Չորեքշաբթի, Ապրիլ 26, 2017

 02:14

ԼՐԱՀՈՍ

Հաշմանդամությունը պետք է կանխել

«Այստեղ լիարժեք հանգստանում եմ, լիցքաթափվում»,- ասում է Տանյա Խաչատրյանը` ծանոթացնելով իր ամառանոցին կից կոկիկ մշակված այգու հետ: Էկզոտիկ ու տեղական ծաղկաթմբեր, դեկորատիվ ու պտղատու ծառեր… զգացվում է տանտիրուհու խնամքոտ ու հոգատար ձեռքերի ներկայությունը: Հողակտորները ճշգրիտ հաշվարկով բաժանող ուղիղ կածանները, փթթող, դալար բույսերը մատնում են տիրուհու բնույթը՝ կազմակերպված, մաթեմատիկական մտածողությամբ, աշխատասեր անհատ: Այգուց «քաղած ինֆորմացիան» հաստատվում է կենսական փաստերով: Տանյա Խաչատրյանը մասնագիությամբ կիբեռնետիկ է, աշխատել է որպես դիվանագետ, ղեկավարում է Հեմոֆիլիայի հայկական ասոցիացիան… միանգամայն տարբեր երեք ոլորտներ ու մի կյանք… ինչպե՞ս: Պատասխանը հենց կյանքն է, գենի, միջավայրի և հանգամանքների ուժով կառուցվող կյանքը, որը ժառանգել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու հոր կազմակերպվածությունն ու կամքի ուժը, բուժաշխատող մոր հոգատար սիրտն ու խորաթափանց նրբանկատությունը: 

Կարևոր այս սկիզբը, անմշակ հիմնանյութը կատարյալ ստեղծագործություն է դառնում շրջադարձային մի փուլում, որը վերափոխում է կնոջ ներաշխարհը, վերադասավորում արժեքային համակարգը, ստիպում լինել ուժեղ. դա մայրությունն է… Մոր կենսառիթմը համապատասխանում է երեխային, հարմարվում նրա պահանջներին… առավել ևս երբ երեխան ինչ-որ խնդիր ունի, և չկան կամ սուղ են լուծման միջոցները: Հեմոֆիլիա երևույթը շատ բան փոխեց ու կանխորոշեց Տանյա Խաչատրյանի ընտանիքում: Մայր լինելը աշխատանք է, բարդ ու դժվար աշխատանք, որի խթանող ուժը երեխաների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Թե որքանով ու ինչպես կդրսևորվեն այդ թաքնված ուժերը, կախված է կնոջ գեներից, դաստիարակությունից, ներքին որակներից, միջավայրից ու ամուսնուց: Բայց ավելի շատ կախված է նպատակասլացությունից ու պատասխանատվության զգացումի չափից: Իսկ պատասխանատու չլինել պարզապես չես կարող, երբ մայր ես, երբ պետք է հոգ տանես, օգնես կայանալ ու ձևավորվել: 

Տանյա Խաչատրյանը 10 տարի աշխատել է այն դպրոցում, որտեղ սովորում էր որդին. անհրաժեշտ էր հսկել, հեմոֆիլիայի մասին տեղեկատվություն հաղորդել համադասարանցիներին ու ուսուցչական կազմին: Դպրոցն «ավարտելուց» հետո, որը նաև համընկավ ԽՄ փլուզման ժամանակաշրջանին, օտար լեզուների իմացությունը օգնեց աշխատանքի ընդունվել նոր ձևավորված ԱԳՆ կազմում: 1993 թ. գործուղվեց Գերմանիա որպես ՀՀ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակից: Հետո տեղափոխվեց ընտանիքով: Այնտեղ ապրելու 5 տարիների ընթացքում մեծ որդին ավարտեց Բոննի համալսարանը որպես միջազգային իրավապաշտպան, իսկ մինչ այդ 18 տարեկանում իր վաստակով գնեց մոր առաջին ավտոմեքենան ու ամուսնացավ 20 տարեկանում: Հեմոֆիլիան այս ընտանիքում այլևս կենսակերպ էր: Բայց այն շարունակում էր մնալ Հայաստանում ապրող հարյուրավոր ընտանիքներին հուզող խնդիր. անհրաժեշտ դեղամիջոցներ ու բուժման մեթոդներ չլինելու պատճառով հարյուրավոր մայրեր նույն ուղին էին անցնում նույն մաքառումով: Տանյա Խաչատրյանը սկսեց համագործակցել Բոննի համալսարանական կլինիկայի հեմոտոլոգ Բրակմանի հետ, որն իր աջակցությունն առաջարկեց Հայաստանում հեմոֆիլիայի բուժման կենտրոն բացելու համար: Հեմոֆիլիա ունեցող երեխաների մի քանի ծնողներով Տ. Խաչատրյանը 1997թ. Հայաստանում ստեղծեց Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերությունը: 1998թ. ընկերությունը դարձավ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ, նույն թվականից անդամակցեց Եվրոպական կոնսորցիումին: Մեծ ջանքերի ու եռանդուն աշխատանքի շնորհիվ բացվեց հեմոֆիլիայի բուժկենտրոն, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, և ձեռք բերվեցին դեղամիջոցներ: Այսօր Տանյա Խաչատրյանի գլխավոր աշխատանքը ասոցիացիայի միջոցով հայաստանաբնակ 238 հեմոֆիլիայով հիվանդների համար 8-րդ և 9-րդ գործոնների անհրաժեշտ չափաքանակն ապահովելն է, նաև նրանց ու նրանց ընտանիքներին ապացուցելը, որ հեմոֆիլիան հիվանդություն չէ, այլ կենսակերպ. դրա հետ պետք է ապրել: Ցավոք, մեզ մոտ հեմոֆիլիայով հիվանդները մանկուց հաշմանդամներ են, որովհետև չի արվում պրոֆիլակտիկ բուժումը: Հեմոֆիլիայի ասոցիացիան Արյունաբանական կենտրոնի հետ միասին կառավարությանը բուժման հնգամյա ծրագիր է ներկայացրել, որի նպատակն է ապահովել 0-18 տարեկան հեմոֆիլիա ունեցողների պրոֆիլակտիկ բուժումը և կանխել հաշմանդամությունը: «Իմ ցանկությունն է, որ հեմոֆիլիայի բուժման մակարդակը մեզ մոտ հասնի զարգացած երկրներին, միայն այդ դեպքում հեմոֆիլիան իրեն զգացնել չի տա առօրյայում, իրոք կդառնա կենսակերպ: Հնարավոր կլինի ապրել ոչ թե երազանքներով, այլ իրական նպատակներով ու դրանք իրականացնելով», -ասում է Տանյա Խաչատրյանը, մտովի անդրադառնում իր նպատակներին ու անելիքներին… շատ են…

<Երևակ> ամսագիր





ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ