Հինգշաբթի, Հունիս 29, 2017

 07:46

ԼՐԱՀՈՍ

Փաստաբանի դերը դատական բարեփոխումներում

Ալեքսանդր Սահակյան «Սահակյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն

Փաստաբանների կազմակերպված մասնագիտական գործունեության կարիք զգում է միայն այն պետությունը, որը հարգում է իր քաղաքացիների իրավունքները. փաստաբանը ճանաչում է միայն Իրավունքի ուժն ու իշխանությունը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Փաստաբանությունը չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։ … Փաստաբանն աջակցում է հասարակության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնում է օրինականության քարոզչություն մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ»: Ըստ էության, փաստաբանի աշխատանքն իր վստահորդին մասնագիտական իրավաբանական օգնություն ցույց տալուն զուգահեռ նաև այդ վստահորդի իրավունքները հաստատելուն ուղղված պայքար է: Ի դեպ, դա ոչ թե մեկ անձի, այլ մի ամբողջ միավորման պայքար է: Այնտեղ, որտեղ փաստաբանական հանրությունը մասնատված է, փաստաբանի գործունեությունը պակաս արդյունավետ է: Հայաստանում փաստաբանի արդյունավետ գործունեության համար համապատասխան պայմաններ ստեղծվել են, համոզված է «Սահակյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Սահակյանը. «Փաստաբանական գործունեություն ծավալում եմ 2001 թ-ից և զգում եմ այն էական առաջընթացը, որը գրանցվել է դատական, իրավապահ, քննչական, վարչական ոլորտներում: Հասարակ օրինակ. եթե նախկինում դատարանը կարող էր իրեն թույլ տալ մի կես էջանոց վճիռ կազմել՝ առանց պատճառաբանությունների, փաստական հանգամանքների ու իրավական նորմերի մեջբերման, այսօր դատարաններում բացառվում է նման վճիռների կայացումը: Վճիռներում պարտադիր հղումներ են կատարվում Եվրադատարանի, Եվրամիության, Մարդու իրավունքների դատարանների համապատասխան որոշումներին: Դատարանները փորձում են կանոնակարգել նույն փաստական հանգամանքների դեպքում տարբեր մոտեցումները և միատեսակ մոտեցում ցուցաբերեն: Իսկ ոլորտում գրանցված այս և այլ դրական փոփոխություններում իրենց մեծ մասնաբաժինն ունեն փաստաբանները, որոնք, վերջին տարիներին դրսևորելով մասնագիտական բարձր որակներ ու համախմբելով ուժերը, անընդհատ փորձում էին որպես միաժամանակ հակակշռող ու հավասարակշռող ուժ ազդել գործող դատական համակարգի վրա: Միայն առկա է մի ակնառու բացառություն, այն էլ վերաբերում է գործերի կոլեգիալ քննությանը վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Այս տարիների ընթացքում չեմ հանդիպել որևէ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից կայացած դատական ակտի, որի դեպքում որևէ դատավոր դեմ լինի մյուս դատավորների կարծիքին և ունենա հատուկ կարծիք: Միշտ և միշտ բոլոր կոլեգիալ դատավորները ունեն մի կարծիք, թե՛ վճռաբեկ դատարանի ինը դատավորները և թե՛ վերաքննիչ դատարանի երեք դատավորները: Այս հանգամանքը չի համապատասխանում իրականությանը:

Ճիշտ է, պետական մարմինները ևս գիտակցել են բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը, բայց այդ գիտակցությունը ծնվել է առավելապես փաստաբանների ճնշման ներքո: Ու եթե այսօր դատական, քննչական, իրավապահ և մյուս մարմինները հաշվի են նստում փաստաբանների հետ, պատճառն այն է, որ գիտեն՝ գոյություն ունի մի հզոր ինստիտուտ՝ «Փաստաբանների պալատ» անունով: Այն միավորեց 1990-ական թվականների սկզբին առանձին գործող փաստաբանական օղակները, մշակեց Փաստաբանության մասին օրենքը, արդյունքում Հայաստանում կայացրեց հզոր փաստաբանական ինստիտուտ: Այսօր ՀՀ-ում գործում են մոտավորապես 1300 փաստաբաններ: Բայց սա սոսկ քանակ չէ. ի դեմս այդ 1300 հոգու` դատական, իրավապահ ու վարչական մարմիններն ընդունում են, որ գոյություն ունի նոր սերնդի մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ու գիտելիքներով զինված փաստաբան, որի գլխավոր գործառույթն ու պահանջը իր վստահորդի, ընդհանրապես մարդու իրական իրավունքների պաշտպանությունն ու հաստատումն է: Փոխվում է նաև ազգաբնակչության մոտեցումը փաստաբաններին: Նախկինում փաստաբաններին դիտում էին որպես միջնորդներ, և Հայաստանում մի քանի մասնագետներ կային, որոնք իրականում զբաղվում էին հենց փաստաբանությամբ: Բայց ժամանակները փոխվել են, փոխվել են փաստաբաններին առաջադրվող պահանջները և նրանց մատուցած ծառայությունների որակը: Առողջ մրցակցություն է ստեղծվել փաստաբանական գրասենյակների միջև՝ իրենց ծառայությունները առավել պատշաճ ու բարձր մակարդակով մատուցելու համար, ինչի արդյունքում իհարկե բարձրացել է նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանության մակարդակը: Այս հարցում ևս կարևորում եմ Փաստաբանների պալատի դերը: Այն բարձր պատասխանատվությամբ է կատարում իր առջև դրված խնդիրները, պայմաններ է ստեղծում պատշաճ իրավական պաշտպանություն ապահովելու համար, պաշտպանում փաստաբանների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, կազմակերպում իր անդամների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը, վերահսկում փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջների պահպանումը և այլն: Հենց Փաստաբանների պալատի արդյունավետ ու կազմակերպված գործունեության շնորհիվ է, որ դատական համակարգն ընդունում է իրեն հակակշռող ուժի՝ փաստաբանության գոյությունն ու հաշվի նստում նրա առաջարկությունների ու դիտողությունների հետ: Օրինակ՝ լիազորագրի ձևի և բովանդակության մասին Դատարանների նախագահների խորհրդի կողմից կայացրած որոշման մի քանի կետեր փոփոխվեցին՝ նկատի ունենալով, որ Փաստաբանների պալատը նպատակահարմար չի գտել դրանց կիրառությունը: Եվ վերջապես հենց պալատի հեղինակության և իրավական դաշտի առողջացման շնորհիվ է, որ փաստաբանները կարողանում են իրավաբանական ռեալ օգնություն ցույց տալ իրենց վստահորդներին, հաջողությամբ ներկայացնեն վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում: Ի դեպ, իրավական դաշտի այս դրական փոփոխությունները նպաստում են նաև օտարերկրյա կապիտալի ներդրմանը Հայաստանում: 

«Սահակյան» փաստաբանական գրասենյակը մասնագիտացած է վարչական և քաղաքացիական ոլորտներում: Մեր փաստաբանական ծառայությունները ընդգրկում են գործարքային, առևտրային, միջազգային առևտրային և կոմերցիոն, բաժնետիրական, ֆինանսական, կորպորատիվ իրավունքի, պայմանագրերի, կանոնադրությունների կազմման, կազմակերպությունների ստեղծման և գրանցման, անշարժ գույքի, սեփականության և ժառանգության, աշխատանքային օրենսդրության և այլ հարցեր: Եվ այսօր մեր վստահորդին են մի քանի արտասահմանյան կազմակերպություններ, որոնք հաջողությամբ ու անխոչընդոտ կարողանում են իրենց բիզնեսն իրականացնել մեր երկրում»:

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ