Երկուշաբթի, Դեկտեմբեր 11, 2017

 13:46

ԼՐԱՀՈՍ

Արդարադատության արդարադատությունը. Արտակ Զեյնալյան


իրավապաշտպան    
Դատաիրավական համակարգը կառուցվածքային առումով կայացած է, ոչ մի խնդիր չկա այդ առումով: Կայացած չէ հետևյալ առումներով. բազմաթիվ հետազոտություններ են արվել, այդ թվում նաև կառավարության պատվերով, և արդյունքը ցույց է տվել, որ բնակչության ավելի քան 80%-ը վստահություն չի տածում դատական համակարգի նկատմամբ: Մեղքը իշխանություններինն է, որ չեն հանդուրժում պարտություն: Կան ոլորտներ, որտեղ տաբուներ են դրված` բյուջեն պետք է պահել, բյուջեից չի կարելի տալ փոխհատուցում և այլն: Եթե դատավորի վրա դրված է բյուջեն լցնելու կամ չնվազեցնելու պարտականություն, ուրեմն՝ դատավորը կարող է կատարել պատվեր և արդար դատական ակտ չկայացնել: Նախագահը կամ կառավարությունը երբեք չեն պարտվում դատարանում. չի կարող, չէ՞, այդպես լինել: Նշանակում է նախագահը և կառավարությունը դատարանում անձեռնմխելի են: Չկա դեպք, որ նախագահի ակտը դատարանում ոչ իրավաչափ ճանաչված լինի: Նույնիսկ չկա դեպք, որ դատարանում նախագահը հաշտություն առաջարկի կողմին, կամ հաշտություն կնքեն իրար հետ: Հայաստանում մինչև 2006թ. նախագահի հրամանագրերը, ինչ-որ չափով նաև կառավարության որոշումները դատարանում անձեռնմխելի էին, քննարկման առարկա չէին: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց քաղաքացիական օրենսգրքի 162 հոդվածի համապատասխան մասը, որին վկայակոչելով՝ դատարանները  վարույթ չէին ընդունում նախագահի հրամանագրերը վիճարկող հայցերը: Բայց դա ձևական է, որովհետև  բոլոր դեպքերում նախագահը ճիշտ է, դատարան չի գալիս, մարդ չի ուղարկում: Դատավորների պարտքն է նրան արդարացնելը: Նման դատական համակարգը կարո՞ղ է լինել անկախ: Դատական համակարգն անկախ չէ, որովհետև չի ապահովում քաղաքացիների համար վճռաբեկ դատարանի մատչելիությունը: Եթե ստորադաս դատարանի ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը ընդունվի վարույթ ու քննվի, դատարաններն էլ կկատարելագործվեն, ստիպված կլինեն, եթե բեկանի ակտն ու ուղարկվի: Վճռաբեկ բողոքների գերակշիռ մեծամասնության մեջ դատական ակտի պատճառաբանվածության հարց է բարձրացվում: Դատարանների դատական ակտերը պատճառաբանված չեն: Եթե հանվի պատվերը, որ դատարաններում չպետք է պարտվեն այսինչ մարմինները, կարծում եմ՝ դատարաններն ավելի կանկախանան: Խնդիր կա նաև դատավորների սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսկան համակարգերի, և, ընդհանրապես, արժեհամակարգի հետ կապված: Դատավորների զգալի մասը Սովետական Միությունում է ձևավորվել որպես մարդ: Նրանց մոտեցումները, մտածելակերպը սովետական են: Նրանք չեն ընկալում, որ մարդն է բարձրագույն արժեքը: Պետք է փոխել դատավորների կորպուսը, թարմացնել, երիտասարդներին բերել: Բայց ոչ թե նրանց պատժել, հեռացնել, զրկել կենսաթոշակի իրավունքից և այլն: Եթե առաջ իրավաբանի երազանքն էր դատավոր դառնալը, ապա այսօր  դատավոր դառնալը պատվաբեր կամ բաղձալի գործ չէ: Դա լրջագույն խնդիր է:
Դատավորների անկախությունը չի կարող վերածվել անվերահսկելիության ու անկառավարելիության: Դրա համար կա օրենսդիր մարմին, կա դատախազություն,  դատավորներին նշանակում է նախագահը, և եթե քրեորեն հետապնդելի արարք կա, ապա պետք է համապատասխան քրեական գործ հարուցվի: Եթե քրեորեն հետապնդելի արարք չկա, դատավորը դատական ակտ է կայացրել, կա վերադաս դատարան, ուր բերվում է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ բողոքից հետո, եթե դատական ակտը թողնվում է նույնը, ապա բերվում է վճռաբեկ բողոք: Այս դատական համակարգի շրջանում պետք է այդ խնդիրը լուծվի:
Նախ` իր արդարադատական ֆունկցիայի համար դատավորը չպետք է պատասխանատվության ենթարկվի: Դատավորը պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվի բացառապես իր՝ դատավորի կերպարին անհարիր վարքի համար: Երկրորդ` դատավորի, դատարանի սոցիալական անկախության հարցերը պետք է լուծվեն: Կարծում եմ` սրանք ներդրումներ են, որոնք արդարացված են: Պետությունը հարուստ է, եթե ունի անկախ դատական համակարգ: Եվ երրորդ`  համակարգի մեջ ներքին անկախություն` դատավորի ներքին անկախություն է անհրաժեշտ: Չպետք է ընկալվի, որ եթե վերադաս դատարան է, ապա ինչ հանձնարարվեց, այն էլ պետք է անի: Այդ ընկալումը պետք է վերանա: Վերաքննիչ դատարանը գործը վերաքննում է, եթե առկա է խախտում, լուծում է հարցը, ու վերջ:
Նախանցյալ տարի սահմանադրական դատարանը մի քանի գործերով հանգուցային դատական ակտեր կայացրեց, որոնցով հակասահմանադրական ճանաչվեցին եվրոպական դատարանի որոշումների կատարմանը վերաբերող ընթացակարգերը: Եվ այդ որոշումների հիման վրա Ազգային ժողովը սկզբունքային փոփոխություններ կատարեց այդ ոլորտում: Այդ գործերը ըստ օրենքի պետք է հիմք հանդիսանան, որպեսզի բեկանվեն, վերանայվեն դատական համակարգի դատական ակտերը, որոնցով կիրառվել են սահմանադրությանը հակասող ճանաչված այդ նորմերը և այն որոշումները, դատական ակտերը, որոնք կայացնելիս չեն արձանագրվել եվրոպական կոնվենցիայի նորմերի խախտումներ: Այդ բոլոր գործերով մենք դիմեցինք Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկը որևէ դեպքում չբեկանեց դրանք: Նախ` չհարուցեցին վերանայման վարույթները, հետո` չվերանայեցին: Սա լրջագույն խնդիր է, համակարգային խնդիր է, ու նման իրավիճակը, երբ Սահմանադրական դատարանի որոշումները չեն կատարվում, գնահատվում է որպես երկրում սահմանադրական ճգնաժամ: Սա ազգային անվտանգության խնդիր է ու պետք է լուծում  ստանա: Սա, կարծես, դատական համակարգի դեմարշ լինի` ընդդեմ Սահմանադրական դատարանի, եվրոպական դատարանների վճիռների կատարման: Եթե բարձրագույն քաղաքական իշխանությունը բավարար կամք ունենա, դատական համակարգը անկախ կլինի և անկախ կգործի: Անկախ չլինելու դրսևորումներից մեկն էլ նաև այն է, որ  չեն կատարվում եվրոպական դատարանի վճիռները, Սահմանադրական դատարանի որոշումները:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ