլ լինում են: Պատերազմների ընթացքում ու պատերազմներից հետո նման երևույթները բնական են, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը: Բայց չեմ կարող չասել, որ մեր ազգը մի լավ առանձնահատկություն ունի: Ես երբեք չէի պատկերացնի, որ սովորական երիտասարդները կարող են այդպես կռվել: Վիլյամ Սարոյանն ասել է` ամեն հայ ինքն իրենով գեներալ է: Սա, իհարկե, լավ չէ խաղաղ պայմաններում, բայց կռվի ժամանակ անգնահատելի երևույթ է: Այս հաջողությունների հեղինակը հայ ամեն մի զինվորն է, ով իրեն գեներալ է զգում: Հայ զինվորի դերը գլխավորն էր այս պատերազմում, ու սրանք միայն պաթետիկ խոսքեր չեն: Քաջ ու անվախ տղաներն իրենց գցում էին կրակի բերանը, իսկ այն վախկոտներն ու թաքնվողներն էլ նրանց տեսնելով ոգևորվում, հոսանքի տակ էին ընկնում ու կռվում:

Մենք ունեցել ենք կորուստներ, որ երբեմն չենք հասկացել` ինչու՞, որտեղի՞ց: Մենք կորցրել ենք հրամանատարներ, որոնք ոչ թշնամու գնդակից են ընկել, ոչ էլ պաշտոնի կամ փողի համար են զոհվել: Նրանք գաղափարական հակասության զոհ են դարձել: Ուղղակի, փառք Աստծո, որ պատերազմի ընթացքում նման երևույթները շատ չէին: 

Դաշնակցական, ՀՀՇ-ական, Ազգային ճակատ, Ցեղակրոններ... տարբեր ջոկատներ կային, բայց թշնամին ընդհանուր էր, կռվի ժամանակ նրանք մեկ էին: Խաղաղ պայմաններում էր արտահայտվում նրանց հակասությունը, ընտրությունների ժամանակ էր ամեն ինչ սրվում: 

Ազատամարտիկների մասին այսօր պետությունը պիտի մտածի: Նրանց շնորհիվ է այս պետությունը ստեղծվել: Արցախյան գոյամարտում կռված տղաներին  նորմալ թոշակ ու աշխատավարձ պիտի տրվի, որ իրենց վայել ձևով ապրեն: Ո՞նց կարող են ասել` բյուջեում փող չկա: Ամեն ինչի համար կա, ազատամարտիկների համար չկա՞: Նրանք իրենց իրավունքն են ուզում պաշտպանել: Ի վերջո, եթե պատերազմ լինի, նրանք են էլի ռազմաճակատ գնալու: Նաև մեր օլիգարխները պիտի մտածեն ազատամարտիկների մասին: Մի քիչ քիչ ծախսեն ռեստորաններում ու խաղատներում, ֆոնդեր բացեն ու օգնեն երկիրը թշնամուց փրկած ազատամարտիկին: 

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ