Շաբաթ, Դեկտեմբեր 16, 2017

 22:49

ԼՐԱՀՈՍ

Կամայական արդարադատություն. Գարիկ Գալիկյան

«Գալիկյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն 

Դատավարական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ վճռաբեկ դատարանից բողոքների 99%-ը հետ է վերադարձվում: Ցավալին այն է, որ դրանք վերադարձվում են միևնույն հիմքով, այսինքն` չեն պահպանվում ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234 և 236 հոդվածների կետերը, կամ չեն նշվում կոնկրետ այն խախտումները, որոնք առկա են կամ առկա չեն: 2012 և 2013 թվականներին փաստաբանները գործադուլ արեցին՝ ուղղված հիմնականում վճռաբեկ դատարանների կամայականությունների դեմ: Այդ բողոքի ակցիայով մենք պահանջեցինք, որ բոլոր դատական նիստերն արձանագրվեն, քանի որ օրենսգիրքը հստակ սահմանում է արձանագրային կարգը: Մեր քննարկումները նաև հենց փաստաբանների հանդեպ անվստահության խնդրի շուրջ էին: Փաստաբանական էթիկայի կանոնների համաձայն՝ փաստաբանն իրավունք չունի հաճախորդին որևէ խոստում տալու: Այստեղ նաև դրամաշորթության խնդիր է առաջ գալիս: Բարի համբավը ու գործին նվիրված լինելը ամենակարևոր սկզբունքները պետք է լինեն փաստաբանի համար:

Բարձրաձայնելու կարիք ունեն նաև քրեական դատավարությունում առկա խնդիրները: Դրանցից մեկը վերաբերում է պատժատեսակներին: ՀՀ Քրեական օրենսգրքի շատ հոդվածներ, որոնք վերաբերում են պատժատեսակներին կամ սանկցիաներին, մարդասիրական սկզբունքներ են պարունակում, խնդիրը դրանք կիրառելու և չկիրառելու մեջ է: Օրինակ՝ հոդված 70-ը սահմանում է՝ եթե դատարանը գտնի, որ անձը կարող է առանց փաստացի պատիժը կրելու կանգնել ուղղման և վերադաստիարակման ճանապարհին, նրա հանդեպ պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել: Սակայն այդպիսի դեպքեր գործնականում շատ քիչ են լինում: Վերջին շրջանում շատ են լինում արդարացման դատավճիռներ, որոնց նախկինում գրեթե չէիր հանդիպի: Իրականում պետք է գովել այն դատավորներին, ովքեր համարձակություն են ունենում նման որոշումներ կայացնելու: 

Կամ լուրջ խնդիրներ կան կապված խափանման միջոցների հետ, օրինակ` ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով գողության համար անձին կալանավորելու: Եթե ամեն մի չնչին բանի համար անձին պարտադիր կալանավորեն մինչև նախաքննության ավարտը, դեռ հարց է, թե դատարանն ինչ դատական ակտ կկայացնի: Կարծում եմ՝ ազատազրկման դատապարտելը չէ, որ կուղղի ու կվերադաստիարակի մարդուն: Պատիժը պայմանական չկիրառելով էլ կարելի է հասնել դրան: Ստորագրությամբ կամ գրավով պայմանական ազատությունը ուրիշ կարևոր խնդիր կլուծի նաև, կալանավայրերն այդքան ծանրաբեռնված չեն լինի: Այսօր մեկ խցում կարող է լինել 11 մահճակալ, բայց 22 կալանավոր: Դա պատիժ չէ, դա մեր երկրի ներսում սպանդ է: Կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է, որը պարտադիր չէ կիրառել բոլորի հանդեպ:


<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ