Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 14:07

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ ակնկալել, ո՞ր կողմից և ինչո՞ւ. Արման Մելիքյան

ԼՂՀ նախկին արտգործնախարար 

 Հարավային Կովկասում ունեցած քաղաքական և ռազմաքաղաքական ծայրագույն սխալների հետևանքով այսօր Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղվելու լուրջ վտանգի առաջ է կանգնած: Համարելով, որ ՀՀ-ի վրա ազդելու լուրջ լծակներ ունի իր ձեռքին` Ռուսաստանը պատրաստ է հայկական շահերի մի մասը զոհաբերելու միջոցով Ադրբեջանում վերականգնել իր երբեմնի դիրքերը: Բայց սա նոր պատմություն չէ, այդ մասին ես խոսում եմ առնվազն 4-5 տարի: Եվ երբ սա որպես նորություն են ներկայացնում, ուրեմն փոքր-ինչ կեղծում են իրավիճակը, որովհետև այս մասին պետք էր մտահոգվել տարիներ առաջ: Հիմա մթնոլորտ է ձևավորվում, որի առկայության պարագայում ռուսները կարող են իսկապես բացեիբաց հայտարարել, որ իրենք կարող են ինչ-որ հարցերում անտեսել հայկական պահանջները և սպասումները, որպեսզի կարողանան Ադրբեջանի հետ սերտացնել հարաբերությունները: Պնդումներ կան, թե տնտեսական դաշտում Հայաստանը փորձում է երկու մոր կաթ ծծել, շահույթ ստանալ և՛ Եվրոպայից, և՛ Ռուսաստանից: Ուրեմն՝ ՌԴ-ն կարողանում է տնտեսապես օգտագործելի դարձնել միայն այն տարածքները, որոնց նկատմամբ ունի ռազմական վերահսկողություն. վերջ: Այդ տարածքներից դուրս Ռուսաստանն ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալելու իրական, մրցունակ պոտենցիալից զուրկ է: Հետևաբար, այդ խանդոտ վերաբերմունքը հատկապես տնտեսական ոլորտում իրականության հետ որևէ առնչություն չունի:

Ի վերջո, եթե այսօր նախադրյալներ են ստեղծվել, որ ՌԴ-ն սերտացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ և դա անի ՀՀ-ի հաշվին, ուրեմն՝ Ռուսաստանը որոշակի առումով իրեն ամուր է զգում Հայաստանում: Եվ կարծում եմ, որ ՀՀ-ում դրան հանգիստ կվերաբերվեն կամ, համենայնդեպս, չեն կարողանա ակտիվորեն դիմագրավել այդ մոտեցմանը: 

Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության տապալումներն ակնհայտ են: Վրաստանում այն ամբողջովին տապալված է: Ադրբեջանում դեռ կարող է ինչ-որ բան վերականգնվել՝ բայց այդ դեպքում տապալվելով Հայաստանում: Որպեսզի ձախողումները չշարունակվեն, ըստ իս, Ռուսաստանում պետք է փոխվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ փոխհարաբերությունների կերպը, որոշ քաղաքական գործիչների ու վերլուծաբանների՝ մեծ եղբոր վերաբերյալ պատրանքները պետք է մի կողմ դնել: Ես ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանում ռուսական ներկայությունը ՀՀ-ի տապալվելու պարագայում շատ կարճատև կլինի: Կարծում եմ՝ Ռուսաստանում էլ են դա գիտակցում, բայց փորձում են երկուսի վրա էլ ճնշում գործադրել: Մենք ընդամենը մի խոցելի տեղ ունենք, դա մեր իշխանության լեգիտիմության բացակայությունն է: Դա խնդիր է, որը պետք է վերացվի մեր սեփական ուժերով: Եվ դա այն ուղին է, որի միջոցով մենք կկարողանանք իսկապես հովանավորյալի կարգավիճակից հասնել գործընկերոջ կարգավիճակի: Սա այն նվազագույն քաղաքական նպատակն է, որին պետք է հասնենք ներազգային, համազգային համախմբման և համերաշխության ճանապարհով:

Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում համակարգային սխալներ և էական բացթողումներ եղել են դեռևս 1990-ականների 2-րդ կեսից, ընդ որում` երկուստեք: Դա պատրանքների ու սխալ ընկալումների տեղիք  է տվել: Սա շտկելի է, բայց դրա համար ջանք է պետք թափել: Աշխարհն այսօր փոխվել է գաղափարական մակարդակով, չկա երկբևեռ աշխարհ, միաբևեռ աշխարհ, սա բոլորովին նոր լուծումներ ու մոտեցումներ պահանջող միջավայր է: Եվ այդ տեսանկյունից մենք պետք է կարողանանք շարժվել բոլոր ուղղություններով. շարժվենք Իրան ու ընդհանրապես իսլամական աշխարհ, կարողանանք սերտացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, կարողանանք եվրոպական արժեքների հետ անմիջականորեն առնչվել, բայց սահմանափակել` ոչ մի դեպքում: Մենք պիտի հասկանանք ու հասկացնենք, որ դա կլինի ոչ թե թշնամական վերաբերմունք, այլ ավելորդ ստրկամտության վերացում: Ռուսաստանում եթե մտահոգված են մեզ հետ լավ հարաբերությունների պահպանմամբ, պետք է ուղիներ փնտրեն, ոչ թե վերջնագրեր ներկայացնեն: Առայժմ ես միայն ներկայացված վերջնագրեր եմ տեսնում, առաջարկված ուղիներ չեմ տեսնում: Դա այն դեպքում, երբ վերջին տարիների ընթացքում ռուսներն ամեն ինչ անում են, որպեսզի հայկական շահերի հաշվին իրենց դիրքերն Ադրբեջանում վերականգնեն, ընդ որում՝ այդ շահերը արմատական շահեր են, ազգային գոյությանը համարժեք շահեր: Այդ պահվածքը մեր ապագային ուղղված զուտ թշնամական քայլ է: Ռուսաստանում կարող են դա չգիտակցել, որովհետև հայկական հարցերը ՌԴ-ի խնդիրների շրջանակում շատ մանրիկ են, ուրեմն՝ մենք պետք է մեր հարցերը կարողանանք լուծել:

Մեր առջև կանգնած խնդիրները բազմաթիվ են և բազմաբովանդակ: Այլ տերությունների հետ մեր հարաբերություններում որևէ իրական ողբերգական բան չեմ տեսնում: Իհարկե ռիսկ է պարունակում այսօրվա ուղեգիծը, ինչպես ցանկացած այլ ուղեգիծ, իսկ հիստերիայի կարիք առհասարակ չկա: Ղարաբաղի կորստի հետ կապված վտանգավոր մթնոլորտը ձևավորվել էր դեռ Ասոցիացման պայմանագրից առաջ, և այդ գիծը տարվել է ռուս քաղաքական գործիչների, քաղաքագետների ու դիվանագետների կողմից: Հայաստանում դրան երևի թե հատուկ ուշադրություն չեն դարձրել: 

Ես կարծում եմ, որ Հայաստանի գործող իշխանությունն իրականում երբևէ երկընտրանքի առջև կանգնած չի եղել, ու հիմքեր չկան ենթադրելու, թե Մաքսային միությանը միանալու հայտարարությունն արվել է ռուսական կողմի ինչ-ինչ ճնշումների արդյունքում: Հայաստանի եվրաինտեգրման բլեֆն իմաստ ուներ այնքանով, որքանով անհրաժեշտ էր պատրանք ստեղծել, թե ՀՀ-ն այլևս չի ուզում լինել Ռուսաստանի արբանյակը, ինչը կարող էր Ադրբեջանի մոտ գայթակղություն ստեղծել Ռուսաստանի միջոցով Արցախի հիմնահարցն իր նախընտրած տարբերակով լուծելու համար: Դա չստացվեց: 

Իրականում ո՛չ Մաքսային միությանը միանալու, ոչ էլ Եվրամիության հետ ասոցիացվելու պայմանագրերի ստորագրումը մեզ ոչինչ չի տա, քանի դեռ ինքներս չենք փոխվել որակապես: Իսկ փոխվելու նախանշաններից մեկն էլ այն կլինի, որ մենք մտածենք, թե ինքներս ինչ ենք ունակ տալու, այսինքն՝ գոնե սովորենք ինքներս մեզ ճիշտ գնահատել և նոր միայն խոսել այն մասին, թե ումից ինչ կարող ենք ստանալ: 

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ