Հինգշաբթի, Հունիս 29, 2017

 07:41

ԼՐԱՀՈՍ

Ինչպե՞ս ճանաչել տալ Հայաստանը

Փոքր տարածք ունեցող Հայաստանի ամբողջ գեղեցկությունը բացահայտելու համար թվում է՝ այնքան էլ շատ ժամանակ պետք չէ: Բայց մեր երկրի բազմազանությունը ճիշտ հակառակն է ցույց տալիս: Եվ մատների վրա հաշված մարդկանց կարելի է գտնել, ովքեր մատնացույց կանեն Հայաստանի ամենագեցեղիկ, բայց միևնույն ժամանակ «թաքնված» վայրերը: Մենք ինքներս սեփական երկիրը ճանաչելու խնդիր ունենք: Եվ գուցե դա է պատճառը, որ այդպես էլ չսովորեցինք ճիշտ օգտվել բնության՝ մեզ տված հնարավորությունից, ճիշտ վերաբերվել նրան և երկրի համար եկամտի աղբյուր դարձնել այն: Մենք նույնիսկ հստակ չենք պատկերացնում, թե ինչ իմիջով ենք ներկայանում դրսում եկամտի պոտենցիալ աղբյուրին՝ զբոսաշրջիկին:

Այս հարցում տեսական դիտարկումների ու մեկնաբանությունների կարիք չունենք, բայց գործնական քայլերի՝ որքան ասես: Հենց գործնական և կոնկրետ նպատակին ուղղորդված նախագիծ է «Guideline magazine» ամսագիրը` նախատեսված Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար: Կարծում եմ` այս հրատարակությունը նույնպես փոքրիշատե նպաստում է Հայաստանում ներգնա և, ինչու չէ, ներքին տուրիզմի զարգացմանը, երբ տվյալ երկրի քաղաքացիները շրջում են իրենց երկրի տեսարժան վայրերում` չլքելով դրա սահմանները: Ամսագրում տեղ են գտնում Հայաստանի Հանրապետության և Արցախի տեսարժան վայրերը` իրենց ճարտարապետական և պատմամշակութային կոթողներով, թանգարաններով և այն ամենով, ինչն օտարի համար հետաքրքիր է և բացահայտում է Հայաստանի գեղեցկությունները, իսկ մեզ համար մեր հայրենիքը շահեկան տեսանկյունից է ներկայացնում: Սակայն սրանով ամսագրի բովանդակությունը չի սահմանափակվում. «Guideline magazine» ամսագրում ներառված է նաև տեղեկատվություն գրեթե բոլոր այն կազմակերպությունների, ընկերությունների վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել Հայաստան այցելող զբոսաշրջիկին՝ հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, զվարճանքի կենտրոնների, բանկերի, բժշկական հաստատությունների, մարզասրահների, մթերային կամ խմիչքների խանութների, նաև՝ ՀՀ-ում գործող անվտանգության հեռախոսահամարները, ՀՀ-ում գործող դեսպանատների կոնտակտային տվյալները և այլն: Չմոռանանք, որ հատկապես մեր երկրում խնդիր է նաև տուրիզմի ոլորտում մատուցվող ապրանքների և ծառայությունների գների համապատասխանությունը որակին:

Ամսագիրը լույս է տեսնում ըստ տարվա եղանակների` եռամսյակը մեկ, 5000 տպաքանակով: Եվ քանի որ ամսագիրն այս ասպարեզում առաջինը չէր և շուկայում արդեն ուներ մրցակիցներ, ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերեցին, որ բոլոր այդ ամսագրերը զբոսաշրջիկին հասնում են ոչ թե այն պահին, երբ նա ժամանում է Հայաստան, այլ այստեղ շրջելու, որևէ հաստատությունում գտնվելու ընթացքում: Որոշեցին սկսել հենց այդտեղից. «Guideline magazine» ամսագիրը զբոսաշրջիկի ձեռքում է հայտնվում արդեն օդանավակայանի տարածքում, երբ նա դեռ անգամ սպասասրահ չի մտել: 

«Guideline magazine»-ը մի ամբողջ նախագիծ է նաև, որը չի սահմանափակվում ամսագրով. արդեն գործում է ինտերնետային կայքը, «Tourist adviser» ծառայության անվճար հեռախոսահամարը, որով զանգահարելով` Հայաստանում գտնվող զբոսաշրջիկը 3 լեզվով` հայերեն, անգլերեն և ռուսերեն, կարող է անվճար խորհրդատվություն ստանալ իրեն հետաքրքրող բազմաբնույթ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ընթացքի մեջ է ծրագիր-հավելվածը` նախատեսված ios-ով և android-ով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար: 

Շուկայում նոր լինելով և մրցակիցներ ունենալով հանդերձ՝ ամսագիրն ունի մի շարք առավելություններ. նախ՝ հենց օդանավակայանում, այսպես ասած, «առաջին գծում» զբոսաշրջիկին հասանելի լինելը, մեծ տպաքանակը, բացի այդ՝ ճանաչողական նշանակությունը, նաև հնարավորություն է տալիս որոշ չափով ծանոթանալ ամսագրում ներառված հաստատություններին և ավելի հեշտությամբ ընտրություն կատարել` մեկ քայլով հեշտացնելով զբոսաշրջիկի գործը: Այս ամենից զատ, յուրաքանչյուր էջում կա քարտեզ, որը ցույց է տալիս տվյալ հաստատության գտնվելու վայրը: Ամսագիրն առանձնանում է նաև իր մինիմալիստական չափերով և թեթևությամբ. այն կարելի է ծալել և հարմար է նույնիսկ գրպանում կրելու և մշտապես ձեռքի տակ ունենալու համար: Չէ՞ որ ցանկացած զբոսաշրջիկ նախևառաջ ուզում է հեշտ կողմնորոշվել մի երկրում, որտեղ նա ցանկանում է իր հանգիստն անցկացնել: Իսկ ի՞նչ նկարագիր ունի Հայաստանն այսօր աշխարհում: Ըստ ամսագրի հիմնադիր Արման Դավթյանի՝ Հայաստանի իմիջն այսօր ամբողջ աշխարհում բաղկացած է հիմնականում 3 բաղադրիչից` եկեղեցիներ, լեռներ և անզուգական բնություն: Հայաստան ասելիս նրանք պատկերացնում են այս ամենի միասնությունը: Գիտեն, որ հայերն աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, որ Հայաստանը լեռնագնացության, ինչպես նաև ձմեռային հանգստյան գոտի ունի: 

Բացի ճանաչողական բնույթի նյութերը, որոնք, իհարկե, նպաստում են Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը, զբոսաշրջիկի համար առաջնային խնդիրներից է նաև սպասարկման բարձր մակարդակը: Այս առումով ամսագիրը շեշտը դնում է միայն որակի վրա` նախընտրելով ունենալ քիչ, սակայն բարձրակարգ ծառայություններ մատուցող ընկերությունները գովազդող էջեր: «Guideline magazine»-ում չեք գտնի երբեք ֆասթ ֆուդ, գիշերային ակումբ կամ կարճաժամկետ տրամադրվող հյուրանոցներ ներկայացնող էջեր: Նախ՝ ամսագրի հիմնադիրը չի ցանկանում իր հայրենիքն օտարին այդ տեսանկյունից ներկայացնել, երկրորդ՝ որևէ երկիր գնում են նաև տվյալ երկրում մատուցվող բարձրակարգ ծառայությունների համար: 

Հայաստանը տուրիզմի ոլորտում, ինչ խոսք, դեռ բազմաթիվ անելիքներ ունի: Այս առումով «Guideline magazine»-ի և ներգնա տուրիզմով զբաղվող մեր մի քանի հեղինակավոր ընկերությունների նպատակները համընկնում են: Նախ՝ մտադրություն կա արտահանելու ամսագիրը, և այս դեպքում այնտեղ գերակշռելու են Հայաստանի մասին ճանաչողական բնույթի նյութերը, երկրորդ՝ արտասահմանցիներ հրավիրել մեր երկիր և այստեղ կազմակերպել զբոսաշրջության զարգացման վերաբերյալ միջոցառումներ, գիտաժողովներ: 

Ըստ Արման Դավթյանի` ցանկացած գործ ձեռնարկելիս կարևորվում են բիզնես նպատակները: Ամսագրի տպագրության ծախսերը հոգալու հարցում իրենք աջակցություն են ստացել Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն հիմնադրամից, որն իրականացնում է սկսնակ ձեռնարկատերերի աջակցություն՝ ֆինանսական ներգրավման համար վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով: Իսկ բացի բիզնես նպատակներից ամսագիրն այլ գործառույթ կատարու՞մ է, այլ նպատակ կամ առաքելություն ունի՞: Պարզվում է` այո: Ամսագիրը հիմնելու գլխավոր նպատակը, ըստ հիմնադրի, Հայաստանն առավել ներկայանալի և գրավիչ դարձնելն է, ցույց տալը ցանկացած զբոսաշրջիկի, որ մեր հնամյա երկիրն առանձնանում է բոլորից և գեղեցիկ է յուրովի:

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ