Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 10:57

ԼՐԱՀՈՍ

Անծրագիր, անդիմագիծ. Սամվել Կարապետյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ

Հարատևելու համար ինչպե՞ս է պետք ապրել: Դա իրենց ապրած կյանքով, իրենց գաղափարով փաստել են այն մարդիկ, որոնց հաշվին կանք: Օրինակ՝ Նժդեhը դա բանաձևել է, կոդեր է տվել: Մեր ազգը ազգային ավետարանի կարիք ունի, և Նժդեհը ստեղծել է այդ ազգային ավետարանը: Մենք ազգային մի տեսակ ենք, որ առանց ավետարանի չենք կարող ապրել կամ գուցե կարողանում ենք, բայց մեզ ներշնչում ենք, թե անպայման դրա կարիքն ունենք: Իսկ եթե այդպես է, ապա ավետարանը պիտի լինի ազգային: Այդ գաղափարը Նժդեհից չի սկսվում, Նժդեհը ուղղակի մշակեց, ավելի բյուրեղացրեց այն: Նժդեհը մի քանի հարյուր գաղափարակից զինվոր ուներ և երկու պետության բանակ ջարդեց: Լավ, ինչի՞ց էր սնվում, կամ ինչո՞ւ նրա գաղափարները կրողները գրեթե անպարտելի են դառնում: Ուղղակի հավատարմությունն է, պատասխանատվության, պարտքի զգացումը հայրենիքի հանդեպ, իսկ եթե ավելի կարճ ձևակերպեմ` հայրենիքի պաշտամունքով առաջնորդվելը: Հայրենիքը գերագույն արժեք է, և որևէ պաշտելիք չի կարող ավելին լինել, քան հայրենիքը: Հայրենիքը այն գերակա արժեքն է, որն ապահովում է ազգի գոյությունը, որովհետև հայրենիքի սահմաններից դուրս ազգ չկա: Մեր հասարակության մեջ պաշտամունքը վերջանում է ինչ-որ կրոնական ուղղությամբ: Մեր ազգը իր փառավոր էջերը չի գրել այն ժամանակ, երբ մենք արդեն քրիստոնյա էինք, մենք դրանից առաջ ենք արձանագրել մեր հզոր վիճակները: Կամ Արցախի ազատամարտում մեր հայրենիքը 12000 քկմ-ով ընդարձակած, նրա մեկ երրորդ մասն ազատագրած սերունդը, ճիշտն ասած, եկեղեցու երես չի տեսել: Երբ ասում են, թե մեր նախնիները հեթանոս են եղել, ապա դա մեր քրիստոնյա տերտերի բամբասանքն է մեր նախնիների հասցեին: Մեր նախնիները հեթանոս չեն եղել: Արև են պաշտել, ջուր են պաշտել, ծառ են պաշտել, կրակ են պաշտել, բնություն են պաշտել: Մեր նախնիները բնապաշտ են եղել, դրա համար էլ հզոր էին: Իրենց հավատքը միահյուսված էր հայրենի բնությանը: Եթե մենք այդ հավատքը պահած լինեինք, այսօր Սևանի խնդիր չէինք ունենա: Ինչքան էլ ցուրտ լիներ 90-ական թվականներին, զանգվածային ծառահատումներ չէին լինի: Բնապաշտ հավատքի տեր ժողովուրդը չէր կարող այդ քայլին գնալ: Քրիստոնեությունը չի կարևորում հայրենիքը: Երբ քո հայրենիքը չես կարևորում, աշխարհի բնությու՞նը պիտի սիրես: Ի՞նչը պիտի սիրես: 

Քրիստոնեության ընթացքում չարդարացված գաղթ է եղել: Մեր բոլոր խոշոր գաղթերը հոգևորական դասն է ղեկավարել: Ներսես Աշտարակեցին անիծում էր Բարդուղիմեոս առաքյալ վանքի վանահորը, որ իր հրամանին չի ենթարկվում և Աղբակ գավառի հայությանը նույն կերպ արմատախիլ չի անում և տանում Ռուսաստանի գրաված տարածքներում վերաբնակեցնելու: Եվ այդպես Խոյը, Մակուն դատարկվեցին: Եվ ո՞ւր էր տանում. մինչև Նուխու շրջան, Մեծ Հայքից էլ դուրս տարածքներ: Շաքի քաղաքում ամբողջը խոյեցիներ են եղել: Նա այն կաթողիկոսն է, որի տապանաքարին գրված է «պաշտպան հայրենյաց»: Մեր բոլոր բարձրաստիճան հոգևորականները գլխավոր պատճառ են հանդիսացել հայրենիքի հայաթափման: Սա որտեղի՞ց է գալիս: Արժեքները չեն եղել՝ հանուն: Այդ հանուններն են ճանապարհ ուղղորդում՝ հանուն ինչի ես դու ապրում, ինչ արժեքային համակարգ ես կրում: Մեր բոլոր հանունները եղել են հանուն խաչի, հանուն Քրիստոսի: Մինչև քրիստոնեությունը ոչ մի հսկայածավալ պատմական արտագաղթ չեմ հիշում: Ըստ էության, տեղի չի ունեցել, դրա համար էլ հայտնի չէ: Երբ հայրենիքից նման ծավալի արտագաղթ չի եղել, կարելի է ենթադրել, որ լրիվ այլ արժեհամակարգ է եղել: Այսինքն՝ գործել են հանուն հայրենիքի: Այն ազգը, որն իր հայրենիքի բնիկն էր, հավատարիմ է եղել իր հայրենիքին, չի դավաճանել: Պետք է հասարակությանը շատ փչացնել, որ նա ընդունակ լինի լքելուն: Հոգևորականի արժեհամակարգը հանուն հայրենիքի չի և չի էլ եղել: Ուր որ գնացին, անէացան՝ իրենց բացած դպրոցներով, եկեղեցիներով: Երկիր մոլորակը պատել ենք տարբեր ժամանակներում կառուցած և անտեր մնացած եկեղեցիներով: Նահանջներն ու կորուստները եղել են անշեղ և դեռ վերջակետը չդրված: Մենք աշխարհիկ պետություն ենք, բայց մեր աշխարհիկ բարձրաստիճան ղեկավարները չեն նկատում, որ ապրիլի 24-ին կաթողիկոսը գրեթե կրակի մոտ է հասել, իսկ նախագահը դեռ աստիճանների վրա է: Մենք կրոնապետություն չենք: Ես ճիշտ եմ գտնում, որ կրոնապետը նախագահից մի երկու քայլ հետ լիներ, առավելագույնը հավասար, նա իրավունք չունի մի քանի քայլ առաջ լինելու: 

Հիմա մենք ստանձնել ենք ինքներս մեզ փչացնելու առաքելությունը: Երբ ուզում ենք մի փոքր ողնաշարներս ուղղենք, տեսնում ենք, որ տարբեր կառույցներ միանգամից տարբեր ձևերով վիրուսներ են սրսկում: Օրինակ` բոլոր հեռուստաալիքները մեր փչացած մասի ձեռքին են: Գաղափարական հողի վրա շատ մեծ գործեր կարելի է անել հեռուստատեսության միջոցով: Օտարները չեն այլևս, մենք մեր միջոցով ենք դա անում: Ավելի քան 20 տարվա պետություն ենք, բայց հայրենաշինության լուրջ խնդիրներ ունենք: Այս 20 տարում վիթխարի չլուծված հարցեր ունենք ազգային դաշտում կուտակված: Դանդաղում ենք, որովհետև ազգային չենք: Հեռուստատեսությունը ազգային հասարակություն ստեղծելու ճանապարհին շատ մեծ դեր կարող է կատարել: Չգիտեմ՝ ինչ գանգերի մեջ են ծնվում այդ ճիվաղային սցենարները, որ միայն խրախուսում են բամբասանք, խաբել, հայը հային սպանել կապկային ձևերով, ինչպես ամերիկացիներն են մորթում իրար: Մտածում եմ՝ այդ իգիթներն էինք, հա՞ , ապա ո՞ւր էինք 1915 թվին, երբ 1500 հոգու երեք ժանդարմ էր ուղեկցում Դեր-Զոր: 

Հայ մարդը հայ մարդուն չի սիրում, չի հարգում: Հասարակական ամեն իրադրության մեջ սա նկատելի է, մեկը մյուսի նկատմամբ իրար սիրելու, իրար փայփայելու իրար համար ապրելու արժեքները մեջտեղից հանված են: Հրաշքով վերապրած 3-րդ կամ 4-րդ սերունդն ենք: Ինչո՞ւ ենք այսքան իրար բզիկ-բզիկ անում: Ընդհանրապես մենք չգիտենք, թե որտեղից ենք գալիս: Երբ դու հանուն ազգի, դրա գաղափարախոսությամբ չես ապրում, դու խոցելի ես: Նժդեհն ինչո՞ւ էր գերմարդ, կամ նրա կողմնակիցները. որովհետև գիտեին՝ ովքեր են և ինչի համար են ապրում: Մենք բացարձակ չենք գիտակցում հանուն ինչի ենք ապրում: Հանուն բարեկեցությա՞ն: Միշտ գովազդվում է՝ Հայաստանը պետք է լինի բարեկեցիկ երկիր: Եթե մենք ունենանք ազգային հասարակություն, ինքնաբերաբար բարեկեցիկ ենք լինելու: Ազգային հասարակություն նշանակում է մեկը մեկին նեցուկ: Իմ գործը հուշարձաններն են, բայց մի երկիր, որը չունի ազգային հասարակություն, կունենա՞ լավ վիճակում գտնվող պատմական հուշարձաններ: Մեր հայրենիքը խոզանոցի ենք վերածել բառիս բուն իմաստով: Մենք մեր հայրենիքը չենք սիրում: Մենք չենք ապրում բնիկ մարդու կեցվածքով: Մենք կարծես վարձակալի պես ենք: Մեզ համարում ենք բնիկ ժողովուրդ, նեղվում ենք, երբ որոշ գիտնականներ մեզ համարում են բալկաններից եկած ժողովուրդ: Կային, չէ՞, գիտնականներ, որ ասում էին` հայերը եկան և ժառանգեցին Ուրարտական պետության տարածքն ու մշակույթը: Բնիկը նախ իր առօրյա կյանքի ապրելակերպով պիտի դա փաստի: Մեր նախնիները և մեր պապերը սխալ են ապրել: Դրա արդյունքը այն է, որ մեր պապերը թույլ են տվել ցեղասպանություն, ամեն ժողովրդի չեն կարող կոտորել: Մեր պապերը թույլ են տվել իրենց խոցելիությամբ, իրենց դավանած արժեքների կեղծ, սին լինելով, որ ոչ թե հայրենիք են պաշտել, այլ Մեռյալ ծովի ափերից արյունով բերած և ընդունել տված մի կրոն և հանուն դրա էլ նահատակ եղան Դեր-Զորի ճանապարհին՝ ոսկորնեը անթաղ մնալով: Այսօրվա սերունդը պիտի հասկանա, որ ցեղասպանություն ապրած ազգի սերունդը վիթխարի պարտքեր ունի: Մենք մեր հայրենիքի գրեթե մեկ ութերորդ մասը ազատագրելու ենք ազգային կապիտալը մոխրացնելո՞վ: 

Բոլոր հարցերը շղթայական կապի մեջ են: Բայց չենք էլ մտածում այս արատների դեմն առնել որևէ ձևով՝ սկսած մանկապարտեզներից: 

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ