Հինգշաբթի, Ապրիլ 27, 2017

 23:30

ԼՐԱՀՈՍ

Թանկ հանգիստը Հայաստանից հեռացնում է զբոսաշրջիկին

Հայաստանը տուրիզմի ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, և այդ խնդիրների մասին բազմիցս խոսվել է: Բայց պետք է ասել, որ պարզապես խոսելն արդեն արդյունավետ չէ. պետք է առաջարկել լուծման տարբերակներ: Հենց այդ խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին խոսեցինք ‹‹Ռիմա տուր›› տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանի հետ:

‹‹Մենք ունենք խնդիրներ և′ ներգնա, և′ արտագնա տուրիզմի ոլորտներում: Սակայն առաջին հերթին ես կցանկանայի խոսել մեր ներքին խնդիրների մասին: Կարծում եմ` մեր հյուրանոցները հիմնականում հասանելի չեն միջին խավին: Դա մեծ բացթողում է: Յուրաքանչյուր հանգստյան տուն սեփականություն է և ունի իր գնային քաղաքականությունը: Ցանկալի է, որ սեփականատերերը վերանայեն սահմանված գները և փորձեն դրանք դարձնել ավելի մատչելի: Բայց մյուս կողմից դա չպետք է ազդի ծառայությունների որակի վրա››,- ասաց Ռիմա Խաչատրյանը: Նրա կարծիքով` խնդիրը միայն այսքանով չի լուծվի, սակայն սա բարենպաստ պայման է, որպեսզի գոնե մեր զբոսաշրջիկներն ավելի հաճախ նախընտրեն հանգիստը կազմակերպել Հայաստանում, այլ ոչ թե այլ երկրներում, ինչը երբեմն կարող է ավելի մատչելի լինել: ‹‹Այս պահին մեր քաղաքացիներին հնարավորություն է տրված օգտվել պետական սոցիալական փաթեթներից: Քանի որ մենք աշխատում ենք նաև մարդկանց այդ խմբի հետ, նկատում ենք, որ իրականում Հայաստանում հանգստանալու ցանկությունը մեծ է, պարզապես առանց նման փաթեթների առկայության մեծ մասամբ մարդիկ հնարավորություն չունեն վճարելու այդչափ մեծ գումար մի քանի օր հանգստանալու համար››,- հավելեց Ռիմա Խաչատրյանը: 

Խոսելով ներգնա տուրիզմի մասին՝ զրուցակիցս մատնանշեց նաև մեկ այլ խնդիր: Այսօր Հայաստանում մենք դժվարությամբ ենք աշխատում տուրիստական ընկերությունների հետ: Շատերին դա կարող է թվալ անիմաստ ժամանակի կամ գումարի կորուստ: Սակայն նման խնդիր մենք հավանաբար չէինք ունենա, եթե տուրիստական ընկերությունների և հանգստյան տների միջև համագործակցությունն ավելի արդյունավետ լիներ: ‹‹Եթե արտերկրում հյուրանոցները հիմնականում աշխատում են տուրիստական ընկերությունների հետ, ապա Հայատանում նրանք նախընտրում են գործ ունենալ միայն ֆիզիկական անձանց հետ` հուսալով ունենալ գերշահույթ: Իրականում եթե նրանք ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքը, փորձեն համագործակցել տուրիստական ընկերությունների հետ, ապա հաճախորդների խնդիր նրանք երբեք չեն ունենա››: Ռիմա Խաչատրյանի խոսքով` այլ է խնդիրն այն ժամանակ, երբ զբոսաշրջիկները Հայաստանից մեկնում են օտար երկրներ հանգստանալու: ‹‹Այս դեպքում մենք կարողանում ենք մեր հաճախորդներին առաջարկել ավելի լավ պայմաններ, քանի որ այլ երկրներում գործող կազմակերպությունների հետ աշխատելով` ստանում ենք որոշակի առավելություններ, ինչն էլ ծառայում է մեր հաճախորդների շահերին››,- ասաց Ռիմա Խաչատրյանը: Սակայն այս դեպքում կարող է առաջանալ մեկ այլ խնդիր. այժմ Հայաստանում հաճախ կարող ես տեսնել տուրիստական ընկերություններ, որոնց գործունեությանը դժվար է բարձր գնահատական տալ: ‹‹Տուրիզմը միանգամից հարստանալու համար այնքան էլ բարենպաստ ոլորտ չէ: Տուրիզմը պետք է սիրես, որպեսզի կարողանաս աշխատել: Իհարկե այստեղ շրջանառությունը մեծ է, սակայն փոքր է եկամուտը, իսկ երբ նոր կազմակերպությունները ստեղծվում են այն հույսով, որ միանգամից պետք է մեծ շահույթ ունենան, իրենց սխալ գործունեությամբ ստվեր են նետում նաև տարիների փորձ ունեցող կազմակերպությունների վրա››,- ասաց Ռիմա Խաչատրյանը:

‹‹Ռիմա տուր›› տուրիստական ընկերությունը Հայաստանում գործում է մոտ 16 տարի: Ոլորտի խնդիրների մասին խոսելն այս դեպքում ինքնանպատակ չէ. ընկերության մասնագետներն իրենց գործունեության ամբողջ ընթացքում պարբերաբար ուսումնասիրել են շուկան, կատարել վերլուծություններ, որոնք հիմք են հանդիսացել հետագա ավելի արդյունավետ աշխատանքի համար: ‹‹Ես ինքս եղել եմ բոլոր այն հյուրանոցներում, որտեղ հնարավորություն ունեն հանգստանալու մեր հաճախորդները: Շատ կարևոր է տեղում ծանոթանալ գործընկեր կազմակերպությանը, տեսնել, թե ինչպես են նրանք աշխատում, ովքեր են, կարևոր է անգամ այն, թե որտեղ է գտնվում այդ տուրիստական գործակալությունը, արդյոք տարածքը սեփակա՞ն է, թե՞ վարձակալությամբ է վերցված: Վերջինը կարևոր է, որպեսզի մենք վստահ լինենք, որ մեկ-երկու ամիս անց գրասենյակը չի փակվի, և մեր զբոսաշրջիկները չեն մնա բախտի քմահաճույքին››,- ասաց Ռիմա Խաչատրյանը: Նրա խոսքով` ‹‹Ռիմա տուր›› տուրիստական ընկերության աշխատակիցները նման այցերով լինում են ոչ միայն գործընկեր պետություններում, այլև Հայաստանի մարզերում: Այլ երկրներում կա երկու խնդիր. նախ՝ հասկանալ, թե ում հետ են աշխատելու, և հետո՝ պարզել, թե տվյալ գործընկերը ինչ պայմաններով և ինչպիսի հյուրանոցներ կարող է առաջարկել մեր զբոսաշրջիկներին: Հայաստանի մարզերում խնդիրը մեկն է` հասկանալ, թե որ հյուրանոցների հետ արժե համագործակցել` հաճախորդին լավագույն տարբերակն առաջարկելու համար: Նման այցելությունների շնորհիվ ընկերության մասնագետները մշտապես առավելագույնս տեղեկացված են և կարող են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն յուրաքանչյուր հաճախորդին: 

‹‹Լավ հանգիստը երկարացնում է կյանքը››. այս միտքը գլխավոր ուղենիշն է եղել մեր գործունեության ամբողջ ընթացքում, և մենք փորձում ենք ապահովել լավ հանգիստ բոլորի համար: Սակայն Հայաստանում դեռ պետք է զարգանա զբոսաշրջության մշակույթը, և ոլորտում գործող յուրաքանչյուր կազմակերպություն կարող է և պետք է ունենա իր նշանակալի ներդրումն այս խնդրի լուծման ճանապարհին››,- ասաց Ռիմա Խաչատրյանը:

<Երևակ> ամսագիր




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ