Շաբաթ, Հունիս 24, 2017

 19:28

ԼՐԱՀՈՍ

Իրական ու ասֆալտի ֆիդայիներ. Արթուր Ալեքսանյան

Արցախյան պատերազմի հերոս, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ 

Մարտի դաշտում դժվար էր տարբերել գաղափարի մարտիկին  ի սկզբանե այլ նպատակներով այնտեղ հայտնված ազատամարտիկից. բոլորը մի մարդու պես կռվում էին: Ճիշտ է, շատերին գիտեինք՝ ինչի համար են եկել, բայց գալիս մարդ էին դառնում այնտեղ: Հանցագործ աշխարհից էլ մարդիկ կային, որոնք  մեր լավ զինվորները դարձան: Կարծում եմ` մթնոլորտն էր նրանց փոխում: Տեսնում էին` ինչ էր կատարվում, տեսնում էին, որ բոլորս ինքնազոհության ենք գնում, մաքրման մեջ ենք:

Կուսակցական կռիվներ էլ չկային պատերազմում: Այդ ամբողջը Երևանում էր: Մարտի դաշտում չէին տարբերվում իրարից, բոլորը հավասար էին, ոչ մեկի մտքով չէր անցնում ընդգծել կուսակցական պատկանելությունը: Հավասար «ախպերություն» էր այնտեղ, ձուլվում էին, բռունցք դառնում: Ազգը մարտում է բռունցք դառնում: Բոլոր կուսակցություններն ու գաղափարախոսությունները մարտի դաշտում միանում էին, ուժը դա էր, դա հենց կոչվում է հավատ առ Աստված, առ հայրենիք ու առ հաղթանակ:Իսկ խոսակցությունները, թե այս կամ այն մարտիկին թիկունքից խփեցին, շատ դեպքերում նախանձի արդյունք են: Ես չգիտեմ թիկունքից խփված որևէ կռվողի մասին լուր, որը ապացուցված լինի. ոչ մեկը բացահայտված ու ապացուցված չէ: Ենթադրություններ են: Ինչո՞ւ են այդպիսի բաներ ենթադրում, որովհետև ուզում են իրենց ներսի թույնն ու նախանձը սրա-նրա վրա թափել: Ապացուցված չեն, մնացածը թողնում եմ պատմության բացահայտմանը: Բայց կարծում եմ՝ մի օր այդ փաստերն էլ կգտնվեն: Բոլորին էլ ես անգիր գիտեմ, շատերն իմ ընկերներն են, բայց չեմ կարող ճշգրիտ ասել, որովհետև աչքովս չեմ տեսել: Մարդ պետք է մի քիչ էլ վախ ունենա հերյուրանքի ու ստի հանդեպ: Կարող է  պատահել՝ ճիշտ են ասում, կարող է, բայց առանց հիմքի ո՞նց պնդես: Երկիրը բամբասանքի երկիր են դարձրել:

Միանշանակ այսօր մեր երկրում ազատամարտիկն իրեն գնահատված չի զգում: Իսկ այն, որ ազատամարտիկի համար մեր բյուջեն փող չունի, կարծես հայհոյանք լինի մեր հասցեին: Սոցիալական ապահովության նախարարը պատերազմում չի կռվել և չի կարող հասկանալ ազատամարտիկների խնդիրները: Ու մտածում են՝ ոչինչ, ազատամարտիկները կսպասեն, մեկ-երկու ցույց կանեն ու կլռեն: Զինվորական համազգեստ հագնելով կամ կառավարության նիստ անելով չեն մեր հարցերը լուծվում: Բյուջեն առաջին հերթին ազատամարտիկինն է, նա է վաստակել այդ բյուջեն, նա է ստեղծել այս պետությունը, նա է հիմքում կանգնած: Ազատամարտիկներից թող հարցնեն` ոնց անեն, որ այս խնդրին լուծում տան:  Չեն գնում, չեն հարցնում,  վերևից են նայում: Քսան տարի է՝ մեզ ասում են` լավ կլինի, լավ կլինի, բայց մեծացել ենք արդեն, հիմա բոլորս երեխաներ ու թոռներ ունենք, դժվար է: Առողջություններս էլ չի ներում, որ ամեն ինչ հասցնենք: Անհնար է՝ որևէ ազատամարտիկի առողջական վիճակը նորմալ լինի: Ուրիշ բան էլ որ չլինի, միայն վախն ու սթրեսները հերիք են, որ խախտված առողջությամբ ետ գանք: Նստացույց անող ազատամարտիկների մի մասն իմ մարտիկներն են եղել, ինձ մոտ կռված տղերք են, հոգեպես նրանց հետ եմ, ֆիզիկապես` ոչ, որովհետև կարծում եմ՝ անցել են այն ժամանակները, որ նստացույցով, օպերայի մոտ հավաքվելով կարելի է բան փոխել: Ավելի լավ է բոլորը միանան, ինչ-որ կազմակերպություն ստեղծեն ու քայլեր ձեռնարկեն: Իրենք պիտի անեն, պետությունը ոչինչ էլ չի անի: Պետք է ավելի քաղաքակիրթ ձևով հասնել նպատակին, որ մեր ժողովրդի ու կուսակցությունների համար դա նախադեպ դառնա: Նոր բանաձև պիտի գտնենք, նոր քաղաքական ազդեցիկ զենքի կարիք ունենք, և հաստատ ոչ սովետական, որը վաղուց փամփուշտ չունի և իրենց իսկ ռուսների կողմից է ծրագրավորված: 

Ազատամարտիկների խնդիրների մի մասը սոցիալական և նյութական են: Կարծում եմ՝ դրանց լուծումն էլ կա: Ազատամարտիկներից շատերին աշխատանք է պետք: Թող կառավարությունը հատուկ նիստ գումարի` ազատամարտիկներին աշխատանքով ապահովելու վերաբերյալ: Գործատուներին պիտի պարտադրեն կամ խրախուսեն նրանց աշխատանքի վերցնելու համար: Իմ առաջին խորհուրդն ազատամարտիկներին աջակցելու համար հետևյալն է.նրանց բոլորի անունները, ցուցակներն ունեն, թող ըստ մասնագիտությունների կամ թեկուզ առանց մասնագիտության որևէ գործ առաջարկեն, հարկերից ինչ-որ ձևով ազատեն այդ մարդկանց, հիվանդներին դեղերով օգնեն… Պետք չէ փող տալ, գիտենք` չունեն, որովհետև շատ են անիմաստ ցաքուցրիվ տալիս, իսկ խնայողություն անում ազատամարտիկների հաշվին ու անընդհատ ժողովրդի գոտին ավելի ձգում՝ իրենցի փոխարեն:      

Եվ ամենակարևորը, որ ուզում եմ ասել պարոնայք կառավարությանը. եթե մենք հիմա չենք աշխատում, որովհետև ձեզ նման մասնագետներ չենք, դա դեռ չի նշանակում, թե մենք մարդ չենք: Մեր առավելությունն էլ այն է, որ մենք ձեզնից լավ Հայեր ենք: Նույնիսկ մեր թողած ամենամեծ ժառանգությունը՝ հաղթանակած Հայաստանի իմիջը, չեք կարողացել նորմալ օգտագործել ի շահ մեր երկրի: Դա անգամ կարելի է տեսնել մեր երկիր այցելած տուրիստների քանակից, առավել ևս երբ համեմատում ես Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա այցելած  տուրիստների քանակի հետ: Սրանք ապշելու և անպատիժ փաստեր են: Գոնե այս հարցում ճիշտ քաղաքականություն դրսևորեք ու թեկուզ այդտեղից ազատամարտիկի համար բյուջեում փող կուտակեք: Հազար ու մի տարբերակ կարելի առաջարկել, բայց ո՞ր մեկն է լսվում և արվում: Ես իհարկե թշնամաբար չեմ լցված, միայն ուզում եմ, որ մեզ՝ ազատամարտիկներիս, չանտեսեն ու չվիրավորեն ու դրանով չկոտրեն վերջին հույսը և սերը դեպի հայրենիքը:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ