Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 15:55

ԼՐԱՀՈՍ

Արդյունավետ կառավարում ՏՏ ոլորտում

Աշխարհում ՏՏ ոլորտում գերիշխող դիրք ունեցող կանադական «Մակադամիան» ընկերության Հայաստանյան մասնաճյուղը գործում է 2007 թվականից: ՏՏ ոլորտի զարգացումը մեծացնում է մրցակցությունը դաշտում գործող կազմակերպությունների միջև: Իսկ մրցունակ մնալու երաշխիքը մշտապես նոր գաղափարների առկայությունն է և իհարկե պրոֆեսիոնալիզմը: «Մակադամիան Արմենիան» այս ամենին գումարում է նաև աշխատանքի կազմակերպման յուրահատուկ մոտեցումը: Արդյունավետության ի՞նչ գործակից է գրանցում ընկերությունը. զրուցում ենք «Մակադամիան Արմենիա» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանի հետ:

-Ո՞րն է «Մակադամիանի» հաջողության գրավականը:

-Աշխատակիցների մասնագիտական որակավորումը, կոլեկտիվի ներսում տիրող անկեղծության, հանդուրժողականության, թիմակիցների և աշխատանքի հանդեպ պատասխանատվության զգացումը:

-Աշխատանքի կառավարման ի՞նչ մեխանիզմներ և ի՞նչ արժեքներ է ձևավորել ձեր թիմը:

Ութժամյա աշխատանքային օրվա մեջ յուրաքանչյուր աշխատող ինքն է ընտրում իր աշխատանքային գրաֆիկը` երբ գալ աշխատանքի, երբ հանգստանալ, երբ ավարտել աշխատանքը: Ամեն մեկն ունի իր անելիքը, և ինքն է կազմակերպում իրեն հարմար աշխատանքային ռեժիմը` իր առջև դրված խնդիրները ժամանակին լուծելու համար: Աշխատանքի կառավարման այդ համակարգը, որ կոչվում է «agile development», ընձեռում է ճկուն կառավարման մեխանիզմներ ու հնարավորություն է տալիս հսկողության տակ պահել աշխատանքային գործընթացները: Ծրագրավորման մեջ դժվար է տեղավորվել ութժամյա անընդհատ գրաֆիկի մեջ, որովհետև աշխատանքի ընթացքում միշտ առաջանում են անսպասելի խնդիրներ, որոնց լուծումը լուրջ մտավոր ջանքեր է պահանջում: Դժվար լուծվող խնդիրները լարվածություն են առաջացնում, այդ իսկ պատճառով կարևոր է, որ աշխատանքային պայմանները ճնշող չլինեն, որ լարված վիճակում գտնվող աշխատակիցն ինքը որոշի՝ գնալ մարզադահլիճ, խաղասենյակում սեղանի ֆուտբոլ խաղալ, սուրճ խմել մեր հարմարավետ խոհանոցում, թե՞ համակարգչի առաջ համառորեն շարունակել փորձել գտնել լուծումը: Կոլեկտիվի աշխատանքային մշակույթը, որը հիմնված է իր իսկ կողմից առաջարկված վեց արժեքների վրա` Trust (վստահություն), Learning (ուսուցում), Be nutty (լինել խենթ), Intentional (լինել նպատակասլաց), Celebrate (արժևորել մարդկանց, նրանց նվաճումները), ինչպես նաև աշխատանքի մեջ և աշխատանքից դուրս չգրված ավանդույթները ձևավորել են այն թիմը, որը կերտում է ընկերության հաջողությունը: Իսկ Երևանից և նույնիսկ հանրապետությունից դուրս կոլեկտիվ այցելությունները, հանպատրաստից միջոցառումներն ավելի ջերմացնում և մարդկայնացնում են կոլեկտիվի հարաբերությունները` վերջնականապես բյուրեղացնելով թիմը:

-Բնավորության ո՞ր գծերն են օգնել Ձեզ դառնալ թիմի լիդեր և լավ ղեկավար:

-Անկեղծությունը, ազատականությունը և պատասխանատվության զգացումը թիմի նկատմամբ: «Մակադամիանում» 60 աշխատակից կա, և նրանցից յուրաքանչյուրին ես վերաբերվում եմ իմ ընտանիքի անդամի պես: Նրանց աշխատանքային և անձնական խնդիրները միշտ իմ հոգածության կենտրոնում են: Իմ բնույթով ես ազատական մարդ եմ, իսկ IT-ն ենթադրում է միայն ազատական կառավարման ձևը: Ավտորիտար կառավարումը խիստ նվազեցնում է ստեղծագործ աշխատանքի ներուժը:

-Ի՞նչ կարող են անել իշխանությունները ոլորտը առավել զարգացնելու համար:

Ճիշտ ուղու վրա դրվի կրթությունը, թեթևացվեն հարկերը, վերանայվի ազատ աշխատանքային գրաֆիկը, գործուղումների օրապահիկի և գիշերակացի համար ամրագրված գները, պրակտիկանտների և արձակուրդների հետ կապված օրենքները: Եթե այդ ամենն իրականացվի, IT-ն Հայաստանում մեծ հաջողություն կունենա: Եվ ամենակարևորը երիտասարդները Հայաստանում ապրելու և աշխատելու հեռանկար կտեսնեն: Հիմա իմ երազանքը գոնե մեկ-երկու տաղանդավոր երիտասարդի հայրենիք վերադարձնելն է:

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ